ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-581-20.04.2020-ՏՀ-011/0) վերաբերյալ



Ազգային ժողովի պատգամավոր Միքայել Մելքումյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:


Փ
որձաքննության արդյունքները

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը (հիմք` Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված նախագիծը) :

Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից հարկ ենք համարում նշել հետեւյալը.

1. Նախագծի վերնագրում նշված «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» բառերը առաջարկում ենք փոխարինել «ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» բառով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը եւ 33-րդ հոդվածը եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծով, ըստ էության, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում (այսուհետ նաեւ՝ Օրենսգիրք)կատարվում են լրացումներ:

2. Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի անբաժանելի մաս կազմող 3-րդ հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարվում են լրացումներ, առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածը շարադրել հետեւյալ կերպ.

«Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի ՀՕ-165-Ն հարկային օրենսգրքի բաղկացուցիչ մասը կազմող 3-րդ հավելվածով սահմանված ցանկի 1-ին կետում լրացնել նոր՝ 12-19-րդ ենթակետեր` հավելվածի ցանկի տողերին եւ սյուներին համապատասխան.

«12)ներտնային վերանորոգման աշխատանքների իրականացում

13)ներտնային ջրամատակարարման, ջրահեռացման եւ ջեռուցման համակարգերի վերանորոգում եւ մոնտաժ

14)բանալիների` այդ թվում էլեկտրոնային, պատրաստում եւ վերանորոգում

15)մատնահարդարի եւ վարսահարդարի ներտնային ծառայություն

16)Էլեկտրական լարերի ներտնային մոնտաժ եւ սպասարկում

17)երաժշտական գործիքների ներտնային վերանորոգում եւ սպասարկում

18)ներտնային մաքրման ծառայություն

19)մեծահասակների եւ երեխաների համար դայակի ներտնային ծառայություն»: »:

3. Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի 272-րդ հոդվածին հաջորդող 3-րդ հավելվածը շարադրվում է նոր խմբագրությամբ, որի արդյունքում միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող` անհատ ձեռնարկատեր չհանդիսաող ֆիզիկական անձանց կողմից իրականացվող թույլատրելի գործունեության տեսակների շարքում ավելանում են նոր գործունեության տեսակներ, դրանք է`

«12)ներտնային վերանորոգման աշխատանքների իրականացում

13)ներտնային ջրամատակարարման, ջրահեռացման եւ ջեռուցման համակարգերի վերանորոգում եւ մոնտաժ

14)բանալիների` այդ թվում էլեկտրոնային, պատրաստում եւ վերանորոգում

15)մատնահարդարի եւ վարսահարդարի ներտնային ծառայություն

16)Էլեկտրական լարերի ներտնային մոնտաժ եւ սպասարկում

17)երաժշտական գործիքների ներտնային վերանորոգում եւ սպասարկում

18)ներտնային մաքրման ծառայություն

19)մեծահասակների եւ երեխաների համար դայակի ներտնային ծառայություն»:

Նախագծով առաջարկվող փոփոխության վերաբերյալ հարկ ենք համարում կատարել հետեւյալ դիտարկումները.

3.1.Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի 272-րդ հոդվածին հաջորդող 3-րդ հավելվածումգործունեության տեսակների շարքում լրացվող նոր գործունեության տեսակներում կիրառվում են «ներտնային աշխատանքների իրականացում», «ներտնային ծառայություն» եւ «ներտնային մոնտաժ, վերանորոգում եւ սպասարկում» ձեւակերպումները: Հարկ է նկատել, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված եւ սահմանված չեն աշխատանքի իրականացման, ծառայության մատուցման կամ սպասարկման ներտնային ձեւեր, ուստի առաջարկում ենք հստակեցնել 3-րդ հավելվածումգործունեության տեսակների շարքում լրացվող նոր գործունեության տեսակներում կիրառվող հասկացությունները:

3.2. Նախագծի 1-ին հոդվածով կատարվող փոփոխության արդյունքում Հավելվածի 1-ին կետում լրացվում է 17-րդ ենթակետ, որով նախատեսվում է «երաժշտական գործիքների ներտնային վերանորոգում եւ սպասարկում » գործունեության ենթատեսակը, մինչդեռ Հավելվածի 2-րդ կետով սահմանված է «երաժշտական գործիքների նորոգում » գործունեության տեսակը: Ելնելով նշվածից՝ կարծում ենք միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող՝ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից Հավելվածի 2-րդ կետով սահմանված «երաժշտական գործիքների նորոգում » գործունեության իրականացումն իր մեջ ներառում է նաեւ երաժշտական գործիքների ներտնային վերանորոգումը եւ սպասարկումը:

4. Նախագծի 2-րդ հոդվածում « պաշտոնական հրապարակման օրվանից» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել « պաշտոնական հրապարակման ը հաջորդող օրվանից» ձեւակերպումով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1 - ին մասը ` «1. Նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանցում սահմանված ժամկետներում, սակայն ոչ շուտ, քան դրանց պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից (…) :

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները` կարող ենք նշել, որ Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Միաժամանակ անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքին եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                      ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարողներ` Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248), (118),

Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361), (108),

Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248), (118)

11.05.2020թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին


Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                    ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարողներ` Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248), (118),

Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361), (108)

Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248), (118)

11 .05.2020թ.




ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-581-20.04.2020-ՏՀ-011/0) ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ



ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մ. Մելքումյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:


Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Նախագծով առաջարկվում է ընդլայնել գործունեության այն տեսակների ցանկը, որոնցով զբաղվող անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք կհամարվեն միկրոձեռնարկատիրության սուբյեկտ: Առաջարկվող փոփոխության արդյունքում ակնալվում է նշված անձանց համար ապահովել գործունեության առավել բարենպաստ միջավայր:


Փորձաքննության արդյունքները

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագծով առաջարկվում է ՀՀ հարկային օրենսգրքի 272-րդ հոդվածի հավելված 3-ը շարադրել նոր խմբագրությամբ, որով սահմանվում է գործունեության այն տեսակների ցանկը, որոնք կարող են իրականացվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող ՝ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից: Մասնավորապես, առաջարկվում է դրանում ավելացնել ներտնային վերանորոգման աշխատանքները, ներտնային ջրամատակարարման, ջրահեռացման, ջեռուցման համակարգերի վերանորոգման եւ մոնտաժի, բանալիների պատրաստման, մատնահարդարի եւ վարսահարդարի ներտնային աշխատանքները, էլեկտրական լարերի ներտնային մոնտաժը եւ սպասարկումը, երաժշտական գործիքների ներտնային վերանորոգումը եւ սպասարկումը, ներտնային մաքրման աշխատանքները, մեծահասակների եւ երեխաների համար դայակի ներտնային ծառայությունը:


Դիտողություններ եւ առաջարկություններ Նախագծի վերաբերյալ

1.Նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ որպես օրենսդրական նախաձեռնության հիմնական պատճառ է ներկայացվում այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով որպես վարձու աշխատող չգրանցված օրավարձով աշխատողները չեն կարող նույնականացվել պետության կողմից, հետեւաբար նրանց իրավունքները չեն կարող պաշտպանվել ՀՀ աշխատանքային օրենսգրքով: Մասնակիորեն համաձայն լինելով նման մոտեցման հետ, միաժամանակ, կարծում ենք, որ Հարկային օրենսգիրքը չէ այն հիմնարար իրավական ակտը, որով պետք է կանոնակարգվեն տվյալ ոլորտում ծագող իրավահարաբերությունները եւ ներկայացվեն համապատասխան լուծումները: Նման կարծիքը բխում է Հարկային օրենսգրքի 1-ին հոդվածից, համաձայն որի` Հարկային օրենսգիրքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում կիրառվող հարկերի եւ Օրենսգրքով նախատեսված վճարների հետ կապված հարաբերությունները, սահմանում է Հայաստանի Հանրապետության հարկային համակարգի սկզբունքները, հարկի եւ վճարի հասկացությունները, տեսակները, հարկ վճարողների շրջանակը, հարկի դրույքաչափերը, հարկի հաշվարկման, վճարման, իսկ Օրենսգրքով սահմանված դեպքերում ՝ հարկային պարտավորությունների գանձման կարգն ու ժամկետները, ինչպես նաեւ հարկային արտոնությունները: Հետեւաբար, կարեւորելով Նախագծով նախատեսվող ֆիզիկական անձանց իրավունքների պաշտպանության խնդիրը, միաժամանակ, կարծում ենք, որ դրա լուծումները պետք է իրականացվեն այլ իրավահարաբերւթյուններ կարգավորող իրավական ակտերում համապատասխան դրույթներ ամրագրելու միջոցով:

2.Սույն դիտողությունների 1-ին կետում ներկայացված տեսակետով հանդերձ, հարկ ենք համարում նշել, որ Նախագծով առաջարկվող փոփոխությամբ, միեւնույնն է, դրված խնդիրը չի կարող լիարժեք լուծվել: Եթե հիմնական նպատակը Covid-19 համավարակի տնտեսական եւ սոցիալական հետեւանքների վերացմանն ուղղված պետական աջակցության ծրագրերում Նախագծով առաջարկվող գործունեության տեսակներով զբաղվող ֆիզիկական անձանց ներգրավումն է, ապա նշված անձինք մինչեւ Նախագծի ընդունումը, միեւնույնն է, որպես «գրանցված» աշխատողներ չեն կարող դիտարկվել եւ, հետեւաբար, չեն կարող օգտվել պետական աջակցության ծրագրերից: Իսկ Նախագծի ընդունումից հետո հնարավոր չէ պարզել, թե այդ անձինք մինչեւ այդ ժամանակաշրջանը զբաղվե՞լ են գործունեության համապատասխան տեսակներով, թե՞ ոչ:

3.Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարելու եւ պետության կողմից նրանցնույնականացումն ու իրավունքների պաշտպանությունն առաջարկվող մեխանիզմի միջոցով բավականաչափ թերի է եւ կարող է լուրջ չարաշահումների տեղիք տալ: Մասնավորապես, Հարկային օրենգրքի 267-րդ հոդվածի 2-րդ մասով սամանվում է, որանհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը միկրոձեռնարկատիրության սուբյեկտ է համարվում, եթե հարկային մարմին է ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձեւով ՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն: Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարությունը ներկայացնում է գործունեության իրականացման որեւէ ժամանակահատվածի (հարկային տարվա ընթացքում ընտրված ցանկացած հաշվետու ամսվա կամ մեկից ավելի հաշվետու ամիսների կամ հարկային տարվա կամ հարկային տարիների) համար մինչեւ տվյալ գործունեության տեսակն իրականացնելը կամ տվյալ գործունեության տեսակը շարունակելը: Նշված կարգավորման եւ Նախագծով առաջարվող մոտեցման համադրության պարագայում ծագում են որոշ հարցադրումներ: Մասնավորապես, եթե անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն է ներկայացնում հարկային տարվա ընթացքում մեկ ամսվա համար, ապա դրանից հետո ինչպե՞ս են նրա աշխատանքային իրավունքները պաշտպավելու: Բացի այդ, հնարավոր են նաեւ դեպքեր, երբ ֆիզիկական անձինք ձեռք կբերեն միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու համար արտոնագիր, սակայն չեն իրականացնի փաստացի գործունեություն ու կօգտվեն պետական աջակցության ծրագրերից:

4. Նախագծի հոդված 1-ում առաջարկում ենք «272-րդ հոդվածի» արտահայտությունը փոխարինել «բաղկացուցիչ մասը կազմող» բառերով, հաշվի առնելով Հարկային օրենսգրքում կիրառվող ձեւակերպումը:

Եզրակացություն

Նախագծի ընդունումը, նպաստելով գործ
ունեության որոշ տեսակներով զբաղվող ֆիզիկական անձանց միկրոձեռնարկատիրության համակարգում ընդգրկելու միջոցովհարկման արտոնյալ պայմանների տրամադրմանը, միաժամանակ, չի կարող ապահովել դրված խնդիրների լիարժեք ու ամբողջական լուծումը, այն է` այդ անձանց աշխատանքային իրավունքների պաշտպանությունը:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                    ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ

Կատարող՝ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603)

04.05.2020թ.




ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-581-20.04.2020-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ



Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Մ. Մելքումյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:


Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Նախագծով հեղինակն առաջարկում է ընդլայնել գործունեության այն տեսակների ցանկը, որոնցով զբաղվող անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք կհամարվեն միկրոձեռնարկատիրության սուբյեկտ (ներտնային վերանորոգման աշխատանքներ, ներտնային ջրամատակարարման, ջրահեռացման, ջեռուցման համակարգերի վերանորոգման եւ մոնտաժի, բանալիների պատրաստման, մատնահարդարի եւ վարսահարդարի ներտնային աշխատանքներ կատարողներ, էլեկտրական լարերի ներտնային մոնտաժ եւ սպասարկում, երաժշտական գործիքների ներտնային վերանորոգում եւ սպասարկում, ներտնային մաքրման, մեծահասակների եւ երեխաների համար դայակի ներտնային ծառայություն իրականացնողներ):

Առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների արդյունքում ակնալվում է նշված անձանց համար ապահովել գործունեության առավել բարենպաստ միջավայր:


Փորձաքննության արդյունքները

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Ներկայացվող Նախագծով առաջարկվում է ՀՀ հարկային օրենսգրքի 272-րդ հոդվածի հավելված 3-ը շարադրել նոր խմբագրությամբ, որով վերը նշված գործունեության տեսակների ցանկը կարող են իրականացվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող ՝ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից:


Դիտողություններ եւ առաջարկություններ Նախագծի վերաբերյալ

1. Կարծում ենք, առաջարկվող մոտեցումը լուրջ չարաշահումների տեղիք կարող է տալ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարելու եւ պետության կողմից նրանց նույնականացումն ու իրավունքների պաշտպանության հանգամանքը: Հարկային օրենգրքի 267-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ«անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը միկրոձեռնարկատիրության սուբյեկտ է համարվում, եթե հարկային մարմին է ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձեւով ՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն: Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարությունը ներկայացնում է գործունեության իրականացման որեւէ ժամանակահատվածի (հարկային տարվա ընթացքում ընտրված ցանկացած հաշվետու ամսվա կամ մեկից ավելի հաշվետու ամիսների կամ հարկային տարվա կամ հարկային տարիների) համար մինչեւ տվյալ գործունեության տեսակն իրականացնելը կամ տվյալ գործունեության տեսակը շարունակելը»:

Հարկային օրենսգրքի վերոհիշյալ կարգավորման եւ հեղինակի կողմից առաջարվող մոտեցման համադրության ժամանակ իհայտ են գալիս մի շարք խնդիրներ:

Մասնավորապես, նախ, ինչպե՞ս են պաշտպանվելու անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի աշխատանքային իրավունքները, եթե վերջինս միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն է ներկայացնում հարկային տարվա ընթացքում մեկ ամսվա համար:

Երկրորդ, հնարավոր են նաեւ դեպքեր, երբ ֆիզիկական անձը ձեռք կբերի միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու արտոնագիր, սակայն չի իրականացնի փաստացի գործունեություն ու կօգտվի պետական աջակցության ծրագրերից:

2. Առաջարկում ենք Նախագծի հոդված 1-ում «272-րդ հոդվածի» բառերը փոխարինել «բաղկացուցիչ մասը կազմող» բառերով` հաշվի առնելով Հարկային օրենսգրքում կիրառվող ձեւակերպումը:


Եզրակացություն

Ներկայացված Նախագծի ընդունումը` գործունեության վերոհիշյալ տեսակներով զբաղվող ֆիզիկական անձանց հարկման արտոնյալ պայմանների տրամադրմամբ, կարծում ենք, չի կարող ապահովել տվյալ անձանց աշխատանքային իրավունքների պաշտպանությունը:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող` Ա. Գալստյան (հեռ.` 011 513-235)

6.05.2020 թ .