ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացվել է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Խ-793-02.12.2020-ՊԱ-011/0) եւ  «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերը (փաստաթղթային կոդ` Խ-7931-02.12.2020-ՊԱ-011/0) (այսուհետ միասին նաեւ` Նախագծերի փաթեթ): 

Նախագծերի փաթեթով նախատեսվում է իրավական կարգավորման ենթարկել եւ հստակեցնել ռազմական դրության ժամանակահատվածում այն զինծառայողների իրավական կարգավիճակը, որոնց գտնվելու վայրի վերաբերյալ պետական լիազոր մարմինը տեղեկությունների չի տիրապետում, ինչպես նաեւ պայմանագրային զինծառայողներին զբաղեցրած պաշտոնից ազատելու հիմք նախատեսել ռազմական գործողությունների կապակցությամբ զինծառայողի անհայտ կորած ճանաչվելու դեպքերը: Նախագծերի փաթեթի հիմքում ընկած է այն հանգամանքը, որ ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած զինծառայողներին անհարգելի պատճառներով ծառայությունից խուսափող դիտարկելն իրավաչափ չէ: Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորմամաբ անհայտ կորած զինծառայողների իրավական կարգավիճակը սահմանելու անհրաժեշտությունը բխում է պատերազմական ակտիվ գործողությունների ժամանակ անհայտ կորած զինծառայողի, այդ թվում՝ հրամանատարական պաշտոն զբաղեցնող, հաստիքն արագ համալրելու անհրաժեշտությամբ, ինչն անհնար է առանց նրան զբաղեցրած պաշտոնից ազատելու: 

Նախագծերի փաթեթը մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության:

Ստորեւ ներկայացվում են մասնագիտական փորձաքննության եզրակացությունները, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

          ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                         ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 

30.12.2020թ.
 



ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ 

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Խ-793-02.12.2020-ՊԱ-011/0) եւ  «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Խ-7931 -02.12.2020-ՊԱ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ  «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերը (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) իրավական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) 1-ին հոդվածում նախատեսված է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում (այսուհետ` Օրենք) լրացնել նոր 28.1-ին հոդված հետեւյալ բովանդակությամբ. «Շարքային եւ սպայական կազմերի պարտադիր զինծառայողների՝ ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորելը կամ գերի ընկնելը

Շարքային եւ սպայական կազմերի պարտադիր զինծառայողները ճանաչվում են ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած՝ սույն օրենքի 40-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված կարգով կամ գերի ընկած՝ օրենսդրությամբ սահմանված կարգով»:

Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասով Օրենքի 40-րդ հոդվածում նոր լրացվող 1.1-ին մասի համաձայն` «Պայմանագրային զինծառայողը պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով ճանաչվում է ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած, եթե զորամասում կամ ծառայության վայրում կամ մարտադաշտում նրա գտնվելու վայրի մասին առնվազն երեք օր տեղեկություններ առկա չեն: Սույն մասով սահմանված կարգով զինծառայողին անհայտ կորած ճանաչելու հետեւանքով չեն առաջանում քաղաքացուն քաղաքացիական դատավարության կարգով անհայտ բացակայող ճանաչելու արդյունքում վրա հասնող իրավական հետեւանքները»:

Մեջբերված կարգավորումների վերաբերյալ հարկ է նկատել հետեւյալը.

1) Նշենք, որ Նախագծի 1-ին հոդվածով Օրենքում նոր լրացվող 28.1-ին հոդվածում կարգավորված է շարքային եւ սպայական կազմերի պարտադիր զինծառայողներին, իսկ Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասով Օրենքի 40-րդ հոդվածում նոր լրացվող 1.1-ին մասում` պայմանագրային զինծառայողին ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած ճանաչելու հարցը: Մինչդեռ հարկ է նկատել, որ անհայտ կորած ճանաչելու վերաբերյալ նախատեսված կարգավորման շրջանակից դուրս են մնում զինծառայության այլ տեսակների, օրինակ` զորահավաքային զինվորական ծառայություն պարագայում զինծառայողներին անհայտ կորած ճանաչելու հարցը:

2) Նախագծի 1-ին հոդվածով Օրենքում նոր լրացվող 28.1-ին հոդվածում կիրառված «ճանաչվում են (…) գերի ընկած՝ օրենսդրությամբ սահմանված կարգով» ձեւակերպման կապակցությամբ նշենք հետեւյալը.

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կիրառվում են «գերության մեջ գտնվել», «գերության մեջ հայտնվել» եզրույթները, մինչդեռ «գերի  ընկած  ճանաչվել» եզրույթը չի կիրառվում, վերջինիս վերաբերյալ կարգավորումներ առկա չեն: Ուստի «ճանաչվում են (…) գերի ընկած՝ օրենսդրությամբ սահմանված կարգով» ձեւակերպումը կիրառելու պարագայում, կարծում ենք, որ Նախագծում պետք է արտացոլված լինեն գերի ընկած ճանաչելու կառուցակարգի, հիմքերի վերաբերյալ համապատասխան կարգավորումներ` ապահովելով իրավական որոշակիության պահանջը: 

Վերոգրյալով պայմանավորված` առաջարկում ենք Նախագծում բավարար հստակությամբ կարգավորել գերի ընկած ճանաչելու իրավասություն ունեցող մարմնի, համապատասխան հիմքերի, ընթացակարգի, ժամկետների հետ կապված հարաբերությունները, քանի որ Նախագծի 7-րդ հոդվածի 2-րդ մասում նախատեսված հետեւյալ անցումային դրույթը` սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը (այդ թվում՝ շարքային եւ սպայական կազմերի պարտադիր զինծառայողներին գերի ընկած ճանաչելու վերաբերյալ) ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 30 օրացուցային օրվա ընթացքում, կարող է սահմանվել Նախագծում գերի ընկած ճանաչելու կարգի վերաբերյալ անհրաժեշտ կարգավորումներ նախատեսված լինելուն իբրեւ հետեւանք:

Միաժամանակ հարկ ենք համարում նկատել, որ Նախագծի 1-ին հոդվածով Օրենքում նոր լրացվող 28.1-ին հոդվածում  նախատեսված է միայն շարքային եւ սպայական կազմերի պարտադիր զինծառայողներին ռազմական գործողությունների կապակցությամբ գերի ընկած ճանաչելու հնարավորությունը, հետեւաբար կարգավորումից դուրս են մնում զինծառայության այլ տեսակների, օրինակ` պայմանագրային, զորահավաքային ծառայության տեսակների շրջանակներում ծառայություն իրականցնող զինծառայողներին գերի ընկած ճանաչելու հարցը:

3) Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասով Օրենքի 40-րդ հոդվածում նոր լրացվող 1.1-ին մասում նախատեսված դրույթի, այն է` պայմանագրային զինծառայողը պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով ճանաչվում է ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած, եթե զորամասում կամ ծառայության վայրում կամ մարտադաշտում նրա գտնվելու վայրի մասին առնվազն երեք օր տեղեկություններ առկա չեն, կապակցությամբ նշենք հետեւյալը.

Մեջբերված դրույթի շրջանակներում բավարար հստակությամբ կարգավորված չեն զինծառայողին անհայտ բացակայող ճանաչելու հետ կապված մի շարք հարցեր, մասնավորապես` զինծառայողին անհայտ կորած ճանաչելու համար տեղեկություններ ու՞մ մոտ պետք է առկա չլինեն, ի՞նչ հիմքերի առկայություն է պահանջվում զինծառայողին անհայտ կորած ճանաչելու համար, ի՞նչ ընթացակարգով է դա կատարվում: Ուստի առաջարկում ենք Նախագծում համապատասխան կարգավորումներ նախատեսել քննարկվող հարցերի վերաբերյալ` հիմք ընդունելով իրավական որոշակիության սկզբունքի տարր հանդիսացող օրենքի կանխատեսելիությունն ապահովելու պահանջը:

4) Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասով Օրենքի 40-րդ հոդվածում նոր լրացվող 1.1-ին մասում կատարված նշումն այն մասին, որ այդ մասով սահմանված կարգով զինծառայողին անհայտ կորած ճանաչելու հետեւանքով չեն առաջանում քաղաքացուն քաղաքացիական դատավարության կարգով անհայտ բացակայող ճանաչելու արդյունքում վրա հասնող իրավական հետեւանքները, առաջարկում ենք հանել հետեւյալ պատճառաբանությամբ.

Քաղաքացիական օրենսգրքի 44-րդ հոդվածի 1-ին մասի տրամաբանությունից բխում է, որ շահագրգիռ անձանց դիմումով դատարանը կարող է քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչել, եթե մեկ տարվա ընթացքում նրա բնակության վայրում տեղեկություններ չկան նրա գտնվելու վայրի մասին: Այստեղից հետեւում է, որ անձը անհայտ բացակայող ճանաչվում է դատական կարգով քաղաքացիական օրենսգրքում ամրագրված հիմքի առկայության պարագայում եւ անհայտ բացակայող ճանաչելու հետեւանքները առաջանում են բացառապես անհայտ բացակայող ճանաչելու մասին դատարանի վճռի հիման վրա: Մինչդեռ անհայտ կորած ճանաչելու համար Նախագծում նախատեսված հիմքն այլ է, վերջինիս համար դատական կարգ նախատեսված չէ, բացի այդ, սահմանված իրավական հետեւանքները նույնպես տարբեր են, ուստի իրավական շփոթի խնդիր առկա չէ: Կարծում ենք, որ վերը քննարկվող կարգավորումը որեւէ իրավական խնդիր չի լուծում:

2.Նախագծի 6-րդ հոդվածով Օրենքի 65-րդ հոդվածում նոր լրացվող 1.1-ին մասի համաձայն` «Բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում ստացող եւ օրենքով սահմանված կարգով կադրերի տրամադրության տակ թողնված (կադրերի ռեզերվում գրանցված) շահառուին բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցումը շարունակում է վճարվել կադրերի տրամադրության տակ թողնելու (կադրերի ռեզերվում գրանցելու)՝ օրենքով սահմանված ամբողջ ժամկետի ընթացքում»:

 Օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված է պայմանագրային զինծառայողներին պետական լիազոր մարմնի կադրերի (կադրային ստորաբաժանման) տրամադրության տակ թողնելը: Նշենք, որ զինծառայողներին պետական լիազոր մարմնի կադրերի տրամադրության տակ են թողնում նաեւ օրինակ` զինծառայողի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվելիս եւ կալանքը որպես խափանման միջոց ընտրվելիս կամ հարուցված քրեական հետապնդման շրջանակներում նրա պաշտոնավարության ժամանակավոր դադարեցման որոշում կայացնելիս, մինչեւ ընտրված խափանման միջոցը փոխելու կամ պաշտոնավարության ժամանակավոր դադարեցման որոշումը վերացնելու օրվան հաջորդող 30-րդ օրը, բայց ոչ ավելի, քան պայմանագրի ժամկետը լրանալը, իսկ զինծառայողի հետախուզման մեջ գտնվելու դեպքում՝ վեց ամսից ոչ ավելի, բացառությամբ ռազմաուսումնական հաստատություններ ավարտած զինծառայողների, որոնց պայմանագրով նախատեսված ծառայության ժամկետը չի ավարտվել: Նշվածի կապակցությամբ հարկ ենք համարում ընդգծել, որ Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորումից չի երեւում քննարկվող լրացումը կատարելու նպատակը, ուստի առաջարկում ենք լրացուցիչ հիմնավորել վերջինիս կատարման անհրաժեշտությունը:

3.Նախագծի 1-ին հոդվածով Օրենքում նոր լրացվող 28.1-ին հոդվածի մասի համարակալումն առաջարկում ենք հանել` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը, որի համաձայն` «Օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների»: Տվյալ դեպքում Օրենքում նոր լրացվող հոդվածը չի բաժանվում մասերի, հետեւաբար համարակալման անհրաժեշտություն եւս առկա չէ:

4.Նախագծի 2-րդ հոդվածում մասերի համարներն առաջարկում ենք տեքստից բաժանել միջակետերով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասը, որի համաձայն` «(…) Հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով, (…)»:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի հոդվածների մասերի համարների տեքստից բաժանմանը:

5.Նախագծի վերնագրից առաջարկում ենք հանել երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:

Նախագծի 1-ին հոդվածում Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս առաջարկում ենք պահպանել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը, որի համաձայն` «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: (…)»:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրին եւ 1-ին հոդվածին:

6.Նախագծի 7-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսված է հետեւյալը. «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ տարածվում 2020 թվականի հունվարի 01-ից հետո ծագած հարաբերությունների վրա»:

Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորման մեջ նշում չկա Նախագծով սահմանված կարգավորումները 2020 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա տարածելու անհրաժեշտության վերաբերյալ, ուստի կարծում ենք, որ նման անցումային դրույթի նախատեսումը լրացուցիչ հիմնավորման կարիք ունի:

7. «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով նախատեսված է «Պետական նպաստների մասին» օրենքը լրացնել նոր 30.1-ին հոդվածով` «Գերի ընկնելու դեպքում նպաստի իրավունքը» վերտառությամբ, որի 4-րդ մասի համաձայն`«Սույն հոդվածով նախատեսված նպաստի իրավունքից չեն օգտվում անձի գերի ընկնելու հիմքով օրենքով նախատեսված այլ բնույթի աջակցություն ստացող անձիք՝ բացառությամբ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված արտոնության»:

Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորման համաձայն` «Ռազմական գործողությունների ընթացքում գերեվարվում են նաեւ քաղաքացիական անձինք, սակայն գործող օրենսդրությունը նրանց գերու կարգավիճակ տալու ընթացակարգ եւ ըստ այդմ նաեւ սոցիալական երաշխիքներ չի նախատեսում: Այս բացը լուծվում է նախագծերի սույն փաթեթով»:

Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքի 63-րդ հոդվածում նոր լրացվող 9.1-ին մասի համաձայն` «Գերության մեջ հայտնված կամ ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած ճանաչված զինծառայողների, այդ թվում՝ կամավորական հիմունքներով մարտական գործողությունների մասնակիցների ընտանիքներին հատկացվում է ամենամսյա դրամական օգնություն՝ նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով: (…)»:

Վերոգրյալի կապակցությամբ հարկ է նկատել, որ «անձի գերի ընկնելու հիմքով օրենքով նախատեսված այլ բնույթի աջակցություն ստացող անձիք» Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքի 63-րդ հոդվածում նոր լրացվող 9.1-ին մասում նախատեսված զինծառայողների ընտանիքներն են: «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով «Պետական նպաստների մասին» օրենքում նոր լրացվող 30.1-ին հոդվածի 2-րդ մասի տրամաբանությունից եւս բխում է, որ անձի գերի ընկնելու դեպքում նպաստ ստանալու իրավունք ունի այդ անձի ընտանիքը: Միաժամանակ արձանագրենք, որ Օրենքում «գերության մեջ հայտնվել», «գերության մեջ գտնվել» եզրույթները կիրառում են միայն զինծառայողների հետ կապված, մինչդեռ ռազմական գործողությունների արդյունքում գերեվարված անձանց կարգավիճակն այլ է: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ «գերի», «ռազմագերի» հասկացությունների կարգավորումը բաց է: Կարծում ենք, որ նախեւառաջ նշված խնդիրը օրենսդրական մակարդակով կարգավորելն էական է գերի ընկնելու դեպքում նպաստի իրավունք ունեցող անձանց շրջանակի հստակեցման տեսանկյունից: Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորումից ենթադրվում է, որ գերի ընկնելու դեպքում նպաստի իրավունքը միտում կա տրամադրելու ռազմական գործողությունների արդյունքում գերեվարված քաղաքացիական անձանց ընտանիքներին, մինչդեռ «գերի ընկնելու դեպքում նպաստի իրավունքը» ձեւակերպումը իրավական շփոթի տեղիք է տալիս, քանի որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ինչպես վերը նշել ենք «գերության մեջ գտնվել», «գերության մեջ հայտնվել» եզրույթները կիրառվում են միայն զինծառայողների վերաբերյալ: Միաժամանակ նշենք, որ Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքի 63-րդ հոդվածում նոր լրացվող 9.1-ին մասի տրամաբանությունից բխում է, որ դրանով նախատեսված դրամական օգնությունը ստանում են զինծառայողների ընտանիքները, «Պետական նպաստների» մասին օրենքում կատարվող լրացման պարագայում եւս Հայաստանի Հանրապետության օրենսդրության համատեքստում ստացվում է, որ նպաստի իրավունք ունեն գերի ընկած զինծառայողի ընտանիքի անդամները: Միաժամանակ «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով «Պետական նպաստների մասին» օրենքում նոր լրացվվող  30.1-ին հոդվածի 4-րդ մասում հետեւյալ կարգավորումը, այն է` անձի գերի ընկնելու հիմքով օրենքով նախատեսված այլ բնույթի աջակցություն ստացող անձանց նպաստ ստանալու իրավունք չտրամադրելը,  հանգեցնում է նրան, որ զինծառայողի ընտանիքի անդամները, ովքեր ստանում են Նախագծում նախատեսված դրամական օգնությունը, չեն կարող գերի ընկնելու դեպքում նպաստի իրավունք ունեցող դիտարկվել:

Վերոգրյալի հաշվառմամբ, ներկայացված իրավական շփոթից խուսափելու միտումով, առաջարկում ենք բավարար հստակությամբ սահմանել «գերի», «ռազմագերի» հասկացությունները «Պետական տուրքի» մասին օրենքում նոր լրացվող 30.1-ին հոդվածով նախատեսված գերի ընկնելու դեպքում նպաստի իրավունք ունեցողների շրջանակը հստակեցնելու նպատակով, քանի որ Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորումից եւս պարզ չեն վերը քննարկված հարցերը: Միաժամանակ հարկ ենք համարում ընդգծել, որ «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի հիմնավորումը թերի է:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները առաջարկում ենք վերոգրյալ դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթի համապատասխանությունը «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքներին, ինչպես նաեւ իրավական որոշակիության սկզբունքին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                          ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 

Կատարող` Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248)

30.12.2020թ.
 
 

ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                          ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 

Կատարող` Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248)

30.12.2020թ.
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ 

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Խ-793-02.12.2020-ՊԱ-011/0) եւ  «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Խ-7931 -02.12.2020-ՊԱ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը (այսուհետ միասին՝ Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:

Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

1. Նախագծերի փաթեթով առաջարկվում է`

- որպես պայմանագրային զինծառայողներին զբաղեցրած պաշտոնից ազատելու հիմք նախատեսել ռազմական գործողությունների կապակցությամբ զինծառայողի անհայտ կորած ճանաչվելու դեպքերը,

- գերեվարված կամ անհայտ կորած զինծառայողների ընտանիքների անդամներին (ամուսինը, զավակները եւ ծնողները) տրամադրել ամենամսյա դրամական օգնություն մինչեւ զինծառայողի՝ գերությունից վերադառնալը կամ գտնվելու վայրի պարզումը կամ իրավասու մարմնի կողմից օրենքով սահմանված բոլոր ընթացակարգերի պահպանմամբ հարուցված վարույթի շրջանակներում զինծառայողի՝ գերության մեջ հայտնվելը կամ անհայտ կորելը զորամասը կամ ծառայության վայրը կամ մարտադաշտն ինքնակամ թողնելու եւ (կամ) կամովին գերի հանձնվելու հետեւանք լինելու հանգամանքի ապացուցումը,

- զինծառայողների համար օրենքի մակարդակով նախատեսել լրացուցիչ սոցիալական երաշխիք, որի համաձայն՝ պետական լիազոր մարմնի կադրային ստորաբաժանման տրամադրության տակ մնացած զինծառայողներին օրենքով սահմանված կարգով հատկացվող բնակելի տարածության վարձակալության դիմաց հատկացվող դրամական փոխհատուցումը պահպանվում է (կադրերի ռեզերվում գրանցելու)՝ օրենքով սահմանված ամբողջ ժամկետի ընթացքում,

- նախատեսել ռազմական գործողությունների ընթացքում գերեվարված քաղաքացիական անձանց գերու կարգավիճակ տալու ընթացակարգ եւ ըստ այդմ` նաեւ սոցիալական երաշխիքներ, մասնավորապես` սահմանելով գերի ընկնելու դեպքում քաղաքացիական անձի ընտանիքի անդամների համար պետական նպաստի իրավունք:

2. Նախագծերի փաթեթով, ինչպես արդեն նշվեց, նախատեսվում է գերության մեջ հայտնված կամ ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած ճանաչված զինծառայողների, այդ թվում՝ կամավորական հիմունքներով մարտական գործողությունների մասնակիցների ընտանիքներին հատկացնել ամենամսյա դրամական օգնություն (նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով), իսկ գերության մեջ հայտնված քաղաքացիական անձանց համար նախատեսվում է սահմանել պետական նպաստի նոր տեսակ: Սակայն, խնդիրը կայանում է նրանում, որ մինչեւ Նախագծերի տվյալ փաթեթի ընդունումը եւ ուժի մեջ մտնելը, հնարավոր է նշված անձինք արդեն իսկ ազատված լինեն գերությունից կամ  հայտնաբերվեն, ուստի կառաջանա հստակեցման ենթակա հարց. արդյո՞ք այդ անձինք (նրանց ընտանիքները) պետք է օգտվեն առաջարկվող իրավակարգավորումներով նախատեսված իրավունքներից եւ ստանան դրամական օգնություն (նպաստ) գերության կամ անհայտ կորած լինելու փաստացի ժամանակահատված համար, թե՞ ոչ: 

3. Նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն կառաջանա որոշակի փոփոխություններ կատարել 2021 թվականի պետական բյուջեում` համապատասխան ծախսային ծրագրերով նախատեսված միջոցների ավելացման առումով, քանի որ Նախագծերի սույն փաթեթն ուժի մեջ պետք է մտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ տարածվի 2020 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա, ուստի կմեծանա նաեւ դրանց գծով ծախսերի կատարման անհրաժեշտությունը` կապված 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմական գործողությունների հետեւանքով նպաստառուների թվի աճի հետ:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում, սակայն առկա են հստակեցման ենթակա դրույթներ` տարընթերցումներից խուսափելու նպատակով:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

հեռ.` 011 513-668)

11.12.2020թ.
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ 

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Խ-793-02.12.2020-ՊԱ-011/0) եւ  «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Խ-7931 -02.12.2020-ՊԱ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում: 

Սոցիալական փորձաքննության արդյունքները

1. «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է. 

- զբաղեցրած պաշտոնից պայմանագրային զինծառայողներին ազատելու հիմք նախատեսել ռազմական գործողությունների ընթացքում զինծառայողի անհայտ կորած ճանաչվելու դեպքում,

- անհայտ կորած կամ գերի ընկած զինծառայողների ընտանիքների անդամներին (ամուսին, զավակներ եւ ծնողներ) ամենամսյա դրամական օգնություն տրամադրել մինչեւ զինծառայողի՝ գերությունից վերադառնալը կամ գտնվելու վայրի պարզումը,

- պետական լիազոր կողմից օրենքով սահմանված բոլոր ընթացակարգերի պահպանմամբ հարուցված վարույթի շրջանակներում զինծառայողի՝ գերության մեջ հայտնվելը կամ անհայտ կորելը զորամասը կամ ծառայության վայրը կամ մարտադաշտն ինքնակամ թողնելու եւ (կամ) ինքնակամ գերի հանձնվելու հանգամանքի ապացուցումը,

- նախատեսել լրացուցիչ սոցիալական երաշխիք, ըստ որի՝ պետական լիազոր մարմնի կադրային ստորաբաժանման տրամադրության տակ մնացած զինծառայողներին օրենքով սահմանված կարգով հատկացվող բնակելի տարածության վարձակալության դիմաց հատկացվող դրամական փոխհատուցման պահպանում (կադրերի ռեզերվում գրանցելու)՝ օրենքով սահմանված ամբողջ ժամանակահատվածի համար,

- ռազմական գործողությունների ընթացքում գերի ընկած քաղաքացիական անձանց գերու կարգավիճակ տալու ընթացակարգի նախատեսում` քաղաքացիական անձի ընտանիքի անդամների համար պետական նպաստի տրամադրման իրավունքով:

2. «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի հոդված 5-ով` «9.1. Գերության մեջ հայտնված կամ ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած ճանաչված զինծառայողների, այդ թվում? կամավորական հիմունքներով մարտական գործողությունների մասնակիցների ընտանիքներին հատկացվում է ամենամսյա դրամական օգնություն? նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով...:» եւ գերության մեջ հայտնված քաղաքացիական անձանց դեպքում` «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի հոդված 2-ով` «Հոդված 30.1. Գերի ընկնելու դեպքում նպաստի իրավունքը. «1. Սույն օրենքի 2-րդ հոդվածի իմաստով նպաստի իրավունք ունեցող անձի գերի ընկնելու դեպքում այդ անձի ընտանիքը ձեռք է բերում սույն հոդվածով նախատեսված նպաստի իրավունք:...»:

Վերոգրյալի կապակցությամբ, մինչեւ սույն Նախագծերի փաթեթի ընդունումը եւ ուժի մեջ մտնելը բացառված չէ, որ գերության մեջ գտնված կամ անհայտ կորած զինծառայողները կամ քաղաքացիական անձինք հայտնաբերվեն եւ/կամ ազատված լինեն գերությունից: Կարծում ենք, հստակեցման անհրաժեշտություն կառաջանա, կապված զինծառայողների եւ քաղաքացիական անձանց (նրանց ընտանիքների) համար նախատեսվող իրավունքներից եւ նպաստից օգտվելու առումով: Մասնավորապես, նշված անձինք արդյո՞ք կօգտվեն նախատեսվող իրավունքներից եւ կստանան դրամական օգնություն գերության մեջ գտնվելու կամ անհայտ կորած լինելու փաստացի ժամանակահատվածի համար, թե՞ ոչ: 

Եզրահանգում

Նախագծերի փաթեթի ընդունմամբ կարող են լուծվել դրանով հետապնդվող խնդիրները`  ներկայացված տարընթերցումները շտկելուց հետո:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

14.12.2020