ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ՏԵՂԵԿԱՆՔ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման (գնաճի հաղորդում) (փաստաթղթային կոդ` 598-30.04.2020-ՖՎ) մասին



Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը (գնաճի հաղորդում) մշակվել եւ Ազգային ժողով ներկայացվել է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 131-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխան:

2019 թվականի առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրի համաձայն'2019 թվականի սկզբին պահպանվում էր ցածր գնաճային միջավայր, եւ Կենտրոնական բանկը շարունակում էր իրականացնել խթանող դրամավարկային քաղաքականություն: Հաշվետու ժամանակահատվածում գնաճը ձեւավորվել է իր ծրագրված ցուցանիշից ավելի ցածր մակարդակում, որը հիմնականում պայմանավորվել է այդ ընթացքում սպասվածի համեմատ իրականացված առավել զսպողական հարկաբյուջետային քաղաքականությամբ եւ արտաքին աշխարհում սպասվածից թույլ պահանջարկով: 2019 թվականի ընթացքում, պահպանվող ցածր գնաճային միջավայրում, Կենտրոնական բանկը շարունակել է վարել խթանող դրամավարկային քաղաքականություն, սակայն մշտապես նախապատվությունը տրվել է գնաճի' իր նպատակային ցուցանիշի շուրջ աստիճանական խարսխմանը: Հարկ է նշել, որ 2019 թվականի սկզբից որոշ ապրանքախմբերի մաքսային դրույքաչափերի փոփոխության գնաճային ազդեցությունը, ինչպես եւ գնահատվում էր, կազմել է շուրջ 0.3 տոկոսային կետ, որը հիմնականում պայմանավորված էր թռչնամսի գնի աճով: Ինչ վերաբերում է ակցիզային հարկի դրույքաչափերի փոփոխության արդյունքում ծխախոտային արտադրատեսակների եւ ալկոհոլային խմիչքի գների փոփոխությանը, ապա ընդհանուր գնաճի վրա փաստացի ազդեցությունը կազմել է 0.2 տոկոսային կետ:

2019 թվականի չորրորդ եռամսյակում տնտեսական աճին մեծապես նպաստել է ներքին պահանջարկի աճը ՝ պայմանավորված հիմնականում մասնավոր սպառման բարձր աճով, որը կազմել է 13.3%: Տնտեսական աճի մեջ գերակայում է ծառայությունների ճյուղը, ինչը համեմատաբար ավելի աշխատատար է եւ քիչ ներդրումներ է պահանջում լրացուցիչ պահանջարկը բավարարելու համար, ուստի ներդրումային թույլ միջավայրը պայմանավորած է ներդրումների կառուցվածքի փոփոխությամբ: Չորրորդ եռամսյակում մասնավոր ծախսումների աճը կազմել է 10.4%, ինչով էլ հիմնականում բացատրվում է եռամսյակի տնտեսական աճը:

2019 թվականի չորրորդ եռամսյակում արտահանման եւ ներմուծման իրական ծավալների բարձր աճը շարունակվել է: Ընդ որում' ներմուծման իրական ծավալների աճը գերազանցել է արտահանման իրական ծավալների աճը: Արդյունքում' զուտ իրական արտահանման նպաստումը ՀՆԱ-ին բացասական է եղել: 2019 թվականի չորրորդ եռամսյակում ապրանքների եւ ծառայությունների իրական արտահանման աճը կազմել է 14.7%, իսկ ապրանքների եւ ծառայությունների իրական ներմուծման աճը' 18.0%: Արտահանման աճը պայմանավորվել է հանքարդյունաբերության ճյուղում արտադրական կարողությունների վերականգնմամբ, ինչպես նաեւ մշակող արդյունաբերության ճյուղում արտադրողականության աճով: Ներմուծման աճին հիմնականում նպաստել է ավտոմեքենաների ներկրման բարձր աճը' պայմանավորված ապագա թանկացման սպասումներով:

2019 թվականի չորրորդ եռամսյակում բյուջեի փաստացի եկամուտները եւ կատարված ծախսերը շեղվել են Կենտրոնական բանկի կանխատեսումներից, եկամուտները' գերազանցման, իսկ ծախսերը' թերի կատարման ուղղությամբ: Արդյունքում' համախառն պահանջարկի վրա հարկաբյուջետային քաղաքականության ազդեցության գնահատականը եռամսյակի համար կազմել է 1.3 տոկոսային կետ ընդլայնող, կանխատեսված 3.2 տոկոսային կետ ընդլայնողի փոխարեն' պայմանավորված ինչպես եկամուտների եւ ծախսերի շեղմամբ, այնպես էլ տնտեսական աճի փաստացի ցուցանիշի եւ ՀՆԱ պոտենցիալ գնահատականների վերանայմամբ:

2019 թվականի չորրորդ եռամսյակում բյուջեի փաստացի եկամուտները գերազանցել են ծրագրված ցուցանիշը 4.4 տոկոսով' պայմանավորված առավելապես հարկային եկամուտների գերակատարմամբ: Արդյունքում' եկամուտների ազդակը կազմել է 0.4 տոկոսային կետ ընդլայնող' կանխատեսված 1.2 ընդլայնողի փոխարեն:

Պետական բյուջեի ծախսերը չորրորդ եռամսյակում կազմել են Կենտրոնական բանկի կողմից կանխատեսվածի 96.3%-ը, ինչի հետեւանքով էլ ծախսերի ազդակը կանխատեսված 1.9 ընդլայնողի նկատմամբ ունեցել է ավելի փոքր' 0.9 ընդլայնող ազդեցություն: Պետական բյուջեի ծախսերի կառուցվածքում պետական սպառումը կազմել է կանխատեսվածի 91.1%-ը: Ոչ ֆինանսական ակտիվների գծով փաստացի ծախսերը կազմել են կանխատեսվածի 99.2% - ը: Դա պայմանավորված է ինչպես ներքին ֆինանսավորմամբ, այնպես էլ արտաքին աջակցությամբ իրականացվող վարկային ծրագրերով նախատեսված կապիտալ ծախսերի կատարմամբ: Եկամուտների եւ ծախսերի վերոնշյալ զարգացումներով պայմանավորված' չորրորդ եռամսյակում ձեւավորվել է պետական բյուջեի 158.6 մլրդ դրամ պակասուրդ, որը կազմել է Կենտրոնական բանկի կողմից գնահատված պակասուրդի մոտ 85-%-ը:

2019 թվականի չորրորդ եռամսյակի ընթացքում, ֆինանսական համակարգում առկա կապիտալացվածության գրեթե անփոփոխ մակարդակի պայմաններում, դիտվել է վարկավորման ծավալների աճ, ինչն ուղեկցվել է տոկոսադրույքների փոքր նվազմամբ: Վարկավորման 12-ամսյա աճը 2019 թվականի դեկտեմբերին կազմել է 18.5%, ընդ որում' ինչպես նախորդ, այնպես էլ այս եռամսյակի ընթացքում վարկավորման ընդհանուր ծավալում շարունակել են գերակշռել սպառողական եւ հիպոտեկային վարկերը:

2020 թվականի առաջին եռամսյակում Կենտրոնական բանկի կողմից իրականացվել է խթանող դրամավարկային քաղաքականություն եւ պահպանվել է ցածր գնաճային միջավայրը: Չինաստանում ծագած եւ ամբողջ աշխարհում արագ տեմպերով տարածվող COVID-19 կորոնավիրուսի համաճարակը եւ դրա կանխման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները էապես ազդել են թե' համաշխարհային, եւ թե' ՀՀ մակրոտնտեսական եւ ֆինանսական շուկայի զարգացումների վրա: Այս առումով, իրականացված կանխատեսումները եւ ծրագրային ուղղությունները կատարվել են որակապես եւ քանակապես էականորեն ավելի մեծ անորոշության պայմաններում:

Համաձայն Կենտրոնական բանկի կանխատեսումների, իրականացվող դրամավարկային քաղաքականության եւ սպասվող տնտեսական զարգացումների ներքո 12-ամսյա գնաճն առաջիկայում դեռեւս կպահպանվի ցածր մակարդակում: Միջնաժամկետ հատվածում գնաճն աստիճանաբար կվերականգնվի' կանխատեսվող հորիզոնի վերջում կայունանալով նպատակային ցուցանիշի շուրջ: Միաժամանակ, առողջապահական խնդիրներով պայմանավորված' տնտեսության մեջ կգրանցվի եւ' առաջարկի, եւ' պահանջարկի կրճատում, ինչի ազդեցությունը գնաճի վրա բավականին անորոշ է' հիմնականում գնահատվելով չեզոքին մոտ: Ելնելով ստեղծված իրավիճակից, Կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է ավելացնել դրամավարկային խթանման չափը' նվազեցնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով:

Ըստ Կենտրոնական բանկի գնահատականների' ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում կորոնավիրուսի տարածումը եւ դրա դեմ ուդդված հակահամաճարակային միջոցաոումները կտրուկ կկրճատեն տնտեսական ակտիվությունը 2020 թվականի ընթացքում: Դրանց բացասական ազդեցությունը հիմնականում կնյութականանա 2020 թվականի երկրորդ եոամսյակում:

Ընթացիկ եռամսյակում գնաճը պահպանվել է ցածր մակարդակում: Ակնկալվում է, որ համաշխարհային տնտեսության աճի տեմպերը նշանակալիորեն կդանդաղեն, ինչը արտաքին պահանջարկի նվազման ու հումքային ապրանքների գների նվազման միջոցով կառաջացնի գնանկումային ճնշումներ ՀՀ տնտեսության վրա: Գնաճն առաջիկա ամիսներին կպահպանվի ցածր մակարդակում' 2020 թվականի վերջին կազմելով 1.9%, իսկ միջինժամկետ հատվածում աստիճանաբար կմոտենա նպատակային ցուցանիշին:

2019 թվականը առանձնահատուկ է եղել ներքին պահանջարկի' հատկապես մասնավոր սպառման բարձր մակարդակով, ինչը պահպանվել է նաեւ 2020 թվականի առաջին եռամսյակում: 2020 թվականին ակնկալվում է մասնավոր սպառման 0.5% աճ եւ մասնավոր հիմնական միջոցների համախառն կուտակման 0.1% աճ, ինչի պարագայում մասնավոր ծախսումների աճը կկազմի 0.3%: 2019 թվականին զուտ արտահանման նպաստումը իրական ՀՆԱ-ին եղել է փոքր- ֊ ինչ բացասական: Ապրանքների եւ ծառայությունների արտահանման իրական աճը 2019 թվականին կազմել է 10.3%, իսկ ապրանքների եւ ծառայությունների ներմուծման իրական աճը' 9.1%: Դրամական փոխանցումների զուտ ներհոսքի աճի տեմպերը 2019 թվականին գտնվել են 0.0-2.0%-ի միջակայքում: Արդյունքում, ընթացիկ հաշվի պակասուրդ/ՀՆԱ ցուցանիշը կազմել է 9.7%: 2020 թվականին ապրանքների եւ ծառայությունների արտահանման իրական ծավալների մասով կանխատեսվում է նվազում' 5.0-7.0% միջակայքում: Ներքին թույլ պահանջարկի պայմաններում ապրանքների եւ ծառայությունների ներմուծման իրական ծավալները նույնպես կկրճատվեն' ձեւավորվելով 9.0-11.0% միջակայքում: Կանխատեսվում է, որ բավականին կնվազեն ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները' պայմանավորված նավթի գների կտրուկ անկման պարագայում Ռուսաստանի տնտեսության աճի տեմպերի դանդաղմամբ եւ ռուբլու զգալի արժեզրկմամբ: Միաժամանակ, դրամական փոխանցումների նվազման վրա էական ազդեցություն կունենան Ռուսաստանի կողմից միգրացիոն մուտքերի ժամանակավոր սահմանափակումները: Մասնավոր փոխանցումների նվազումը կլինի 16.0-19.0%-ի միջակայքում: Նշված կանխատեսումների պարագայում 2020 թվականին ընթացիկ հաշվի պակասուրդ/ՀՆԱ ցուցանիշը կլինի 7.0-9.0% միջակայքում: Միջնաժամկետ հատվածում, տնտեսության հավասարակշռության գալու հետ միասին, ընթացիկ հաշվի պակասուրդ/ՀՆԱ ցուցանիշն աստիճանաբար կմոտենա հավասարակշիռ 3.0-5.0% մակարդակին:

Հարկերի մասով Կենտրոնական բանկի գնահատականը պահպանողական է եւ ենթադրվում է նախորդ տարվա հարկեր/ՀՆԱ ցուցանիշի պահպանում եւ բյուջեով նախատեսվածից ցածր հարկերի հավաքագրում: 2020 թվականին ծախսեր/ՀՆԱ ցուցանիշը կկազմի 26.7%' նախորդ տարվա համեմատ ավելանալով 2.0 տոկոսային կետով: Պակասուրդ/ՀՆԱ ցուցանիշը 2020 թվականի համար գնահատվում է 3.0%:

2020 թվականին մասնավոր հատվածի անվանական աշխատավարձի աճի տեմպի էական դանդաղում չի արձանագրվի' պայմանավորված նվազագույն աշխատավարձերի բարձրացման դրական ազդեցությամբ: Արդյունքում, 2020 թվականին մասնավոր հատվածի անվանական աշխատավարձի աճի տեմպը կպահպանվի 7.7%-ի շրջանակներում, իսկ արդեն միջնաժամկետում մասնավոր հատվածում անվանական աշխատավարձի աճի տեմպը կհամապատասխանի տնտեսական աճի եւ գնաճի զարգացումներին: Այսպիսով' 2021 թվականին կանխատեսվում է մասնավոր հատվածի անվանական աշխատավարձի 7.3% աճ, իսկ կանխատեսվող հորիզոնի վերջում այն կկայունանա 8.2%-ի շրջանակներում:

Տնտեսական աճի դանդաղման հետ մեկտեղ, այլ հավասար պայմաններում, ակնկալվում է նաեւ գործազրկության մակարդակի աճ: Միջնաժամկետ հատվածում գործազրկության մակարդակը տարեկան կնվազի շուրջ 0.8-1.2 տոկոսային կետով' կանխատեսվող հորիզոնի վերջում մոտենալով 17.3% մակարդակին:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                       ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ


Կատարող՝ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603)

18.05.2020թ.