ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

« «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ - 621 - 18 .0 5 .2020- ԱՍ -011/0) վերաբերյալ



Ազգային ժող
ո վի պատգամավոր Նարեկ Զեյնալյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված « «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագ իծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:


Փորձաքննության արդյունքները

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը (հիմք` Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված նախագիծը):

Օրենքների պահանջներին համապատասխանության վերաբերյալ նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածում օրենքի լրիվ անվանման մեջ «հոկտեմբերի 10-ի» ամսա թիվն առաջարկում ենք փոխարինել «հոկտեմբերի 27-ի» ամսաթվով` հիմք ընդունելով այն, որ «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքի (այսուհետ նաեւ` Օրենք) ընդունման ամսա թիվը 2010 թվականի հոկտեմբերի 27-ն է:

2. Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր` 12.1-ին հոդվածի համարն առաջարկում ենք տեքստից բաժանել միջակետով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասը:

3. Նախագծի 6-րդ հոդվածով Օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասում լրացվում է նոր` 4-րդ կետ, որի կարգավորման համաձայն՝ « Նպաստ չի տրվում`

4) եթե վարձու աշխատողը մեկուսացման կամ ինքնամեկուսացման ընթացքում հեռավար կատարել է իր աշխատանքային պարտականությունները եւ վարձատրվել է (ստացել է աշխատավարձ)» :

Հարկ է նկատել, որ Օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` « 5. Նպաստ չի տրվում`

1) այն անձանց, որոնց ժամանակավոր անաշխատունակությունն առաջացել է նրանց կողմից հանցագործություն կամ այլ հակաիրավական արարք կատարելիս ստացված վնասվածքների հետեւանքով.

2) եթե վարձու աշխատողը սույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում հրաժարվում է ենթարկվել բժշկասոցիալական փորձաքննության.

3) բժշկի սահմանած բուժման ռեժիմն առանց հարգելի պատճառի խախտած օրերի համար» :

Առաջարկում ենք նմանատիպ կարգավորում նախատեսել նաեւ այն դեպքերի համար, երբ անձը խախտել է մեկուսացման կամ ինքնամեկուսացման պայմանները:

4. Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքի 25-րդ հոդվածում լրացվում է նոր` 2.1-ին մաս.

«2.1. Մեկուսացման նպաստի նշանակման եւ վճարման համար ժամանակավոր անաշխատունակության թերթիկը տրամադրվում է առողջապահության բնագավառի լիազոր մարմնի տված տեղեկանքի հիման վրա: Տեղեկանքում ներառվում է վարձու աշխատողի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, մեկուսացման կամ ինքնամեկուսացման հիմքերը եւ ժամանակահատվածը (սկիզբը եւ վերջը): Ընդ որում, տեղեկանքը մեկուսացման նպաստի նշանակման եւ վճարման համար ներկայացվում է գործատուին կամ լիազոր մարմին : Տեղեկանքի ձեւը, լրացման ու տրամադրման կարգը սահմանում է առողջապահության բնագավառի լիազոր մարմինը» :

Նպաստի նշանակման համար անհրաժեշտ փաստաթղթերին վերաբերող Օրենքի 25-րդ հոդվածի համաձայն` «1. Նպաստի նշանակման համար հիմք է համարվում բժշկական հաստատության կողմից տրվող ժամանակավոր անաշխատունակության թերթիկը , որի ձեւը, լրացման ու տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին նպաստ նշանակելու համար նաեւ հարկային մարմնի տված` սույն օրենքի 22-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված եկամուտների մասին տեղեկանքը:

Հարկային մարմինը սույն մասով սահմանված տեղեկանքը տրամադրում է անձի` տեղեկանքի համար դիմելու օրվա դրությամբ հարկային պարտավորությունները կատարելուց հետո:(...)»:

Վերոգրյալի կապակցությամբ հարկ ենք համարում կատարել հետեւյալ դիտարկումները.

4.1. Օրենքում միեւնույն հասկացությունների միատեսակ կիրառությունն ապահովվելու համար՝ առաջարկում ենք Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքի 25-րդ հոդվածում լրացվող 2.1-ին մասի «առողջապահության բնագավառի լիազոր մարմնի» բառերը փոխարինել «առողջապահության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը եւ Օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասը :

4.2. Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքի 25-րդ հոդվածում լրացվում է նոր` 2.1-ին մասը նախատեսում է հետեւյալ կարավորումը. «Ընդ որում, տեղեկանքը մեկուսացման նպաստի նշանակման եւ վճարման համար ներկայացվում է գործատուին կամ լիազոր մարմին»: Հարկ է նկատել, որ նպաստի նշանակման համար հիմք է համարվում բժշկական հաստատության կողմից տրվող ժամանակավոր անաշխատունակության թերթիկը: Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքի 25-րդ հոդվածում լրացվում է նոր` 2.1-ին մասի համաձայն՝ Մեկուսացման նպաստի նշանակման եւ վճարման համար ժամանակավոր անաշխատունակության թերթիկը տրամադրվում է առողջապահության բնագավառի լիազոր մարմնի տված տեղեկանքի հիման վրա: Հաշվի առնելով վերոգրյալը` առաջարկում ենք Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքի 25-րդ հոդվածում լրացվող նոր` 2.1-ին մասի քննարկվող կարգավորման մեջ` «Ընդ որում, տեղեկանքը մեկուսացման նպաստի նշանակման եւ վճարման համար ներկայացվում է գործատուին կամ լիազոր մարմին», հստակ նշում կատարել այն մասին, որ տեղեկանքը համապատասխան անձանց եւ մարմիններին ներկայացվում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկի հետ միասին:

5. Նախագծի 8 -րդ հոդվածում նշված «հրապարակման օրվան հաջորդող օր վանից » բառերն առաջարկում ենք փոխարինել «հրապարակմանը հաջորդող օրվանից» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասը:

Միաժամանակ առաջարկում ենք Նախագծի 8-րդ հոդվածի մասերի տրամաբանությամբ բաժանված պարբերությունները համարակալել` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14 -րդ հոդվածի 3 - րդ մասը:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Միաժամանակ անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքներին:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                        ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարող
ներ ` Մ. Մնացականյան (հեռ.՝ 011-513-248), (118)

Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248), (118)

27.05.2020թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին


Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                         ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարող
ներ ` Մ. Մնացականյան (հեռ. 011-513-248), (118)

Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248), (118)

27.05.2020թ.




ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-621-18.05.2020-ԱՍ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ



Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նարեկ Զեյնալյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:


Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Նախագծի ներկայացման անհրաժեշտւթյունը, ըստ դրա հեղինակի, բխում է նոր կորոնավիրուսով պայմանավորված մեկուսացված եւ ինքնամեկուսացված աշխատող քաղաքացիների սոցիալական պաշտպանվածության աստիճանի բարձրացման եւ նոր իրավիճակով պայմանավորված օրենսդրական բացի լրացման անհրաժեշտությամբ:

Նոր կորոնավիրուսի համավարակին դիմագրավելու ընդունված ռազմավարությունները նախատեսում են քաղաքացիների մեկուսացում եւ ինքնամեկուսացում, որի արդյունքում կտրվում են համաճարակաբանական շղթաները` նպաստելով վարակի տարածման արագության կրճատմանը: Միեւնույն ժամանակ, կարգավորված չէ մեկուսացված եւ ինքնամեկուսացված աշխատող անձանց անաշխատունակության նպաստի տրամադրման գործընթացը, որը կարող է առաջացնել քաղաքացիների կողմից մեկուսանալուց կամ ինքնամեկուսանալուց խուսափելու ցանկություն` պայմանավորված եկամտի աղբյուրի կորստի վտանգով:

Օրենսդրական առաջարկվող կարգավորումը նպատակ ունի էապես բարձրացնել աշխատող քաղաքացիների սոցիալական պաշտպանությունը, նպաստել աշխատաշուկայում ստվերի կրճատմանը, ինչպես նաեւ աջակցել հակահամաճարակային միջոցառումներին: Պայմանավորված նոր կորոնավիրուսի պայմաններում բնակչության սոցիալական պաշտպանության մակարդակի բարձրացման անհրաժեշտությամբ, նման կարգավորումներ ներդրվել են նաեւ եվրոպական մի շարք երկրներում:

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ մեկուսացած եւ ինքնամեկուսացած աշխատող քաղաքացիների համար կավելանա ժամանակավոր անաշխատունակության հիմքով նպաստի նշանակման հասանելիությունը:


Փորձաքննության արդյունքները

1. Նախագիծը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ » Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կ ե տի պահանջն ե րին :

2. Նախագիծը ֆինանսատնտեսական որոշ խնդիրներ է պարունակում` կապված օրենքին հետադարձ ուժ տալու հանգամանքի հետ, քանի որ արտակարգ դրության հայտարարումից ի վեր ՀՀ-ում արդեն իսկ իրականացվել եւ ընթացքի մեջ են գտնվում տասնյակ հակաճգնաժամային (հակահամաճարակային) ծրագրեր, որոնց շրջանակներում բավականին մեծ ֆինանսական ռեսուրսներ են հատկացվել, ուստի մեկ անգամ էլ առաջարկվող նպաստի տրամադրումը բավականին վիճահարույց երեւույթ է:

3. Նախագծի 8-րդ հոդվածով սահմանվում է, որ. «Եթե շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդության տարածումը կանխելու նպատակով մեկուսացման կամ ինքնամեկուսացման անհրաժեշտության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակությունն ավարտվել է մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը եւ մեկուսացման նպաստ նշանակելու համար փաստաթղթերը ներկայացվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից սկսած վեցամսյա ժամկետում, ապա այդ փաստաթղթերը համարվում են Օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված ժամկետում ներկայացված:», սակայն որեւէ կերպ հասկանալի եւ ընկալելի չէ, թե ինչպե՞ս պետք է անձինք հետին թվով ձեռք բերեն համապատասխան փաստաթղթերը (տեղեկանքները, անաշխատունակության թերթիկները), որն, ինքնին, օրենքի խախտում է եւ նշված փաստաթղթեր տրամադրողները նույնպես պետք է օրենքների խախտմամբ տրամադրեն այդ փաստաթղթերը: Բացի այդ, տվյալ գործընթացը ոչ միայն օրենքի խախտմամբ պետք է իրականացվի, այլեւ ակնհայտ է, որ այն հսկայական կոռուպցիոն ռիսկեր կառաջացնի:


Դիտողություններ
եւ առաջարկություններ նախագծի վերաբ ե րյալ

1. Ընդհանուր առմամբ, կարծում ենք, քննարկման առարկա պետք է դառնա այն հարցը, թե նկարագրված դեպքերում չաշխատող անձնանց պետք է տրվի նպաստ, թե՞ կորսված եկամուտների փոխհատուցում, քանի որ համաճարակի հիմքով չաշխատելու դեպքում անձը ոչ թե մասամբ կամ ամբողջությամբ կորցնում է աշխատունակությունը, այլ ստիպված է լինում ենթարկվել հարկադիր մեկուսացման պայմաններին:

2. Առաջարկվող նպաստի չափը շատ կարեւոր հանգամանք է հանդիսանում այս նպաստի վճարման համար հիմք հանդիսացած հիվանդությունների (համաճարակների) հետագա աճը կանխելու եւ վերացնելու տեսանկյունից, քանի որ եթե տրվող նպաստը չբավարարի մեկուսացված անձանց բնականոն կյանքը պահպանելու համար, այն կարող է դադարել դրված նպատակի, այն է` համաճարակի զսպման խնդրի լուծմանը: Ըստ Նախագծի, առաջարկվում է նպաստի չափը հաշվարկել ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի համար սահմանված նպաստին հավասար չափով, ինչը, կարելի է ասել, բավականին մոտ է կորցվող եկամուտների մակարդակին, ակայն այս նպաստը սահմանափակվում է 14 օրացուցային օրերի ընթացքում առկա աշխատանքային օրերով, այն դեպքում, երբ հարկադիր մեկուսացումը կամ ինքնամեկուսացումը կարող է տեւել մի քանի ամիս կամ տարի: Հետեւաբար, 14 օրից ավելի արտակարգ իրավիճակով պայմանավորված մեկուսացման կամ ինքնամեկուսացման դեպքում, տվյալ նպաստը կարող է չկատարել դրանով հետապնդվող խնդրի լուծման «առաքելությունը», եւ մարդիկ, չնայած ստացված նպաստին, հակված կինեն խախտելու մեկուսացման կամ ինքնամեկուսացման ռեժիմը` եկամուտներ ստանալու նպատակով:

3. Նախագծով առաջարկվող իրավակարգավորումները գրված են ներկայումս առկա նոր կորոնավիրուսի համավարակի «տվյալներին» համապատասխան, այն դեպքում` երբ դրանք պետք է կիարառվեն նաեւ ապագայում առաջացող այլ համավարակների կամ արտակարգ այլ իրավիճակների դեպքում (Նախագծում խոսքը գնում է «շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդության» մասին, որը շատ ընդհանրական բնույթի ձեւակերպում է): Արդյունքում, եթե հետագայում առաջացող համավարկների ինկուբացիոն շրջանը կամ որեւէ այլ չափանիշ էականորեն տարբերվի նոր կորոնավիրուսի չափանիշներից, ապա առաջարկվողիրավակարգավորումները կարող են ոչ միայնարդյունավետ չլինել, այլեւ կհանգեցնեն բյուջետային միջոցների ոչ արդյունավետ ծախսման:

4. Նախագծի 1-ին հոդվածով տրվում է «ինքնամեկուսացում» հասկացության սահմանումը, ըստ որի. «ինքնամեկուսացում է համարվում անձանց, այդ թվում՝ հիվանդի կամ վարակվածի կամ նրանց հետ շփված անձանց (կոնտակտավորների) առանձնացումն իրենց մշտական բնակության կամ իր նախընտրությամբ մեկ այլ վայրում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը սահմանափակելու եւ վարակի տարածումը կանխելու նպատակով:»: Սա նշանակում է, որ տվյալ Նախագիծը որպես ինքնամեկուսացում դիտարկում է ինչպես լիազոր մարմինների կողմից պարտադիր կատարման ցուցում տալու միջոցով ինքնամեկուսացման, այնպես էլ կամավոր ինքնամեկուսացման դեպքերին, ինչը որոշակի խնդիրներ է առաջացնում: Օրինակ, սեզոնային ցանկացած գրիպի ժամանակ անձինք կարող են հայտարարել, որ ինքնամեկուսանում են եւ հավակնել Նախագծով առաջարկվող նպաստի ստացման, ինչը, բնականաբար, չի մտնում սույն նախաձեռնության նպատակների մեջ: Այս կապակցությամբ առաջարկում ենք Նախագծում հստակ տարանջատել հարկադիր (պարտադիր) եւ կամավոր ինքնամեկուսացման դեպքերը եւ սահմանել, որ սույն օրենքը տարածվում է միայն հարկադիր (պարտադիր) ինքնամեկուսացման դեպքի վրա:

5. Առաջարկում ենք Նախագծում հստակ սահմանել, որ տվյալ նպաստը կարող է տրվել բացառապես օրենքով սահմանված կարգով արտակարգ դրություն կամ արտակարգ իրավիճակ հայտարարվելու դեպքում եւ միայն այդ դրության կամ իրավիճակի ժամկետների ընթացքում, այլապես նշված նպաստի նշանակումը եւ վճարումը հանրավոր կլինի իրականացնել նաեւ սովորական պայմաններում:

6. Նախագծի 3-րդ հոդվածով սահմանվում է, որ. «Վարձու աշխատողին մեկուսացման նպաստ տրվում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված ՝ ժամանակավոր անաշխատունակության 14 օրացուցային օրից ոչ ավելի ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար՝ սկսած երկրորդ աշխատանքային օրվանից:», իսկ 7-րդ հոդվածով սահմանվում է, որ. «Մեկուսացման նպաստի նշանակման եւ վճարման համար ժամանակավոր անաշխատունակության թերթիկը տրամադրվում է առողջապահության բնագավառի լիազոր մարմնի տված տեղեկանքի հիման վրա : Տեղեկանքում ներառվում է վարձու աշխատողի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, մեկուսացման կամ ինքնամեկուսացման հիմքերը եւ ժամանակահատվածը (սկիզբը եւ վերջը): Ընդ որում, տեղեկանքը մեկուսացման նպաստի նշանակման եւ վճարման համար ներկայացվում է գործատուին կամ լիազոր մարմին: Տեղեկանքի ձեւը, լրացման ու տրամադրման կարգը սահմանում է առողջապահության բնագավառի լիազոր մարմինը:»:

Նշված երկու դրույթների համադրումից կարելի է եզրակացնել, որ`

ա) նախատեսվող նպաստը ստանալու համար անձը պետք է ունենա երկու փաստաթուղթ` առողջապահության բնագավառի լիազոր մարմնի տված տեղեկանք եւ դրա հիման վրա բժշկի կողմից տրված ժամանակավոր անաշխատունակության թերթիկ,

բ) եթե հիվանդացած (վարակված) անձին բժշկի կողմից ժամանակավոր անաշխատունակության թերթիկի տրամադրումը միանգամայն հասկանալի է (այս դեպքում առողջապահության բնագավառի լիազոր մարմնի տված տեղեկանքն ավելորդ է դառնում), ապա առողջ մարդուն բժշկի կողմից ժամանակավոր անաշխատունակության թերթիկի տրամադրումը որեւէ կերպ հասկանալի չի կարող լինել (այս դեպքում էլ, կարծում ենք, միանգամայն բավարար կլինի առողջապահության բնագավառի լիազոր մարմնի տված տեղեկանքը): Հետեւաբար, կարծում ենք, անհրաժեշտ է իրարից հստակ տարանջատել այս դեպքերը եւ յուրաքանչյուր դեպքի համար նախատեսել միայն մեկ` համապատասխան փաստաթուղթ,

գ) հարկ է արձանագել նաեւ, որ նշված փաստաթղթերի ձեռք բերումն, ինքնին, արդեն իսկ վտանգավոր գործընթաց է իրենից ներկայացնում, քանի որ համավարակի պայմաններում մարդիկ զանգվածաբար պետք է այցելեն համապատասխան մարմիներ կամ բժշկական հաստատություններ, որի ընթացում հիվանդները կարող են վարակել առողջներին (նման օրինակներ նկատվեցին նաեւ նոր կորոնավիրուսի հետ կապված` հատկապես բանկերում մարդկանց կուտակումների արդյունքում):


Եզրակացություն

Նախագիծը, մեր կարծիքով, լրացուցիչ եւ փաստարկված հիմնավորման, ինչպես նաեւ արմատապես լրամշակման կարիք ունի, այլապես այն չի կարող ապահովել դրանով հետապնդվող խնդիրների լուծումը:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                     ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ

(հեռ.` 011 513-668)

26.05.2020թ.




ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-621-19.05.2020-ԱՍ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ



Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Ն. Զեյնալյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:


Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Նախագծի ընդունումը միտված է շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդության տարածումը կանխելու նպատակով մեկուսացված եւ ինքնամեկուսացված աշխատող քաղաքացիների սոցիալական պաշտպանվածության աստիճանի բարձրացմանը:

Նոր կորոնավիրուսի համավարակին դիմագրավելու ընդունված ռազմավարությունները նախատեսում են քաղաքացիների մեկուսացում եւ ինքնամեկուսացում, որի արդյունքում կտրվում են համաճարակաբանական շղթաները, նպաստելով վարակի տարածման արագության կրճատմանը: Մինչդեռ, կարգավորված չէ մեկուսացված եւ ինքնամեկուսացված աշխատող անձանց անաշխատունակության նպաստի տրամադրման գործընթացը, որը կարող է առաջացնել քաղաքացիների կողմից մեկուսանալուց կամ ինքնամեկուսանալուց խուսափելու ցանկություն, պայմանավորված եկամուտի աղբյուրի կորստի վտանգով:

Աշխատող քաղաքացիների սոցիալական պաշտպանությունը էապես բարձրացնելու, աշխատաշուկայում ստվերի կրճատմանը նպաստելու եւ հակահամաճարակային միջոցառումներին աջակցելու նպատակով է պայմանավորված ներկայացված օրենսդրական նախաձեռնությունը: Մասնավորապես, Նախագծով առաջարկվում է հիվանդության տարածումը կանխելու նպատակով մեկուսացման կամ ինքնամեկուսացման անհրաժեշտության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրամադրել նպաստ:


Փորձաքննության արդյունքները

1. Նախագիծը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ » Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կ ե տի պահանջն ե րին :

2. Նախագիծը սոցիալական , կրթական եւ առողջապահական հարցերի տեսանկյունից հիմնախնդիրն ե ր չի պարունակում :


Դիտողություններ
եւ առաջարկություններ նախագծի վերաբ ե րյալ

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկությունն ե ր չկան :


Եզրակացություն

Ներկայացված Նախագծի ընդունումը հնարավորություն կտա ապահովել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված մեկուսացած եւ ինքնամեկուսացած աշխատող քաղաքացիների համար ժամանակավոր անաշխատունակության հիմքով նպաստի նշանակման հնարավորություն:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ


Կատարող` Ա.
Գալստյան (հեռ.` 011 513-235)

21.05.2020 թ .