ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ( փաստաթղթային կոդ` Կ-660-17.06.2020-ՊԻ-011/1 ) , ««Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ( փաստաթղթային կոդ` Կ-6601 -17.06.2020-ՊԻ-011/1 ) , ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ( փաստաթղթային կոդ` Կ-6602 -17.06.2020-ՊԻ-011/1 ) վերաբերյալ



Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված
««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» , ««Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) իրավական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:


Փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթը (հիմք՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված Նախագծերի փաթեթ ը ) համապ ա տասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը :

Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Առաջարկում ենք ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ նաեւ` Նախագիծ) վերնագրից հանել երկրորդ, իսկ Նախագծի 1-ին հոդվածից օրենքի անվանումից հետո գրված «Հայաստանի Հանրապետության» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը: Նույն առաջարկը վերաբերելի ««Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրին եւ 1-ին հոդվածին, ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրին:

2. ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրի «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ» բառն առաջարկում ենք փոխարինել «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բառով` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում կատարվում են մեկից ավելի փոփոխություններ:

3. Նախագծի 1-ին հոդվածում նշվում է «24-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ», մինչդեռ Նախագծի 1-ին հոդվածով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի (այսուհետ` Օրենք) 24-րդ հոդվածը նոր խմբագրությամբ չի շարադրվում, այլ նոր խմբագրությամբ շարադրված նախատեսվում է Օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասը: Միաժամանակ, հարկ է նկատել, որ Օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասում որեւէ փոփոխություն չի կատարվում, այլ լրացվում են կետադրական նշան եւ բառեր, ուստի, հիմք ընդունելով` «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը, առաջարկում ենք Նախագծով Օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասում նոր կարգավորման նախատեսումը կատարել լրացման միջոցով:

4. Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 24-րդ հոդվածում լրացվող 6.1-ին մասով սահմանվում է «Սույն հոդվածի 6-րդ մասում նշված ժամկետը բաց թողնելը կարող է հարգելի համարվել, եթե դիմողը հիմնավորում է իրենից անկախ պատճառներով (նրա մեղքի բացակայությամբ) ժամկետը բաց թողնելու հանգամանքը»: Կարծում ենք նպատակահարմար է «բաց թողնելը կարող է հարգելի համարվել» ձեւակերպումը փոխարինել «բաց թողնելը հարգելի է համարվում» ձեւակերպմամբ, քանի որ Սահմանադրական դատարանը իր` 2019 թվականի մարտի 19-ի ՍԴՈ-1448 որոշումից բխում է, որ հարգելի պատճառների առկայության (մեղքի բացակայության) եւ հիմնավորման դեպքում ժամկետի բաց թողնումը պետք է համարվի հարգելի: Մասնավորապես Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ « … գործարքի անվավերության իրավական հետեւանքներ կարող է առաջացնել միայն անձի մեղավորությամբ Օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելը»:

5. Նախագծի 2-րդ հոդվածի «Օրենքի 24-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.1.-ին մասով» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել «Օրենքի 24-րդ հոդվածում լրացնել նոր` 6.1-ին մաս» ձեւակերպմամբ:

6. Նախագծի 3-րդ հոդվածի մասերի համարներն առաջարկում ենք տեքստից բաժանել միջակետերով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի» մասին օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասը` «Հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով , իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով»: Առաջարկում ենք նաեւ Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի «հետեւյալ» բառը փոխարինել «նոր» բառով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը:

7. Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված «այն անհատական իրավական ակտը, որով տրամադրվում է իրավունքը կամ կիրառվում է իրավունքի սահմանափակումը, կայացվել է ոչ իրավասու վարչական մարմնի կողմից.» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել «այն անհատական իրավական ակտը, որով տրամադրվում է իրավունքը կամ կիրառվում է իրավունքի սահմանափակումը, ընդունվել է ոչ իրավասու վարչական մարմնի կողմից.» ձեւակերպմամբ` հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքում կիրառվող տերմինները եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը:

8. Նախագծի 4-րդ հոդվածի «բառերով» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել «կետադրական նշանով եւ բառերով» ձեւակերպմամբ` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը, այն է «Նորմատիվ իրավական ակտում լրացումներ կատարվում են դրանում նոր բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, ենթակետեր, պարբերություններ, նախադասություններ, բառեր , թվեր կամ կետադրական նշաններ լրացնելու միջոցով »: Նույն առաջարկը վերաբերելի է ««Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածի «բառերով» ձեւակերպանը:

9. Նախագծի ամբողջ տեքստում առաջարկում ենք «6.1. -ին» ձեւակերպումը փոխարինել «6.1-ին» ձեւակերպմամբ:

10. Նախագծի 6-րդ հոդվածի վերաբերյալ նշենք հետեւյալը.

10.1 Օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` «Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը, փոխանցմանն ուղղված գործարքներից (բացառությամբ միակողմ գործարքների) ծագող իրավունքները պետք է պետական գրանցման ներկայացվեն ոչ ուշ, քան այդ գործարքների նոտարական վավերացման օրվանից սկսած` 30 աշխատանքային օրվա ընթացքում:

Սույն մասի պահանջը չպահպանելը հանգեցնում է գործարքի անվավերության: Նման գործարքն առոչինչ է:

Գործարքից ծագող իրավունքների պետական գրանցման դիմում կարող է ներկայացնել այդ գործարքի կողմերից յուրաքանչյուրը»:

Նշված իրավադրույթը հակասահմանադրական է ճանաչվել 2019 թվականի մարտի 19-ի ՍԴՈ-1448 որոշմամբ: Հիմք ընդունելով այս հանգամանքը, կարծում ենք, նպատակահարմար է անցումային դրույթով հետադարձ ուժ տալու հարցը քննարկելիս, եթե հնարավորություն է տրվում 2019 թվականի հունիսի 1-ից հետո կնքված եւ նոտարական վավերացում ստացած, ինչպես նաեւ 2019 թվականի հունիսի 1-ի դրությամբ իրավունքները պետական գրանցման ներկայացնելու «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված երեսնօրյա ժամկետը չլրացած անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը, փոխանցմանն ուղղված գործարքներից (բացառությամբ միակողմ գործարքների) ծագող իրավունքները պետական գրանցման ներկայացնել, եթե առկա են ժամկետի բացթողնման հարգելի համարվող պատճառները, ապա տրամաբանական է այդ հնարավորությունը տալ 2019 թվականի մարտի 19-ից հետո Օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված երեսնօրյա ժամկետների բացթողնման համար: Սույն առաջարկը հիմնավորվում է նաեւ նրանով, որ 2019 թվականի մարտի 19-ի դրությամբ հստակ եւ որոշակի է եղել գործող իրավակարգավորման հակասահմանադրական լինելը, իսկ 2019 թվականի հունիսի 1-ը եղել է ընթացակարգային հարցերով պայմանավորված անհրաժեշտ ժամկետ Ազգային ժողովի կողմից օրենքի վերաբերելի իրավակարգավորումները Սահմանադրական դատարանի որոշման պահանջներին համապատասխանեցնելու համար:

10.2 . Առաջարկում ենք 6-րդ հոդվածի վերնագիրը հանել` հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի »:

10.3 . Առաջարկում ենք 6-րդ հոդվածի վերջին պարբերությունը համարակալել` հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը՝ «Օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների »:

11. ««Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Նոտարիատի մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասում լրացվում է նոր՝ 22.1-ին կետ, որի համաձայն` «ներկայացնում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը, փոխանցմանն ուղղված գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցման դիմումները պետական գրանցումն իրականացնող մարմնին»:

Վերոնշյալ իրավակարգավորման անհրաժեշտությունը, կարծում ենք, բացակայում է հետեւյալ հիմնավորմամբ.

«Նոտարիատի մասին» օրենքի 36-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի համաձայն` «Նոտարը, սույն հոդվածով նախատեսված նոտարական ծառայություններից բացի, տրամադրում է հետեւյալ ծառայությունները.

1) իրականացնում է գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը, դադարմանը եւ փոխանցմանն ուղղված գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցման սպասարկմանն ուղղված գործառույթներ .

2) օրենքով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված դեպքերում իրականացնում է պետական մարմինների սպասարկման գրասենյակի գործառույթներ.

3) գործարքներից բխող իրավունքների պետական գրանցման պահանջը ապահովելու նպատակով ծանուցում է գույքի նկատմամբ իրավունքների գրանցում իրականացնող մարմիններին գույքի նկատմամբ իրավունքի վերաբերյալ նախնական նշում կատարելու մասին.

4) հաստատում է իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր»:

Հաշվի առնելով վերոնշյալ իրավադրույթը, կարծում ենք, ««Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով կատարվող լրացումը ներառվում է «Նոտարիատի մասին» օրենքի 36-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետում, հետեւաբար լրացման անհրաժեշտությունը բացակայում է:

12. ««Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք «36-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 22.1-ին կետով հետեւյալ բավանդակությամբ» բառերը փոխարինել «36-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել նոր` 22.1-ին կետ» բառերով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:

13. Առաջարկում ենք ««Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող «Նոտարիատի մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող 22.1-ին կետի համարը տեքստից բաժանել «)» փակագծով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասը` «Հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով »:

14. ««Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածում կատարվում է հղում «Օրենքի 55-րդ հոդվածի 3-րդ մասը», մինչդեռ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Հղումները կատարվում են հստակ եւ ուղղակի », ինչպես նաեւ նորմատիվ իրավական ակտին կամ հոդվածին հղում կատարելիս պետք է նշել նաեւ նորմատիվ իրավական ակտի անվանումը, հետեւաբար, առաջարկում ենք կա՛մ ամբողջությամբ նշել «Նոտարատի մասին» օրենքի անվանումը, կա՛մ 1-ին հոդվածում լրիվ ամվանումը կիրառելուց հետո փակագծերում նշել կրճատ տարբերակը` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասը:

15. Առաջարկում ենք ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի «հետեւյալ բովանդակությամբ» բառերը փոխարինել «նոր» բառով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:


Եզրահանգում

Ամփոփ ե լով փորձաքննության արդյունքն ե րը՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Միաժամանակ առաջարկում ենք վերոգրյալ դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթի համապատասխանությունը «Վարչարարության հիմունքերի եւ վարչական վարույթի մասին» եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքներին:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                           ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարող` Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248), (118)

03.07.2020թ.





ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծ երի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                            ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարող` Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248), (118)

03.07.2020թ.