ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ -446-10.01.2020-ԳԿ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավոր Սոնա Ղազարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքումլրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն՝ «Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»:

Սահմանադրության 88-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ»:

Վերոգրյալ իրավադրույթներից բխում է, որ Ազգային ժողովը կարող է գործել Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների շրջանակներում եւ նոր լիազորություններով կարող է օժտվել, եթե վերջիններս ուղղակիորեն նախատեսված են Սահմանադրությամբ: Կարծում ենք, որ Նախագծով Ազգային ժողովին են վերապահվում մի շարք լիազորություններ, որոնք վերապահված են Կառավարությանը: Մասնավորապես՝ Սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը մշակում եւ իրականացնում է Կառավարությունը: «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի հավելվածի 9-րդ կետի համաձայն՝ «Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը մշակում եւ իրականացնում է (…) մշակույթի եւ սպորտի համակարգի բնականոն գործունեության ապահովման, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի բնագավառների պահպանման ու զարգացման ապահովման, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի համակարգերի որակի եւ արդյունավետության մոնիտորինգի եւ գնահատման, մշակույթի զարգացման, մշակութային ժառանգության պահպանության, պաշտպանության, ուսումնասիրության, օգտագործման, հանրահռչակման, հասարակության կողմից մշակույթի՝ որպես զարգացման միջոցի գիտակցման, նոր արժեքների ու նոր գաղափարների ներդրման, հասարակության ստեղծագործական ներուժի վերարտադրման ու զարգացման համար պայմանների ստեղծման, մշակութային արժեքներին հաղորդակցվելու, մշակույթի բնագավառում ազատ ու մատչելի ծառայությունների մատուցման պայմանների ապահովման ոլորտներում Կառավարության քաղաքականությունը (…)»: Այսպիսով, պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանությունը եւ օգտագործումը, որպես ներքին քաղաքականության մաս, հանդիսանում է Կառավարության լիազորությունը: Հետեւաբար, կարծում ենք, որ Նախագծով Ազգային ժողովին չեն կարող վերապահվել այնպիսի լիազորություններ, ինչպիսիք են, օրինակ, հանրապետական նշանակության հուշարձանները տեղափոխելու եւ փոփոխելու թույլտվություն տրամադրելը, հուշարձանների պետական ցուցակների հաստատումը եւ այլն:

Բացի այդ,Նախագծի2-րդ հոդվածով Ազգային ժողովին է վերապահվում մի շարք կարգերի հաստատում, մինչդեռ Սահմանադրության 103-րդ հոդվածից բխում է, որ Ազգային ժողովը կարող է ընդունել միայն որոշումներ, հայտարարություններ եւ ուղերձներ, որոնց ընդունման մանրամասն կարգավորումը նախատեսված է«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 22-րդ բաժնում: Ուստի, պարզ չէ, թե ինչպես պետք է Ազգային ժողովն ընդունի կամ հաստատի Նախագծով նախատեսված կարգերը :

Այլօրենքներիպահանջներին համապատասխանության վերաբերյալ նշենք հետեւյալը.

1. Առաջարկում ենք Նախագծի վերեւի աջ անկյունում նշված «Նախագիծ» բառը նշել մեծատառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 7-րդ մասը:

2. Առաջարկում ենք Նախագծի վերնագրում նշված երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:

3. Առաջարկում ենք Նախագծի վերնագրում նշված «ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ» բառերը փոխարինել «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բառով, քանի որ Նախագծով նախատեսվում են միայն փոփոխություններ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը:

4. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում նշել փոփոխվող նորմատիվ իրավական ակտի լրիվ անվանումը՝ հիմք ընդունելով «Նորմատիվիրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 8-րդ մասը եւ 18-րդ հոդվածի 3-րդ մասը:

5. Առաջարկում ենք Նախագծով կիրառված «Հայստանի Հանրապետության Ազգային Ժողով» եւ «ՀՀ Ազգային ժողով» բառերն համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «Ազգային ժողով» բառերով՝ հիմք ընդունելով սահմանադրական կարգավորումները եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասը:

Նախագծիվերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                     ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ՝ Զ. Հովասափյան (հեռ.՝ 011-513-248), (118),

Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-375), (108)



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծինառնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                            ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ՝Զ. Հովասափյան (հեռ.՝ 011-513-248), (118),

Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-375), (108)



ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐ Ա Կ Ա ՑՈՒԹՅՈՒՆ

«Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-446-10.01.2020-ԳԿ-011/0) օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սոնա Ղազարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ ը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում: Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները :

1. Նախագիծը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :

2. Նախագծով առաջարկվում է ՀՀ Ազգային ժողովին վերապահել հուշարձանների պահպանության հետ կապված մի շարք լիազորություններ, մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ՝

- ՀՀ կառավարությունը ՀՀ Ազգային ժողովի հաստատմանն է ներկայացնում անկախ սեփականության ձեւից պետական պահպանության կամ սուբսիդավորման վերցված անշարժ հուշարձանների ցուցակը, պահպանության գոտիների ցանկը, դրանց հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման եւ օգտագործման կարգը,

- ՀՀ Ազգային ժողովը հաստատում է հուշարձանների պետական ցուցակները,

- հուշարձանների պետական ցուցակներում նոր օբյեկտ ընդգրկելը եւ այդ ցուցակներից հանելը կատարում է ՀՀ Ազգային ժողովը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով կատարված փորձագիտական եզրակացության հիման վրա եւ այլն:

3. Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում եւ այս առումով դիտողություններ եւ առաջարկություններ չկան, սակայն խնդիրը կայանում է նրանում, որ ՀՀ Սահմանադրության 88-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն. «Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ:», ինչը նշանակում է, որ ԱԺ-ի համար նոր լիազորություններ կարող են ամրագրվել բացառապես ՀՀ Սահմանադրության մեջ լրացումներ կատարելու ճանապարհով, ուստի տվյալ Նախագիծը հակասում է ՀՀ Սահմանադրությանը:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                            ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ

(հեռ.` 011 513-668)

20.01.2020թ.



ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-446-10.01.2020-ԳԿ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Սոնա Ղազարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը ( այսուհետ ` Նախագիծ ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները :

1. Նախագիծը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :

2.Նախագծով հեղինակը առաջարկում է Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող հուշարձանների ցանկը, որոնք ենթակա չեն օտարման, բերվի խորհրդարանական վերահսկողության դաշտ, այսինքն այդ ցանկը ըստ առաջարկվող նախագծի, պետք է հաստատի ՀՀ Ազային ժողովը:

Նախագիծը չի պարունակում սոցիալական, կրթական, առողջապահական հիմնախնդիր, նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող` Մ. Դալլաքյան(հեռ. 011-513-339)

23.01.2020թ.