ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացվել է «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասինօրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Կ-790-30.11.2020-ԱՍ-011/0): «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) նախատեսվում է «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 5-րդ հոդվածով սահմանված պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափի նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 70 տոկոսից պակաս լինելու արգելքի վերաբերյալ դրույթը նախատեսել նաեւ 2021 թվականի համար՝ դրանով նախատեսելով ժամանակավոր դրույթ, որի գործողության ժամկետն ավարտվելու է 2021 թվականի դեկտեմբերի 31-ին: Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով (ԱԺ կողմից ընդունվել է 10.12.2020թ.) պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափի փոփոխություն չի նախատեսվում, իսկ սահմանված չափը (66140 դրամ)՝ պետական ծառայության մի շարք ցածր պաշտոնների դեպքում չի ապահովում նվազագույն ամսական աշխատավարձի 80 տոկոսը, որը որպես նվազագույն շեմ սահմանված է «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով: Հետեւաբար պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց համապատասխան գործակիցներով սահմանված աշխատավարձերի չափերը հնարավորինս պահպանելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Նախագծով առաջարկվում է 2021 թվականի համար սահմանել ժամանակավոր իրավակարգավորում՝ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված տոկոսային հարաբերակցությունը փոփոխել եւ նվազագույն ամսական աշխատավարձի 80 տոկոս նվազագույն շեմն իջեցնել 70 տոկոսի:

Նշենք, որ նվազագույն ամսական աշխատավարձի 2020 թվականի հունվարի 1-ից բարձրացմանը զուգահեռ՝ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում, մասնավորապես՝ 5-րդ հոդվածի 2.1-ին մասով 2020 թվականի համար սահմանվել է նմանատիպ ժամանակավոր իրավակարգավորում, որի գործողության ժամկետը սահմանվել է մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը:

Նախագիծը մասնագիտական  փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում են մասնագիտական փորձաքննության եզրակացությունները, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

           ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                            ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 
 

22.12.2020թ.



ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-790-30.11.2020-ԱՍ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը՝

1.  Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված «Համապատասխան պետական ծառայողների» ձեւակերպումը իրավական տեսանկյունից որոշակի չէ եւ իրավակիրառ պրակտիկայում կարող է խնդրահարույց լինել:  Ելնելով նշվածից եւ հաշվի առնելով, որ խոսքը վերաբերում է Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասում նշված գործակիցներով վարձատրվող պետական ծառայողներին՝ առաջարկում ենք  Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասությունը ձեւակերպել առանձին մասով «Համապատասխան պետական ծառայողների» ձեւակերպումը փոխարինել «Օրենքի 9-րդ հավելվածում 1.25, 1.29, 1.33, 1.37 գործակիցներով վարձատրվող պետական ծառայողների» ձեւակերպմամբ: 

Միաժամանակ նույն մասում առաջարկում ենք «տարբերության» բառից առաջ նշված ստորակետը հանել՝ նախադասության միտքը ճիշտ նշելու համար:

2.  Նախագծի 1-ին հոդվածում «հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.2-րդ մասով» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել «հոդվածում լրացնել նոր՝ 2.2-րդ մաս» ձեւակերպմամբ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:

3.  Նախագծի 2-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը, այն է՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի  (…)»:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Միաժամանակ անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 
 

Կատարողներ` Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361),

Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248)

21.12.2020թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                         ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 
 

Կատարող` Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361),

Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248)

21.12.2020թ.



ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-790-30.11.2020-ԱՍ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:

Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

1. «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի համաձայն պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի (66.140 դրամ) չափը չի կարող ցածր լինել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 80 տոկոսից եւ գերազանցել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 120 տոկոսը: Քանի որ ՀՀ պետական բյուջեի միջոցների սղությամբ պայմանավորված 2021 թվականի համար պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափի փոփոխություն չի նախատեսվում, Նախագծով առաջարկվում է սահմանել, որ պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը 2021 թվականի համար չի կարող ցածր լինել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 70 տոկոսից, այնպես ինչպես դա կատարվել էր 2020 թվականի համար: 

Խնդիրը կայնում է նրանում, որ 2019 թվականի նոյեմբերի 19-ին Ազգային ժողովի կողմից ընդունված «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2019 թվականի նոյեմբերի 19-ի ՀՕ-223-Ն օրենքով 2021 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձը սահմանվեց 68000 դրամ: Նվազագույն ամսական աշխատավարձի անվանական արժեքը (հարկերը եւ նպատակային սոցիալական վճարը ներառյալ), 2020 թվականին կազմեց 91275 դրամ, որի 80 տոկոսը 73020 դրամ է:  Մինչդեռ պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը 2020 թվականին թվականի համար նախատեսված էր 66140 դրամ:

Վերը նշված խնդրի կարգավորման նպատակով «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» 2019 թվականի նոյեմբերի 19-ի  ՀՕ-224-Ն օրենքով լրացում կատարվեց «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 5-րդ հոդվածում եւ նախատեսվեց, որ պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը 2021 թվականի համար չի կարող ցածր լինել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 70 տոկոսից եւ հիշյալ օրենքն (ՀՕ-224-Ն) ընդունվեց որպես ժամանակավոր նորմատիվ ակտ, որի գործողության ժամկետն ավարտվում է 2020 թվականի դեկտեմբերի 31-ին:

2. Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                       ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 
 

Կատարող՝ Ն. Առաքելյան (հեռ.՝ 011-513-217)

14.12.2020թ.



ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-790-30.11.2020-ԱՍ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված  «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային Ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:

Սոցիալական փորձաքննության արդյունքները

2021թ.-ի պետական բյուջեի նախագծով պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափի փոփոխություն չի նախատեսվում եւ դրանով է պայմանավորված նախագծով առաջարկվող լրացումը. այն է՝ պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը 2021 թվականի համար չի կարող ցածր լինել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի 70%-ից (66140դրամ): Միաժամանակ, հարկ ենք համարում նշել, որ աշխատավարձերի ձեւավորման գործընթացն ազդում է աշխատանքի շուկայի ճկունության, սոցիալական ապահովության, սոցիալական ծառայությունների մատչելիության եւ տնտեսական կայունության վրա եւ այս առումով աշխատավարձերի դինամիկ աճը ունենում է դրական սոցիալական ազդեցություն:

Եզրահանգում

Նախագծի ընդունումը կհանդիսանա պետական սոցիալական երաշխիք՝ ստանալ նվազագույն աշխատավարձի չափին առնվազն հավասար չափով հիմնական աշխատավարձ, մինչեւ պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց համար բազային աշխատավարձի բարձրացումը:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 

Կատարող՝ Ա. Հարությունյան (հեռ.՝ 011-513-339)

10.12.2020թ