ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովի պատգամավոր Միքայել Մելքումյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացվել է «Ներդրումային ծրագրերի պետական աջակցության (մեկ պատուհանի) մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Պ-733-15.09.2020-ՏՀ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ): Նախագծի նպատակն է Հայաստանի Հանրապետությունում ներդրումային ծրագրերի իրական պետական աջակցության ապահովման  մեկ պատուհանի սկզբունքի կիրառումը, ներդրողների, պետական կառավարման տարբեր մարմինների եւ տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ պատշաճ իրավապայմանագրային հարաբերությունների ձեւավորումը, ինչպես նաեւ կնքված եռակողմ պայմանագրի շրջանակներում կողմերի պատասխանատվության եւ ներդրումային ծրագրերի իրականացումն ապահովող երաշխիքների սահմանումը: 

 Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում են մասնագիտական փորձաքննության եզրակացությունները, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 

 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

          ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                         ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 
 

06.10.2020թ.
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ներդրումային ծրագրերի պետական աջակցության (մեկ պատուհանի) մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-733-15.09.2020-ՏՀ-011/0) վերաբերյալ


Ազգային ժողովի պատգամավոր Միքայել Մելքումյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ներդրումային ծրագրերի պետական աջակցության (մեկ պատուհանի) մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.  Նախագծի 1-ին հոդվածի վերնագրից առաջարկում ենք հանել «սույն» բառը` վերնագիրը ձեւակերպելով հետեւյալ կերպ «Օրենքի կարգավորման առարկան»: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ Նախագծի 2-րդ հոդվածի վերնագրին:

2. Նախագծի 1-ին հոդվածի համաձայն՝ «Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում  ներդրողների, պետական կառավարման մարմինների եւ տեղական ինքնակառավարման մարմինների արդյունավետ փոխգործակցության համար անհրաժեշտ իրավական, կազմակերպական  հիմքերը եւ ուղղված է ներդրումային ծրագրերի իրականացման խթանմանը»: 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «1. Նորմատիվ իրավական ակտը կարող է պարունակել նախաբան, որը սահմանում է իրավական ակտի ընդունման նպատակներն ու պատճառները: Նախաբանը չի շարադրվում առանձին հոդվածով, չի համարակալվում եւ չի բաժանվում հոդվածների (կետերի): Նախաբանով չեն սահմանվում նորմատիվ դրույթներ»:

Վերոգրյալից բացի՝ հարկ է արձանագրել, որ օրենքի կարգավորման առարկայով սահմանվում են այն հարաբերությունները, որոնք ենթակա են կարգավորման տվյալ օրենքի շրջանակներում: Հետեւաբար «ուղղված է ներդրումային ծրագրերի իրականացման խթանմանը» ձեւակերպումը, կարծում ենք, օրենքի կարգավորման առարկայի շրջանակից դուրս է եւ կարող է շարադրվել նախաբանի տեսքով:

3. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է. «Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հասկացությունները.»: Ուստի այն առաջարկում ենք համարակալել` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը, որի համաձայն. «Օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: (…)»: 

Միեւնույն ժամանակ անհրաժեշտ է ընդգծել, որ Նախագծի 2-րդ հոդվածի վերնագրից բխում է, որ այդ հոդվածով նախատեսված են հիմնական հասկացությունները, ուստի Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի «հետեւյալ» բառից հետո առաջարկում ենք լրացնել «հիմնական» բառով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը, որի համաձայն. «Նորմատիվ իրավական ակտը ունենում է վերնագիր, որը համապատասխանում է նորմատիվ իրավական ակտի բովանդակությանը»:

4.  Նախագծի վերնագրի եւ կից ներկայացված հիմնավորման համաձայն՝ Նախագծի նպատակներից մեկը հանդիսանում է ներդրումային ծրագրերի պետական աջակցության ապահովումը՝ մեկ պատուհանի սկզբունքի կիրառմամբ: Մինչդեռ Նախագծում սահմանված չեն նշված ոլորտում «ներդրումային ծրագրերի պետական աջակցություն» եւ «մեկ պատուհանի սկզբունք» եզրույթների հասկացությունները, որոնք թույլ կտան հասկանալու Նախագծի կարգավորման առարկան: Այս առումով, կարծում ենք, Նախագծով պետք է հստակ սահմանվեն նաեւ ներդրումային ծրագրերի պետական աջակցության ուղղությունները, դրա իրականացման ձեւերը, մեխանիզմները, ինչպես նաեւ հստակ պետք է սահմանվեն ծրագիրը ներդրումային համարելու այն չափորոշիչները:

5.  Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված է հետեւյալը. «ՀՀ ներդրող` ՀՀ քաղաքացի, իրավաբանական անձ, որը Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության ազգային դրամով, արտարժույթով, արժութային այլ տեսակներով, շարժական ու անշարժ գույքով, բաժնետոմսերով, պարտատոմսերով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ արժեթղթերով, մտավոր սեփականության իրավունքով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված ներդրումների ցանկացած տեսակով սույն օրենքով նախատեսված պայմանագրի (այսուհետ` նաեւ Պայմանագիր) կողմերի համար ընդունելի ժամանակահատվածում 2 միլիարդ Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող ներդրումային ծրագրի իրականացման հայտ է ներկայացրել»:

Մեջբերվածի կապակցությամբ նշենք հետեւալը.

1) ՀՀ ներդրող է համարվում այն անձը, որը ներդրումային ծրագրի իրականացման հայտ է ներկայացրել, մինչդեռ միայն ներդրումային ծրագրի իրականացման հայտի ներկայացումը կարծում ենք բավարար չէ ներդրող համարվելու համար, քանի որ կարծում ենք հիմքում պետք է դրվի համապատասխան ընթացակարգի ապահովմամբ հայտի բավարարումը: 

2) Հարկ է նկատել, որ Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում կիրառված «արժութային այլ տեսակներով» ձեւակերպումը բավարար չափով հստակ չէ, քանի որ պարզ չէ` արդյոք նկատի են ունեցել արժութային արժեքների այլ տեսակները, թե` ոչ: Նշվածի կապակցությամբ հարկ է մեջբերել Օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասը, որի համաձայն՝ «Արժութային արժեքներ համարվող գույքի տեսակները եւ դրանցով կնքվող գործարքների կարգը սահմանվում են արժութային կարգավորման ու արժութային վերահսկողության մասին օրենքով եւ դրան համապատասխան ընդունված այլ իրավական ակտերով»: 

«Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» օրենքի 3-րդ հոդվածով նախատեսված են արժութային արժեքներ համարվող գույքի տեսակներնը, այն է՝

«ա) Հայաստանի Հանրապետության արժույթը` Հայաստանի Հանրապետության դրամը,

բ) Հայաստանի Հանրապետության արժույթով արտահայտված վճարային արժեթղթերը,

գ) օտարերկրյա արժույթը (արտարժույթը),

դ) արտարժույթով արտահայտված վճարային արժեթղթերը,

ե) բանկային ոսկին,

զ) սույն մասում նշված արժութային արժեքներից բխող իրավունքներն ու պարտավորությունները, որոնք ունեն փողային արտահայտություն»:

Վերոգրյալի հաշվառմամբ «արժութային այլ տեսակներով» ձեւակերպումն առաջարկում ենք սահմանել բավարար հստակությամբ` պահպանելով իրավական որոշակիության սկզբունքի պահանջը, ինչպես նաեւ արժութային արժեքների այլ տեսակները նկատի ունենալու պարագայում քննարկվող ձեւակերպումը համապատասխանեցնել «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» օրենքին:

3) Հարկ է նկատել, որ Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի տրամաբանության համատեքստում «ՀՀ ներդրող» է դիտարկվում քննարկվող կետով կանխորոշված սուբյեկտների շրջանակը միայն 2 միլիարդ Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող ներդրումային ծրագրի իրականացման հայտ ներկայացնելու պարագայում:

Միաժամանակ հարկ է արձանագրել, որ Նախագծին կից ներկայացված հիմնավորումից պարզ չէ` ինչ չափորոշիչների հաշվառմամբ է սահմանվել տվյալ գումարային շեմը: Այս պարագայում կարող է գումարային նման շեմի սահմանումը խնդրահարույց լինել 2 միլիարդ դրամը չգերազանցող ներդրումային այնպիսի ծրագրերի առկայության համատեքստում, որոնք եւս առաջնային են, օրինակ` պայմանավորված կոնկրետ ոլորտում ներդրում կատարելու անհրաժեշտությամբ եւ այդ պարագայում եւս նկատելի է պետական աջակցության անհրաժեշտություն: Ուստի, կարծում ենք, վերոգրյալի հաշվառմամբ գումարային շեմի սահմանումը լրացուցիչ հիմնավորման կարիք ունի:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին:

4) «ՀՀ ներդրող» բառերը առաջարկում ենք փոխարինել «Հայաստանի Հանրապետության ներդրող» բառերով, «ՀՀ քաղաքացի» բառերը` «Հայաստանի Հանրապետության քաղաքացի բառերով»` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասը. «Արգելվում են նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ»:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 1-ին հոդվածի մյուս մասերում, 2-րդ, 3-րդ, 5-րդ հոդվածներում կիրառվող հապավումներին:

6.   Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված է հետեւյալը. «պայմանագիր` մեկ պատուհանի սկզբունքով ներդրումային ծրագրերի պետական աջակցության իրականացման նպատակով կնքվող «ներդրող-պետական կառավարման մարմին-տեղական ինքնակառավարման մարմին» պայմանագիր, որն ուղղված է սույն օրենքով սահմանված չափորոշիչներին բավարարող ներդրումային ծրագրի իրականացման ողջ շղթայի ընթացքում ներդրողի, պետական կառավարման մարմինների եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից պայմանագրով սահմանված իրավունքների եւ պարտականությունների կատարման ապահովմանը (հողի նպատակային նշանակության փոփոխություն, շինարարության թույլտվություն, նախագծային փաստաթղթերի հաստատում, անշարժ գույքի, արժեթղթերի եւ պարտատոմսերի ձեռքբերում, նոր կազմակերպության ստեղծում, գործող կազմակերպության վերակազմակերպում, լիցենզավորում եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ներդրումային ծրագրի իրականացման գործընթացներում անհրաժեշտ այլ գործողություններ)»:

1) Հարկ է նկատել, որ «պայմանագիր» հասկացության սահմանումը նպատակահարմար կլինի համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին, համաձայն, որի. «Սահմանումները պետք է լինեն այնպիսին, որ ապահովեն դրանց միատեսակ ու միանշանակ ընկալումն ու կիրառումը»: Այսպիսով, առաջարկում ենք պայմանագրային կարգավորման ենթակա հարցերի շրջանակը` «(հողի նպատակային նշանակության փոփոխություն, շինարարության թույլտվություն, նախագծային փաստաթղթերի հաստատում, անշարժ գույքի, արժեթղթերի եւ պարտատոմսերի ձեռքբերում, նոր կազմակերպության ստեղծում, գործող կազմակերպության վերակազմակերպում, լիցենզավորում եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ներդրումային ծրագրի իրականացման գործընթացներում անհրաժեշտ այլ գործողություններ)», հանել «պայմանագիր» հասկացության սահմանումից:

2) «արժեթղթերի եւ պարտատոմսերի ձեռքբերում» ձեւակերպման կապակցությամբ հարկ է մեջբերել Օրենսգրքի 153-րդ հոդվածի 1-ին մասը, որի համաձայն. «Արժեթղթերի թվին են դասվում` պարտատոմսը, չեկը, հասարակ մուրհակը, փոխանցելի մուրհակը (վճարագիրը), բաժնետոմսը, կոնոսամենտը, բանկային վկայագիրը (բանկային գրքույկ, բանկային սերտիֆիկատ), երկակի պահեստային վկայագիրը, հասարակ պահեստային վկայագիրը, ներդրումային ֆոնդի փայը եւ այլ փաստաթղթեր, որոնք արժեթղթերի մասին օրենքներով դասվում են արժեթղթերի թվին»: Մեջբերված նորմի վերլուծությունից բխում է, որ պարտատոմսը դասվում է արժեթղթերի թվին, ուստի քննարկվող ձեւակերպումն անհրաժեշտ է համապատասխանեցնել Օրենսգրքի 153-րդ հոդվածի 1-ին մասի տրամաբանությանը:

Նշված դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 4-րդ հոդվածին:

3) «ողջ շղթայի ընթացքում» ձեւակերպումն անորոշ է, ուստի առաջարկում ենք ձեւակերպել բավարար հստակությամբ` համապատասխանեցնելով իրավական որոշակիության սկզբունքին:

7.  Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Մեկ պատուհանի սկզբունքով` ներդրումային ծրագրի պետական աջակցության իրականացման նպատակով կնքվող «ներդրող - պետական կառավարման մարմին - տեղական ինքնակառավարման մարմին» (այսուհետ` նաեւ Կողմեր) պայմանագիր: Պայմանագրի կնքման հիմքը սույն օրենքով սահմանված ներդրումային ծրագիրն է»:

Մեջբերվածի կապակցությամբ նշենք հետեւյալը.

1) Հարկ է նկատել, որ Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով արդեն իսկ տրված է պայմանագրի հասկացությունը, ուստի նպատակահարմար չէ նույն սահմանումը կատարել նաեւ առանձին հոդվածով: Ուստի անհրաժեշտ է բացառել անհիմն կրկնությունը` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասը, որի համաձայն. «Նորմատիվ իրավական ակտերում բացառվում են իրավական նորմերի անհիմն կրկնությունները եւ ներքին հակասությունները»:

«Պայմանագրի կնքման հիմքը սույն օրենքով սահմանված ներդրումային ծրագիրն է:» նախադասությունը առաջարկում ենք լրացնել բովանդակությամբ համասեռ Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում` «պայմանագիր» հասկացությունը ձեւակերպելիս:

2) Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Պայմանագրի օրինակելի ձեւը հաստատում է ՀՀ Կառավարությունը»: 

Մեջբերվածի կապակցությամբ նշենք հետեւյալը.

2.1) Պայմանագրի օրինակելի ձեւը հաստատելու վերաբերյալ Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասը բովանդակությամբ համասեռ է Նախագծի «Ներդրումային ծրագրի իրագործման նպատակով կնքվող պայմանագրի ձեւը, կարգն ու ժամկետները» վերտառությամբ 5-րդ հոդվածին, ուստի հաշվի առնելով «Նորմատին իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը, այն է. «Նորմատիվ իրավական ակտը ունենում է վերնագիր, որը համապատասխանում է նորմատիվ իրավական ակտի բովանդակությանը», առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասը ներառել քննարկվող հոդվածում:

Միաժամանակ առաջարկում ենք Նախագծի 5-րդ հոդվածի վերնագրի «ձեւը,» բառից եւ կետադրական նշանից հետո լրացնել «կնքման» բառով` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծի 5-րդ հոդվածով սահմանված է պայմանագրի կնքման կարգը:

2.2) «ՀՀ Կառավարությունը» բառերը առաջարկում ենք փոխարինել «Կառավարությունը» բառով` հիմք ընդունելով 2015 թվականի խմբագրությամբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ կիրառվող ձեւակերպումը:

Նշված դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի մյուս հոդվածներում տարբեր հոլովաձեւերով կիրառվող «ՀՀ Կառավարություն» բառերին:

2.3) «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն. «Եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաեւ`

1) օրենսդրական ակտի այն մասերը, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից,

2) ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը»:

Վերոգրյալի հաշվառմամբ հարկ է նկատել, որ պայմանագրի օրինակելի ձեւը Կառավարության կողմից հաստատելու հանգամանքով պայմանավորված` ենթաօրենսդրական նորմատիվ ակտի ընդունման անհրաժեշտություն է առաջ գալիս, որի պարագայում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված տվյալները Նախագծի անցումային դրույթներում պետք է նախատեսվեն:

8. Նախագծի 4-րդ հոդվածի համաձայն՝ «Պայմանագրի առարկան Կառավարության կողմից սահմանված չափորոշիչներին բավարարող ներդրումային ծրագրի իրականացման ողջ շղթայի ընթացքում ներդրողի, պետական կառավարման մարմինների եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ներդրումային ծրագրի իրագործմանն ուղղված իրավունքներն ու պարտականություններն են (հողի նպատակային նշանակության փոփոխություն, շինարարության թույլտվություն, նախագծային փաստաթղթերի հաստատում, անշարժ գույքի, արժեթղթերի եւ պարտատոմսերի ձեռքբերում, նոր կազմակերպության ստեղծում, գործող կազմակերպության վերակազմակերպում, լիցենզավորում եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ներդրումային ծրագրի իրականացման գործընթացներում անհրաժեշտ այլ գործողություններ)»:

Մեջբերվածի կապակցությամբ նշենք հետեւյալը. 

Օրենսգրքի 448-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Պայմանագիրը համարվում է կնքված, եթե կողմերի միջեւ պահանջվող ձեւով համաձայնություն է ձեռք բերվել պայմանագրի բոլոր էական պայմանների վերաբերյալ:

Էական են համարվում պայմանագրի առարկայի մասին պայմանները, օրենքում կամ այլ իրավական ակտերում որպես էական նշված կամ պայմանագրի տվյալ տեսակի համար անհրաժեշտ պայմանները, ինչպես նաեւ այն բոլոր պայմանները, որոնց վերաբերյալ կողմերից մեկի հայտարարությամբ պետք է համաձայնություն ձեռք բերվի»:

Նշվածի համատեքստում առաջարկում ենք պայմանագրի առարկան ձեւակերպել բավարար հստակությամբ՝ պայմանագրի առարկան տարանջատելով կողմերի իրավունքներից եւ պարտականություններից:

9.  Նախագծի 5-րդ եւ 6-րդ հոդվածների վերնագրերում նշված է «Ներդրումային ծրագրի իրագործման նպատակով կնքվող պայմանագիր» ձեւակերպումը, մինչդեռ Նախագծում, մասնավորապես 3-րդ եւ 4-րդ հոդվածների վերնագրերում նախատեսված է «Ներդրումային ծրագրի իրականացման նպատակով կնքվող պայմանագիր» ձեւակերպումը: Ելնելով նշվածից եւ ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով՝ առաջարկում ենք սահմանել միեւնույն ձեւակերպումները: 

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ անհրաժեշտ է ապահովել Նախագծի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին, «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքներին, ինչպես նաեւ իրավական որոշակիության սկզբունքին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                   ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 
 

Կատարողներ` Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248),

Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361)

06.10.2020թ.
 

ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին


Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                   ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 
 

Կատարողներ` Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248),

Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361)

06.10.2020թ.
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ներդրումային ծրագրերի պետական աջակցության (մեկ պատուհանի) մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-733-15.09.2020-ՏՀ-011/0) վերաբերյալ

           
Ազգային ժողովի պատգամավոր Մ. Մելքումյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ներդրումային ծրագրերի պետական աջակցության (մեկ պատուհանի) մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում: 

Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

1.    Նախագծով սահմանվում են ՀՀ ներդրող եւ օտարերկրյա ներդրող հանդիսանալու չափանիշները, որոնց բավարարման դեպքում հնարավորություն կլինի օգտվել Նախագծով նախատեսվող աջակցությունից։ ՀՀ ներդրողների համար որպես պայման է սահմանվում 2 միլիարդ, իսկ օտարերկրյա ներդրողների համար՝ 7 միլիարդ ՀՀ դրամը գերազանցող ներդրումային ծրագրի իրականացման հայտի ներկայացումը։ Կարծում ենք, եթե նպատակը ներդրումային գրավչության բարձրացումն ու ներդրումային հոսքերի ներգրավումն է, ապա նման տարբերակված չափանիշների սահմանումը հիմնավորված չէ, առավել եւս, որ «Օտարերկրյա ներդրումների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ օտարերկրյա ներդրումների եւ դրանց հետ կապված իրավական ռեժիմը Հայաստանի Հանրապետությունում չի կարող նվազ բարենպաստ լինել, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, ձեռնարկությունների, հիմնարկների եւ կազմակերպությունների գույքի, գույքային իրավունքների եւ ներդրման գործունեության ռեժիմը: Այս կապակցությամբ առաջարկում ենք ինչպես հայրենական, այնպես էլ օտարերկրյա ներդրողների համար սահմանել միեւնույն չափանիշները եւ պայմանները:

2.    Սույն Նախագծի տեսանկյունից ՀՀ ներդրող եւ օտարերկրյա ներդրող հանդիսանալու համար միայն ներդրումային ծրագրի ֆինանսական արժեքի կիրառումը, կարծում ենք, բավարար չէ, քանի որ ոչ պակաս կարեւոր նշանակություն կարող է ունենալ նաեւ ներդրումային ծրագրի իրականացման ժամանակահատվածը, ակնկալվող արդյունքները, ծրագրի տնտեսական, ճյուղային կամ սոցիալական ուղղվածությունը եւ այլն։ Այլ կերպ ասած, նշված ուղղություններով իրականացվող ներդրումային ծրագրերը, որոնց արժեքը ցածր կլինի Նախագծով սահմանվածից, ըստ էության, պետական աջակցության ակնկալիք չեն կարող ունենալ, թեեւ ակնհայտ կարող են լինել դրանց օգտակարությունը եւ արդյունավետությունը։ 

3.    Պետական կառավարման մարմինների եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից Նախագծով ենթադրվող գործողությունները, իսկ ավելի ճիշտ՝ լիազորությունները (հողի նպատակային նշանակության փոփոխություն, շինարարության թույլտվություն, նախագծային փաստաթղթերի հաստատում, անշարժ գույքի, արժեթղթերի եւ պարտատոմսերի ձեռքբերում, նոր կազմակերպության ստեղծում, գործող կազմակերպության վերակազմակերպում, լիցենզավորում եւ այլն) արդեն իսկ տարբեր օրենքներով սահմանված են համապատասխան լիազորված մարմինների համար, ուստի դրանց կրկնությունը ներդրումների իրականացման առումով կնքվելիք պայմանագրերում, ըստ էության, ներդրողների համար որեւէ նոր երաշխիք չեն կարող հանդիսանալ: 

Եզրահանգում

Չնայած Նախագծի նպատակը Հայաստանի Հանրապետության տարածքում  ներդրողների, պետական կառավարման մարմինների եւ տեղական ինքնակառավարման մարմինների արդյունավետ փոխգործակցության համար անհրաժեշտ իրավական, կազմակերպական հիմքերի սահմանումն է եւ ուղղված է ներդրումային ծրագրերի իրականացման խթանմանը, այդուհանդերձ, բացակայում են տվյալ խնդիրների լուծման գործուն մեխանիզմները, ինչի պարագայում Նախագծով դրված նպատակների ձեռք բերման հնարավորությունը դառնում է խնդրահարույց:

Նախագիծը, դրա կողմից հետապնդվող խնդիրների գործնական լուծման տեսանկյունից լրամշակման կարիք է զգում: 
 
 

 ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

 ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

 ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                     ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 
 

 Կատարող՝    Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603)

03.10.2020թ.

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ներդրումային ծրագրերի պետական աջակցության (մեկ պատուհանի) մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-733-15.09.2020-ՏՀ-011/0) վերաբերյալ

 Ազգային ժողովի պատգամավոր Միքայել Մելքումյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ներդրումային ծրագրերի պետական աջակցության (մեկ պատուհանի) մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:

Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագիծը սոցիալական բնույթի հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ,ԿՐԹԱԿԱՆ, 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 
 

Կատարող`  Ս. Համբարձումյան (հեռ.՝ 011-513-360)

30.09.2020թ.