ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացվել է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` նաեւ Նախագիծ) (փաստաթղթային կոդ՝ Կ-786-25.11.2020-ՏՀ-011/0), որի 1-ին հոդվածով առաջարկվում է լրացում կատարել «Պետական տուրքի մասին» օրենքի 19.6-րդ հոդվածում, որի համաձայն՝ «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2523 ծածկագրին դասվող ցեմենտի (բացառությամբ 2523100000, 2523210000 ապրանքային դիրքերին դասվող ծածկագրերի) «Բացթողնում? ներքին սպառման համար», «Վերամշակում? մաքսային տարածքում» եւ «Վերամշակում? ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով յուրաքանչյուր հարյուր տոննայի ներմուծման լիցենզիա տրամադրելու համար սահմանվում է պետական տուրք՝ բազային տուրքի 1400-ապատիկի չափով:

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում են մասնագիտական փորձաքննության եզրակացությունները եւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

         ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                         ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

16.12.2020թ.



ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-786-25.11.2020-ՏՀ-011/0)  վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Օրենքների  պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է լրացում կատարել «Պետական տուրքի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19.6-րդ հոդվածում, որի համաձայն՝ «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2523 ծածկագրին դասվող ցեմենտի (բացառությամբ 2523100000, 2523210000 ապրանքային դիրքերին դասվող ծածկագրերի) «Բացթողնում? ներքին սպառման համար», «Վերամշակում? մաքսային տարածքում» եւ «Վերամշակում? ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով յուրաքանչյուր հարյուր տոննայի ներմուծման լիցենզիա տրամադրելու համար սահմանվում է պետական տուրք՝ բազային տուրքի 1400-ապատիկի չափով:

Նախագծի 2-րդ հոդվածով վերը նշված կարգավորման համար սահմանված է 6 ամիս գործողության ժամկետ, ինչի կապակցությամբ անդրադարձ է կատարվել նաեւ Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ, ըստ որի՝ «Նշված կարգավորումները կգործեն 6 ամիս ժամկետով եւ ցեմենտի շուկայում տեղի ունեցող փոփոխություններից ելնելով՝ յուրաքանչյուր 6 ամիսը մեկը կշտկվեն պետական տուրքի չափերը, կերկարաձգվի  կամ կդադարեցվի լիցենզիայի տրամադրման գործընթացը»: 

Հարկ է նկատել, որ ըստ գործող իրավանորմերի՝ մասնավորապես՝ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի` ծանուցման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի 4-րդ բաժնի 10-րդ կետի համաձայն՝ ««Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2523 ծածկագրին դասվող ցեմենտի (բացառությամբ 2523210000, 2523100000 ծածկագրերի) «Բացթողնում? ներքին սպառման համար», «Վերամշակում? մաքսային տարածքում» եւ «Վերամշակում? ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծում» գործունեության տեսակը համարվում է ծանուցման ենթակա գործունեություն եւ «Պետական տուրքի մասին» օրենքի 20.1-ին հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով սահմանված է բազային տուրքի 14-ապատիկի չափով պետական տուրք, միաժամանակ սահմանված է, որ «(…) ներմուծման յուրաքանչյուր տոննայի համար (մինչեւ մեկ տոննայի համար տուրքը հաշվարկվում է յուրաքանչյուր կիլոգրամի համար 14 դրամ):   Միեւնույն ժամանակ նշենք, որ վերը քննարկվող դրույթները գործելու են մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը:

Ամփոփելով վերոնշյալը՝ կարծում ենք` Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ սահմանված չէ այն իրավաչափ նպատակը, ըստ որի՝ խնդրո առարկա գործունեության իրականացման համար նախատեսվում է լիցենզիայի տրամադրում: Բացի այդ, հարկ է նկատել նաեւ, որ Նախագծով առաջարկվող կարգավորման համաձայն՝ լիցենզիան տրամադրվում է յուրաքանչյուր 100 տոննա ցեմենտի ներմուծման համար: Մինչդեռ մինչեւ 100 տոննա ցեմենտի ներմուծման համար պետական տուրքի մասով համաչափ կարգավորում նախատեսված չէ:

2. Առաջարկում ենք Նախագծի վերնագրից հանել երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը, որի համաձայն` oրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը:

3. Նախագծի 1-ին հոդվածում Օրենքի լրիվ անվանման հիշատակումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին՝ «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը»:

4. Նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել (այսուհետ՝ օրենք) բառերը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջին իսկ կիրառումից հետո նախատեսված կրճատ տարբերակը Նախագծում չի կիրառվում:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝  առաջարկում ենք ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                       ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 

Կատարողներ` Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361),

Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248),

Մ. Վասիլյան (հեռ.՝ 011-513-616)

14.12.2020թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                       ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 

Կատարողներ` Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361),

Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248),

Մ. Վասիլյան (հեռ.՝ 011-513-616)

14.12.2020թ.




ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-786-25.11.2020-ՏՀ-011/0)  վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում: 

Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

1. 2019 թվականի հունիսի 3-ին Ազգային ժողովի կողմից ընդունվել են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին եւ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքները, որոնցով ցեմենտի ներմուծումը համարվել է ծանուցման ենթակա գործունեության տեսակ եւ սահմանվել է պետական տուրք՝ ցեմենտի ներքին արտադրության խթանման եւ ներմուծվող ու տեղում արտադրվող ցեմենտի համար հավասար մրցակցային դաշտի ստեղծման նպատակով: Հիշյալ օրենքների գործողության ժամկետ է սահմանվել մինչեւ 2020 թվականի ապրիլի 1-ը, որը հետագայում երկարաձգվել է մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը։

Համաձայն դեռեւս 2019 թվականին Ազգային ժողով ներկայացված «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (Կ-051-11.03.2019-ՏՀ-011/0) հիմնավորման Հայաստանում 2018 թվականին ցեմենտի տարեկան իրացման ծավալները կազմել են մոտ 680 հազար տոննա, որից 512 հազար տոննան արտադրվել է Հայաստանում, իսկ 168 հազար տոննան ներմուծվել է: Կառավարության գնահատականներով պետական տուրքի սահմանումից հետո կրճատվել է ցեմենտի ներմուծումը, սակայն ավելացել է կլինկերի ներմուծումը: Առավել իրատեսական գնահատականներ տալու համար Կառավարության նախաձեռնությամբ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով (Կ-496-02.03.2020-ՏՀ-011/0) առաջարկվել է մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը պահպանել գործող ռեժիմը, դիտարկել շուկայում ընթացող զարգացումները, որից հետո կայացնել վերջնական որոշում: 

Ներկայացված Նախագծով առաջարկվում է երրորդ երկրներից ցեմենտի ներմուծումն իրականացնել լիցենզիաների հիման վրա՝ յուրաքանչյուր 100 տոննայի համար սահմանելով պետական տուրք` բազային տուրքի 1400-ապատիկի (1,4 միլիոն դրամի) չափով: Ընդ որում, նախատեսվում է նշված կարգավորման գործողության ժամկետ սահմանել 6 ամիսը, իսկ հետագայում «ցեմենտի շուկայում տեղի ունեցող փոփոխություններից ելնելով՝ յուրաքանչյուր 6 ամիսը մեկ վերանայել պետական տուրքի չափերը, երկարաձգելով կամ դադարեցնելով լիցենզիայի տրամադրման գործընթացը»: Այսինքն, ստացվում է, որ 1.5 տարվա ընթացքում այդպես էլ հնարավոր չի դարձել «շուկայում ընթացող զարգացումների հիման վրա կայացնել վերջնական որոշում» եւ առաջարկվում է եւս 6 ամիս պահպանել գործող իրավակարգավորումների գործողությունը։ 

Կարծում ենք, նման մոտեցումը չի ապահովում տվյալ ոլորտում եւ ուղղությամբ իրականացվող տնտեսական քաղաքականության կանխատեսելիություն։ Ավելին, դատելով Նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ բերվող փաստարկներից, դեռեւս գնահատված չէ ցեմենտի ներմուծման համար պետական տուրք սահմանելու տնտեսական եւ ֆինանսական էֆեկտը՝ ինչպես տնտեսական գործունեության պայմանների ու միջավայրի բարելավման, այնպես էլ բյուջետային մուտքերի վրա ազդեցության տեսանկյունից։ Մինչդեռ, կարծում ենք, այդ ուղղությամբ վերջնական որոշումների կայացումը պետք է հիմնվեր նշված մոտեցումների վրա։ Այլ կերպ ասած, պետք է համալիր գնահատվեր պետական տուրքի սահմանման ազդեցությունը ցեմենտի տեղական արտադրության վրա, ինչպես նաեւ վերջինիս հնարավոր զարգացման միտումները եւ կիրառված իրավակարգավորման բացասական ազդեցությունը տնտեսության վրա։ Այլ խոսքով, Նախագծի հիմնավորման մեջ անհրաժեշտ էր ներկայացնել ցեմենտի ներմուծման նկատմամբ պետական տուրքի կիրառման ազդեցության համալիր գնահատականը, ինչը հնարավորություն կտար առավել իրատեսորեն գնահատել Նախագծով դրված խնդիրների լուծման իրատեսականությունը։

2.  Նախագծով առաջարկվում է «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» դասակարգչի 2523 ծածկագրին դասվող ցեմենտի (բացառությամբ 2523100000, 2523210000 ապրանքային դիրքերին դասվող ծածկագրերի) «Բացթողում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» եւ «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով յուրաքանչյուր հարյուր տոննայի ներմուծման լիցենզիա տրամադրելու համար գանձել բազային տուրքի 1400-ապատիկի չափով պետական տուրք։ Գործող իրավակարգավորումներով ներմուծման յուրաքանչյուր տոննայի համար (մինչեւ մեկ տոննայի համար տուրքը հաշվարկվում է յուրաքանչյուր կիլոգրամի համար 14 դրամ)  գանձվում է բազային տուրքի 14-ապատիկի չափով պետական տուրք։ Նախագծով առաջարկվող մոտեցմամբ ներմուծողը յուրաքանչյուր 100 տոննա ցեմենտի ներմուծման համար պետք է ստանա համապատասխան լիցենզիա, ինչը, կարծում ենք, լրացուցիչ դժվարություններ կարող է ստեղծել տնտեսական գործունեության իրականացման համար։ Բացի այդ, այս դեպքում ստացվում է, որ 100 տոննա ցեմենտից ավելի քիչ ներմուծելու դեպքում պետական տուրքի գծով բեռը տոկոսային արտահայտությամբ կլինի ավելի բարձր, ինչը, կարծում ենք, արդարացի մոտեցում չէ։

3. Նախագիծը նախատեսվում է ուժի մեջ մտցնել 2021 թվականի հունվարի 1-ից։ Այս կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 2-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանվում է. «նոր տեսակի հարկի կամ վճարի սահմանում, հարկի կամ վճարի դրույքաչափի բարձրացում նախատեսող Հայաստանի Հանրապետության օրենքները կամ Հայաստանի Հանրապետության օրենքների նման դրույթները կարող են ուժի մեջ մտնել այդ օրենքների ընդունման օրը ներառող հարկային տարվան հաջորդող հարկային տարվա սկզբից, բայց ոչ շուտ, քան այդ օրենքների պաշտոնական հրապարակման օրը ներառող ամսվան հաջորդող յոթերորդ ամսվա սկզբից»: Նույն օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով վճարը սահմանվում է հետեւյալ կերպ. «Օրենսգրքով նախատեսված պետական կամ տեղական վճար»: Իսկ Օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին մասով պետական վճարի տեսակ է սահմանվում նաեւ պետական տուրքը: Հետեւաբար ՀՀ հարկային օրենսգրքի 2-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանվող իրավակարգավորումները տարածվում են նաեւ պետական տուրքի վրա:  Այսինքն, պետական տուրքի սահմանում կամ դրույքաչափի բարձրացում նախատեսող օրենքները կարող են ուժի մեջ մտնել միայն այդ օրենքների ընդունման օրը ներառող հարկային տարվան հաջորդող հարկային տարվա սկզբից, բայց ոչ շուտ, քան այդ օրենքների պաշտոնական հրապարակման օրը ներառող ամսվան հաջորդող յոթերորդ ամսվա սկզբից: Հետեւաբար, Նախագիծը չի կարող ուժի մեջ մտնել  2021 թվականի հունվարի 1-ից: 

Ավելին, Նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ նշվում է, որ առաջարկվող կարգավորումները կգործեն 6 ամիս ժամկետով եւ ցեմենտի շուկայում տեղի ունեցող փոփոխություններից ելնելով՝ յուրաքանչյուր 6 ամիսը մեկ կշտկվեն պետական տուրքի չափերը, կերկարաձգվի կամ կդադարեցվի լիցենզիայի տրամադրման գործընթացը: Կարծում ենք, նման մոտեցումը եւս հակասում է Հարկային օրենսգրքի հիշյալ դրույթներին նույն հիմնավորմամբ։ Հետեւաբար առաջարկում ենք վերանայել Նախագծի 2-րդ հոդվածով սահմանվող ուժի մեջ մտնելու մասին դրույթը` այն համապատասխանեցնելով ՀՀ հարկային օրենսգրքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին:

4. Չնայած Նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ խոսվում է փաթեթի մասին, այդուհանդերձ, շրջանառության մեջ է դրված ընդամենը մեկ նախագիծ։

Եզրահանգում

Նախագծի ընդունումը, չնայած հնարավորություն կտա պահպանել ցեմենտի տեղական արտադրության ոլորտում ներկայումս գործող բարենպաստ պայմանները, այդուհանդերձ, խնդրի երկարաժամկետ լուծում չի ապահովում եւ չի նպաստում տնտեսական քաղաքականության կանխատեսելիության մակարդակի բարձրացմանը՝ դրանից բխող հետեւանքներով: Նշված հիմնախնդիրների տեսանկյունից Նախագիծը վերաիմաստավորման եւ լրամշակման կարիք է զգում: 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                         ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ
 
 

Կատարող՝ Գ. Կիրակոսյան (հեռ.` 011-513-603)

07.12.2020թ.




ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-786-25.11.2020-ՏՀ-011/0)  վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:

Սոցիալական փորձաքննության արդյունքները

2019 թվականի հունիսի 3-ին Ազգային ժողովի կողմից ընդունվել են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին եւ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքները, որոնցով ցեմենտի ներմուծումը համարվել է ծանուցման ենթակա գործունեության տեսակ եւ սահմանվել է պետական տուրք՝ ցեմենտի ներքին արտադրության խթանման եւ ներմուծվող ու տեղում արտադրվող ցեմենտի համար հավասար մրցակցային դաշտի ստեղծման նպատակով: Հիշյալ օրենքների գործողության ժամկետ է սահմանվել մինչեւ 2020 թվականի ապրիլի 1-ը, որը հետագայում երկարաձգվել է մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը։

Համաձայն դեռեւս 2019 թվականին Ազգային ժողով ներկայացված «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (Կ-051-11.03.2019-ՏՀ-011/0) հիմնավորման Հայաստանում 2018 թվականին ցեմենտի տարեկան իրացման ծավալները կազմել են մոտ 680 հազար տոննա, որից 512 հազար տոննան արտադրվել է Հայաստանում, իսկ 168 հազար տոննան ներմուծվել է: Կառավարության գնահատականներով պետական տուրքի սահմանումից հետո կրճատվել է ցեմենտի ներմուծումը, սակայն ավելացել է կլինկերի ներմուծումը: Առավել իրատեսական գնահատականներ տալու համար Կառավարության նախաձեռնությամբ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով (Կ-496-02.03.2020-ՏՀ-011/0) առաջարկվել է մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը պահպանել գործող ռեժիմը, դիտարկել շուկայում ընթացող զարգացումները, որից հետո կայացնել վերջնական որոշում: 

Ներկայացված Նախագծով առաջարկվում է երրորդ երկրներից ցեմենտի ներմուծումն իրականացնել լիցենզիաների հիման վրա՝ յուրաքանչյուր 100 տոննայի համար սահմանելով պետական տուրք` բազային տուրքի 1400-ապատիկի (1,4 միլիոն դրամի) չափով: Ընդ որում, նախատեսվում է նշված կարգավորման գործողության ժամկետ սահմանել 6 ամիսը, իսկ հետագայում «ցեմենտի շուկայում տեղի ունեցող փոփոխություններից ելնելով՝ յուրաքանչյուր 6 ամիսը մեկ վերանայել պետական տուրքի չափերը, երկարաձգելով կամ դադարեցնելով լիցենզիայի տրամադրման գործընթացը»: Այսինքն, ստացվում է, որ 1.5 տարվա ընթացքում այդպես էլ հնարավոր չի դարձել «շուկայում ընթացող զարգացումների հիման վրա կայացնել վերջնական որոշում» եւ առաջարկվում է եւս 6 ամիս պահպանել գործող իրավակարգավորումների գործողությունը։ 

Կարծում ենք, նման մոտեցումը չի ապահովում տվյալ ոլորտում եւ ուղղությամբ իրականացվող տնտեսական քաղաքականության կանխատեսելիություն։ 

Եզրահանգում

Նախագիծը, կարծում ենք, խնդրի երկարաժամկետ լուծում չի ապահովում եւ չի նպաստում տնտեսական քաղաքականության կանխատեսելիության մակարդակի բարձրացմանը՝ դրանից բխող հետեւանքներով: Նշված հիմնախնդիրների տեսանկյունից Նախագիծը վերաիմաստավորման եւ լրամշակման կարիք է զգում: 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 
 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-339) 

08.12.2020թ.