ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովի պատգամավորներ Արտակ Մանուկյանի եւ Բաբկեն Թունյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացվել է «Բանկային ավանդների ներգրավման մասին»  օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Պ-763-14.10.2020-ՖՎ-011/0), «Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը  (փաստաթղթային կոդ՝ Պ-7631 -14.10.2020-ՖՎ-011/0) եւ «Սպառողական կրեդիտավորման մասին»  օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Պ-7632 -14.10.2020-ՖՎ-011/0) (այսուհետ միասին՝ Նախագծերի փաթեթ): Նախագծերի փաթեթով նախատեսվում է բանկերի կողմից օրենքների եւ այլ իրավական ակտերի պահանջները խախտելու դեպքում Կենտրոնական բանկի կողմից նշանակվող տուգանքների չափն ավելացնել, որի նպատակը բանկերի կամ կրեդիտավորող այլ ֆինանսական կազմակերպությունների մոտ սպառողների իրավունքների պաշտպանության ավելի բարձր մակարդակ ապահովելն է` կանխարգելիչ միջոցների խստացման հաշվին: 

Նախագծերի փաթեթը մասնագիտական  փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում են մասնագիտական փորձաքննության եզրակացությունները, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ  ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

         ՎԱՐՉՈՒԹՅԱՆ  ՊԵՏԻ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                       ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ 
 
 

09.11.2020թ.
 
 



ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Բանկային ավանդների ներգրավման մասին»  օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-763-14.10.2020-ՖՎ-011/0), «Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին»  օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի  (փաստաթղթային կոդ՝ Պ-7631 -14.10.2020-ՖՎ-011/0) եւ «Սպառողական կրեդիտավորման մասին»  օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-7632 -14.10.2020-ՖՎ-011/0) վերաբերյալ


Ազգային ժողովի պատգամավորներ Արտակ Մանուկյանի եւ Բաբկեն Թունյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բանկային ավանդների ներգրավման մասին»  օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»  օրենքների նախագծերը (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) իրավական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:


Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.  «Բանկային ավանդների ներգրավման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածով նախատեսվում է «Բանկային ավանդների ներգրավման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Բանկի կողմից սույն օրենքի կամ դրա հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջները 365 օրվա ընթացքում 1) մեկ անգամ խախտելու համար Կենտրոնական բանկը կարող է նշանակել տուգանք՝ հինգ հարյուր հազար դրամի չափով»: Մինչդեռ նման ձեւակերպումից հասկանալի չէ՝ 365-օրյա ժամկետի հաշվարկը որ պահից պետք է սկսվի: Հետեւաբար առաջարկում ենք հստակեցնել ժամկետի հաշվարկման սկիզբը, եւ իրավական որոշակիությունն ապահովելու նպատակով, որպես ժամկետ նախատեսել մեկ տարին, որի հաշվարկման սկիզբը տարընկալում չի առաջացնի: Սույն առաջարկը բխում է նաեւ Նախագծի 2-րդ հոդվածի բովանդակությունից: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ «Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»  օրենքների նախագծերով սահմանված կարգավորումներին:

2.  Նախագծով նախատեսվում է բանկերի կողմից օրենքների եւ այլ իրավական ակտերի պահանջները խախտելու  դեպքում Կենտրոնական բանկի կողմից նշանակվող տուգանքների չափն ավելացնել՝ 365 օրվա ընթացքում 1 անգամ խախտում թույլ տալու դեպքում սահմանված հարյուր հազար դրամ տուգանքի չափը փոխելով հինգ հարյուր հազար դրամի չափով, 2 անգամ խախտում թույլ տալու դեպքում երկու հարյուր հազար դրամ տուգանքի չափը փոխելով մեկ միլիոն դրամի չափով եւ 3 եւ ավելի անգամ խախտում թույլ տալու դեպքում՝ սահմանված հինգ հարյուր հազար դրամ տուգանքի չափը փոխելով երկու միլիոն դրամի չափով: Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ սույն փոփոխությունների կատարման անհրաժեշտությունը բխում է սպառողների իրավունքների պաշտպանության ավելի բարձր մակարդակ ապահովելու կարեւորությունից, ինչպես նաեւ այն հանգամանքից, որ «սպառողների իրավունքների պաշտպանության համար «300 հազար դրամների գանձման» ինստիտուտը ենթարկվել է փոփոխության, ըստ որի՝ «միայն խախտման փաստի ուժով» 300 հազար դրամ սպառողը այլեւս չի կարողանալու ստանալ»: 

Այս առումով հարկ է նկատել, որ «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» օրենքի 63-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Տուգանքի գումարի չափը չպետք է հանգեցնի տուգանվող բանկի ծանր ֆինանսական կացության»: Նշված դրույթից բխում է, որ բանկի նկատմամբ նշանակված տուգանքի գումարը չպետք է հանգեցնի բանկի կայուն ֆինանսական վիճակի վատթարացմանը, որը կարող է անբարենպաստ ֆինանսական հետեւանք առաջացնել բանկերի համար: Հետեւաբար, կարծում ենք, Նախագծերի փաթեթով լրացուցիչ հիմնավորման կարիք ունի տուգանքի գումարի այդ չափերի սահմանման նպատակահարմարությունն ու համաչափությունը: 

3.  Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում նշված «(այսուհետ՝ Օրենք)» բառերը հանել, քանի որ Նախագծում օրենքին հղում այլեւս չի կատարվում: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ «Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի 1-ին հոդվածներում նշված «(այսուհետ՝ Օրենք)» բառերին:

4.  Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրված Օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությունը համարակալել եւ հանել երկրորդ «Հայաստանի Հանրապետության» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ եւ 7-րդ մասերը, ինչպես նաեւ 18-րդ հոդվածի 3-րդ մասը: 

«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի վերնագրից հետո նշված «Հայաստանի Հանրապետության» բառերը հանելու առաջարկը վերաբերելի է նաեւ «Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի 1-ին հոդվածով փոփոխվող  6-րդ մասին:

5.  Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է՝ «Սույն օրենքով սահմանված չափով պատասխանատվության միջոցները կիրառվում են, եթե խախտումը տեղի է ունեցել սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, ...»: Նախագծի անցումային դրույթներում օրենքի ուժի մեջ մտնելուց հետո նոր չափով պատասխանատվության միջոցներ կիրառելու մասին նշելու անհրաժեշտությունը բացակայում է, քանզի նշված դրույթները, որպես անձի իրավական վիճակը  վատթարացնող դրույթներ, հետադարձ ուժ չունեն (Սահմանադրության 73-րդ հոդված)  եւ նշված դրույթի գործողությունը տարածվելու է դրա ուժի մեջ մտնելուց հետո գործող հարաբերությունների վրա: Նույն առաջարկը եւ դիտարկումը վերաբերելի են նաեւ «Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»  օրենքների նախագծերի 2-րդ հոդվածների 2-րդ մասերով սահմանված անցումային դրույթներին:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթը համապատասխանում է Սահմանադրությանը: Միաժամանակ առաջարկում ենք ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 

Կատարող` Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248)

31.10.2020թ.
 
 

ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 

Կատարող` Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248)

31.10.2020թ.
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Բանկային ավանդների ներգրավման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին (փաստաթղթային կոդ` Պ-763-14.10.2020-ՖՎ-011/0), «Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին (փաստաթղթային կոդ` Պ-7631 -14.10.2020-ՖՎ-011/0) եւ «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին (փաստաթղթային կոդ` Պ-7632 -14.10.2020-ՖՎ-011/0) օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ


Ազգային ժողովի պատգամավորներ Արտակ Մանուկյանի եւ Բաբկեն Թունյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բանկային ավանդների ներգրավման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին եւ «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում: 


Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

1. Նախագծերի փաթեթի նպատակը բանկերի եւ կրեդիտավորող այլ ֆինանսական կազմակերպությունների մոտ սպառողների իրավունքների պաշտպանության ավելի բարձր մակարդակ ապահովելն է` կանխարգելիչ միջոցների խստացման հաշվին: Այս կապակցությամբ առկա կարգավորումների համաձայն սպառողներին վարկավորման կամ ավանդների ներգրավման գործառույթի իրականացման համար նախատեսված կարգավորումները խախտելու համար սահմանված են ավելի ցածր տուգանքի չափեր` առաջին անգամ խախտման համար` 100 հազար, երկրորդ անգամ` երկու հարյուր հազար, իսկ երեք եւ ավելի խախտման համար` հինգ հարյուր հազար ՀՀ դրամ: Նշված տուգանքը գանձվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

Խնդիրը, ըստ Նախագծերի փաթեթի հեղինակների, կայանում է նրանում, որ սպառողների իրավունքների պաշտպանության համար «300 հազար դրամների գանձման» ինստիտուտը ենթարկվել է փոփոխության, ըստ որի՝ «միայն խախտման փաստի ուժով» 300 հազար սպառողը այլեւս չի կարողանալու ստանալ, ուստի առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է խստացնել Կենտրոնական բանկի կողմից ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ սպառողների իրավունքների պաշտպանության գործընթացում կիրառվող պատասխանատվության միջոցները:

Նախագծերի փաթեթի հեղինակների կողմից բերվող հիմնավորումները միանգամայն ընդունելի, սակայն, մեր կարծիքով, որոշակի իմաստով՝ նաեւ թերի են, քանի որ՝

ա) կանխարգելիչ նշանակություն ունեցող տուգանքների դեպքում շատ կարեւոր, նույնիսկ կարելի է ասել՝ որոշիչ նշանակություն է ունենում այդ տուգանքների համաչափության հանգամանքը: Խնդիրը կայանում է նրանում, որ եթե սահմանված տուգանքի չափը փոքր է լինում խախտման հետեւանքով կազմակերպության կողմից ստացված օգուտից, ապա նման տուգանքը որեւէ կանխարգելիչ դեր չի խաղում: Ավելին, այն վեր է ածվում խախտում կատարելու եւ անօրինական օգուտ ստանալու համար «յուրատեսակ վճարի», որի վճարման դեպքում էլ կազմակերպությունը համարվում է «խախտում չկատարած»: Այն դեպքում, երբ սահմանված տուգանքի չափը անհամեմատ մեծ է լինում խախտման հետեւանքով կազմակերպության կողմից պատճառված վնասից, ապա սահմանված տուգանքը ստանում է ավելի շատ «պատժիչ», քան կանխարգելիչ նշանակություն եւ կարող է վնասել կազմակերպության օրինական շահերը, առավել եւս՝ եթե կազմակերպության կողմից թույլ տրված խախտումը կանխամտածված բնույթ չի կրել,

բ) օրենքով սահմանված դրամական կոնկրետ արտահայտությամբ տուգանքն ունի ստատիկ բնույթ, այն դեպքում՝ երբ խախտումների հետեւանքով ստացվող օգուտները կամ պատճառված վնասները բավականին դինամիկ երեւույթներ են: Ուստի շատ դժվար, եւ նույնիսկ՝ անհնար է միջինժամկետ կամ երկարաժամկետ հատվածի համար օրենքով ամրագրել տուգանքի այնպիսի չափ, որը համաչափ կլինի ֆինանսական կազմակերպությունների կողմից պատճառվող հնարավոր բոլոր վնասներին կամ խախտման հետեւանքով ստացվող հնարավոր բոլոր օգուտներին:

Ելնելով վերը նշվածից, առաջարկում ենք, որպես այլընտրանքային տարբերակ, փոխել սահմանվող տուգանքների բնույթը, մասնավորապես՝ կազմակերպության յուրաքանչյուր խախտման համար տուգանքը սահմանել տոկոսներով՝ տվյալ խախտման հետեւանքով պատճառված վնասի կամ ստացված շահույթի (օգուտի) նկատմամբ: Օրինակ Նախագծերի փաթեթի մեջ ընդգրկված «Բանկային ավանդների ներգրավման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող նոր խմբագրությամբ տեքստի 1-ին մասն առաջարկում ենք շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

   «1. Բանկի կողմից սույն օրենքի կամ դրա հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջները 365 օրվա ընթացքում`

1) մեկ անգամ խախտելու համար Կենտրոնական բանկը կարող է նշանակել տուգանք` այդ խախտման հետեւանքով պատճառված վնասի (ստացված շահույթի կամ օգուտի) հիսուն տոկոսի չափով.

2) երկու անգամ խախտելու համար Կենտրոնական բանկը կարող է նշանակել տուգանք` այդ խախտումների հետեւանքով պատճառված վնասի (ստացված շահույթի կամ օգուտի) հարյուր տոկոսի չափով.

3) երեք եւ ավելի անգամ խախտելու համար Կենտրոնական բանկը կարող է նշանակել տուգանք` այդ խախտումների հետեւանքով պատճառված վնասի (ստացված շահույթի կամ օգուտի) հարյուրհիսուն տոկոսի չափով:»:

Ընդ որում, մեր կողմից նշված տոկոսները բերված են որպես օրինակ եւ նպատակ ունեն ընդամենը ցույց տալու տուգանքների աճի մոտավոր դինամիկան, իսկ մյուս կողմից՝ նշված տուգանքների չափերը ելնում են նաեւ այն իրողությունից, որ խախատումներ կատարելու համար ֆինանսական կազմակերպությունները զուգահեռաբար պետք է որոշակի պատասխանատվություն կրեն նաեւ ավանդատուների հանդեպ: 

Ինչ վերաբերում է այն դեպքին, երբ խախտման արդյունքում չի արձանագրվի ստացված օգուտ կամ հասցված վնաս (կամ հնարավոր չի լինի այն գնահատել), ապա այս դեպքում նոր կարելի է որեւէ չափի դրամական տուգանք սահմանել:

2. Ինչպես գործող, այնպես էլ Նախագծերի փաթեթով առաջարկվող իրավակարգավորումների պարագայում խոսքը գնում է նրա մասին, որ. «...խախտելու համար Կենտրոնական բանկը կարող է նշանակել տուգանք...», այսինքն՝ փաստացի առկա խախտման դեպքում ԿԲ-ին տրվում է տուգանելու հայեցողական իրավունք, որն էլ, կարծում ենք, որոշակի կոռուպցիոն ռիսկեր է պարունակում եւ համապատասխանում է Կառավարության՝ 2009 թվականի հոկտեմբերի 22-ի N 1205-Ն որոշմամբ հաստատված «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգի» II-րդ մասի 9-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված կոռուպցիոն հիմնական գործոններին1

Այս կապակցությամբ առաջարկում ենք Նախագծերի փաթեթում ընդգրկված նախագծերում Կենտրոնական բանկի իրավասություններում «կարող է նշանակել» բառերը փոխարինել «նշանակում է» բառով: 


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսական հիմնահարցերի տեսանկյունից, ներկայացված առաջարկությունների ընդունման դեպքում, որոշակի լրամշակման կարիք կզգա:
 

--------------------------------------------------------------------------------
1 Ըստ տվյալ ենթակետի՝ կոռուպցիոն հիմնական գործոններից են. «պաշտոնատար անձանց իրավունքների ու պարտականությունների ոչ հստակ լինելը: Պաշտոնատար անձանց իրավունքների ու պարտականությունների ոչ հստակ լինելը, որպես կոռուպցիոն գործոն, հիմնականում արտահայտվում է նորմատիվ իրավական ակտում պետական մարմնի (պաշտոնատար անձի) իրավասությունները «իրավասու է» կամ «կարող է» արտահայտություններով ձեւակերպելու միջոցով, ինչը հանգեցնում է իրավասությունը, որպես հնարավորություն, այլ ոչ թե որպես պարտավորություն մեկնաբանելուն»:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                       ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 
 

(հեռ.` 011 513-668)

26.10.2020թ.
 
 


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Բանկային ավանդների ներգրավման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-763-14.10.2020-ՖՎ-011/0), «Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-7631 -14.10.2020-ՖՎ-011/0) եւ «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-7632 -14.10.2020-ՖՎ-011/0) օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ


Ազգային ժողովի պատգամավորներ Ա. Մանուկյանի եւ Բ. Թունյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բանկային ավանդների ներգրավման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին»  օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:


Սոցիալական փորձաքննության արդյունքները

1.  Ներկայացված Նախագծերի փաթեթը նպատակ ունի կանխարգելիչ միջոցառումների խստացման հաշվին ապահովել սպառողների իրավունքների պաշտպանության առավել բարձր մակարդակ: Ներկայումս սպառողներին վարկավորման կամ ավանդների ներգրավման գործառույթի իրականացման համար նախատեսված կարգավորումները խախտելու համար սահմանված են ավելի ցածր տուգանքի չափեր` 1-ին անգամ խախտման համար` 100 հազար, 2-րդ անգամ` երկու հարյուր հազար, իսկ 3 եւ ավելի խախտման դեպքում` հինգ հարյուր հազար ՀՀ դրամ: Տվյալ տուգանքները գանձում է Կենտրոնական բանկը:

2.  Բնակչության սոցիալական վիճակի վրա ազդեցության տեսանկյունից Նախագծերի փաթեթի ընդունումը կունենա միանշանակ դրական ազդեցություն, քանի որ բանկերի կողմից նորմատիվ իրավական ակտերի խախտման դեպքում, որպես կանոն, տուժում են ներկայումս բավականին մեծ թիվ կազմող ավանդատուները եւ վարկառուները, իսկ այդ ակտերի խախտման համար դինամիկ եւ խիստ պատժամիջոցների կիրառումը ոչ միայն անիմաստ կդարձնի բանկերի կողմից որեւէ շահ ստանալու նպատակով դիտավորյալ խախտումների կատարումը, այլեւ կստիպի նրանց շատ ուշադիր լինել նաեւ ոչ կանխամտածված խախտումներ թույլ չտալու հարցում: Արդյունքում, էականորեն կբարձրանա ավանդատուների եւ վարկառուների պաշտպանվածության մակարդակը, կնվազի նրանց կողմից անհարկի կորուստների կրման հավանականությունը, ինչպես նաեւ բնակչության այս խավը զերծ կմնա բանկերի կողմից նորմատիվ իրավական ակտերի խախտման արդյունքում իրենց իրավունքների վերականգնման նպատակով դատական եւ այլ մարմիններին դիմելու, դրա հետ կապված ֆինանսական եւ ժամանակային ռեսուրսների ծախսման անհրաժեշտությունից:

3.  Նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական եւ առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 
 

Կատարող` Ա. Գալստյան (հեռ.՝ 011-513-235)

27.10.2020թ.