ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝Պ-419-11.12.2019-ՊԻ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության վերաբերյալ նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածում նշված օրենսգրքի վերնագիրն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին:

2. Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետութան քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 54-րդ հոդվածի 5-րդ մասում կատարել լրացում, այն է՝ «, որը չի կարող գերազանցել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նաատեսված ազատազրկման ձեւով պատժի առավելագույն չափը»: Արդյունքում Օրենսգրքի 54-րդ հոդվածի 5-րդ մասում ունենում ենք հետեւյալ կարգավորումը՝ «Հանրային աշխատանքները կատարելուց չարամտորեն խուսափելու դեպքում հանրային աշխատանքների չկրած մասը դատարանը փոխարինում է կալանքով կամ որոշակի ժամկետով ազատազրկմամբ` կալանքի կամ որոշակի ժամկետով ազատազրկման մեկ օրը հաշվարկելով հանրային աշխատանքների երեք ժամվա դիմաց, որը չի կարող գերազանցել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված ազատազրկման ձեւով պատժի առավելագույն չափը»:

Օրենսգրքի 54-րդ հոդվածի համաձայն` «1. Հանրային աշխատանքները դատարանի կողմից նշանակված, իրավասու մարմնի կողմից որոշված վայրում չվարձատրվող, դատապարտյալի կողմից հանրության համար օգտակար աշխատանքների կատարումն է :

2. Հանրային աշխատանքները կարող են նշանակվել ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործություններ կատարած, առավելագույնը երկու տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ:

2.1. Հանրային աշխատանքները նշանակվում են երկու հարյուր յոթանասունից երկու հազար երկու հարյուր ժամ ժամկետով:

(…)

3. Հանրային աշխատանքները նշանակվում են որպես որոշակի ժամկետով ազատազրկմանն այլընտրանքային պատժատեսակ՝ ուժի մեջ մտած դատավճիռն ի կատար ածելու կարգադրությունը ստանալուց հետո` քսանօրյա ժամկետում՝ դատապարտյալի գրավոր դիմում ներկայացնելու, ինչպես նաեւ սույն օրենսգրքի 51-րդ հոդվածի չորրորդ մասով նախատեսված դեպքերում:

3.1. Դատարանը դիմումը քննարկելիս հաշվի է առնում դատապարտյալի կողմից կատարված հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանը, բնույթը, դատապարտյալի անձը բնութագրող տվյալները, պատճառված վնասը հատուցելու մասին պահանջի բացակայությունը կամ հատուցված լինելը, ինչպես նաեւ այլ հանգամանքներ, որոնք կհիմնավորեն անձի նկատմամբ նշանակված ազատազրկումը հանրային աշխատանքներով փոխարինելու հիմնավորվածությունն ու արդարացիությունը պատժի նպատակների իրականացման տեսանկյունից (…)»:

Այսպիսով՝ հանրային աշխատանքները կարող են նշանակվել ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործություններ կատարած, առավելագույնը երկու տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ: Օրենսգրքի Հատուկ մասի որեւէ հոդվածի սանկցիայում հանրային աշխատանքներ պատժատեսակը նախատեսված չէ, հանրային աշխատանքները նշանակվում են որպես որոշակի ժամկետով ազատազրկմանն այլընտրանքային պատժատեսակ` ուժի մեջ մտած դատավճիռն ի կատար ածելու կարգադրությունը ստանալուց հետո` քսանօրյա ժամկետում՝ դատապարտյալի գրավոր դիմում ներկայացնելու դեպքում: Հանրային աշխատանքները նշանակվում են նաեւ տուգանքը վճարելու անհնարինության դեպքում, երբ դատարանը տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը փոխարինում է հանրային աշխատանքներով:

Օրենսգրքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «(…)Դատարանը տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը փոխարինում է հանրային աշխատանքներով տուգանքը վճարելու անհնարինության դեպքում` հանրային աշխատանքների երեք ժամը նվազագույն աշխատավարձի դիմաց, իսկ տուգանքը վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքում՝ հանրային աշխատանքների հինգ ժամը նվազագույն աշխատավարձի դիմաց: Եթե տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինելու համար կատարված հաշվարկի արդյունքը գերազանցում է երկու հազար երկու հարյուր ժամը, ապա նշանակվում է երկու հազար երկու հարյուր ժամ: Տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինելու համար կատարվող հաշվարկի արդյունքում ժամային արժեքները կլորացնելը կատարվում է դատապարտյալի օգտին»:

Հանրային աշխատանքները կատարելուց չարամտորեն խուսափելու դեպքում հանրային աշխատանքների չկրած մասը դատարանը փոխարինում է կալանքով կամ որոշակի ժամկետով ազատազրկմամբ ՝ կալանքի կամ որոշակի ժամկետով ազատազրկման մեկ օրը հաշվարկելով հանրային աշխատանքների երեք ժամվա դիմաց:

Օրենսգրքի կարգավորումների արդյունքում ստացվում է, որ տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինելու համար կատարված հաշվարկի արդյունքում նշանակվում է առավելագույնը երկու հազար երկու հարյուր ժամ հանրային աշխատանք: Երկու հազար երկու հարյուր ժամը, կալանքի կամ որոշակի ժամկետով ազատազրկման մեկ օրը հաշվարկելով հանրային աշխատանքների երեք ժամվա դիմաց կանոնով, հաշվարկվում է որպես մոտ երկու տարի տասնհինգ օր: Նախագծով առաջարկվում է վերին սահման նախատեսել, այն է՝ « սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նաատեսված ազատազրկման ձեւով պատժի առավելագույն չափը»: Մինչդեռ Օրենսգրքի մի շարք հոդվածներով նախատեսված հանցագործությունների սանկցիաներում նախատեսվում է տուգանք պատժատեսակը, սակայն բացակայում է ազատազրկումը (օրինակ՝ Օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասում, 130.1-րդ հոդվածի 1-ին մասում, 148-րդ հոդվածում, 152-րդ հոդվածի 1-ին մասում): Արդյունքում՝ հասկանալի չէ, թե այդ հանցագործությունների դեպքում նշանակված տուգանքի կատարման անհնարինության արդյունքում այն հանրային աշխատանքներով փոխարինելուց հետո դրանց կատարումից չարամտորեն խուսափելու դեպքում հանրային աշխատանքների չկրած մասը որոշակի ժամկետով ազատազրկմամբ փոխարինելիս ինչպես պետք է կիրառվի Նախագծով առաջարկվող սահմանափակումը:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք նախատեսել բոլոր դեպքերում կիրառելի կարգավորում՝ օրինակ «, որը չի կարող գերազանցել ազատազրկման ձեւով պատժի դեպքում առավելագույնը երկու տարի ժամկետը»՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրային աշխատանքները նշանակվում են ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործություններ կատարած, առավելագույնը երկու տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ, եւ այս կարգավորումը նախատեսելիս օրենսդիրն արդեն իսկ հաշվի է առել հանգամանքներ, որոնք հիմնավորում են անձի նկատմամբ նշանակված առավելագույնը հենց երկու տարի ժամկետով ազատազրկումը հանրային աշխատանքներով փոխարինելու հիմնավորվածությունն ու արդարացիությունը՝ պատժի նպատակների իրականացման տեսանկյունից:

3. Նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք «լրացնել» բառից հետո ավելացնել «նոր» բառը` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:

4. Նախագծի 2-րդ հոդվածում նշված «հրապարակման օրվան» բառերն առաջարկում ենք փոխարինել «հրապարակմանը» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասը:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                 ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ` Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248), (118),

Մ. Վասիլյան (հեռ.` 011-513-616 ) , ( 201 )



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարողներ` Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248), (118),

Մ. Վասիլյան (հեռ.` 011-513-616 ) , ( 201 )