ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-519-20.03.202 0 -ՊԻ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-5191 -20.03.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) իրավական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ նշենք հետեւյալը.

1. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում (այսուհետ նաեւ` Օրենսգիրք) լրացվում է նոր հոդված.

«Հոդված 277.1. Արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելը

1. Արտակարգ իրավիճակի հիմքով արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում ,

պատժվում է կալանքով մինչեւ երեք ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով» :

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի ՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոններ ը խախտելուն վերաբերող 1823 -րդ հոդվածում լրացվում են նոր ՝ 10-րդ եւ 11-րդ մասեր.

«10. Արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչեւ հինգհարյուրապատիկի չափով:

11. Ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից արտակարգ դրության ժամանակ սահմանված տեղեկությունների հրապարակման կամ տարածման սահմանափակումները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի հիսնապատկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով»:

Հայաստանի Հանրապետութան Սահմանադրության (այսուհետ՝ Սահամանադրություն) 78-րդ հոդվածի համաձայն՝«Հիմնական իրավունքների եւ ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի եւ անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի եւ ազատության նշանակությանը»:

Սահմանադրության 79-րդ հոդվածի համաձայն՝ «Հիմնական իրավունքները եւ ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը եւ ծավալը , լինեն բավարար չափով որոշակի , որպեսզի այդ իրավունքների եւ ազատությունների կրողները եւ հասցեատերերն ի վիճակի լինեն դրսեւորելու համապատասխան վարքագիծ»:

Սահմանադրական դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ օրենքում ամրագրված իրավակարգավորումները պետք է անձի համար կանխատեսելի դարձնեն իր իրավաչափ ակնկալիքները : Ի րավական որոշակիության սկզբունքը, լինելով իրավական պետության հիմնարար սկզբունքներից մեկը, ենթադրում է, որ իրավահարաբերությունների բոլոր սուբյեկտների, այդ թվում՝ իշխանության կրողի գործողությունները պետք է լինեն կանխատեսելի ու իրավաչափ (տե՛ս Սահմանադրական դատարանի 09.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1213 որոշումը): Ի րավական որոշակիության ապահովման տեսանկյունից օրենսդրության մեջ օգտագործվող հասկացությունները պետք է լինեն հստակ, որոշակի եւ չհանգեցնեն տարաբնույթ մեկնաբանությունների կամ շփոթության (տե՛ս Սահմանադրական դատարանի 02.12.2014 թվականի թիվ ՍԴՈ-1176 որոշումը):

Իրավական որոշակիության սկզբունքի առնչությամբ Եվրոպական դատարանը նշել է , որ ն երքին օրենսդրությունը պետք է լինի պարզ, կանխատեսելի եւ բավականաչափ հասանելի (տե՛ս «Սիլվերը եւ այլք ընդդեմ Միացյալ Թագավորության»§87): Մասնավորապես, այն պետք է լինի կանխատեսելի, որպեսզի անհատներին հնարավորություն տա գործել օրենքի համաձայն, եւ որպեսզի պետական մարմինների սեփական հայեցողության լուսանցքի տարածման տիրույթը լինի հստակ սահմանված : (...) օրենքում պետք է օգտագործվեն բավականաչափ պարզ ձեւակերպումներ, որպեսզի բոլորի համար բավարար եղանակով ամրագրվեն նման միջոցներին դիմելու համար օրենքով նախատեսված հանրային լիազորության հանգամանքներն ու պայմաննե րը (տե՛ս «Շիմովոլոսն ընդդեմ Ռուսաստանի», §68)»:

Անդրադառնալով հանցակազմի հասկացութ յ անը եւ տարրերին՝ Սահմանադրական դատարան ը նշել է հետեւյալը. «(…) Ք րեական իրավունքում «հանցակազմ» հասկացությունը բնորոշվում է որպես հանրորեն վտանգավոր արարքի՝ քրեական օրենսգրքով սահմանված հատկանիշների համակցություն : Այսինքն, որպեսզի անձը քրեական պատասխանատվության ենթարկվի, նրա արարքը պետք է որակվի հանրորեն վտանգավոր` որում առկա են քրեական օրենսգրքով նախատեսված կոնկրետ արարքի բոլոր հատկանիշները : «Հանցակազմի բացակայություն»եզրույթը նշանակում է արարքի առկայություն, սակայն այն չի բնորոշվում որպես քրեական օրենսգրքով նախատեսված հատկանիշներ պարունակող հանրորեն վտանգավոր արարք, այլ կերպ` հանցագործություն : Հետեւաբար, հանցագործության յուրաքանչյուր տեսակին համապատասխանում է իր կոնկրետ հանցակազմը, որի հիմնական տարրերն են օբյեկտը, օբյեկտիվ կողմը, սուբյեկտը եւ սուբյեկտիվ կողմը : Այս տարրերից թեկուզ մեկի բացակայությունը վկայում է հանցակազմի, հետեւաբար եւ` հանցագործության բացակայության մասին» (տե՛ս Սահմանադրական դատարանի 30.03.2010թ. թիվ ՍԴՈ-871 որոշումը, կետ 8):

Այսպիսով , ամփոփելով վերոշարադրյալը, կարող ենք նշել, որ հանցագործությունները պետք է նախատեսված լինեն օրենքով, եւ անձը պետք է ի վիճակի լինի համապատասխան դրույթի ձեւակերպումից, իսկ անհրաժեշտության դեպքում նաեւ դատարանների կողմից դրան տված մեկնաբանության հիման վրա, իմանալ, թե որ գործողությունների եւ անգործության համար ինքը կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության:

Վերոգրյալի հիման վրա կարող ենք եզրակացնել, որ օրենքը պետք է ձեւակերպված լինի բավարար հստակությամբ, ինչը հնարավորություն կտա ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ողջամտորեն կանխատեսել իրենց վարքագծի իրավական հետեւանքները: Օրենքը պետք է օժտված լինի իրավունքի գերակայությունից բխող այնպիսի որակական հատկանիշներով, ինչպիսիք են հասանելիությունը եւ կանխատեսելիությունը: Բացի այդ, օրենքը պետք է ձեւակերպվի այնպես, որ մասնավոր անձինք օժտված լինեն հանրային իշխանության կամայական միջամտությունների դեմ արդյունավետ պաշտպանության հնարավորությամբ:

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի ՝ բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործություններին վերաբերող 38-րդ գլխում լրացվող նոր ՝ 277.1-րդ հոդվածըպարունակում է հետեւյալ ձեւակերպումը` «արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելը» : Հարկ է նկատել, որ բնակչության առողջությանպահպանման ոլորտին առնչվող Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը չի պարունակում վերոգրյալ միջոցառումների վերաբերյալ կարգավորումներ, որոնք հնարավոություն կտային սահմանելու «մեկուսացման» եւ «ինքնամեկուսացման» հիմքերը, չափանիշները, ծավալը եւ ընթացակարգը: Արդյունքում ստացվում է իրավիճակ, երբ նախատեսված են միջոցառումներ, որոնց պահանջները խախտելու համար առկա է քրեական պատասխանատվություն , սակայն հասկանալի չէ, թե նշված միջոցառումներ ն անձանց իրավունքների սահմանափակման ինչպիսի շրջանակ են ենթադրում, եւ որ մարմիններն են պատասխանատու անձին իրավունքների սահմանափակման ծավալի մասին իրազեկ դարձնելու համար:

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 4-րդ հոդվածի համաձայն`

«1. Արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվում են`

(…)

5) ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ժամանակավոր սահմանափակվող իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաեւ իրավունքների եւ ազատությունների սահմանափակումների ծավալը` համաձայն սույն օրենքի 7-րդ հոդվածի պահանջների »:

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն`

«1. Արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում արտակարգ դրության ընթացքում արտակարգ դրության տարածքում կարող են կիրառվել հետեւյալ միջոցառումները եւ իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումները.

1) անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակում, (…)»:

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքը ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ժամանակավոր սահմանափակվող իրավունքներ ի ու ազատությունների, ինչպես նաեւ իրավունքների եւ ազատությունների սահմանափակումների ծավալի վերաբերյալ որեւէ այլ կարգավորում չի պարունակում: Հաշվի առնելով նշվածը եւ «մեկուսացում» եւ «ինքնամեկուսացում» միջոցառումները դիտարկելով ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակման եղանակներ` կարծում ենք, որ օրենսդրական ակտերում բավարար հստակությամբ սահմանված չեն վերոնշյալ միջոցառումների հասկացությունները, ինչն էլ կարող է հանգեցն ել իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքի խախտմա ն այն պարագայում, երբ այդ միջոցառումների իրականացման պահանջների խախտման համար նախատեսվում է քրեական պատասխանատվություն:

Միաժամանակ պետք է ընդգծել, որ իրավասու մարմին ն արտակարգ դրության ընթացքում կարող է նախատեսել ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ժամանակավոր սահմանափակվող իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաեւ իրավունքների եւ ազատությունների սահմանափակումների ծավալը , այսինքն ՝ կարող է որոշել ինքնամեկուսացում կամ մեկուսացում կիրառելու անհրաժեշտությունը, սակայն չի կարող տալ ազատ տեղաշարժման իրավունքի սահմանափակման այս եղանակների իրավական կարգավորումները, որոնք ենթակա են կարգավորման միայն օրենսդրական ակտերում :

Բացի այդ , հարկ է նկատել, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին»օրենքի 14-րդ հոդվածի հմաձայն` «Արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովելու նպատակով ընդունված եւ ֆիզիկական ու իրավաբանական անձանց իրավունքների եւ ազատությունների ժամանակավոր սահմանափակման հետ կապված իրավական ակտերը կիրառվում են միայն արտակարգ դրության գործողության ժամկետի ընթացքում եւ տարածքում, ուժը կորցրած են համարվում արտակարգ դրությունը դադարեցնելու պահից » : Վերոնշյալից եւս բխում է, որ քրեական եւ վարչական պատասխանատվություն նախատեսող նորմերում չեն կարող կիրառվել հասկացություններ, որոնք որոշակիացվում են ժամանակավոր կիրառություն ունեցող իրավական ակտերում:

Վերոգրյալ դիտարկումները վերաբերելի են նաեւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի ՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոններ ը խախտելուն վերաբերող 1823 -րդ հոդվածում լրացվող են նոր ՝ 10-րդ մասի նույնաբնույթ կարգավորմանը:

Այսպիսով` նախագծերի` «արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելը» ձեւակերպման կիրառմամբ քրեական եւ վարչական պատասխանատվություն նախատեսող կարգավորումները, կարծում ենք , հակասում են որոշակիության սահմանադրաիրավական սկզ բ ունքին, այն է` դրանք ձեւակերպված չեն բավարար հստակությամբ, ինչը հնարավորություն չի տալիս ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ողջամտորեն կանխատեսել իրենց վարքագծի իրավական հետեւանքները: Բացի այդ, կարգավորումները ձեւակերպված չեն այնպես, որ մասնավոր անձինք օժտված լինեն հանրային իշխանության կամայական միջամտությունների դեմ արդյունավետ պաշտպանության հնարավորությամբ:

2. Իրավական որոշակիության սկզբունքին նախատեսված կարգավորումների համապատասխանությունն ապահովելու նպատակով՝ հարկ ենք համարում անդրադառնալ նաեւ մեկուսացման եւ ինքնամեկուսացման պահանջների ներկայացման կարգին:

Ինչպես արդեն նշեցինք «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրեն քի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1823 -րդ հոդվածում լրաց նել նոր նոր՝ 10-րդ մաս՝ հետեւյալ բովանդակությամբ. «Արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելը` … » :

Նշված լրացման կապակցությամբ ծագում է այն հարցադրումը, թե ինչ ընթացակարգով պետք է ներկայացվեն մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները: Օրինակ՝ ու ՞ մ կողմից պետք է ներկայացվեն, արդյո ՞ ք այդ պահանջները պետք է անհատապես հասցեագրված լինեն կոնկրետ անձանց, արդյո ՞ ք պետք է գրավոր լինեն, թե ՞ կարող է նաեւ բանավոր պահանջ ներկայացվել: Հարկ է կրկին ընդգծել, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին » օրենքում կարգավորված չեն մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջի հետ կապված հարաբերությունները:

Մեր կարծիքով, արտակարգ իրավիճակում ներկայացված մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջը, որի խախտման համար նախատեսվում է վարչական պատասխանատվություն, վարչական ակտ է: Մասնավորապես՝ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը, հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, եւ ուղղված է անձանց համար իրավունքներ եւ պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն: Վարչական ակտը կարող է ուղղված լինել նաեւ որոշակի անհատական չափանիշներով առանձնացված անձանց որեւէ խմբի»:

Անդրադառնալով նշված վարչական ակտի գրավոր կամ բանավոր լինելու հարցին՝ նշենք, որ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքի 54-րդ հոդվածի համաձայն՝ «Վարչական ակտը, որպես կանոն, ընդունվում է գրավոր` որոշման, հրամանի, կարգադրության կամ օրենքով նախատեսված այլ ձեւով:

Դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում կարող է ընդունվել միայն գրավոր վարչական ակտ:

2. Օրենքով նախատեսված դեպքերում վարչական ակտը կարող է ընդունվել բանավոր:

Բանավոր վարչական ակտը, ակտի հասցեատիրոջ բանավոր կամ գրավոր պահանջով, ենթակա է հետագա գրավոր ձեւակերպման ինչպես օրենքով նախատեսված դեպքերում, այնպես էլ այն դեպքում, երբ ակտի հասցեատերն ունի արդարացված շահ:

Այդ դեպքում պահպանվում են գրավոր վարչական ակտին` սույն օրենքով ներկայացվող պահանջները:

3. Վարչական ակտը կարող է ընդունվել նաեւ լուսային, ձայնային, պատկերային, ազդանշանների, նշանների կամ օրենքով նախատեսված այլ ձեւով (այսուհետ ՝ այլ ձեւի վարչական ակտեր) » ։

Հաշվի առնելով, որ բանավոր կամ այլ ձեւով վարչական ակտի ընդունման համար օրենքով պետք է նախատեսված լինի այդ ձեւը, կարող ենք նշել, որ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջը պետք է ձեւակերպված լինի գրավոր, քանի որ օրենքով այլ ձեւ նախատեսված չէ: Գրավոր ձեւակերպումը հնարավորություն կտա նաեւ բացառելու վարչական ակտի բողոքարկման արդյունքում դրա կատարումը կասեցնելու հնարավորությունը՝«Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքի 74-րդ հոդվածին համապատասխան:

Մեկուսացման կամ ինքնամեկուսացման գրավոր պահանջը պետք է բավարարի նաեւ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքի 56-րդ հոդվածովվարչական ակտի որոշակիությանը ներկայացվող պահանջներին, այն է՝

1. Վարչական ակտը պետք է ձեւակերպվի հստակ եւ հասկանալի:

2. Վարչական ակտի բովանդակությունը պետք է շարադրվի այնպես, որպեսզի դրա հասցեատիրոջ համար ակնառու լինի, թե իրեն ինչ իրավունք է տրամադրվում, իր որ իրավունքն է սահմանափակվում, իրեն ինչ իրավունքից են զրկում, կամ իր վրա ինչ պարտականություն է դրվում»:

Վերոգրյալից բացի՝ հարկ ենք համարում նշել, որ օրեքով պետք է նախատեսված լինի այն վարչական մարմինը, ով իրավասու է գրավոր վարչական ակտն ընդունելու, տվյալ դեպքում՝ ներկայացնելու մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջ: Այդ պահանջը բուժաշխատողի կողմից ներկայացվել չի կարող:

Ամփոփելով վերոշարադրյալը՝ կարող ենք նշել, որ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքի դրույթների վերլուծության արդյունքում պարզ է դառնում, որ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջը, որպես վարչական ակտ, պետք է ձեւակերպված լինի գրավոր: Միաժամանակ, կարծում ենք, որ իրավական կարգավորման ենթարկված չէ այն հարցը, թե ով է այդ վարչական ակտն ընդունելու իրավասություն ունեցող մարմինը, այն է՝ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջը ներկայացնելու իրավունք ունեցող սուբյեկտը:

3. Նախատեսված կարգավորումների՝ համաչափության սահմանադրական սկզբունքին համապատասխանության կապակցությամբ հարկ ենք համարում անդրադառնալ նաեւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքում լրացվող 277.1-ին հոդվածով նախատեսվող հանցագործությունը նյութական դարձնող հատկանիշին, այն է` «անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում» : Նշված հանգամանքը նախատեսվել է որպես միակ հնարավոր հետեւանք, որի դեպքում արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելը կհանգեցնի քրեական պատասխանատվության (պատժվում է կալանքով մինչեւ երեք ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ ` առավելագույնը հինգ տարի ժամկետով), այլ ոչ թե վարչական (առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչեւ հինգհարյուրապատիկի չափով): Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքում լրացվող 277.1-ին հոդվածով նախատեսվող հանցագործությունը բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների շարքում է ներառված, եւ հավանական հետեւանքներ են նաեւ մարդու առողջությանը անզգուշությամբ ծանր վնաս պատճառելը կամ մարդու մահ առաջացնելը, կարծում ենք, որ այս հետեւանքները եւս պետք է նախատեսվեն հանցագործությունը նյութական դարձնող հանգամանքների շարքում: Հակառակ իրավիճակում` դրանց առաջացման դեպքում կնախատեսվի վարչական պատասխանատվություն, ինչը, կարծում ենք, հակասում է համաչափության սահմանադրաիրավական սկզբունքին :

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածո ւմ նշված օրենսգրքի վերնագիր ն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նշված օրենսգրքի վերնագրին:

2. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1 -ին հոդվածում նշված «հետեւյալ բովանդակությամբ» բառերն առաջարկում ենք փոխարինել «նոր» բառով՝ հ իմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:

3. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում «1823 » թիվն առաջարկում ենք փոխարինել «1823 -րդ» թվով:

4. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի մասերի համարներն առաջարկում ենք տեքստից բաժանել կետերով` հ իմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասը:

5. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում «10-րդ» եւ «11-րդ» թվերից առաջ առաջարկում ենք գրել «նոր» բառը` հ իմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:

6. Նախագծերի փաթեթով նախատեսված լրացումների տրամաբանությունից բխում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում նպատակահարմար է նաեւ լրացումներ կատարել այնպիսի պահանջների խախտման համար, ինչպիսիք են պարտադիր զննում (վարակի թեստավորում, հատուկ զննություն՝ վարակի ախտանիշների բացահայտման նպատակով) անցնելուց եւ հոսպիտալացվելուց հրաժարվելը : Դիտարկումը հիմնավորվում է նաեւ Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորմամբ. ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը մշակվել են` հիմք ընդունելով այն հանգամանքը , որ ներկայումս Հայաստանի Հանրապետությունում հայտարարված է արտակարգ դրություն , որի շրջանակներում անձանց հիմնական իրավունքները ենթարկվում են որոշ ժամանակավոր սահմանափակումների: Սակայն ներկայումս օրենսդրությամբ բացակայում են նշված սահմանափակումների խախտման իրավական հետեւանքները: Ուստի անհրաժեշտ է քրեական եւ վարչական պատասխանատվություն ն ախատեսող նորմների միջոցով ապահովել արտակարգ դրության իրավական ռեժիմի սահմանված կագը » :

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի` «արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելը» ձեւակերպման կիրառմամբ քրեական եւ վարչական պատասխանատվություն նախատեսող կարգավորումները կարող են հանգեցնել իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքի խախտման: Իսկ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով լրացվող հանցագործությունը նյութական դարձնող`անզգուշությամբ մարդկանց զանգվածային հիվանդացում առաջացնող հանգամանքը որպես միակ հնարավոր հետեւանք նախատեսելը կարող է հանգեցնել համաչափության սահմանադրական սկզբունքի խախտման:

Միաժամանակ անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                 ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարող` Մ. Մնացականյան (հեռ. 011-513-248), (118)




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի ընդունման անհրաժեշտության եւ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

Միաժամանակ եզրակացության մեջ նշված առաջարկությունների ընդունման դեպքում այլ օրենքներում լրացումներ կատարելու անհրաժեշտություն կառաջանա: Մասնավորապես՝ անհրաժեշտություն կառաջանա օրենքում բացահայտել «մեկուսացում» եւ «ինքնամեկուսացում» հասկացությունները, նախատեսել մեկուսացման եւ ինքնամեկուսացման պահանջ ներկայացնելու իրավունք ունեցող սուբյեկտներին:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                    ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարող` Մ. Մնացականյան (հեռ. 011-513-248), (118)