ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-638-04.06.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ



Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:


Փորձաքննության արդյունքները

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը (հիմք ՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված նախագիծը) :

Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

Նախագծով նախատեսվում է փոփոխություն կատարել «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում (այսուհետ` Օրենք): Մասնավորապես՝ առաջարկվում է նոր խմբագրությամբ շարադրել Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասը.

«Մինչեւ 6 տարեկան քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է 3 տարի վավերականության ժամկետով, 6 տարեկանից մինչեւ 16 տարին լրացած քաղաքացիներին` 5 տարի վավերականության ժամկետով, իսկ 16 տարին լրացած քաղաքացիներին` 10 տարի վավերականության ժամկետով: Ընդ որում, մինչեւ 16 տարեկան, ինչպես նաեւ 16 տարին լրացած արական սեռի քաղաքացիներին անձնագրերը տրամադրվում են մինչեւ նրանց 19 տարին լրանալը, իսկ 19 տարին լրացած լինելու դեպքում` «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված կարգով տրված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման կամ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ կամ 8-րդ մասերով կամ 29-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված բժշկական վերափորձաքննության ժամկետով: Պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության լիազոր պետական կառավարման համակարգի մարմնի ղեկավարի միջնորդությամբ 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիներին անձնագիր կարող է տրամադրվել նաեւ այլ ժամկետով` ուսման, բուժման, սպորտային, մշակութային միջոցառումներին մասնակցելու նպատակով :»:

Վերոնշյալի կապակցությամբ հարկ է նկատել հետեւյալը.

Օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝

«1. Սույն օրենքի նպատակը Հայաստանի Հանրապետության քաղաքացու` Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու եւ Հայաստանի Հանրապետություն վերադառնալու սահմանադրական իրավունքի օգտագործման (կենսագործման) երաշխավորումն է»:

Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝

«1) անձնագիր` Հայաստանի Հանրապետության քաղաքացու (այսուհետ` քաղաքացու) ինքնությունը եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ, որը նախատեսված է Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու եւ Հայաստանի Հանրապետություն վերադառնալու, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործելու համար»:

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝

«Պարտադիր զինվորական ծառայությունը կազմակերպվում է զորակոչի միջոցով: Զորակոչի ենթակա են 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիները ` մինչեւ 27 տարին լրանալը, (…):»:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ կարծում ենք, որ մինչեւ 16 տարեկան, ինչպես նաեւ 16 տարին լրացած արական սեռի քաղաքացիների անձնագրերի վավերականության ժամկետը մինչեւ նրանց 19 տարին լրանալը սահմանելու դեպքում կարող են ծագել որոշ խնդիրներ, քանի որ գործող կարգավորմամբ նշված ժամկետը՝ մինչեւ 18 տարին լրանալը, պայմանավորված է զորակոչի ենթակա լինելու տարիքով, որը գործող օրենսդրությամբ փոփոխության չի ենթարկվել: Այդ պահից սկսած մինչեւ զորակոչի ենթակա լինելու կամ տարկետում տրամադրելու հարցի պարզումը կարող է անձի՝ Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու իրավունքը ժամանակավորապես սահմանափակվել՝ իրավասու մարմինների կողմից արդյունավետ վերահսկողություն իրականացնելու նպատակով, եթե առկա է նման եղանակով վերահսկողություն իրականացնելու անհրաժեշտություն:

Վերոնշյալից բացի՝ հարկ է նկատել, որ Նախագծով նոր խմբագրությամբ շարադրված կարգավորմամբ հնարավորություն է տրվում պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի ղեկավարի միջնորդությամբ 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիներին անձնագիր տրամադրել նաեւ այլ ժամկետով` ուսման, բուժման, սպորտային, մշակութային միջոցառումներին մասնակցելու նպատակով: Հետեւաբար Նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ նշված խնդիրը՝ կապված կրթության շարունակման անհնարինության հետ, կարծում ենք, հնարավոր է կարգավորել պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի ղեկավարի միջնորդությամբ վավերականության այլ ժամկետներ սահմանելու միջոցով:

Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության ներսում անձնագրի վավերականության ժամկետի հետ կապված բազմաթիվ խնդիրներ ծագելուն, ապա արական սեռի նշված տարիքի անձինք կարող են Հայաստանի Հանրապետության ներսում զանազան իրավահարաբերությունների մեջ մտնել նույնականացման քարտերի կիրառմամբ:

Նախագծի՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին համապատասխանությունն ապահովելու նպատակով՝ առաջարկում ենք.

1. Նախագծի 1-ին հոդված ում «հետեւյալ» բառը փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը:

2. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրված Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասում «Պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության լիազոր պետական կառավարման համակարգի» ձեւակերպումը փոխարինել «պաշտպանության ոլորտի պետական կառավարման համակարգի» ձեւակերպմամբ՝ հիմք ընդունելով Սահմանադրությամբ եւ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքով ամրագրված համապատասխան ձեւակերպումները:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքներ ը՝ կարող ենք նշել, որ Նախագիծը համապատասխանում է Սահմանադրությանը: Միաժամանակ անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                         ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարողներ՝ Զ. Հովասափյան
(հեռ` 011-513-248), (118),

Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361), (108)

24.06.2020թ.





ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                          ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարողներ՝ Զ. Հովասափյան
(հեռ` 011-513-248), (118),

Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361), (108)

24.06.2020թ.