ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացվել է ««Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ նաեւ՝ Նախագիծ): Նախագծով նախատեսվում է «Զենքի մասին» օրենքի 5-րդ հոդվածում լրացնել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հարկային եւ մաքսային մարմիններին՝ նախատեսելով վերջիններիս մարտական զենք օգտագործելու իրավասություն: Նախագծին կից ներկացված հիմնավորմամբ լրացման անհրաժեշտությունը բխում է նշված մարմինների կողմից օպերատիվ-ծառայողական խնդիրների լուծման, մաքսանենգության եւ այլ ապօրինի գործողությունների եւ օրենսդրության խախտումների բացահայտման եւ կանխման, դրանց հետ կապված Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կանոնադրական այլ` քննչական, հետաքննչական, օպերատիվ ու դրանցից բխող այլ գործառույթների իրականացման անհրաժեշտությունից:

Նախագիծը մասնագիտական  փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում են մասնագիտական փորձաքննության եզրակացությունները, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին տեղեկանքը:
 
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ  ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

         ՎԱՐՉՈՒԹՅԱՆ  ՊԵՏԻ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                             ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ 
 

19.10.2020թ.
 


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-748-29.09.2020-ՊԱ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հարկային եւ մաքսային մարմիններին վերապահել մարտական զենք օգտագործելու իրավասություն: Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ սույն լրացման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հարկային եւ մաքսային մարմինների կողմից մաքսանենգության եւ այլ հանցագործությունների խափանման ու բացահայտման ժամանակ մարտական զենք կիրառելու անհրաժեշտությունից: Հարկ է նկատել, որ «Մաքսային ծառայության մասին» օրենքի 29-րդ հոդվածում եւ «Հարկային ծառայության մասին» օրենքի 33-րդ հոդվածում նշված են, թե որ բացառիկ դեպքերում կարող են հարկային եւ մաքսային ծառայողների կողմից զենք գործադրվել: Այսպես՝ «Մաքսային ծառայության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Զենք կրելու, պահելու եւ օգտագործելու իրավունք ունեցող մաքսային մարմնի հանրային ծառայողներն իրավունք ունեն դա գործադրել` 1) իրենց եւ (կամ) այլ անձանց վրա կատարված հարձակումը կանխելու համար, կամ եթե առկա է նրանց կյանքին կամ առողջությանն սպառնացող իրական վտանգ. 2) զենքի կամ հատուկ միջոցների հափշտակման փորձը կանխելու համար»: 

«Հարկային ծառայության մասին» օրենքի 33-րդ հոդվածի համաձայն՝ «Զենք կրելու իրավունք ունեցող հարկային մարմնի հանրային ծառայողն իրավունք ունի դա գործադրել` 1) իր կամ այլ անձի վրա զինված հարձակումը կանխելու համար, եթե առկա է նրանց կյանքին կամ առողջությանն սպառնացող իրական վտանգ. 2) զենքի հափշտակման փորձը կանխելու համար»: Այսինքն՝ գործող օրենսդրությամբ հստակ տարանջատված են, թե որ երկու դեպքերում կարող են համապատասխանաբար հարկային եւ մաքսային մարմինները զենք գործադրել: Նախագծով սահմանված գործառույթների իրականացման նպատակով մարտական զենք կիրառելու հնարավորություն նախատեսելու դեպքում, կարծում ենք, համապատասխան լրացումներ կատարելու անհրաժեշտություն է առաջանում նաեւ «Մաքսային ծառայության մասին» եւ «Հարկային ծառայության մասին» օրենքներում՝ հստակ կանոնակարգելով մարտական եւ ծառայողական զենքի գործադրման իրավասության շրջանակները:

2. Առաջարկում ենք Նախագծի վերնագրում նշված երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը: Նույն հիմքով առաջնորդվելով՝ առաջարկում ենք  Նախագծի 1-ին հոդվածում օրենքի վերնագրից հետո նշված «Հայաստանի Հանրապետության» բառերը եւս հանել:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարծում ենք, առաջարկում ենք ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Մաքսային ծառայության մասին», «Հարկային ծառայության մասին» եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքներին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                        ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 
 

Կատարողներ` Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248),

Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248),

Մ. Վասիլյան (հեռ.`  011-513-616)

17.10.2020թ.
 

ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին

Նախագծին ընդունմամբ, կարծում ենք, անհրաժեշտություն է առաջանում համապատասխան լրացումներ կատարել «Մաքսային ծառայության մասին» եւ «Հարկային ծառայության մասին» օրենքներում՝ ընդլայնելով զենքի գործադրման դեպքերի շրջանակը:

Նախագծին առնչվող Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                        ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 
 

Կատարողներ` Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248),

Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248),

Մ. Վասիլյան (հեռ.`  011-513-616)

17.10.2020թ.
 


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-748-29.09.2020-ՊԱ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:

Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտումների դեմ պայքարի, Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով թմրամիջոցների, զենքի, մշակութային, պատմական ու հնագիտական նշանակություն ունեցող առարկաների, մտավոր սեփականության օբյեկտների, ոչնչացման վտանգի տակ գտնվող կենդանատեսակների ու բուսատեսակների, դրանց մասերի եւ այլ ապրանքների ապօրինի տեղափոխման կանխարգելման, ինչպես նաեւ միջազգային ահաբեկչության դեմ պայքարին աջակցելու անհրաժեշտությամբ: 

Նախագծի ընդունման արդյունքում օպերատիվ-ծառայողական խնդիրների լուծման համար, մասնավորապես, օպերատիվ-հետախուզական գործունեություն  իրականացնելու, մաքսանենգության եւ այլ հանցագործությունների խափանման ու բացահայտման նպատակով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին կհատկացվի մարտական զենք: 

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                         ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

Կատարող՝    Գ. Նազարյան (հեռ.` 011 513-343)

18.10.2020թ.


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-748-29.09.2020-ՊԱ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային Ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:

Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագիծը սոցիալական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 

Եզրահանգում

Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին կհատկացվի մարտական զենք, որը նախատեսվում է օգտագործել օպերատիվ-ծառայողական խնդիրների լուծման համար:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 
 

Կատարող՝ Ա. Հարությունյան (հեռ.՝ 011-513-339) 

12.10.2020թ