ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-484-20.02.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Փորձաքննության արդյունքները

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացվող 169.2-րդ հոդվածի համարն առաջարկում ենք տեքստից բաժանել միջակետով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասը:

2. Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքում լրացվող 169.2-րդ հոդվածի 1-ին մասում առկա է հետեւյալ կարգավորումը. «Հորդորելու, խաբեության, վստահությունը չարաշահելու, կամ վիճակի խոցելիությունը օգտագործելու, կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու միջոցով կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով կամ այլ եղանակով անձին ծնողական իրավունքներից հրաժարվելուն հակելը կամ հարկադրելը`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից չորս տարի ժամկետով» : Լրացվող նոր 169.2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ « Նույն արարքը, որը կատարվել է`

(…)

2) կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով ,

(…)

պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա:»

Նախագծի 1-ին հոդվածով լրացվող 169.2-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորման վերլուծությունից բխում է, որ 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման եղանակ է կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը: Այսինքն գործադրված բռնությունը պետք է լինի կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր, մինչդեռ բռնության սպառնալիքի համար նման սահմանափակում չի նախատեսվում: Նշված եզրահանգումը հիմնավորվում է նրանով, որ «կամ» շաղկապը կիրառվում է բռնություն գործադրելու միջոցի եւ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցի միջեւ, այլ ոչ թե բռնություն գործադրելու եւ բռնություն գործադրելու սպառնալիքի միջեւ:

Միաժամանակ Նախագծի 1-ին հոդվածով լրացվող 169.2-րդ հոդվածի 2-րդ մասի վերլուծությունից կարող ենք եզրակացնել, որ որպես հանցակազմի որակյալ հատկանիշ դիտարկվում է կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով ծնողական իրավունքներից հրաժարվելուն հարկադրելը, սակայն հոդվածի 1-ին մասում առկա ձեւակերպումն արդեն իսկ ներառել է նաեւ բռնություն գործադրելու սպառնալիքի այս ձեւը, քանի որ դրա ձեւի հետ կապված սահմանափակում չի նախատեսում:

Կարծում ենք Նախագծի 1-ին հոդվածով լրացվող 169.2-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում առկա վերոնշյալ ձեւակերպումները կարող են իրավական շփոթ առաջացնել, ուստի առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով լրացվող 169.2-րդ հոդվածի 1-ին մասում առկա «կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու միջոցով կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով» ձեւակերպումը փոխարինել «կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու կամ դա գործադրելու սպառնալիքի միջոցով» ձեւակերպումով:

3. Նախագծի 2-րդ հոդվածից առաջարկում ենք հանել « »։ » կետադրական նշանները:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Միաժամանակ անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների՝ միմյանց համապատասխանությունը, ինչպես նաեւ համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                      ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ` Մ. Մնացականյան (հեռ.՝ 011-513-248), (118),

Մ. Մոսինյան (հեռ.՝ 011-513-491), (114)

ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ` Մ. Մնացականյան (հեռ.՝ 011-513-248), (118),

Մ. Մոսինյան (հեռ.՝ 011-513-491), (114)