ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝Պ-524-25.03.2020-ՏՀ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Արտակ Մանուկյանի եւ Վահագն Թեւոսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) (հիմք՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված նախագիծը) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Փորձաքննության արդյունքները

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի վերնագրում բացակայում է «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքում (այսուհետ նաեւ՝ Օրենք) փոփոխու թ յուններ կատարելու մասին նշումը : Ա ռաջարկում ենք նշված վրիպակը շտկել՝ վերնագրիր ը նշելով չակերտներ ում եւ վերնագրից հետո լրացնելով «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» բառերը:

2. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում Օրենքի վերնագրից հետո նշված «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:

3. Վ երո գրյալից բացի՝ հարկ ենք համարում նշել , որ ցանկացած տեսակի ծամախոտի օգտագործման արգելքը նախատեսված է ԵՄ բոլոր երկրների օրենսդրության մեջ, բացառությամբ Շվեդիայի, որն այդ ապրանքատեսակի արտադրողն է (սնուս) [1] :

Հ իմք ընդունելով այն հանգամանքը, որ «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքի հիմքում դրված է ցանկացած տեսակի ծխախոտային արտադրատեսակների օգտագործումը, որպես մերժելի վարքագիծ, կարծում ենք, Նախագծով նախատեսված փոփոխությունները նպատակահարմար չեն ՝ Օրենքի կարգավորման նպատակներից ելնելով : Մասնավորապես՝ Օրենքի նպատակներն են ՝ ներկա եւ ապագա սերունդներին պաշտպանել առողջության վրա ծխախոտահումքի, ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործմամբ պայմանավորված բացասական ազդեցության, ծխախոտի ծխի վնասակար հետեւանքներից, սոցիալական, տնտեսական ոլորտների եւ շրջակա միջավայրի վրա դրանց բացասական ներգործությունից, ինչպես նաեւ բնակչության ընկալումներում ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործումը որպես անառողջ եւ մերժելի վարքագիծ արմատավորելը:

Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումները համապատասխանում են Սահմանադրությանը: Անդրադառնալով օրենքների պահանջներին համապատասխանությանը՝ նշենք, որ անհրաժեշտ է վերոգրյալ առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծի համապատասխանությունը «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքին եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                    ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարող` Զ. Հովասափյան (հեռ.՝ 011-513-248), (118)




[1] Տ ե՛ս https://ec.europa.eu/taxation_customs/sites/taxation/files/10-02-2020-tobacco-taxation-report.pdf էջ 16:




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին

Նախագծի ընդունմամբ անհրաժեշտություն է առաջանում փոփոխություն կատարել նաեւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 47.16-րդ հոդվածի 3-րդ մասում:

Նախագծին առնչվող Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                  ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարող` Զ. Հովասափյան (հեռ.՝ 011-513-248), (118)



ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» ( փաստաթղթային կոդ՝ Պ -524-25.03.2020-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Արտակ Մանուկյանի եւ Վ ահագն Թեւոսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:

Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Նախագծով առաջարկվում է «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության 2020 թվականի փետրվարի 13-ի ՀՕ-92-Ն օրենքի (այսուհետ` Օրենք ) 1- ին հոդվածի 1-ին մասի 12-րդ կետը, որով տրված է «ծամախոտ» հասկացության սահմանումը, շարադրել նոր խմբագրությամբ. «ծամախոտ` նախատեսված է ծամելու համար, որը կարող է պատրաստված լինել բնական ծխախոտային նիկոտինից` սննդի մեջ օգտագործվող ոչ ծխախոտային հումքի եւ այլ բաղադրիչների ավելացմամբ , եւ կարող է պատրաստված լինել արհեստական (սինթետիկ, ոչ ծխախոտային) նիկոտինից, եւ այլ բաղադրիչներից ու հավելումներից.»:

Բացի այդ, առաջարկվում է նոր խմբագրությամբ շարադրել նաեւ Օրենքի 3-րդ հոդվածի 6-րդ մասը, սահմանելով, որ. «Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվում է արհեստական նիկոտինից պատրաստված ծամախոտի մանրածախ եւ մեծածախ վաճառքը:», այն առումով, որ գործող դրույթի համաձայն` վաճառքի գործող արգելքը տարածվում է բոլոր տեսակի ծամախոտերի վրա, այլ ոչ թե միայն արհեստական նիկոտինից պատրաստվածների:

Տվյալ առաջարկությունները, Նախագծի հեղինակների ներկայացմամբ, պայմանավորված է առողջության համար վտանգ պարունակող արհեստական նիկոտին պարունակող արտադրանքներն արգելելու, ինչպես նաեւ առողջության համար ավելի քիչ վնասակար բնական թութունային հիմքով արտադրանքի շրջանառությունը թույլատրելու անհրաժեշտությամբ: Հեղինակները նաեւ նշում են, որ բնական հումքով արտադրված ծամախոտը, չպարունակելով քիմիական նյութեր, ինչպես նաեւ լինելով թութունի օգտագործման անծուխ եղանակ, շատ ավելի նվազ վնասակարություն ունի, քան սիգարետ արտադրատեսակը: Մասնավորապես, ապացուցված է, որ սնուսում պարունակվող նիկոտինի միայն 10-20 %-ն է ներծծվում լորձաթաղանքի միջոցով, ինչն էլ նշանակում է, որ 10 մգ նիկոտին պարունակող սնուսի դեպքում արյան մեջ ներծծվում է 1-2 մգ նիկոտին: Ի տարբերություն սիգարետի, որի ծխի ներշնչման շնորհիվ նիկոտինը միանգամից թափանցում է ուղեղ, սնուսի դեպքում այն ավելի դանդաղ է թափանցում ուղեղ, քանի որ սկզբում ներթափանցվում է արյուն, այնուհետեւ` արյան շրջանառության միջոցով` ուղեղ : Ավելին , մարդու առողջությանը հիմնական վնասը հասցնում են այլ նյութերը եւ քիմիական միացություննե րը (թվով 6-9 հազար), որոնք արտազատվում են ծխախոտի այրման ժամանակ: Այսպես, ք աղցկեղի հետազոտությամբ զբաղվող Cancer Research UK Մեծ բրիտանական կազմակերպությունը պնդում է , որ ծխելը առաջացնում է թոքերի քաղցկեղ 86% դեպքերում , ինչը կազմում է քաղցկեղի բոլոր դեպքեր ի 19%-ը: Այնուամենայնիվ, քաղցկեղը չի առաջացնում նիկոտինը` ծխախոտում պարունակվող ալկալոիդը, որը կախվածություն է առաջացնում: Չարորակ ուռուցքները հրահրում են այլ նյութերը եւ քիմիական միացությունները, որոնք արտազատվում են ծխախոտի այրման ժամանակ:

Շվեդական սնուսի օգտագործումը թոքերի քաղցկեղ չի առաջացնում, ինչն ապացուցվել է սնուս օգտագործող 279.897 տղամարդկանց 26-ամյա առողջապահական դիտարկումների ընթացքում (ուսումնասիրության ամբողջական տեքստը կարելի է գտնել Lancet ամսագրում): Նույն աշխատանքի արդյունքները ցույց են տվել, որ կապ չկա նաեւ սնուսի օգտագործման եւ բերանի քաղցկեղի առաջացման միջեւ: Նույն եզրահանգման են հանգեցրել նաեւ British Medical Journal-ի կողմից արված հետազոտությունները:

2019 թվականի հոկտեմբերի 22-ին ԱՄՆ-ի սննդի եւ դեղորայքի վարչությունը (FDA) պաշտոնապես ամրագրել է, որ սնուսը (վերաբերում է շվեդական ընկերության սնուսին) համարվում է ավելի անվտանգ այլընտրանք ծխախոտին եւ թույլատրել է գովազդային նյութերում եւ ապրանքը մակնշելիս նշել, որ սիգարետի փոխարեն սնուս օգտագործելու դեպքում ավելի նվազ ռիսկ է առկա առողջության համար: Սակայն, պետք է նշել, որ շուկայում հայտնվում են արհեստական նիկոտինի, ինչպես նաեւ այլ քիմիական հիմքի վրա արտադրված ապրանքներ (ծամախոտ, ծամոնի եւ կոնֆետի տեսքով եւ այլն), եւ քանի որ դրանք կանոնակարգված չեն օրենքով եւ այլ իրավական ակտերով, ինչպես նաեւ հնարավոր չէ իրականացնել դրանց նկատմամբ հսկողությունը, դրանք լուրջ վտանգ են ներկայացնում առողջության համար: Բնական թութունի հիմքով ծամախոտը 1 գրամում պարունակում է 6-43 մգ նիկոտին, ավելին չի էլ կարող պարունակել, որն էլ ներթափանցում է օրգանիզմ աստիճանաբար, իսկ արհեստական նիկոտին եւ քիմիական նյութեր պարունակող արտադրանքը կարող է պարունակել անսահմանափակ նիկոտին (շատ հաճախ են հանդիպում 100-200 գրամ նիկոտին պարունակող նիկոտինային ապրանքները), որն ունի անմիջական ազդեցություն մարդու օրգանիզմի վրա, մեծ դոզայի շնորհիվ առաջացնում է օրգանիզմի թունավորում, կենտրոնական նյարդային համակարգի խանգարում, հուզականության բարձրացում եւ այլն:

Հետեւաբար, Նախագծի հեղինակներն առաջարկում են օրենսդրորեն առանձնացնել բնական ծխախոտահումքով ծամախոտը արհեստական նիկոտինի հումքով պատրաստված ծամախոտից: Այս դրույթի մասով փոփոխությունը հնարավորություն կընձեռի չարգելել բնական թութունային հիմքով ծամախոտը, որն ավելի նվազ վտանգավոր է առողջության համար, քան ծխախոտը, միաժամանակ` չսահմանափակել բնական թութունային հիմքով ծամախոտի արտադրությունը եւ դրա արտահանումը:

Նախագծով առաջարկվող կարգավորմամբ ակնկալվում է օրենքի կողմից հետապնդվող նպատակի իրականացման առումով արդյունավետության բարձրացում:

Փորձաքննության արդյունքները

1. Ն ախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագիծը ֆինանսատնտեսական հիմնախնդիրներ չի պարունակում:

3. Նախագծի ընդունման արդյունքում, մեր կարծիքով, կարող են առաջանալ շուկայում կեղծ (այսինքն` իրականում արհեստական նյութեր պարունակող, բայց որպես բնական ներկայացվող) ծամախոտի ի հայտ գալու ռիսկեր, որին հակազդելու համար անհրաժեշտ կլինի իրականացնել որոշակի վարչարարություն, ինչն էլ կբարդացնի ծխախոտի շուկայում ընդհանուր վարչարարությունը:

Դիտողություններ եւ առաջարկություններ նախագծի վերաբերյալ

Նախագծի հստակեցման նպատակով առաջարկում ենք վերաշարադրել դրա վերնագիրը, որը չի համպատասխանում Նախագծի տեքստին: Առաջարկում ենք Նախագիծը վերնագրել որպես` «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ:

Եզրակացություն

Նախագծի ընդունումը կարող է լուծել դրանով հետապնդվող խնդիրները, սակայն լրացուցիչ վարչարարության իրականացման անհրաժեշտություն կառաջացնի` կապված ծխախոտի շուկայում կեղծ ծամախոտի հայտնաբերման եւ շրջանառությունից հանման հետ:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                 ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ

02.04.2020թ.



ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-524 -25.03.2020-ՏՀ-011/6) օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորներ Արտակ Մանուկյանի եւ Վահագն Թեւոսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ծխախոտային արտադրատեսակերի օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում

Նախագծի հիմանական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Նախագծով առաջարկվում է թույլատրել բնական թութունային հիմքով ծամախոտի արտադրությունը եւ մեծածախ ու մանրածախ վաճառքը: Արգելել արհեստական նիկոտինից արտադրված ծամախոտի մեծածախ եւ մանրածախ վաճառքը:

Նախագծի ընդուման արդյունքում ակնկալվում է գործող օրենքի իրականացման արդունավետության բարձրացում:

Փորձաքննության արդյունքները

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային Ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագիծը պարունակում է առողջապահական հիմնախնդիրներ:

Դիտողություններ եւ առաջարկություններ նախագծի վերաբերյալ

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրակացություն

Նախագծով առաջարկվող փոփոխությունները, համաձայն հեղինակների կողմից ներկայացված հիմնավորման, պայմանավորած են նրանով, որ ծամախոտի օգտագործումը ավելի նվազ ռիսկեր է պարունակում առողջության համար եւ ավելի անվտանգ այլընտրանք է ծխախոտին, քանի որ, դասվում է անծուխ եղանակով օգտագործվող ծխախոտայինարտադրանքների շարքին:

Տեղեկատվության կարգով հարկ ենք համարում նշել, որ ներկայումս ծամախոտի օգտագործման արդյունքում առողջությանը հասցնող վնասների եւ ռիսկերի վերաբերյալ տվյալները բավականին նվազ են, բայց դրա հետ մեկտեղ առկա են մասնագիտական որոշ եզրակացություններ, որ ծամախոտի օգտագործումը կարող է առաջացնել խոց, գաստրիտ, լնդերի ռեցեսիաներ եւ այն չի կարող հանդիսանալծխախոտին արդյունավետ այլընտրանք, այն պարզ պատճառով, որ ծամախոտի մեջ նիկոտինի պարունակությունը անհամեմատ բարձր է քան ծխախոտի մեջ:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

կատարող՝ Ա. Հարությունյան (011-513-339)

03.04.2020թ.