ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացվել է «Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողությունների ծրագիր սահմանելու մասին» Ազգայի ժողովի հայտարարության նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Խ-787-27.11.2020-ՊԻ-013/0) (այսուհետ` Նախագիծ): Նախագծով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողությունների ծրագիր, ինչը ներառում է անցումային կառավարության ձեւավորմանը, հայ-ռուսական հարաբերությունների բարձր որակի ապահովմանը, Հայաստան-Արցախ-Սփյուռք ներուժի համախմբմանը, զոհված, անհետ կորած, գերեվարված, վիրավորված զինծառայողների եւ նրանց ընտանիքների կարիքների պատշաճ ապահովմանը, խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանը եւ այլ գործողությունների իրականացմանը վերաբերող դրույթներ: Նախագծի ընդունման կարեւորության հիմքում դրված են Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից 2020 թվականի նոյեմբերի 09-ին ստորագրված հայտարարության ստորագրմանը հաջորդած հասարակական-քաղաքական զարգացումները եւ  դրանց հնարավոր հետեւանքները:

Նախագիծը մասնագիտական  փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում ենք մասնագիտական փորձաքննության եզրակացությունները, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ  ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

       ՎԱՐՉՈՒԹՅԱՆ  ՊԵՏԻ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                    ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ 

21.12.2020թ.  
 


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողությունների ծրագիր սահմանելու մասին» Ազգայի ժողովի հայտարարության  նախագծի (փաստաթղթային կոդ՝ Խ-787-27.11.2020-ՊԻ-013/0) վերաբերյալ

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողությունների ծրագիր սահմանելու մասին» Ազգայի ժողովի հայտարարության նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

Սահմանադրության 88-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ, Ազգային ժողովը գործում է իր կանոնակարգին համապատասխան:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 98-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Ազգային ժողովի հայտարարությունը կամ ուղերձը որոշակի հարցերի, իրադարձությունների եւ փաստերի վերաբերյալ Ազգային ժողովի քաղաքական դիրքորոշման արտահայտումն է»:

Նշված դրույթի բովանդակությունից բխում է, որ Ազգային ժողովի հայտարարությունը պետք է բովանդակի քաղաքական տեսակետ, որոշակի հարցերի, իրադարձությունների եւ փաստերի նկատմամբ քաղաքական գնահատական: Ազգային ժողովի հայտարարության բովանդակությունը պետք է հստակ եւ որոշակի պարունակի այն իրադարձությունների, փաստերի եւ հարցերի մասին նշում, որոնց վերաբերյալ նախատեսվում է արտահայտել քաղաքական դիրքորոշումը: Մասնավորապես՝ հայտարարության տեքստում պետք է հստակ արտահայտվի, թե իրավիճակում առկա որ փաստերին եւ հարցերին, ինչպես նաեւ իրավիճակին հանգեցնող իրադարձություններին է վերաբերում հայտարարությունը, որպեսզի դիրքորոշումն էլ լինի հստակ եւ որոշակի: Միաժամանակ՝ հարկ է նկատել, որ փաստերի, իրադարձությունների եւ հարցերի շրջանակում պետք է բացառել այնպիսի ենթադրյալ փաստերի ներկայացումը, որոնց հաստատումը հնարավոր է միայն օրենսդրությամբ նախատեսված համապատասխան ընթացակարգերի արդյունքում (օրինակ՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչերը որպես հանցագործություն նախատեսված են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածով):

Այսպիսով՝ հայտարարությունը կարող է պարունակել հստակ արտահայտված քաղաքական դիրքորոշում հաստատված իրադարձության եւ փաստի, ինչպես նաեւ հարցերի վերաբերյալ, եւ ոչ միայն ապագայում կատարվելիք գործողությունների ծրագիր, ինչը կարող էր եւ բխել արտահայտված դիրքորոշումից:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք հստակեցնել Նախագծի բովանդակությունը՝ ապահովելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 98-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը:

Միաժամանակ առաջարկում ենք ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասին՝ Նախագծի մեջ նշված մի շարք հապավումներ եւ կրճատումներ, այն է՝ «մլրդ», «ԵՄ», «ԱՄՆ» եւ այլն, նշելով ամբողջական տարբերակով:

Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ անհրաժեշտ է ապահովել Նախագծի համապատասխանությունը «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:

Միաժամանակ նշենք, որ Նախագծում արվում են դատողություններ անցումային կառավարության, հայ-ռուսական հարաբերությունների, արցախահայության սոցիալական կարիքների լուծման, կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետ համակարգման, խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման եւ այլնի մասին, որպիսի հանգամանքները, կարծում ենք, ենթակա են քննարկման իրավասու մարմինների կողմից:
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                               ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ 
 

Կատարող՝  Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248)

18.12.2020թ.
 


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
 

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                           ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ 
 

Կատարող՝  Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248), (118)

18.12.2020թ.



ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողությունների ծրագիր սահմանելու մասին» Ազգային ժողովի հայտարարության նախագծի (փաստաթղթային կոդ` Խ-787-27.11.2020-ՊԻ-013/0) վերաբերյալ

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողությունների ծրագիր սահմանելու մասին» Ազգային ժողովի հայտարարության նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում: 

Ֆինանսատնտեսագիտականփորձաքննությանարդյունքները

Հաշվի առնելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսած եւ նոյեմբերի 10-ին ավարտված ակտիվ պատերազմական գործողությունների հետեւանքները, ինչպես նաեւ  2020 թվականի նոյեմբերի 09-ի հայտարարության ստորագրմանը հաջորդած հասարակական-քաղաքական զարգացումները եւ դրանց հնարավոր հետեւանքները «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ներկայացնում է ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողությունների  ծրագիր, որով առաջարկվում է նոր վարչապետի ընտրություն, անցումային կառավարության ձեւավորում, ներքին իրավիճակի կայունացում, զոհված, անհետ կորած, վիրավորված զինծառայողների եւ քաղաքացիական անձանց ու նրանց ընտանիքների կարիքների պատշաճ ապահովում,հայկական դիվանագիտության թիմի աշխատանքների հիմնարար փոփոխություն եւ մի շարք այլ հարցեր:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

Կատարող՝ Ն. Առաքելյան (հեռ.՝ 011-513-217) 

10.12.2020թ.
 


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողությունների ծրագիր սահմանելու մասին» հայտարարության նախագծի (փաստաթղթային կոդ` Խ-787-27.11.2020-ՊԻ-013/0)  վերաբերյալ

«Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողությունների ծրագիր սահմանելու մասին» հայտարարության նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:

Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-339) 

02.12.2020թ.