ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովի պատգամավորներ Արտակ Մանուկյանի եւ Հայկ Գեւորգյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացվել է «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ  եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Պ-815-22.12.2020-ՏՀ-011/0) (այսուհետ` նաեւ Նախագիծ), որով առաջարկվում է «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարել` տնտեսվարող սուբյեկտների համար մրցակցային պայմաններ ապահովելու, բիզնեսի ծախսերի նվազեցման, ինչպես նաեւ էլեկտրոնային հասարակության ձեւավորման համար գործիքակազմերի խթանման նպատակներ հետապնդելով:

Նախագիծը մասնագիտական  փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում են մասնագիտական փորձաքննության եզրակացությունները, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

           ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                            ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 
 

18.01.2021թ.





ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ  եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-815-22.12.2020-ՏՀ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Արտակ Մանուկյանի եւ Հայկ Գեւորգյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի (հիմք՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված Նախագիծը)` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը  եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի վերնագրում «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի (այսուհետ նաեւ` Օրենք) կրճատ անվանման հիշատակման մեջ նշված «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերն առաջարկում ենք հանել` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը` օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը:

2. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 1-ին հոդվածի 6-րդ մասը շարադրվում է նոր խմբագրությամբ` «6. Սույն օրենքը տարածվում է էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպվող սակարկությունների եւ հարկադիր աճուրդների վրա:»:

Օրենքի 2-րդ հոդվածով «հրապարակային սակարկություններ կամ սակարկություններ» հասկացությունը սահմանվում է հետեւյալ կերպ` աճուրդի (մրցույթի) կազմակերպման միջոցով պայմանագրերի կնքման գործընթաց, որին կարող է մասնակցել օրենքով նախատեսված պայմաններին բավարարող անձանց անորոշ շրջանակ: Նույն հոդվածով «աճուրդ» հասկացությունը սահմանվում է որպես` սակարկությունների ձեւ, որի ընթացքում հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որն առաջարկել է առավել բարձր գին:

Օրենքի` հարկադիր աճուրդի հասկացությանը վերաբերող 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հարկադիր է ճանաչվում այն աճուրդը, որն անցկացվում է կատարողական թերթին եւ նոտարի կողմից տրված կատարողական մակագրության թերթին համապատասխան:

Հիմք ընդունելով մեջբերված կարգավորումներն` առաջարկում ենք խմբագրել Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 1-ին հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 6-րդ մասի կարգավորումը` բացառելով «սակարկություններ» եւ «աճուրդներ» եզրույթների «եւ» շաղկապով միացված կիրառումը: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 7-րդ հոդվածի` նոր խմբագրությամբ շարադրվող 2-րդ մասի կարգավորման տեքստում կիրառվող նույնական ձեւակերպմանը:

3. Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքի «ԳԼՈՒԽ 4» բառից եւ թվից հետո լրացվում է «ԲԱԺԻՆ 1» բառը եւ թիվը: Կատարվող լրացման արդյունքում «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքում նախատեսվում է 4-րդ չվերնագրված գլուխ, որը ներառում է «ՀԱՐԿԱԴԻՐ ԱՃՈՒՐԴՆԵՐԸ» վերտառությամբ 1-ին բաժին:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի` նորմատիվ իրավական ակտի մասերին, դրանց համարակալմանը եւ վերնագրերին վերաբերող 14-րդ հոդվածի համաձայն`

«(...) 2. Օրենսդրական ակտերում նորմերը շարադրվում են հերթական համար ունեցող հոդվածների տեսքով: 

(...)

4. Օրենսդրական ակտերում բովանդակությամբ համասեռ հոդվածները միավորվում են գլուխներում: Գլուխները կարող են միավորվել բաժիններում, իսկ բաժինները` մասերում: Անհրաժեշտության դեպքում բաժինները կարող են բաժանվել ենթաբաժինների՝ միավորելով առանձին գլուխներ:

(...)

10. Նորմատիվ իրավական ակտի բաժիններն ու գլուխները համարակալվում են արաբական թվանշաններով: Բաժիններն ու գլուխները ունենում են վերնագրեր, որոնք պետք է համապատասխանեն դրանց բովանդակությանը: Գլուխների եւ բաժինների վերնագրերը գրվում են մեծատառերով, եւ վերնագրերի վերջում որեւէ կետադրական նշան չի դրվում:(...)»:

Հիմք ընդունելով վերոգրյալն` առաջարկում ենք խմբագրել Նախագծով կատարվող լրացումները` բացառելով Օրենքում չվերնագրված գլուխների նախատեսումը, ինչպես նաեւ նորմատիվ իրավական ակտի մաս կազմող գլխում բաժնի ներառումը: Սույն առաջարկի համատեքստում անհրաժեշտ է դիտարկել նաեւ Նախագծի 4-րդ հոդվածով օրենքի 4-րդ գլխում լրացվող նոր` «ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» վերտառությամբ 2-րդ բաժին նախատեսելու հարցը:

4. Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքի 4-րդ գլխում լրացվում է 2-րդ բաժին` «ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» վերտառությամբ: Բաժնում ներառված առաջին չորս հոդվածների վերնագրերում կիրառվում է «սակարկություն» եզրույթը, հաջորդող երկուսում` «աճուրդ»: Լրացվող 2-րդ բաժնի հոդվածների կարգավորումներից բխում է, որ դրանք վերաբերում են միայն «էլեկտրոնային համակարգի միջոցով անցկացվող» աճուրդներին` բացառությամբ հարկադիր էլեկտրոնային աճուրդի, մինչդեռ բաժնի վերնագրից բխում է, որ կարգավորումները պետք է վերաբերելի լինեն բոլոր տեսակի սակարկություններին:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն`նորմատիվ իրավական ակտի բաժիններն ու գլուխները ունենում են վերնագրեր, որոնք պետք է համապատասխանեն դրանց բովանդակությանը:

Միաժամանակ հարկ է նկատել, որ «էլեկտրոնային համակարգի միջոցով անցկացվող սակարկությունների» հասկացությունը ներառվում է Նախագծով լրացվող բաժնում, այլ ոչ Օրենքում կիրառվող հիմնական հասկացություններին վերաբերող 2-րդ հոդվածում: Օրենքում կատարվող լրացումների եւ փոփոխությունների արդյունքում չի նախատեսվում «էլեկտրոնային սակարկություն» հասկացությունը, որը, սակայն, կիրառվում է լրացվող հոդվածներում` իր մեջ ներառելով նաեւ հարկադիր էլեկտրոնային աճուրդները: 

Հիմք ընդունելով վերոգրյալն` առաջարկում ենք հստակեցնել քննարկվող վերնագրերը, հասկացությունները եւ կարգավորումները:

5. Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքում լրացվում է նոր` 35.5-րդ հոդված.

«Հոդված 35.5. Էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպվող սակարկությունների հասկացությունը

1. Էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպվող սակարկություններ են համարվում այն սակարկությունները, որոնք կազմակերպվում են էլեկտրոնային եղանակով եւ համապատասխանում են սույն օրենքով էլեկտրոնային սակարկություններին ներկայացվող նվազագույն պահանջներին՝ բացառությամբ հարկադիր էլեկտրոնային աճուրդների:

2. Էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպվող սակարկությունների աճուրդի լոտ կարող է դառնալ ցանկացած շարժական կամ անշարժ գույք, այդ թվում` գույքային իրավունքներ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:»:

Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքում լրացվում է նաեւ  35.6-րդ հոդված, որի համաձայն`

«Հոդված 35.6.  Էլեկտրոնային համակարգերի հասկացությունը

Սույն օրենքի իմաստով էլեկտրոնային համակարգեր են համարվում սակարկությունների կազմակերպման համար անհրաժեշտ ծրագրային ապահովումները, ինտերնետային հասցեն, տեխնիկական լուծումները եւ բոլոր այն համակարգերն ու միջոցները, որոնք անհրաժեշտ են էլեկտրոնային սակարկությունների կազմակերպման եւ իրականացման համար:»:

Նախագծի 4-րդ հոդվածով լրացվող 35.5-րդ հոդվածում «էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպվող սակարկությունների» հասկացությունը սահմանվում է որպես էլեկտրոնային եղանակով անցկացվող սակարկություն, որը նաեւ պետք է բավարարի նվազագույն պահանջների, որոնցում, սակայն, եւս բացահայտված չեն սակարկության էլեկտրոնային եղանակի բնույթը եւ դրան ներկայացվող պահանջները (քննարկվող կարգավորումներին կանդրադառնանք սույն եզրակացության հաջորդող կետերում): Նախագծի 4-րդ հոդվածով լրացվող 35.5-րդ հոդվածում «էլեկտրոնային համակարգերի» հասկացությունը սահմանելիս ընդհանուր առմամբ նշում է կատարվում «ծրագրային ապահովումների, ինտերնետային հասցեի, տեխնիկական լուծումների, համակարգերի ու միջոցների» մասին, որոնք անհրաժեշտ են էլեկտրոնային սակարկության կազմակերպման եւ իրականացման համար: Արդյունքում` Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքում լրացվող` սույն կետում քննարկված հոդվածները հասկացությունները սահմանելիս հղում են կատարում իրենց իսկ կարգավորումներում կիրառվող, սակայն Օրենքում չսահմանաված եզրույթներին եւ հասկացություններին: Հարկ է նկատել, որ «էլեկտրոնային սակարկության» հասկացության որոշակի սահմանման եւ դրա կազմակերպման եւ իրականացման համար անհրաժեշտ կոնկրետ էլեկտրոնային եղանակի եւ դրան ներկայացվող պահանջների նկարագրության դեպքում միայն Նախագծի 4-րդ հոդվածով կարտարվող լրացումները կարող են համարվել հստակ եւ որոշակի:

Միաժաանակ, կարծում ենք, հստակեցման կարիք ունի Նախագծի 4-րդ հովածով Օրենքում լրացվող նոր` 35.5-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումը, մասնավորապես անհրաժեշտ է որոշակիացնել օրենքով նախատեսված բացառության դեպքերը:

Հիմք ընդունելով վերոգրյալն` առաջարկում ենք հստակեցնել Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր` 35.5-րդ եւ 35.6-րդ հոդվածների կարգավորումները:

6. Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքում լրացվում է նոր 35.7-րդ հոդված.

«Հոդված 35.7.  Էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպվող սակարկությունների կազմակերպիչը

1. Էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպվող սակարկությունների կազմակերպիչ կարող են լինել այն կազմակերպությունները, որոնք կպահպանեն սույն օրենքով  Էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպվող սակարկություններին ներկայացվող պահանջները:

2. Կազմակերպություններ՝ Հայաստանի Հանրապետության  տարածքում uտեղծված (պետական գրանցում uտացած, հաշվառված) իրավաբանական անձ, դրա` Հայաuտանի Հանրապետության տարածքում գործող առանձնացված uտորաբաժանումներ եւ հիմնարկներ, oտարերկրյա կազմակերպությունների Հայաuտանի Հանրապետության տարածքում գործող առանձնացված uտորաբաժանումներ.»:

«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձաց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասով այդ օրենքում կիրառվող հիմնական հասկացությունները սահմանվում են հետեւյալ կերպ` «(...)10) պետական գրանցում՝ ներառում է իրավաբանական անձանց պետական գրանցումը, փոփոխությունների պետական գրանցումը եւ լուծարման պետական գրանցումը.

11) իրավաբանական անձի պետական գրանցում՝ նոր ստեղծվող իրավաբանական անձի իրավունակության ճանաչումը պետության կողմից.

(...)

14) պետական հաշվառում՝ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառումը եւ իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների եւ հիմնարկների պետական հաշվառումը, ինչպես նաեւ պետական մարմինների պետական հաշվառումը.

(...)

16) իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանման պետական հաշվառում՝ իրավաբանական անձի նոր ստեղծվող առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի գոյության ճանաչումը պետության կողմից.»:

Հիմք ընդունելով քննարկվող հասացությունները եւ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձաց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում առկա կարգավորումներն` առաջարկում ենք Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր` 35.7-րդ հոդվածի 2-րդ մասում առկա «Հայաստանի Հանրապետության  տարածքում uտեղծված (պետական գրանցում uտացած, հաշվառված) իրավաբանական անձ, դրա` Հայաuտանի Հանրապետության տարածքում գործող առանձնացված uտորաբաժանումներ եւ հիմնարկներ» ձեւակերպումը խմբագրել` դրանում առկա հասկացություններիր կիրառումը համապատասխանեցնելով եզրակացության սույն կետում մեջբերված կարգավորումներում առկա հասկացություններին:

7. Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքում լրացվում է նոր` 35.8-րդ հոդված.

«Հոդված 35.8.  Էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպվող սակարկությունների վերաբերյալ հրապարակային ծանուցումը

1. Էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպվող սակարկությունների վերաբերյալ աճուրդի մասին հրապարակային ծանուցումը պետք է կատարվի աճուրդն անցկացնելու օրվանից առնվազն տասը օր առաջ: Աճուրդի մասին հրապարակային ծանուցումը պետք է պարունակի սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-2-րդ եւ 4-9-րդ կետերով սահմանված տեղեկությունները:

2. Աճուրդի մասին հրապարակային ծանուցումը հրապարակվում է զանգվածային լրատվության միջոցով եւ http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:»:

Նախագծի 4-րդ հոդվածով լրացվող նոր` 35.8-րդ հոդվածի կարգավորումները նույնությամբ կրկնում են Օրենքի աճուրդի կազմակերպման ընդհանուր ընթացակարգային պայմաններին վերաբերող 5-րդ հոդվածի 2-րդ մասում առկա կարագավորումը` աճուրդի մասին հրապարակային ծանուցումը հրապարակվում է զանգվածային լրատվության միջոցով եւ http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, ինչպես նաեւ Օրենքի աճուրդի հրապարակային ծանուցմանը վերաբերող 8-րդ հոդվածում առկա կարգավորումները` բացառելով միայն 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ 10-12-րդ կետերի կիրառելիությունը էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպվող աճուրդների նկատմամաբ: Օրենքի 8-րդ հոդվածով նախատեսվում է հետեւյալը.

«1. Աճուրդի մասին հրապարակային ծանուցումը պետք է պարունակի աճուրդի մասին հետեւյալ տեղեկությունները.

1) աճուրդի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը եւ ժամը.

2) աճուրդի կազմակերպչի անունը (անվանումը).

3) աճուրդի կազմակերպման վայրը (հասցեն). 

4) աճուրդի ձեւը եւ անցկացման կարգը.

5) աճուրդի պայմանները, այդ թվում` լոտի (լոտերի) անվանումը, լոտի նկատմամբ սահմանափակումները, եթե լոտն առարկա է, ապա նրա ֆիզիկական վիճակը (մաշվածությունը) եւ (կամ) արտադրման տարեթիվը, լոտի մեկնարկային գինը, լոտի իրավունք լինելու դեպքում` այդ իրավունքի գործողության ժամկետը, ինչպես նաեւ էական այլ պայմանները.

6) աճուրդին մասնակցելու անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.

7) աճուրդում հաղթողին որոշելու կարգը.

8) կազմակերպչի կողմից սահմանված նախավճարի չափը, ինչպես նաեւ վճարման կարգը եւ ժամկետները.

9) լոտն ուսումնասիրելու ամսաթիվը, ժամանակը եւ վայրը.

10) ընդհանուր աճուրդի դեպքում` լոտերի վաճառքի հերթականությունը.

11) աճուրդի կանոնակարգին ծանոթանալու վայրը եւ կանոնակարգի պատճենը տրամադրելու կարգը.

12) հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակցի կողմից լոտի գինը վճարելու կարգը:

Աճուրդի կանոնակարգը տրամադրելու համար կազմակերպիչը կարող է պահանջել միայն կանոնակարգի պատճենահանման համար կատարած ծախսերը:

2. Աճուրդի մասին հրապարակային ծանուցումը պետք է կատարվի աճուրդի բացումից առնվազն տասնհինգ օր առաջ:

3. Շուտ փչացող ապրանքների դեպքում աճուրդի մասին հրապարակային ծանուցումը կարող է կատարվել աճուրդի բացման օրվանից առնվազն մեկ օր առաջ:

4. Անշարժ գույքի վաճառքի, ինչպես նաեւ այլ դեպքերում օրենքով կարող են սահմանվել աճուրդի մասին հրապարակային ծանուցման առավել երկար ժամկետներ:»:

Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր` «ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» վերտառությամբ բաժնում նախատեսվող կարգավորումների միայն աճուրդներին վերաբերելի լինելուց, ինչպես նաեւ լրացվող կարգավորումների կրկնություններից բխում է, որ առավել նպատակահարմար է էլեկտրոնային աճուրդներին վերաբերելի կարգավորումները ներառել Օրենքի` աճուրդների կազմակերպմանը եւ անցկացմանը վերաբերող 2-րդ գլխում, ինչը հնարավորություն կտա ընդհանուր կիրառելի կանոների համատեքստում նախատեսել այս խումբ աճուրդներին վերաբերելի որոշակի առաձնահատկություններ, ինչպես նաեւ կատարել հստակ նշումներ էլեկտրոնային աճուրդներին ոչ վերաբերելի դրույթների մասին` բացառելով Օրենքում անհիմն կրկնությունների առկայությունը եւ հստակեցնելով համապատասխան իրավահարաբերություններին վերաբերելի կարգավորումների շրջանակը: 

Վերոնշյալ եզրահանգումը հիմնավորովում է նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջով` նորմատիվ իրավական ակտերում բացառվում են իրավական նորմերի անհիմն կրկնությունները եւ ներքին հակասությունները:

8. Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքում լրացվում է նոր` 35.9-րդ հոդված.

«Հոդված 35.9.  Էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպվող սակարկություններին ներկայացվող նվազագույն պահանջները

1. Էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպվող սակարկությունների կազմակերպիչը պետք է ունենա ինտերնետային էջ եւ ՀՀ-ում գրանցված բանկային հաշիվ որի միջոցով աճուրդին մասնակցել ցանկացող անձինք պետք է  հնարավորություն ունենան գրանցվելու եւ մասնակցելու աճուրդին:

2. Աճուրդին մասնակցել ցանկացող անձանց գրանցումը կատարվում է անվճար:

3. Սույն հոդվածի առաջին մասում նշված ինտերնետային էջում պետք է հրապարակված լինի աճուրդի մասնակցության կանոնակարգն ու պայմանները:

4. Աճուրդին մասնակցել ցանկացող անձը մինչեւ աճուրդի նախորդ օրը ժամը 16:00-ն գրանցվում է կայքում՝ նշելով եւ կցելով անձը հաստատող փաստաթուղթ  եւ հանրային ծառայությունների համարանիշը (իրավաբանական անձանց դեպքում գրանցման վկայական եւ ՀՎՀՀ, բանկային հաշիվը) եթե այլ բան նախատեսված չէ աճուրդի կանոններով, որից հետո ծրագիրը նրան տալիս է նույնականացնող համարանիշ, ինչից հետո մասնակիցը հնարավորություն է ստանում մասնակցելու աճուրդին:

5. Վաճառքի ենթակա լոտերի վերաբերյալ գնային առաջարկները եւ վճարումների կատարման եւ իրականացման գործընթացքը սահմանվում են աճուրդի կանոնակարգով:

6. Աճուրդի կազմակերպիչը երաշխավորում է աճուրդի մասնակիցների անձնական տվյալների պաշտպանությունը, դրանք չեն կարող տրվել երրորդ անձանց, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:»:

Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 35.9-րդ հոդվածի վերաբերյալ հարկ ենք համարում կատարել հետեւյալ դիտարկումները.

8.1. Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքում լրացվող 35.9-րդ հոդվածի 1-ին մասում կիրառվում է «ինտերնետային էջ» հասկացությունը, իսկ նույն հոդվածի 4-րդ մասում «կայք»:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի համաձայն` նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ, նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:

«Կայք» էզրույթը մեկնաբանվում է հետեւյալ կերպ` ցանցակայք (անգլերեն «website», հայերեն նաեւ` վեբ-կայք, համացանցային (ինտերնետային) կայք կամ ցանցային կայք), որը տեքստեր, պատկերներ, տեսանյութեր կամ այլ թվային միջոցներ պարունակող փոխկապակցված վեբ-էջերի հավաքածու է։ Վեբ-կայքը սովորաբար տեղակայվում է համացանցում հասանելի առնվազն մեկ սերվերի վրա։ Կայքէջը մի փաստաթուղթ է, որը սովորաբար գրված է (X)HTML լեզվով: Կայքի էջերը սովորաբար մատչելի են գլխավոր սկզբնաէջ (homepage) կոչվող URL տեղորոշիչից (locator) եւ գտնվում են նույն ֆիզիկական սպասարկչի վրա։ Էջերի URL տեղորոշիչները կազմակերպում են էջերը որոշակի հիերարխիայով, այդուհանդերձ, դրանց միջեւ եղած հիպերկապերն են պատասխանատու այն բանի համար, թե ինչպես է ընթերցողն ընկալում համընդհանուր կառուցվածքը եւ ինչպիսին է տվյալների հոսքը կայքի տարբեր մասերի միջեւ։ 

Հիմք ընդունելով վերոգրյալն` առաջարկում ենք Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքում լրացվող 35.9-րդ հոդվածի 1-ին մասում «ինտերնետային էջ» եւ «կայք» տերմինները կիրառելիս հաշվի առնել դրանց հանրածանոթ նշանակությունը, ինչպես նաեւ հաշվի առնել այն ծրագրային ապահովման առանձնահատկությունները, որով կարող է իրականացվել էլեկտրոնային սակարկություններ, մասնավորապես` այն հանգամանքը, որ այդ ծրագրային ապահովումը չի կարող սահմանափակվել մեկ վեբ-էջով:

Միաժամանակ հարկ է նկատել, որ Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքում լրացվող` էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպվող սակարկություններին ներկայացվող նվազագույն պահանջներին վերաբերող 35.9-րդ հոդվածում հստակեցված չեն ինտերնետային կայքին վերաբերելի պահանջերը, ինչպես նաեւ նշում չկա օրենսդրական կարգավորումնից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի մասին, որով եւս կարող են սահմանվել անհրաժեշտ նվազագույն պահանջները, ինչը համապատասխան սուբյեկտներին հնարավորություն կտա հստակեցնելու, թե ինչպիսի ծրագրային ապահովման` ինչպիսի տեխնիկական լուծումներով ինտերնետային կայքի առկայության դեպքում է թույլատրելի կազմակերպել եւ անցկացնել էլեկտրոնային աճուրդ:

8.2. Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքում լրացվող 35.9-րդ հոդվածի 1-ին մասում նշվում է, որ կազմակերպիչը պետք է ունենա ինտերնետային էջ եւ ՀՀ-ում գրանցված բանկային հաշիվ, որի միջոցով աճուրդին մասնակցել ցանկացող անձինք պետք է  հնարավորություն ունենան գրանցվելու եւ մասնակցելու աճուրդին:

«Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի` աճուրդին մասնակցելու պայմաններին վերաբերող 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք, աճուրդի մասին ծանուցման մեջ սահմանված չափով, ժամկետներում եւ կարգով, մուծում են նախավճար, որի սահմանման պահանջը նախատեսված է Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետում: «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի` 10-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` նախավճարը վճարվելու դեպքում աճուրդի կազմակերպիչը պարտավոր է մասնակցին տրամադրել մասնակցի վկայական: Օրենքի` աճուրդի ընթացքին վերաբերող 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նախքան աճուրդի սկսվելը կազմակերպիչը գրանցում է աճուրդի մասնակիցներին` ստուգելով նրանց ինքնությունը, լիազորությունները հաստատող փաստաթղթերը, ինչպես նաեւ աճուրդի մասին հրապարակային ծանուցման մեջ նշված այլ փաստաթղթեր: Հիմք ընդունելով նշված կարգավորումներն` առաջարկում ենք Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքում լրացվող 35.9-րդ հոդվածի 1-ին մասում առկա կարգավորման մեջ հստակեցնել, թե ինչ միջոցով եւ ինչպես կարող է անձը դառնալ էլեկտրոնային աճուրդի մասնակից, ինչպես նաեւ գրանցվել աճուրդին մասնակցելու համար: 

«Բանկերի եւ բանկային գործունեության մասին» օրենքի կարգավորումներից բխում է, որ Հայաստանի Հանրապետությունում գրանցվում են բանկերը, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծվող մասնաճյուղերը, ինչը հանդիսանում է լիցենզավորման փուլ: Միաժամանակ` «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» օրենքի 34-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերը օրենքներով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով կարող են մատուցել վճարահաշվարկային ծառայություններ, այդ թվում՝ բացել, վարել, սպասարկել բանկային հաշիվներ, ներառյալ՝ բանկերի թղթակցային հաշիվները: Հիմք ընդունելով մեջբերվածն` առաջարկում ենք հստակեցնել «ՀՀ-ում գրանցված բանկային հաշիվ» ձեւակերպումը:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` արգելվում են նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ: Հիմք ընդունելով նշվածն` առաջարկում ենք Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքում լրացվող 35.9-րդ հոդվածի 1-ին եւ 4-րդ մասերում չկիրառել «ՀՀ» եւ «ՀՎՀՀ» հապավումները:

8.3. Նախագծի 4-րդ հոդվածով օրենքում լրացվող 35.9-րդ հոդվածի 5-րդ մասում նշվում է, որ վաճառքի ենթակա լոտերի վերաբերյալ գնային առաջարկները եւ վճարումների կատարման եւ իրականացման գործընթացքը սահմանվում են աճուրդի կանոնակարգով:

Առաջարկում ենք հստակեցնել քննարկվող կարգավորումը` նշում կատարելով այն մասին, որ աճուրդի կանոնակարգով նախատեսվում է գնային առաջարկների կատարման ձեւը, միաժամանակ` առաջարկում ենք կիրառել Օրենքով արդեն իսկ կիրառված եզրույթը, այն է` «գնային հայտ»:

Նախագծի 4-րդ հոդվածով օրենքում լրացվող 35.9-րդ հոդվածի 6-րդ մասում նշվում է, որ աճուրդի կազմակերպիչը երաշխավորում է աճուրդի մասնակիցների անձնական տվյալների պաշտպանությունը, դրանք չեն կարող տրվել երրորդ անձանց, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, որոնք համապատասխանում են հոդվածների բովանդակությանը: Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքում լրացվող 35.9-րդ հոդվածը վերնագրված է «Էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպվող սակարկություններին ներկայացվող նվազագույն պահանջները», հիմք ընդունելով նշվածը` կարծում ենք` լրացվող 35.9-րդ հոդվածի կարգավորման առարկայից դուրս է դրանում ներառված 6-րդ մասը:

9. Նախագծի 4-րդ հոդվածով օրենքում լրացվում է նոր` 35.10-րդ հոդված.

«Հոդված 35.10. Աճուրդի ընթացքը եւ ավարտը

1. Աճուրդի մեկնարկը եւ ընթացքը սահմանվում են աճուրդի կանոններով:

2. Աճուրդի տեւողությունը եւ ավարտը սահմանվում է աճուրդի կանոնակարգով:

3.Աճուրդը համարվում է ավարտված, երբ լրանում է աճուրդի տեւողությամբ սահմանված ժամկետը:

4. Աճուրդում հաղթող է ճանաչվում առավելագույն գին ներկայացրած մասնակիցը:

5. Աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է երեք աշխատանքային օրվա ընթացքում փոխանցել գնված լոտի գինն ամբողջությամբ, իսկ նախավճար վճարված լինելու դեպքում՝ հաշվանցելով նախավճարը:

6. Լոտի գնի վճարումը իրականացվում է անկանխիկ եղանակով, որը կարող է իրականացվել նաեւ բանկային հաշվի եւ/կամ քարտի միջոցով եթե աճուրդի կազմակերպման համակարգը թույլ է տալիս կցել բանկային քարտ կամ հաշիվ:

7. Աճուրդում հաղթած մասնակցի հետ ստորագրվում է արձանագրություն, որի ձեւը եւ  ստորագրության կարգը սահմանվում է աճուրդի կանոնակարգով:

8. Լոտի վաճառքի ամբողջական գինը աճուրդի կազմակերպչի կողմից ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում աճուրդում հաղթած մասնակցի հետ կնքվում է առուվաճառքի պայմանագիր եւ գույքի հանձնման-ընդունման ակտ:

9. Աճուրդի կազմակերպիչը լոտի գնման գինն ամբողջությամբ ստանալուց հետո այն երեք աշխատանքային օրվա ընթացքում փոխանցում է լոտը վաճառքի ներկայացրած անձին/ընկերությանը:»:

Նախագծի 4-րդ հոդվածով օրենքում լրացվող 35.10-րդ հոդվածի վերաբերյալ հարկ ենք համարում կատարել հետեւյալ դիտարկումները.

9.1. Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքում լրացվող 35.10-րդ հոդվածը վերնագրված է «Աճուրդի ընթացքը եւ ավարտը»: Հարկ է նկատել, որ Օրենքում արդեն իսկ առկա են աճուրդի ընթացքին վերաբերելի կանոններ, ինչպես նաեւ հոդվածը ներառված է էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպվող սակարկություններին վերաբերող «բաժնում»: Հիմք ընդունելով վերոգրյալն` առաջարկում ենք վերանայել հոդվածի վերնագրում եւ կարգավորման տեքստում ներառված եզրույթները:

Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքում լրացվող 35.10-րդ հոդվածի 1-3-րդ մասերով սահմանվոմ է, որ աճուրդի մեկնարկը եւ ընթացքը սահմանվում են աճուրդի կանոններով, աճուրդի տեւողությունը եւ ավարտը սահմանվում է աճուրդի կանոնակարգով եւ այն համարվում է ավարտված, երբ լրանում է աճուրդի տեւողությամբ սահմանված ժամկետը:

Հարկ է նկատել, որ աճուրդների ընթացքին վերաբերելի կանոնները նախատեսված են Օրենքում, արդյունքում, կարծում ենք, որ իրավական որոշակիության ապահովման նպատակից ելնելով, անհրաժեշտ է էլեկտրոնային աճուրդի ընթացքին վերաբերելի կանոնները եւս նախատեսել Օրենքով, ինչը հնարավորւթյուն կտա նաեւ առավել հստակեցնելու համապատասխան կայքին ներկայացվող պահանջները:

9.2. Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքում լրացվող 35.10-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսվում է, որ աճուրդում հաղթող է ճանաչվում առավելագույն գին ներկայացրած մասնակիցը:

Օրենքի` աճուրդի ընթացքին վերաբերող 14-րդ հոդվածով նախատեսվում է, որ աճուրդավարը մասնակիցներին առաջարկում է մեկնարկային գնով գնել լոտը, ցանկացած մասնակից իրավունք ունի, նախքան աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածը, ներկայացնել նոր գնային հայտ, որը պետք է գերազանցի մասնակիցների կատարած նախորդ գնային հայտը` նվազագույն հավելման չափով, վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից, եթե մի քանի մասնակից միաժամանակ գնային հայտ են ներկայացրել հավասար չափով, որից հետո ավելի բարձր գնային հայտ չի ներկայացվել, ապա աճուրդավարը վիճակահանության միջոցով որոշում է հաղթող մասնակցին:

Հարկ է նկատել, որ էլեկտրոնային աճուրդին վերաբերող համապատասխան կարգավորմամբ քննարկվում է աճուրդի այն մասնակցին աճուրդում հաղթող ճանաչելու հարցը, ով ներկայացրել է առավելագույն գին: Կարծում ենք, որ քննարկվող կարգավորումը ունի լրացման եւ որոշակիացման կարիք, մասնավորապես` առնվազն քննարկված չէ այն իրավիճակը, երբ առավելագույն գին ներակայացրել են մեկից ավելի մասնակիցներ:

9.3. Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքում լրացվող 35.10-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսվում է, որ աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է երեք աշխատանքային օրվա ընթացքում փոխանցել գնված լոտի գինն ամբողջությամբ, իսկ նախավճար վճարված լինելու դեպքում՝ հաշվանցելով նախավճարը:

Օրենքի աճուրդին մասնակցելու պայմաններին վերաբերող 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք, աճուրդի մասին ծանուցման մեջ սահմանված չափով, ժամկետներում եւ կարգով, մուծում են նախավճար: «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի` 10-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` նախավճարը վճարվելու դեպքում աճուրդի կազմակերպիչը մասնակցին տրամադրում է մասնակցի վկայական: Հիմք ընդունելով նշված կարգավորումները` կարծում ենք` լրացուցիչ հիմնավորման կարիք ունի կարգավորմամբ` «նախավճար վճարված չլինելու դեպքի» հնարավորության նախատեսումը:

Միաժամանակ հարկ է նկատել, որ քննարկվող կարգավորման մեջ բացակայում է եռօրյա ժամկետի հաշվարկի մեկնարկային կետը, ուստի առաջարկում ենք հստակեցնել, թե որ պահից սկսած` եռօրյա ժամկետում պետք է կատարվի գնված լոտի գնի փոխանցում:

9.4. Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքում լրացվող 35.10-րդ հոդվածի 5-րդ, 8-րդ եւ 9-րդ մասերով նախատեսվում է, որ աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է երեք աշխատանքային օրվա ընթացքում փոխանցել գնված լոտի գինն ամբողջությամբ, լոտի վաճառքի ամբողջական գինը աճուրդի կազմակերպչի կողմից ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում աճուրդում հաղթած մասնակցի հետ կնքվում է առուվաճառքի պայմանագիր եւ գույքի հանձնման-ընդունման ակտ, աճուրդի կազմակերպիչը լոտի գնման գինն ամբողջությամբ ստանալուց հետո այն երեք աշխատանքային օրվա ընթացքում փոխանցում է լոտը վաճառքի ներկայացրած անձին կամ ընկերությանը:

Օրենքի հարկադիր էլեկտրոնային աճուրդի ընթացքին վերաբերող 35.2-րդ հոդվածով նախատեսվում են հետեւյալ կարգավորումները.

«(...) 6. Աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը` հաշվանցելով նախավճարը: (...)Հաղթողի կողմից գնման գինը չմուծվելու դեպքում նախավճարը չի վերադարձվում եւ մնում է ծառայության դեպոզիտ հաշվում: (...):

7. Հաղթողի կողմից գնման գինը վճարվելուց եւ այն փաստացի ծառայության դեպոզիտ հաշվին մուտքագրվելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, հարկադիր կատարողը նրա կամ նրա ներկայացուցչի հետ կնքում է առք ու վաճառքի պայմանագիր:

Հաղթողի կողմից նշված ժամկետում պայմանագիր չկնքվելու դեպքում գնման գինը վերադարձվում է նրան, իսկ նախավճարը մնում է ծառայության դեպոզիտ հաշվին:

8. Լոտի վաճառքից ստացված գումարը առուվաճառքի պայմանագիրը կնքելուց հետո՝ եռօրյա ժամկետում, փոխանցվում կամ հանձնվում է պահանջատիրոջը:»:

Հարկ է նկատել, որ Օրենքի հարկադիր էլեկտրոնային աճուրդի ընթացքին վերաբերող դրույթներում բացակայում են կարգավորումները ստորագրվող արձանագրության վերաբերյալ, ինչը բխում է հարկադիր էլեկտրոնային աճուրդի բնույթից: Մասնավորապես` աճուրդի ավարտից հետո աճուրդում հաղթած մասնակիցը պարտավորվում է աճուրդն անցկացնելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում կատարել մուծում ծառայության դեպոզիտ հաշվին, այնուհետեւ կնքվում է առուվաճառքի պայմանագիրը, եւ նոր միայն լոտի վաճառքից ստացված գումարը փոխանցվում է պահանջատիրոջը: Բացի այդ, Օրենքով նախատեսվում է կարգավորում, որ պայմանագրի չկնքման դեպքում գնման գինը վերադարձվում է մասնակցին:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 463-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում է, որ «Պայմանագիրը, եթե այլ բան չի բխում դրա էությունից, կարող է կնքվել սակարկությունների միջոցով: Պայմանագիրը կնքվում է սակարկություններում հաղթած անձի հետ:»:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի` աակարկություններ կազմակերպելու եւ անցկացնելու կարգին վերաբերող 464-րդ հոդվածի համաձայն` «(...) Այն դեպքում, երբ սակարկությունների առարկան պայմանագիր կնքելու իրավունք է, կայացվելիք սակարկությունների մասին ծանուցման մեջ պետք է նշվի դրա համար տրամադրվող ժամկետը:

(...)

4. Սակարկությունների մասնակիցները դրանց անցկացման մասին ծանուցման մեջ նշված չափով, ժամկետներում եւ կարգով մուծում են նախավճար: (...):

Սակարկություններում հաղթած անձի հետ պայմանագիր կնքելիս նրա մուծած նախավճարի գումարը հաշվարկվում է կնքված պայմանագրով պարտավորությունների կատարման հաշվում:

5. Սակարկություններում հաղթած անձը եւ սակարկությունների կազմակերպիչն աճուրդ կամ մրցույթ անցկացնելու օրն ստորագրում են սակարկությունների արդյունքների մասին արձանագրություն, որն ունի պայմանագրի ուժ: Սակարկություններում հաղթած անձն արձանագրությունն ստորագրելուց խուսափելու դեպքում կորցնում է մուծած նախավճարը: Արձանագրությունն ստորագրելուց հրաժարվող սակարկությունների կազմակերպիչը պարտավոր է նախավճարը վերադարձնել կրկնակի չափով, ինչպես նաեւ սակարկություններում հաղթած անձին հատուցել սակարկություններին մասնակցելու հետեւանքով կրած վնասները:

6. Եթե սակարկությունների առարկան միայն պայմանագիր կնքելու իրավունք է, ապա կողմերը նման պայմանագիրը պետք է ստորագրեն սակարկությունների ավարտից եւ արձանագրության ձեւակերպումից հետո քսան օրվանից կամ ծանուցման մեջ նշված այլ ժամկետից ոչ ուշ:

7. Պայմանագիր կնքելուց կողմերից մեկի խուսափելու դեպքում մյուս կողմն իրավունք ունի դիմել դատարան` պայմանագիր կնքելուն հարկադրելու, ինչպես նաեւ դրա կնքումից խուսափելու հետեւանքով պատճառված վնասները հատուցելու պահանջով:»:

«Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի` սակարկությունների միջոցով պայմանագրեր կնքելու պայմաններին վերաբերող 4-րդ հոդվածի համաձայն` «1. Եթե սակարկություններով վաճառվելիք լոտն անշարժ կամ շարժական գույք է, որի նկատմամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման, ապա սակարկություններում հաղթողի հետ արձանագրության ստորագրման պահից նրան են անցնում համապատասխան լոտի վերաբերյալ առուվաճառքի մասին պայմանագիր կնքելու իրավունքը:

2. Եթե լոտն իրավունք է, այդ թվում` աշխատանքներ կատարելու կամ ծառայություններ մատուցելու առաջարկ, ինչպես նաեւ օգտագործման իրավունք, ապա սակարկություններում հաղթողի հետ արձանագրությունը ստորագրելու պահից նրան է անցնում համապատասխան պայմանագիր կնքելու իրավունքը:

3. Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված դեպքերում համապատասխան պայմանագրեր կնքելիս պայմանագրերի էական պայմանները պետք է համապատասխանեն սակարկությունների մասին հրապարակային ծանուցմամբ սահմանված պայմաններին: (...):»:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 470-րդ հոդվածի համաձայն` առուվաճառքի պայմանագրով կողմերից մեկը (վաճառողը) պարտավորվում է մյուս կողմին (գնորդին) որպես սեփականություն հանձնել (գույք) ապրանք, իսկ գնորդը պարտավորվում է ընդունել այդ ապրանքը եւ դրա համար վճարել որոշակի գումար (գինը):

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 502-րդ հոդվածի համաձայն`գնորդը պարտավոր է վճարել ապրանքի համար այն վաճառողից ստանալուց անմիջապես առաջ կամ հետո, եթե այլ բան նախատեսված չէ օրենսգրքով, այլ օրենքներով, իրավական ակտերով կամ առուվաճառքի պայմանագրով եւ չի բխում պարտավորության էությունից:

Հիմք ընդունելով եզրակացության 9-րդ կետի սույն ենթակետում արված դիտարկումները եւ մեջբերված իրավական ակտերն` առաջարկում ենք խմբագրել Նախագծի 4-րդ հովածով Օրենքում լրացվող 35.10-րդ հոդվածի 5-րդ, 8-րդ եւ 9-րդ մասերով նախատեսվող կարգավորումները, որոնց տրամաբանությամբ նախատեսվում է արձանագրության ստորագրում, այնուհետեւ գնված լոտի գնի ամբողջությամբ  փոխանցում, որից հետո միայն նոր հնգօրյա ժամկետում աճուրդում հաղթած մասնակցի հետ առուվաճառքի պայմանագրի  կնքում, մինչ այդ աճուրդի կազմակերպչի կողմից լոտը վաճառքի ներկայացրած անձին կամ ընկերությանը լոտի գնման գնի փոխանցման հնարավորության նախատեսմամբ:

Միաժամանակ առաջարկում ենք խմբագրել «գույքի հանձնման-ընդունման ակտի կնքում» ձեւակերպումը: Ինչպես նաեւ, կարծում ենք լրացուցիչ քննարկման առարկա պետք է դարձնել նաեւ աճուրդի կազմակերպչի կողմից սեփական գույքը վաճառելու դեպքերի հնարավորությունը:

10. Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքում լրացվում է նոր` 35.11-րդ հոդված.

«Հոդված 35.11. Աճուրդը չկայացած եւ անվավեր ճանաչելը

1. Աճուրդը համարվում է չկայացած, եթե`

1) աճուրդին չի մասնակցել ոչ մի գնորդ.

2) աճուրդի ընթացքում լոտի մեկնարկային գնի հավելում չի կատարվել.

3) աճուրդում հաղթած անձը հրաժարվել է ստորագրել աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը կամ սահմանված ժամկետում չի վճարել լոտի գնման գինը:

2. Աճուրդը պետք է չկայացած հայտարարվի ոչ ուշ, քան նշված հանգամանքների վրա հասնելու հաջորդ օրը:

3. Աճուրդը համարվում է անվավեր եթե չեն պահպանվել սույն օրենքի 35.5-35.10-րդ հոդվածներով սահմանված պահանջները եւ/կամ կազմակերպչի կողմից սահմանված աճուրդի կանոնները:

4. Աճուրդն անվավեր ճանաչվելու դեպքում կազմակերպվում է նոր աճուրդ, իսկ դրա անհնարինության դեպքում կիրառվում են անվավերության հետեւանքներ՝ օրենքով սահմանված կարգով:»:

Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքում լրացվող 35.11-րդ հոդվածը վերնագրված է «Աճուրդի չկայացած եւ անվավեր ճանաչելը»: Հարկ է նկատել, որ Օրենքում արդեն իսկ առկա են աճուրդի չկայացած եւ անվավեր ճանաչելուն վերաբերելի կանոններ, ինչպես նաեւ հոդվածը ներառված է էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպվող սակարկություններին վերաբերող «բաժնում»: Հիմք ընդունելով վերոգրյալն` առաջարկում ենք վերանայել հոդվածի վերնագրում եւ կարգավորման տեքստում ներառված եզրույթները:

Հարկ է նկատել, որ ընդհանուր կարգավորման համաձայն աճուրդները կարող են ճանաչվել անվավեր միայն դատական կարգով` Օրենքի 16-րդ հոդված` լոտի վերաբերյալ աճուրդն անվավեր կարող է ճանաչվել միայն դատական կարգով, Օրենքի 3-5-րդ, 8-9-րդ եւ 14-րդ հոդվածներով նախատեսված կանոնների խախտմամբ անցկացված աճուրդը, շահագրգիռ անձի պահանջով, դատարանը կարող է ճանաչել անվավեր: Միաժամանակ` Օրենքի 16-րդ հոդվածում հղում է կատարվում ընդհանուր դրույթների խախտման դեպքերին, որի արդյունքում աճուրդը կարող է ճանաչվել անվավեր, մինչդեռ Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքում լրացվող 35.11-րդ հոդվածի 3-րդ մասում հղում է կատարվում միայն 35.5-35.10-րդ հոդվածներին: Մասնավորապես` օրինակ` Օրենքի 3-րդ հոդվածը վերաբերում է աճուրդի մասնակիցներին.

«1. Սակարկությունների մասնակից կարող են հանդիսանալ ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, ինչպես նաեւ համայնքները:

2. Սակարկություններին չեն կարող մասնակցել սակարկությունների կազմակերպիչը, իրավաբանական անձ համարվող կազմակերպչի հիմնադիրները (մասնակիցները), կազմակերպչի աշխատակիցները, իսկ մրցույթների դեպքում` նաեւ մրցութային հանձնաժողովի անդամները:

Սակարկություններին չեն կարող մասնակցել աճուրդավարի երեխաները, ծնողները, ամուսինը, տատը, պապը, եղբայրները եւ քույրերը, ինչպես նաեւ աճուրդավարի ամուսնու ծնողները, տատը, պապը, եղբայրները եւ քույրերը:

3. Սակարկությունների մասնակից չեն կարող լինել այն անձինք, որոնք սակարկություններով վաճառվող լոտի նկատմամբ չեն կարող ունենալ սեփականության իրավունք:»:

Հիմք ընդունելով վերոգրյալն` առաջարկում ենք խմբագրել էլեկտրոնային աճուրդի անվավերությանը վերաբերող` Նախագծով նախատեսված կարգավորումները:

11. Նախագծի եզրափակիչ մասին վերաբերելի հոդվածը համարակալելիս առաջարկում ենք պահպանել հոդվածների համարակալման հաջորդականության սկզբունքը` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասը` օրենսդրական ակտերում նորմերը շարադրվում են հերթական համար ունեցող հոդվածների տեսքով: 

Միաժամանակ` Նախագծի ըստ հաջորդականության 5-րդ հոդվածում «հրապարակմանը» բառն առաջարկում ենք փոխարինել «հրապարակման օրվան» բառերով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասը:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություներ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագիծը խնդրահարույց է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության` որոշակիության սկզբունքին վերաբերող 79-րդ հոդվածի տեսանկյունից: 

Ինչպես նաեւ անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենգրքին, «Հրապարակային սակարկությունների մասին», «Բանկերի եւ բանկային գործունեության մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձաց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքներին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                           ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 

Կատարողներ` Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248), 

Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248)

18.01.2021թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                           ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 

Կատարողներ` Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248),

Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248)

18.01.2021թ.




ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ  եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-815-22.12.2020-ՏՀ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Արտակ Մանուկյանի եւ Հայկ Գեւորգյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:

Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

1. Նախագծով առաջարկվում է կարգավորել էլեկտրոնային համակարգերի միջոցով սակարկությունների իրականացման հետ կապված հարաբերությունները: 

2. Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

3. Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                             ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 
 

Կատարող՝ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603)

28.12.2020թ.




ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ  եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-815-22.12.2020-ՏՀ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Արտակ Մանուկյանի եւ Հայկ Գեւորգյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:

Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է նախատեսել էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպվող սակարկությունների կարգավորումներ, ինչը կարող է տնտեսվարող սուբյեկտների եւ այլ շահառուների համար բիզնեսի ծախսերի նվազեցման, մրցակցային պայմանների ապահովման համար բարենպաստ պայմաններ ստեղծել եւ խթանել էլեկտրոնային հարթակների զարգացումը:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 

Եզրահանգում

Նախագիծը սոցիալական հիմնախնդիրներ չի պարունակում:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ եւ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 

Կատարող՝ Ա. Հարությունյան (հեռ.՝ 011-513-339) 

28.12.2020թ.