ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին»օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-461-01.02.2020-ՊԱ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Փամբուխչյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին»օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածում նշված «24-րդ հոդվածը լրացնել նոր 1.1.-րդ մասով՝ 1.1.«Շարքային (…)» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել «24-րդ հոդվածում լրացնել նոր 1.1-ին մաս՝ «1.1. Շարքային (…)» ձեւակերպումով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:

2. Նախագծի 1-ին հոդվածով «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 24-րդ հոդվածում լրացվող նոր 1.1-ին մասում «ծառայության» բառից հետո առաջարկում ենք ավելացնել «հայտարարված» բառը՝ հիմք ընդունելով նույն հոդվածի 1-ին մասում կիրառվող եզրույթը, «(6 ամիս)» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել «(վեց ամիս ժամկետով)» ձեւակերպումով՝ ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով:

3. Նախագծի 1-ին հոդվածով «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 24-րդ հոդվածում լրացվող նոր 1.1-ին մասում կիրառվում է «ընտանիքի անդամ» հասկացությունը, մինչդեռ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը որեւէ ընդհանուր կարգավորում չի պարունակում «ընտանիքի անդամ» հասկացության վերաբերյալ, այլ միայն առանձին հոդվածներում հասկացությունը կիրառելիս նույն հոդվածում տալիս է դրա հասկացությունը, որը կիրառելի է միայն այդ հոդվածի համար (օրինակ՝ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասը, 63-րդ հոդվածի 12-րդ մասը, 64-րդ հոդվածի 6-րդ մասը, 70-րդ հոդվածի 6-րդ մասը): Ուստի, առաջարկում ենք լրացվող մասում կիրառված «ընտանիքի անդամ» հասկացության համար եւս նախատեսել կարգավորում, որում նշում է արվում, թե սույն մասի իմաստով ովքեր են համարվում ընտանիքի անդամներ:

4. Նախագծի 2-րդ հոդվածում նշված «24-րդ հոդվածի 4-րդ մասում «1-ին» բառից հետո լրացնել «1.1-րդ» թիվը եւ բառը» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել «24-րդ հոդվածի 4-րդ մասում «1-ին» թվից հետո լրացնել նոր «, 1.1-ին» կետադրական նշանը եւ թիվը» ձեւակերպումով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:

5. Նախագծով սահմանված լրացումների զուգահեռ անհրաժեշտություն է առաջանում լրացում կատարել նաեւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 25-րդ հոդվածում,որը նախատեսում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի կազմակերպումն ապահովող մարմինների վերաբերյալ կարգավորումներ: «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի «ա» ենթակետը եւ 3-րդ մասի 1-ին կետի «բ» ենթակետը հղում են տալիս 24-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերին՝ նախատեսելով կարգավորումներ՝ շարքային կամ պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայության հայտարարված զորակոչերի պատշաճ իրականացման համար պատասխանատու համապատասխան զինվորական կոմիսարիատի եւ մարզային (Երեւանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովի պարտականությունների վերաբերյալ՝ կազմելու համապատասխանաբար նախնական եզրակացություն (նախնական եզրակացությամբ՝ մարզային (Երեւանի քաղաքային) զորակոչային հանձնաժողով է ներկայացնում սույն օրենքի24-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված հանգամանքների վերաբերյալ փաստաթղթերը ) եւ եզրակացություն(24-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված հիմքերով շարքային կազմի քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին եզրակացությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին): Արդյունքում Նախագծի 1-ին հոդվածով «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 24-րդ հոդվածում լրացվող նոր 1.1-ին մասի դեպքում բաց է մնում պարտադիր զինվորական ծառայության զորակոչի կազմակերպումն ապահովող մարմինների պարտականությունների շրջանակը, որոնցով կապահովվի այդ հիմքով տարկետում տալու ընթացակարգը: Միաժամանակ հարկ է նկատել, որ նշված լրացումները կատարելու փոխարեն հեղինակի կողմից 24-րդ հոդվածում 1.1-ին մաս լրացնելու փոխարեն նոր դրույթը կարող է որպես 24-րդ հոդվածի 1-ին մասի նոր՝ 6-րդ կետ:

6. Նախագծի 3-րդ հոդվածում նշված «10-րդ օրը» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել «տասներորդ օրը» ձեւակերպումով:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                  ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարող` Մ. Մնացականյան (հեռ. 011-513-248), (118)



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                    ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարող` Մ. Մնացականյան (հեռ. 011-513-248), (118)