ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«« Նավագնացության մասին » համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքինախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-4 88 -25.02.2020- ՏԵ -011/0)վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Նավագնացության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Փորձաքննության արդյունքները

Կատարված փորձաքննության արդյունքում արձանագրում ենք, որ Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ այլ օրենքների պահանջներին (հիմք՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված նախագիծը) :

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                              ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարող` Մ. Մնացականյան (հեռ. 011-513-248), (118)


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը, կարծում ենք, բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                             ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարող` Մ. Մնացականյան (հեռ. 011-513-248), (118)



ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Նավագնացության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-488-25.02.2020-ՏԵ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Նավագնացության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:

Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Նախագծով առաջարկվում է վավերացնել «Նավագնացության մասին» համաձայնագիրը (այսուհետ ՝ Համաձայնագիր), որը ստորագրվել է ԵԱՏՄ անդամ-պետությունների (այսուհետ` Անդամ պետություն) կառավարությունների միջեւ 2019թ. փետրվարի 1-ին՝ Ալմաթիում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում: Հայկական կողմից համաձայնագիրը ստորագրել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը:

Համաձայնագիրը մշակվել է Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 24-րդ հավելվածի (Համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության մասին արձանագրություն) հիման վրա:

Համաձայնագրի նպատակն է դյուրացնել Անդամ պետության դրոշի ներքո նավարկող նավերի մուտքը Անդամ պետությունների ներքին ջրային ուղիներ, երկկողմ եւ տարանցիկ բեռների, ուղեւորների եւ ուղեբեռների փոխադրումը, ինչպես նաեւ նավերի քարշակումը:

Փորձաքննության արդյունքները

1. Ն ախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ եւ 92-րդ հոդվածների, ինչպես նաեւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Համաձայնագիրը սահմանում է Անդամ պետության ներքին ջրային ուղիներով նավարկության կարգը, մասնավորապես` իրավունքներ եւ պարտավորություններ է սահմանում Անդամ պետության դրոշի ներքո նավարկող նավերի համար:

Համաձայնագրով նախատեսված է, որ ներքին ջրային ուղիներով նավարկման ընթացքում չի թույլատրվում իրենց տարածքներում ներմուծման եւ տեղաշարժման համար Անդամ պետությունների օրենսդրությամբ արգելված բեռների փոխադրումը եւ ներքին ջրային ուղիներով նավերի շարժի հետ կապ չունեցող ՝ ձկնորսական, հիդրոգրաֆիկ, հետազոտական եւ այլ գործունեության իրականացումը:

Անդամ պետության ներքին ջրային ուղիներով նավարկելը թույլատրվում է այն նավերին, որոնք համապատասխանում են տվյալ Անդամ պետության օրենսդրությամբ սահմանված՝ այդպիսի նավի համար կիրառելի պահանջներին:

Նավերի անձնակազմի նվազագույն քանակի պահանջները սահմանվում են առանձին միջազգային (միջգերատեսչական) պայմանագրով, որը կնքվում է Անդամ պետությունների իրավասու մարմինների միջեւ՝ սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում:

Նշենք նաեւ, որ Համաձայնագրի կարեւոր մաս է հանդիսանում նավերի եւ նավերի անձնակազմերի փաստաթղթերի փոխադարձ ճանաչումը ԵԱՏՄ անդամ-պետություններում:

3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը ստանձնում է հետեւյալ հիմնական պարտավորությունները.

- սահմանել ՀՀ լիազորված եւ իրավասու մարմիններ, որոնք պատասխանատու են Համաձայնագրի իրականացման համար եւ աջակցել այդ մարմինների, ինչպես նաեւ ջրային տրանսպորտի բնագավառում տնտեսվարող սուբյեկտների միջեւ գործնական հարաբերությունների եւ համագործակցության պահպանմանն ու զարգացմանը,

- տեղեկացնել ավանդապահին Համաձայնագրի իրականացման համար պատասխանատու՝ լիազորված եւ իրավասու մարմինների մասին Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին ծանուցման հետ միաժամանակ, իսկ ՀՀ լիազորված կամ իրավասու մարմնի անվանման փոփոխության դեպքում այդ մասին տեղեկացնել ավանդապահին,

- ապահովել, որ Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում ՀՀ իրավասու մարմինները մյուս Անդամ պետությունների իրավասու մարմինների հետ փոխանակեն Համաձայնագրի 7-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերի օրինակները, ինչպես նաեւ դրանք տալու կանոնները, իսկ վերոհիշյալ փաստաթղթերում փոփոխություններ կատարվելու դեպքում՝ այդ փոփոխությունների կատարման օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում ՀՀ իրավասու մարմինները այլ Անդամ պետությունների իրավասու մարմիններին ուղարկեն նոր փաստաթղթերի օրինակները եւ դրանց հանձնման կանոնները:

4.Ելնելով Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքից, չունենալով նավարկելի ջրային տարածք, Համաձայնագիրն առավելապես առնչվում է ՀՀ դրոշի ներքո նավարկող նավերի՝ այլ Անդամ պետությունների ներքին ջրային տարածքներում նավարկության կարգին:

Համաձայնագրի 14-րդ հոդվածի համաձայն` այն ուժի մեջ է մտնում Կողմերի կողմից ներպետական ընթացակարգերը կատարելու վերաբերյալ դիվանագիտական ուղիներով վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից ստանալու օրվանից 30 օր հետո:

5. Նախագիծը Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ, այդ թվում՝ պետական բյուջեի ծախսերի ավելացում չի նախատեսում:

6. Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Դիտողություններ եւ առաջարկություններ նախագծի վերաբերյալ

Նախագծի վերաբերյալդիտողություններ եւ առաջարկություններչկան:

Եզրակացություն

Մեր կարծիքով, Համաձայնագիրը կարող է նպաստել ջրային տրանսպորտի ոլորտում համագործակցության զարգացման ու ամրապնդման, Համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության իրականացման, բիզնես միջավայրի բարելավման, ինչպես նաեւ Անդամ պետությունների միջեւ՝ բարիդրացիական եւ փոխշահավետ հարաբերությունների հաստատմանն ուղղված՝ արտաքին քաղաքականության նպատակների իրականացմանը:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                       ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ

Կատարող՝ Գ. Նազարյան (հեռ.` 011 513- 339 )

05.03.2020թ.




ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Նավագնացության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-488-25.02.2020-ՏԵ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Նավագնացության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ( այսուհետ ` Նախագիծ ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի Փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:

Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Նախագծով առաջարկվում է վավերացնել 2019 թվականի փետրվարի 1- ին ստորագրված « Նավագնացության մասին » համաձայնագիրը՝ ԵԱՏՄ անդամ պետությունների ( այսուհետ ` Անդամ պետություն ) ջրային տրանսպորտի ոլորտում համագործակցության զարգացման ու ամրապնդման , ինչպես նաեւ « Համակարգված ( համաձայնեցված ) տրանսպորտային քաղաքականության մասին » Արձանագրությունն իրականացնելու նպատակով Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29- ի պայմանագրի 24- րդ հավելված », որը ՀՀ կողմից վավերացվել է «2014 թվականի հոկտեմբերի 10- ին Մինսկում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության՝ « Եվրասիական տնտեսական միության մասին » 2014 թվականի մայիսի 29- ի պայմանագրին միանալու մասին » պայմանագրի վավերացմամբ ` Ազգային ժողովի 2014 թվականի դեկտեմբերի 4- ի ԱԺՈ -132- Ն որոշմամբ ( ՍԴՈ -1175):

Համաձայնագիրը սահմանում է Անդամ պետության ներքին ջրային ուղիներով նավարկության կարգը , մասնավորապես ` իրավունքներ եւ պարտավորություններ է սահմանում Անդամ պետության դրոշի ներքո նավարկող նավերի համար : Այն կոչված է դյուրացնելու ԵԱՏՄ անդամ պետությունների ներքին ջրային ուղիները , երկկողմ եւ տարանցիկ բեռների , ուղեւորների եւ ուղեբեռների փոխադրումը , ինչպես նաեւ նավերի քարշակումը :

Փորձաքննության արդյունքները

1. Նախագիծը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ եւ 92-րդ հոդվածների եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :

2.Համաձայն Համաձայնագրի, Հայաստանի դրոշով նավերը կկարողանան անարգել անցնել ԵԱՏՄ անդամ երկրների ջրային տարածքն ու լողալ այդ պետությունների ներքին ջրային ուղիներում ։

Այժմ մի պետության նավերը մյուսի ջրային տարածք են մուտք գործում թույլտվության դեպքում ։ Համաձայնագրով նախատեսվում է անցում կատարել ծանուցման համակարգի , այսինքն ` ջրային սահմանը հատելու համար բավական է նախապես ծանուցել տվյալ պետությանը ։

Բացի այդ , համաձայնագիրը թույլ կտա փոխադարձաբար ճանաչել ԵԱՏՄ անդամ պետությունների նավերի , դրանց նավապետների ու անձնակազմերի որակավորման փաստաթղթերը :

Նշենք , որ ծով չունեցող երկրներին նավեր ունենալու իրավունք է ընձեռում Ծովային իրավունքի մասին ՄԱԿ – ի կոնվենցիան , որին միացել են ծովային ելք չունեցող 44 երկիր , այդ թվում ` Հայաստանը ։

Կոնվենցիան ընդունվել է 1982 թ ի դեկտեմբերի 10– ին , ուժի մեջ մտել 1994 թ .- ի նոյեմբերի 16– ին ։

Հայաստանը կոնվենցիան վավերացրել է 2002 թ .- ի դեկտեմբերի ին ։

Դիտողություններ եւ առաջարկություններ նախագծի վերաբերյալ

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Ելնելով Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքից , չունենալով նավարկելի ջրային տարածք՝ Համաձայնագիրն առավելապես առնչվում է ՀՀ դրոշի ներքո նավարկող նավերի՝ այլ Անդամ պետությունների ներքին ջրային տարածքներում նավարկության կարգին :

Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը ստանձնում է հետեւյալ հիմնական պարտավորությունները .

- սահմանել ՀՀ լիազորված եւ իրավասու մարմիններ , որոնք պատասխանատու

են Համաձայնագրի իրականացման համար եւ աջակցել այդ մարմինների , ինչպես նաեւ

ջրային տրանսպորտի բնագավառում տնտեսվարող սուբյեկտների միջեւ գործնական

հարաբերությունների եւ համագործակցության պահպանմանն ու զարգացմանը.

-տեղեկացնել Համաձայնագրի իրականացման համար պատասխանատու՝ լիազորված եւ իրավասու մարմինների մասին Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին՝ ծանուցման հետ միաժամանակ :

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող` Մ. Դալլաքյան (011-513-339)

05.03.2020թ.