ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-713-24.08.2020-ՏՀ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Լիլիթ Մակունցի եւ Գեւորգ Պապոյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Փ որձաքննության արդյունքները

Նախագծի (հիմք՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված Նախագիծը)` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանըեւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածով «Գնումների մասին» օրենքի (այսուհետ նաեւ ՝ Օրենք ) 5-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը շարադրվում է նոր խմբագրությամբ.

«4) գնումների պլանավորման, գնման առարկայի բնութագրերի հաստատման, գնումների նախնական հսկողության, պայմանագրերի կատարման, կառավարման եւ ֆինանսավորման կարգը: Ընդ որում` կարգը նախատեսում է կարգավորումներ նաեւ պայմանագրերի կատարման եւ կառավարման շրջանակում հանրային հսկողության իրականացման հնարավորության ապահովման եւ դրա կիրառման գործընթացի վերաբերյալ , հաշվի անելով, որ`

ա. այն պարտադիր է գնումների բազային միավորը գերազանցող գին ունեցող պայմանագրերի դեպքում.

բ. գործընթացին մասնակցելու հնարավորություն տրվում է պետական գաղտնիք պարունակող գնումների դեպքում գնման տվյալ գործընթացին մասնակցելու նպատակով հայտ ներկայացրած մասնակիցներին , իսկ պետական գաղտնիք չպարունակող գնումների դեպքում` ինչպես գնման տվյալ գործընթացին մասնակցելու նպատակով հայտ ներկայացրած մասնակիցներին, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած հասարակական կազմակերպություններին եւ զանգվածային լրատվության միջոցներին.

գ. գործընթացին մասնակցելու պայմանները եւ դիմելու ժամկետները սահմանվում են կնքված պայմանագրի մասին հայտարարությամբ, նկատի ունենալով, որ դիմելու ժամկետը չի կարող պակաս լինել երեք օրացուցային օրից.

դ. անձը (ներկայացուցիչը) չի կարող մասնակցել գործընթացին , եթե պայմանագրի կողմ է հանդիսանում վերջինիս կամ իրեն մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձի (ծնող, ամուսին, երեխա, եղբայր, քույր, ինչպես նաեւ ամուսնու ծնող, երեխա, եղբայր կամ քույր) կողմից հիմնադրված կամ բաժնեմաս (փայաբաժին) ունեցող կազմակերպությունը: Անձը (ներկայացուցիչը) ստորագրում է շահերի բախման բացակայության մասին հայտարարություն, որը պատվիրատուի կողմից հրապարակվում է տեղեկագրում.

ե. գործընթացի շրջանակում անձը գործում է պատվիրատուի` պայմանագրի կատարման եւ կառավարման գործառույթն իրականացնող միավորի անունից, վերջինիս հետ համատեղ , պայմանով, որանձի ներկայացրած դիրքորոշումը կրում է խորհրդատվական բնույթ : Պատվիրատուն ստացված դիրքորոշումները պարտադիր կարգով քննարկում է` գործընթացին մասնակից դարձնելով նաեւ պայմանագրի կողմին: Քննարկման ամփոփաթերթը հրապարակվում է տեղեկագրում: Եթե դիրքորոշում չի ներկայացվում, ապա դրա մասին պայմանագրի կատարման արդյունքի ընդունումը հիմնավորող փաստաթղթում կատարվում է համապատասխան նշում.

զ. եթե միեւնույն պայմանագրի շրջանակում անձի ներկայացրած դիրքորոշումը առնվազն երկու անգամ չի հիմնավորվում , ապա վերջինս զրկվում է տվյալ պայմանագրի շրջանակում հանրային հսկողություն իրականացնելու լիազորություներից, ինչի մասին պատվիրատուն տեղեկագրում հրապարակում է հայտարարություն.»:

Նախագծով կատարվող փոփոխության վերաբերյալ հարկ ենք համարում կատարել հետեւյալ դիտարկումները.

1.1. Նախագծի 1-ին հոդվածով «Գնումների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը նոր խմբագրությամբ շարադրելու վերաբերյալ Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ նշվում է հետեւյալը. ««Գնումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է պայմանագրերի կատարման եւ կառավարման գործընթացներում հակակշիռների ու զսպումների համարժեք մեխանիզմի միջոցով հանրային հսկողության թափանցիկ եւ հրապարակային համակարգ ներդնելու անհրաժեշտությամբ:

(…)

Համակարգի ներդրման անհրաժեշտությունը պայմանավորված է պատվիրատուի պաշտոնյաների կողմից պայմանագրի կատարման նկատմամբ նախնական հսկողության գործընթացը պատշաճ չիրականացնելու ռիսկերը նվազեցնելու անհրաժեշտությամբ, հատկապես այնպիսի գնումների դեպքում, որոնց պայմանագրին համապատասխանությունը հնարավոր է գնահատել միայն պայմանագրի կատարման պահին կամ դրան հաջորդող կարճ ժամանակահատվածում: Բոլոր այս դեպքերում գնման առարկան ընդունելուց հետո կամ հենց այդ պահին դրանք օգտագործվում են, եւ հետագայում պայմանագրին դրանց համապատասխանությունը որոշելը գործնականում կամ անհնար է կամ շատ բարդ: Այլ կերպ ասած, այսպիսի գնումների դեպքում, եթե պատվիրատուի պաշտոնատար աձը չկատարի իր պարտականությունները եւ ընդունի պայմանագրին չհամապատասխանող արդյունքը, այդպիսի խախտումների հետագա չբացահայտման ռիսկը համեմատաբար մեծ է:

Պետք է նկատել նաեւ, որ պայմանագրի կատարման արդյունքները ընդունելու ժամանակ նշված ռիսկը չեզոքացնելու համար կարող են գործել, իսկ առանձին դեպքերում գործում են այլ անձանց կողմից մասնագիտական եզրակացությունների ներկայացման մեխանիզմներ` տեխնիկական հսկողություն, լաբորատոր եզրակացություններ եւ այլն, սակայն այս մեխանիզմները նույնպես լիարժեք չեն:

Այսպիսով պետք է արձանագրել, որ թեեւ գործող իրավական ակտերը որոշակիորեն կարգավորում են հանձման-ընդունման գործընթացը, սակայն գործնականում խնդիրը արդիական է` մասնավորապես անմիջապես կամ արագ սպառվող գնումների դեպքում, պաշտոնատար անձանց կողմից խախտումների իրականացման պարագայում, քանի որ դրանց կանխումը կամ հետագա բացահայտումը խնդրահարույց է: »:

1.2. «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության» 2015 թվականի դեկտեմբերի 6-իփոփոխությունների (այսուհետ՝ Սահմանադրություն) 39-րդ հոդվածի համաձայն՝ մարդն ազատ է անելու այն ամենը, ինչը չի խախտում այլոց իրավունքները եւ չի հակասում Սահմանադրությանը եւ օրենքներին, ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով: Սահմանադրության 74-րդ հոդվածի համաձայն ՝ հիմնական իրավունքները եւ ազատությունները տարածվում են նաեւ իրավաբանական անձանց վրա այնքանով, որքանով այդ իրավունքները եւ ազատություններն իրենց էությամբ կիրառելի են դրանց նկատմամբ:

Սահմանադրության 79-րդ հոդվածը նախատեսում է որոշակիության սկզբունքը, որի համաձայն՝ հիմնական իրավունքները եւ ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը եւ ծավալը, լինեն բավարար չափով որոշակի , որպեսզի այդ իրավունքների եւ ազատությունների կրողները եւ հասցեատերերն ի վիճակի լինեն դրսեւորելու համապատասխան վարքագիծ :

Օրենքի 5-րդ հոդվածը վերաբերում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունվող իրավական այլ ակտերին, որի 1-ին մասի 4-րդ կետում նախատեսվում է հետեւյալ կարգավորումը՝ «Սույն օրենքի նպատակի եւ պահանջների կատարման ապահովման համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է`

4) գնումների պլանավորման, գնման առարկայի բնութագրերի հաստատման, գնումների նախնական հսկողության, պայմանագրերի կատարման, կառավարման եւ ֆինանսավորման կարգը.»:

Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի նոր խմբագրությամբ շարադրվող 4-րդ կետ ի առաջին նախադասությունը նույնությամբ նախատեսում է Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի կարգավորումը, սակայն Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի նոր խմբագրությամբ շարադրվող 4-րդ կետ ի երկրորդ նախադասությամբ լրացվում է հետեւյալ կարգավորումը՝ ը նդ որում` կարգը նախատեսում է կարգավորումներ նաեւ պայմանագրերի կատարման եւ կառավարման շրջանակում հանրային հսկողության իրականացման հնարավորության ապահովման եւ դրա կիրառման գործընթացի վերաբերյալ : Այսպիսով՝ նախատեսվում է, որ Կառավարության կողմից հաստատվող՝ գնումների պլանավորման, գնման առարկայի բնութագրերի հաստատման, գնումների նախնական հսկողության, պայմանագրերի կատարման, կառավարման եւ ֆինանսավորման կարգը պետք է նաեւ նախատեսի կարգավորումներ , որոնք հնարավորություն կտան գնման գործընթացի նկատմամբ իրականացնել հանրային հսկողություն, որը իրենից ենթադրում է որոշակի գործընթաց, որի մասնակիցները այդ գործընթացի շրջանակներում ( պատվիրատուն, պայմանագրի կողմ հանդիսացող անձը եւ հանրային հսկողության տվյալ գործընթացը իրականացնելու իրավունք ունեցող սուբյեկտները ) կրում են որոշակի իրավունքներ եւ պարտականություններ :

Բացի այդ անհրաժեշտ է նկատել, որ ըստ Նախագծին կից ներկայացված հիմնավորման դրա ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է պայմանագրերի կատարման եւ կառավարման գործընթացներում հակակշիռների ու զսպումների համարժեք մեխանիզմի միջոցով հանրային հսկողության թափանցիկ եւ հրապարակային համակարգ ներդնելու անհրաժեշտությամբ:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ կարծում ենք՝ որ « հանրային հսկողության համակարգ ներդնելու» համար անհրաժեշտ է Օրենքի մակարդակում նախատեսել այդ ինստիտուտի իրագործման գործընթացի հստակ եւ որոշակի կարգավորումները, որոնցից եւ կբխեն գործընթացի մասնակիցների իրավունքները եւ պարտականությունները: Քննարկվող գործընթացի կարգավորումները չեն կարող նախատեսեվել ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով: Բացի այդ՝ հարկ է նկատել, որ Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի նոր խմբագրությամբ շարադրվող 4-րդ կետ ի երկրորդ նախադասությամբ Օրենքում նախատեսվող կարգավորման մեջ կիրառվող ձեւակերպումնեն ունեն որոշակիացման կարիք՝ մասնավորապես՝ « հանրային հսկողության իրականացման հնարավորության ապահով ում » եւ « դրա կիրառման գործընթաց» :

Միաժամանակ անհրաժեշտ է դիտարկել, որ Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի նոր խմբագրությամբ շարադրվող 4-րդ կետ ում ներառված ենթակետերում նախատեսվող կարգավորումները արդեն իսկ նախատեսում են քննարկվող գործընթացին վերաբերելի որոշակի կարգավորումներ, որոնց վերաբերյալ նշում է կատարվում, որ այդ դրույթները պետք է հաշվի առնվեն Կառավարության կողմից ընդունվելիք համապատասխան ակտով: Արդյունքում ստացվում է իրավիճակ, երբ օրենքում նախատեսվում են հանրային հսկողության գործընթացին վերաբերելի կարգավորումներ, որոնց կիրառման համար անհրաժեշտ է Կառավարության կողմից ընդունվելիք համապատասխան ակտում դրանց ամրագրումը: Ուստի՝ առաջարկում ենք քննարկվող կարգավորումները չնախատեսել Օրենքի 5-րդ հոդվածում եւ դրանք ամրագրել Օրենքում առանձին դրույթների տեսքով:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ կարծում ենք, որ Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող խմբագրությամբ Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի նախատեսումը խնդրահարույց է Սահմանադրության 39-րդ եւ 79-րդ հոդվածների համատեքստում:

1.3. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի նոր խմբագրությամբ շարադրվող 4-րդ կետ ի «բ» ենթակետի համաձայն՝ « (…)կարգը նախատեսում է կարգավորումներ նաեւ պայմանագրերի կատարման եւ կառավարման շրջանակում հանրային հսկողության իրականացման հնարավորության ապահովման եւ դրա կիրառման գործընթացի վերաբերյալ , հաշվի առնելով, որ՝

բ. գործընթացին մասնակցելու հնարավորություն տրվում է պետական գաղտնիք պարունակող գնումների դեպքում գնման տվյալ գործընթացին մասնակցելու նպատակով հայտ ներկայացրած մասնակիցներին , իսկ պետական գաղտնիք չպարունակող գնումների դեպքում` ինչպես գնման տվյալ գործընթացին մասնակցելու նպատակով հայտ ներկայացրած մասնակիցներին, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած հասարակական կազմակերպություններին եւ զանգվածային լրատվության միջոցներին.» :

Օրենքի հիմնական հասկացություններին վերաբերող 2-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն մասնակիցը պատվիրատուի հետ պայմանագիր կնքելու նպատակով գնումների գործընթացին մասնակցող անձնէ, իսկ նույն հոդվածի 1-ին մասի 23-րդ կետով գնման գործընթացը սահմանվում է որպես գնում կատարելու նպատակով գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերի, իրավունքների եւ պարտականությունների իրագործմանն ուղղված գործողությունների ամբողջություն, ներառյալ՝ գնումների պլանավորումը, գնման առարկայի բնութագրի հաստատումը, պայմանագրի կատարումը եւ կառավարումը: Օրենքի 6-րդ եւ 7-րդ հոդվածներում, որոնք վերաբերում են գնումներին մասնակցելու իրավունքին, որակավորման չափանիշներին եւ հավասարությանը, «գնումների գործընթացին մասնակցող» անձանց մասին նշում կատարելիս նկատի են ունեցվում պայմանագիր կնքելու նպատակով գնումների գործընթացին մասնակցող անձինք: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք խմբագրել Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի նոր խմբագրությամբ շարադրվող 4-րդ կետ ի «բ» ենթակետի կարգավորումը՝ հստակ նախատեսելով պայմանագրերի կատարման եւ կառավարման նկատմամբ հանրային հսկողություն իրականացնելու իրավունք ունեցող սուբյեկտների ներգրավվածության ձեւը, ինչպես նաեւ դեպքերը, երբ այդ սուբյեկտները կարող են ներգրավված լինել:

Եզրակացության սույն ենթակետում կատարված դիտարկումները վերաբերում են նաեւ Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի նոր խմբագրությամբ շարադրվող 4-րդ կետ ի մյուս ենթակետերում կիրառվող «գործընթացին մասնակցել» ձեւակերպումներին: Առաջարկում ենք նոր խմբագրությամբ շարադրված կետի բոլոր ենթակետերում «գործընթացը» բառն իր հոլովաձեւերով, որտեղ գործածվում է «հանրային հսկողության իրականացման գործընթացի» իմաստով՝ փոխարինել այնպիսի համապատասխան ձեւակերպումներով, որպեսզի ապահովվի նորմի հս տ ակությունը եւ իրավակիրառ պրակտիկայում չառաջա նա իրավական շփոթ, մասնավորապե ս՝ քննարկվող գործընթացը չնույնացվի գնման գործընթացի հետ:

Միաժամանակ հարկ է նկատել, որ «Զանգվածային լրատվության մասին» օրենքով, մասնավորապես 3-րդ հոդվածով սահմանված է «զանգվածային լրատվության միջոցի» հասկացությունը, ըստ որի՝ դա լրատվություն իրականացնելու միջոց է, որը բաժանորդագրությամբ կամ առանց դրա, վճարովի կամ անվճար հիմունքներով տարածվում է որոշակի խումբ աղբյուրներով, ինչպես նաեւ լրատվության միջոց են լրատվական գործակալության եւ նմանատիպ բնույթի այլ կազմակերպությունների պարբերական հաղորդումները : Այսինքն, որպես հանրային հսկողություն իրականացնող սուբյեկտ զանգվածային լրատվության միջոցը չի կարող նախատեսվել : Կարծում ենք ՝ նշված դեպքում խոսքը վերաբերում է «լրատվական գործունեության իրականացնողին », այսինքն իրավաբանական կամ ֆիզիկական անձ ին , այդ թվում անհատ ձեռնարկատ իրոջը , որն իր անունից տարածում է լրատվության միջոցը:

1.4. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի նոր խմբագրությամբ շարադրվող 4-րդ կետ ի «գ» ենթակետի համաձայն՝ « (…)կարգը նախատեսում է կարգավորումներ նաեւ պայմանագրերի կատարման եւ կառավարման շրջանակում հանրային հսկողության իրականացման հնարավորության ապահովման եւ դրա կիրառման գործընթացի վերաբերյալ , հաշվի առնելով, որ՝

գ. գործընթացին մասնակցելու պայմանները եւ դիմելու ժամկետները սահմանվում են կնքված պայմանագրի մասին հայտարարությամբ, նկատի ունենալով, որ դիմելու ժամկետը չի կարող պակաս լինել երեք օրացուցային օրից.» :

Մեջբերված կարգավորման վերլուծությունից բխում է, որ հայտարարությամբ կարող է սահմանվել « գործընթացին մասնակցելու պայմանները եւ դիմելու ժամկետները», մինչդեռ կարծում ենք, հայտարարությամբ պետք է նշում կատարվի սահմանված պայմանների եւ դիմելու ժամկետների մասին: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք խմբագրել քննարկվող կարգավորումը:

Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի նոր խմբագրությամբ շարադրվող 4-րդ կետ ի «գ» ենթակետի կապակցությամբ հարկ է նկատել նաեւ, որ կնքված պայմանագրի մասին հայտարարության մեջ պարունակող տեղեկությունները սահմանված են Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով, մինչդեռ նշված տեղեկությունների շարքում նախատեսված չէ հանրային հսկողության գործընթացին մասնակցելու պայմաններին եւ դիմելու ժամկետներին վերաբերող տեղեկատվությունը: Հաշվի առնելով վերոնշյալն՝ առաջարկում ենք Նախագծով համապատասխան լրացում կատարել նաեւ Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասում:

1.5. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի նոր խմբագրությամբ շարադրվող 4-րդ կետ ի «դ» ենթակետի համաձայն՝ « (…)կարգը նախատեսում է կարգավորումներ նաեւ պայմանագրերի կատարման եւ կառավարման շրջանակում հանրային հսկողության իրականացման հնարավորության ապահովման եւ դրա կիրառման գործընթացի վերաբերյալ , հաշվի առնելով, որ՝

դ. անձը (ներկայացուցիչը) չի կարող մասնակցել գործընթացին , եթե պայմանագրի կողմ է հանդիսանում վերջինիս կամ իրեն մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձի (ծնող, ամուսին, երեխա, եղբայր, քույր, ինչպես նաեւ ամուսնու ծնող, երեխա, եղբայր կամ քույր) կողմից հիմնադրված կամ բաժնեմաս (փայաբաժին) ունեցող կազմակերպությունը: Անձը (ներկայացուցիչը) ստորագրում է շահերի բախման բացակայության մասին հայտարարություն, որը պատվիրատուի կողմից հրապարակվում է տեղեկագրում.» :

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ, նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ: Հիմք ընդունելով նշվածը՝ առաջարկում ենք խմբագրել Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի նոր խմբագրությամբ շարադրվող 4-րդ կետ ի «դ» ենթակետում « անձը (ներկայացուցիչը)» ձեւակերպումը պարունակող հատվածները: Միաժամանակ անհրաժեշտ է Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի նոր խմբագրությամբ շարադրվող 4-րդ կետ ի «դ» ենթակետին հաջորդող ենթակետերում անձի մասին նշում կատարելիս կիրառել սահմանված եզրույթը:

Հարկ է նկատել նաեւ, որ Օր ենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի համաձայն՝ «1. Սույն օրենքի նպատակի եւ պահանջների կատարման ապահովման համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է`

(…)

12) սույն օրենքով նախատեսված փոխկապակցված անձանց հասկացությունը եւ այդ անձանց կողմից գնման ընթացակարգերին մասնակցության սահմանափակման դեպքերը .»:

Կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին Հավելվածով նշված կարգի 1-ին կետի համաձայն՝

«1. Սույն կարգով կարգավորվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված` գնումների պլանավորման, (…) կապված հարաբերությունները, սահմանվում է «փոխկապակցված անձինք» հասկացությունը , փոխկապակցված անձանց կողմից գնման ընթացակարգերին մասնակցության սահմանափակման դեպքերը, (…):

«Փոխկապակցված անձինք» հասկացությունը եւ վերջինիս վերաբերող կարգավորումները սահմանված են նույն կարգի 119-րդ եւ 120-րդ կետերով: Այսինքն, Օրենքով սահմանված «փոխկապակցված անձանց» հասկացությունը եւ այդ անձանց կողմից մասնակցության սահմանափակման հարաբերությունները պետք է դիտարկել վերոնշյալ կարգով սահմանված կարգավորումների համատեքստում: Հետեւաբար, հաշվի առնելով վերոնշյալը՝ նոր նախատեսված «դ» ենթակետում նշված անձանց թվարկման անհրաժեշտությունը, կարծում ենք, բացակայում է: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք խմբագրել Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի նոր խմբագրությամբ շարադրվող 4-րդ կետ ի «դ» ենթակետով նախատեսված կարգավորումը:

1.6. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի նոր խմբագրությամբ շարադրվող 4-րդ կետ ի «ե» ենթակետի համաձայն՝ « (…)կարգը նախատեսում է կարգավորումներ նաեւ պայմանագրերի կատարման եւ կառավարման շրջանակում հանրային հսկողության իրականացման հնարավորության ապահովման եւ դրա կիրառման գործընթացի վերաբերյալ , հաշվի առնելով, որ՝

ե. գործընթացի շրջանակում անձը գործում է պատվիրատուի` պայմանագրի կատարման եւ կառավարման գործառույթն իրականացնող միավորի անունից, վերջինիս հետ համատեղ , պայմանով, որանձի ներկայացրած դիրքորոշումը կրում է խորհրդատվական բնույթ : Պատվիրատուն ստացված դիրքորոշումները պարտադիր կարգով քննարկում է` գործընթացին մասնակից դարձնելով նաեւ պայմանագրի կողմին: Քննարկման ամփոփաթերթը հրապարակվում է տեղեկագրում: Եթե դիրքորոշում չի ներկայացվում, ապա դրա մասին պայմանագրի կատարման արդյունքի ընդունումը հիմնավորող փաստաթղթում կատարվում է համապատասխան նշում.» :

Հարկ է նկատել, որ Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորվում է պայմանագրերի կատարման եւ կառավարման գործընթացներում հակակշիռների ու զսպումների համարժեք մեխանիզմի միջոցով հանրային հսկողության թափանցիկ եւ հրապարակային համակարգ ներդնելու անհրաժեշտությամբ: Ուստի, հիմք ընդունելով վերոգրյալը, կարծում ենք լրացուցիչ հիմնավորման եւ հստակեցման կարիք ունի «գործընթացի շրջանակում անձը գործում է պատվիրատուի ` պայմանագրի կատարման եւ կառավարման գործառույթն իրականացնող միավորի անունից , վերջինիս հետ համատեղ , պայմանով, որ անձի ներկայացրած դիրքորոշումը կրում է խորհրդատվական բնույթ » ձեւակերպումը:

1.7. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի նոր խմբագրությամբ շարադրվող 4-րդ կետ ի «ե» ենթակետի համաձայն՝ « (…)կարգը նախատեսում է կարգավորումներ նաեւ պայմանագրերի կատարման եւ կառավարման շրջանակում հանրային հսկողության իրականացման հնարավորության ապահովման եւ դրա կիրառման գործընթացի վերաբերյալ , հաշվի առնելով, որ՝

զ. եթե միեւնույն պայմանագրի շրջանակում անձի ներկայացրած դիրքորոշումը առնվազն երկու անգամ չի հիմնավորվում , ապա վերջինս զրկվում է տվյալ պայմանագրի շրջանակում հանրային հսկողություն իրականացնելու լիազորություներից, ինչի մասին պատվիրատուն տեղեկագրում հրապարակում է հայտարարություն.» :

Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի նոր խմբագրությամբ շարադրվող 4-րդ կետ ի «ե» ենթակետում նշում է կատարվում դիրքորոշման հիմնավորման վերաբերյալ, որի բացակայության դեպքում այն ներկայացրած սուբյեկտը զրկվում է կոնկրետ պայմանագրի շրջանակում հանրային հսկողություն իրականացնելու լիազորություներից: Հարկ է նկատել, որ դիրքորոշմամբ ներկայացվելիք տեղեկատվության, ինչպես նաեւ դրանում առկա եզրահանգումների հիմնավորման վերաբերյալ կարգավորումները բացակայում են, որոնց առկայության դեպքում միայն քննարկվող կարգավորման հասեցեատերերը կարող են դրսեւորել համապատասխան վարքագիծ:

2. Նախագծի վերնագրից առաջարկում ենք հանել երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը՝ օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը:

3. Նախագծով կատարվող փոփոխության վերաբերյալ հարկ ենք համարում նշել, որ «Գնումների մասին» օրենքում սահմանված չեն «հանրային հսկողության իրականացում» եւ «հանրային հսկողության իրականացման գործընթաց» ձեւակերպումների հասկացությունները: Հետեւաբար, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ» , առաջարկում ենք Օրենքում սահմանել «հանրային հսկողության իրականացում» եւ «հանրային հսկողության իրականացման գործընթաց» հասկացությունները:

4. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի համաձայն՝ «1. Նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանցում սահմանված ժամկետներում, սակայն ոչ շուտ, քան դրանց պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից , բացառությամբ այն դեպքերի, երբ օրենքով սահմանված է, որ տվյալ նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո՝ անմիջապես:

2. Նորմատիվ իրավական ակտն ընդունելու իրավասություն ունեցող մարմինը պարտավոր է նախատեսել նորմատիվ իրավական ակտի ուժիմեջմտնելու ավելի ուշ ողջամիտ ժամկետ , բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված նորմատիվ իրավական ակտերի, եթե ակտով սահմանվում են այնպիսի իրավակարգավորումներ, որոնց համար անհրաժեշտ է հիմնավոր ժամանակահատված, որը հնարավորություն կտա հասցեատիրոջը իր վարքագիծը համապատասխանեցնելու սահմանված պահանջներին , կամ սահմանված իրավակարգավորումները վատթարացնում են անձի իրավական վիճակը:(…)»:

Միաժամանակ հարկ է նկատել, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաեւ`

1) օրենսդրական ակտի այն մասերը, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից.

2) ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը:

5. Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասում նախատեսվում է հետեւյալ կարգավորումը. «Սույն օրենքի պահանջները չեն տարածվում մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը սկսած եւ չդադարած, ինչպես նաեւ կնքված եւ գործող գնման գործարքների վրա, իսկ դրանց հետ կապված հարաբերությունները կարգավորվում են այդ գործարքների կնքման պահին գործող իրավական ակտերով»:

Հարկ է նկատել, որ « Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո գործող հարաբերությունների վրա, եթե այլ բան նախատեսված չէ Սահմանադրությամբ, օրենքով կամ տվյալ նորմատիվ իրավական ակտով: Միաժամանակ նախատեսված կարգավորումը պետք է դիտարկել նաեւ սույն եզրակացության նախորդ կետում մեջբերված կարգավորումների համատեքստում, մասնավորապես՝ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ Նախագծի քննարկվող խմբագրության դեպքում համապատասխան կարգավորումները կարող են գործել միայն ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից:

Առաջարկում ենք նաեւ Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասը՝ ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները՝ որոշակի հերթականությամբ», շարադրել հետեւյալ ձեւակերպմամբ.

«Սույն օրենքի պահանջները չեն տարածվում մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը սկսած եւ չավարտված գնման գործընթացների, ինչպես նաեւ կնքված եւ գործող գնման պայմանագրերի վրա:»:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ անհրաժեշտ է ապահովելՆախագծով նախատեսվող կարգավորումների համապատասխանությունը Սահմանադրության 39-րդ եւ 79-րդ հոդվածների պահանջներին:

Միաժամանակ անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծի համապատասխանությունը «Գնումների մասին»եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքներին:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ


Կատարողներ` Գ. Մամյան (հեռ.
՝ 011-513-361), (108),

Մ. Մնացականյան (հեռ. ՝ 011-513-248), (118)

1 4.0 9 .2020 թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ


Կատարողներ` Գ. Մամյան (հեռ.
՝ 011-513-361), (108) ,

Մ. Մնացականյան (հեռ. ՝ 011-513-248), (118)

1 4.0 9 .2020 թ.




ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ -71 3 - 24 .0 8 .2020- ՏՀ -011/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Լ. Մակունցի եւ Գ. Պապոյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը ( այսուհետ ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:

Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագծի ընդունումը կնպաստի պետական գնումների վերաբերյալ պայմանագրերի կատարման եւ կառավարման գործընթացներում հանրային հսկողության մեխանիզմների ներդրմանը:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                      ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ


Կատարող՝ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603)

10.09.2020թ.



ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

« Գնումների մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին » օրենքի նախագծի ( փաստաթղթային կոդ ` Պ -713-24.08.2020- ՏՀ -011/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Լիլիթ Մակունցի եւ Գեւորգ Պապոյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:

Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագիծը սոցիլական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագծի ընդունմամբ գնումների գործընթացը պայմանգրերի կնքման ժամանակ կարող էդառնալ էլ ավելի հրապարակային եւ թափանցիկ:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ,ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ


Կատարող՝ Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-339), (ներքին համար 339)

09.09.2020թ.