ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացվել են «Փախստականների եւ ապաստանի  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Կ-826-28.12.2020-ՊԻ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝  Կ-8261 -28.12.2020-ՊԻ-011/0) (այսուհետ միասին նաեւ՝ Նախագծերի փաթեթ): Նախագծերի փաթեթով նախատեսվում է օրենքով սահմանված կարգով ազատությունից զրկված կամ քրեական հետապնդման ենթարկված օտարերկրացի կամ քաղաքացիություն չունեցող անձանց փախստականի կարգավիճակ ձեռք բերելու կամ ապաստանի համար դիմելու, այդ թվում՝ օրենքով նախատեսված իրավասու մարմնի կողմից կայացված բացասական որոշումը դատական կարգով բողոքարկելու ողջ ընթացակարգը ենթարկել ժամկետային կարգավորման, արգելել նույն հիմքով երկրորդ անգամ լիազոր մարմնին դիմելու գործընթացը՝ ապահովելով իրավական որոշակիությունը, բացառելու իրավունքի չարաշահման հնարավորությունը եւ ապահովելու քրեադատավարական հարաբերությունների բնականոն ընթացքը: Այսպես՝ Նախագծերի փաթեթով առաջարկվում է՝ 1)  սահմանել լիազոր պետական մարմնի կողմից հիշյալ խումբ անձանց ներկայացրած դիմումները առանց երկարաձգման հնարավորության քննարկելու եւ հնարավորինս անհապաղ ծանուցելու ընթացակարգ, 2) օրենսդրորեն արգելել նույն հիմքով երկրորդ անգամ դիմումի ներկայացումը, 3)  սահմանել կայացված բացասական որոշումը վարչական դատարան բողոքարկելու 10-օրյա ժամկետ, 4) սահմանել վարչական դատարանի կողմից հայցադիմումը քննության առնելու եւ համապատասխան դատական ակտ կայացնելու ու հրապարակելու 1-ամսյա ժամկետ, 5) նախատեսել վարչական դատարանի կայացրած գործն ըստ էության լուծող դատական ակտը վերաքննիչ դատարան բողոքարկելու 10-օրյա ժամկետ, 6) վերաքննիչ դատարանում գործի քննության, դատական ակտի կայացման ու հրապարակման 15-օրյա ժամկետ, 7) վերաքննիչ դատարանի կայացրած դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք ներկայացնելու 5-օրյա ժամկետ, 8) վճռաբեկ դատարանի կողմից բողոքի քննության եւ համապատասխան դատական ակտի կայացման ու հրապարակման 5-օրյա ժամկետ: Նախագծերի փաթեթով նախատեսված օրենքով սահմանված կարգով ազատությունից զրկված կամ քրեական հետապնդման ենթարկված օտարերկրացի կամ քաղաքացիություն չունեցող անձանց փախստականի կարգավիճակ ձեռք բերելու կամ ապաստանի համար դիմելու, այդ թվում լիազոր մարմնի բացասական որոշումը դատական կարգով բողոքարկելու համար սահմանաված ժամկետները կրճատելը բխում է հստակ եւ կանխատեսելի ժամկետներ սահմանելու անհրաժեշտությունից՝ բացառելով պրակտիկայում առկա չարաշահումների հնարավորությունները:

Նախագծերի փաթեթը մասնագիտական  փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացնում ենք մասնագիտական փորձաքննության եզրակացությունները, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

            ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                            ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 
 

18.01.2021թ.



ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Փախստականների եւ ապաստանի  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին»  օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-826-28.12.2020-ՊԻ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝  Կ-8261 -28.12.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Փախստականների եւ ապաստանի  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին  եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ միասին նաեւ՝ Նախագծերի փաթեթ) իրավական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի՝ Սահմանադրությանը եւ օրնքների պահանջների համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Փախստականների եւ ապաստանի  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 2-րդ հոդվածով նախատեսվում է  «Փախստականների եւ ապաստանի  մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 47-րդ հոդվածում լրացնել նոր՝ 2.1-ին մաս՝ հետեւյալ բովանդակությամբ՝ «Հայաստանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատած կամ օտարերկրյա պետությանը հանձնման ենթակա օտարերկրացին կամ քաղաքացիություն չունեցող անձը, ում ազատությունը օրենքով սահմանված կարգով սահմանափակված է կամ ով ազատությունից զրկված է կամ ում նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում Հայաստանի Հանրապետության տարածքում, կարող է դիմել ապաստան ստանալու կամ փախստականի կարգավիճակ ձեռք բերելու համար այդ իրավունքի մասին ծանուցման պահից՝  15 օրացուցային օրվա ընթացքում»: 

Նախագծի 2-րդ հոդվածում կիրառված «անձ, ում ազատությունը (...) սահմանափակված է կամ ով ազատությունից զրկված է» դրույթների միաժամանակյա կիրառությունն իրավական շփոթ կարող է առաջացնել: Մասնավորապես՝ Սահմանադրությամբ ուղղակի նշվում են սահմանափակման ենթակա իրավունքներն ու ազատությունները (Օրինակ՝ Սահմանադրության 25-րդ, 27-րդ, 31-րդ, 32-րդ եւ հոդվածներով)։ Նախագծի 2-րդ հոդվածի ձեւակերպումից հասկանալի չէ՝ ինչպես է սահմանափակվելու անձի ազատությունը, երբ Սահմանադրությամբ «ազատության սահմանափակում» հնարավոր է, երբ «ազատություն» եզրույթը, լայն իմաստով է կիրառված՝ որպես անհատի կողմից իր վարքագծի գիտակցաբար ընտության կարողություն ու հնարավորություն (մտքի, խղճի եւ կրոնի ազատություն, կարծիքն արտահայտելու ազատություն, ստեղծագործության ազատություն եւ այլն): Նախագծի համատեքստից եւ հիմնավորումից բխում է, որ սահմանափակումը վերաբերում է ոչ թե ընդհանրապես ազատությանը, որն ունի արտահայտման բազմազան ձեւեր, այլ Սահմանադրությամբ ամրագրված անձնական իրավունքների շարքում առաջնային տեղ զբաղեցնող անձի անձնական ազատության իրավունքին: Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք։ Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետեւյալ դեպքերում եւ օրենքով սահմանված կարգով`

            1) անձին իրավասու դատարանը դատապարտել է հանցանք կատարելու համար.

            2) դատարանի իրավաչափ կարգադրությանը չենթարկվելու համար.

            3) օրենքով սահմանված որոշակի պարտականության կատարումն ապահովելու նպատակով.

            4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով.

            5) անչափահասին դաստիարակչական հսկողության հանձնելու կամ իրավասու մարմին ներկայացնելու նպատակով.

            6) հանրության համար վտանգավոր վարակիչ հիվանդությունների տարածումը, ինչպես նաեւ հոգեկան խանգարում ունեցող, հարբեցող կամ թմրամոլ անձանցից բխող վտանգը կանխելու նպատակով.

            7) անձի անօրինական մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու կամ անձին արտաքսելու կամ այլ պետության հանձնելու նպատակով»:

Սահմանադրության նշված դրույթի բովանդակությունից բխում է, որ անձն ազատության իրավունքից կարող է զրկվել միայն նշված դեպքերում: Այն պարագայում, երբ Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է Սահմանադրությամբ սահմանված անձնական ազատության զրկման դեպքերից առանձնացնել միայն Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված արգելանքի վերցնելը (հիմք են հանդիսանում նաեւ Նախագծի 2-րդ հոդվածով լրացվող 2.1-ին մասի 2-րդ եւ 3-րդ պարբերություններում կիրառված հասկացությունները), առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածով լրացվող 2.1-ին մասի 1-ին պարբերության մեջ կիրառված հասկացությունները համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ եւ Նախագծով կիրառված հասկացություններին:

2. Հիմք ընդունելով Քրեական դատավարության օրենսգրքում կիրառված հասկացությունները եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը՝ առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածով լրացվող Օրենքի 47-րդ հոդվածի 2.1-ին մասի 2-րդ եւ 3-րդ պարբերություններում նշված «արգելանքի տակ վերցնել» բառերն իրենց հոլովաձերում փոխարինել «արգելանքի վերցնել» կամ «արգելանքի տակ պահել» բառերով՝ համապատասխան հոլովաձեւերով:

3. Նախագծի 2-րդ հոդվածով լրացվող 2.1-ին մասի 2-րդ պարբերությամբ սահմանված է՝ «Այն անձանց, որոնց նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում Հայաստանի Հանրապետության տարածքում, ապաստանի կամ փախստականի կարգավիճակ ձեռք բերելու համար դիմելու իրենց իրավունքի մասին ծանուցումը եւ դրա իրացումը ապահովվում է քրեական հետապնդում իրականացնող մարմնի կողմից»: Նշված հոդվածի բովանդակությունից բխում է, որ կոնկրետ դեպքերում քրեական հետապնդում իրականացնող մարմիններին պարտավորեցվում է համապատասխան անձանց տեղյակ պահել ապաստանի կամ փախստականի կարգավիճակ ձեռք բերելու համար դիմելու իրենց իրավունքի, դիմելու կարգի, մասին, ապահովել նշված իրավունքի իրացումը: Մինչդեռ, հարկ է նկատել, որ Օրենքի 3-րդ գլխով հստակ սահմանված են ապաստանի հարցերով իրավասու պետական մարմինների լիազորությունները: Մասնավորապես Օրենքի 32-րդ հոդվածի համաձայն ՝ «Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիներին եւ քաղաքացիություն չունեցող անձանց (այսուհետ` օտարերկրացիներ) ապաստանի տրամադրման, փախստականի ճանաչման, ապաստան հայցողների եւ Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչվածների իրավունքների իրացման եւ սույն օրենքով սահմանված այլ իրավահարաբերությունների հարցերով իրավասու պետական մարմիններն են`

1) Կառավարությունը.

2) լիազոր մարմինը 

(...)

11) այլ իրավասու պետական մարմիններ (այսուհետ` այլ մարմիններ)»: 

     Որպես այլ իրավասու պետական մարմնի լիազորություն՝ Օրենքի 43-րդ հոդվածով սահմանված է միայն՝ «Հայաստանի Հանրապետության պետական բոլոր մարմինները պարտավոր են, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, լուծել Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցողների եւ Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականների` սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով իրենց իրավասություններին հանձնված ցանկացած խնդիր»: Մինչդեռ Նախագծով քրեական հետապնդում իրականացնող մարմնի պարտականությունը դեռեւս ապաստան չհայցող եւ փախստականի կարգավիճակ չունեցող անձանց ապաստանի կամ փախստականի կարգավիճակ ձեռք բերելու համար դիմելու իրենց իրավունքի մասին տեղյակ պահելն է, ծանուցելն է, այլ ոչ արդեն իսկ նման կարգավիճակ ունեցող անձանց համար իրենց իրավասությանը հանձնված խնդրի լուծումը: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք Օրենքով քրեական հետապնդում իրականացնող մարմիններին նախատեսել որպես ապաստանի հարցերով իրավասու պետական մարմին՝ համապատասխան գլխում լրացնելով վերջինիս լիազորությունները: 

4.  Առաջարկում ենք Նախագծի վերնագրում նշված երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները: 

5.  Առաջարկում ենք Նախագծի հոդվածների համարներից առաջ նշված «ՀՈԴՎԱԾ» բառերը փոխարինել «Հոդված» բառով՝ հիմք ընդունելով  «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասը: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի հոդվածներին:

6.  Առաջարկում ենք Նախագծի 4-րդ հոդվածի մասերի համարակալումը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ եւ 7-րդ մասերի պահանջներին՝ մասերի համարները տեքստից բաժանելով միջակետերով:

7.  Նախագծի  4-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված լրացման մեջ կիրառված «լիազոր մարմնի կայացրած որոշման ընդունման մասին» ձեւակերպումն իրավական շփոթ է առաջացնում: Մասնավորապես, նման ձեւակերպումից բխում է, որ լիազոր մարինն արդեն իսկ կայացված որոշումը պետք է ընդունվի, մինչդեռ որոշման ընդունմանը վերաբերող  Օրենքի 52-րդ հոդվածով կիրառվում է կամ «որոշման կայացում» կամ «որոշման ընդունում» հասկացություններն՝ առանց բովանդակային տարբերության: Ուստի առաջարկում ենք «կայացրած որոշման ընդունման մասին» ձեւակերպումը փոխարինել «որոշման կայացման մասին» ձեւակերպմամբ:

8.  Նախագծի 5-րդ հոդվածով նախատեսված փոփոխությամբ կիրառվում է «ապաստանի հայցի ըստ էության քննություն» հասկացությունը, որը Օրենքի շրջանակներում առաջին անգամ է կիրառվում եւ Օրենքի համատեքստում միանշանակ չի ընկալվում (օրինակ՝ ո՞րն է ապաստանի հայցի ոչ ըստ էության քննությունը):

9.  Նախագծի  5-րդ հոդվածով Օրենքի 59-րդ հոդվածը նոր խմբագրությամբ շարադրելու արդյունքում դուրս է մնում Օրենքի 59-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ստացած անձի կամ ապաստանի միասնական դիմում ներկայացրած եւ վերջնական որոշմամբ մերժված անձի ընտանիքի անդամի (խնամքի տակ գտնվող անձը) անհատական ապաստանի դիմում ներկայացնելու դեպքում Օրենքի 59-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումները չտարածվելու վերաբերկալ դրույթը, ինչը, կարծում ենք, լրացուցիչ հիմնավորման կարիք ունի:

10. Նախագծի 6-րդ հոդվածը վերնագրված է «Անցումային եւ եզրափակիչ դրույթներ», մինչդեռ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի հոդվածները վերնագրեր չեն ունենում: Սույն դիտարկումը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջներից: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի  4-րդ հոդվածի վերնագրին:

11.  Առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածով լրացվող 31.6-րդ գլխի վերնագիրը նշել մեծատառերով՝ ապահովելով լրացման ձեւի (տեսքի) համապատասխանությունը լրացվող ակտի ձեւին: Սույն առաջարկը բխում է  «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի  3-րդ մասի եւ 14-րդ հոդվածի 10-րդ մասի պահանջներից:

12. Առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածով լրացվող 222.17-րդ հոդվածի 2-րդ մասում նշված «ՀՀ» հապավումը նշել ամբողջական տարբերակով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասը:

13. «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածով լրացվող 227.20-րդ հոդվածի 1-րդ մասով սահմանված վրիպակն առաջարկում ենք շտկել, այն ՝ «իրակացնում են» բառերը փոխարինել «իրականացնում է» բառերով:

14. «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ մասում նշված «սույն վարույթով սահմանված իրավանորմեր» հասկացությունը պարզ չէ եւ հստակեցման կարիք ունի:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ անհրաժեշտ  է ապահովել Նախագծերի փաթեթի համապատասխանությունը իրավական որոշակիության սկզբունքին: Միաժամանակ անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հասկացություններին, «Փախստականների եւ ապաստանի  մասին» եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքների պահանջներին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                   ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 
 

Կատարող` Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248)

15.01.2021թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին մասին

Նախագծերի փաթեթին առնչվողն այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                   ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 

Կատարող` Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248)

15.01.2021թ.



ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Փախստականների եւ ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-826-28.12.2020-ՊԻ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-8261 -28.12.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ 

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Փախստականների եւ ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ՝  Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:

Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթով առաջարկվում է օրենքով սահմանված կարգով ազատությունը սահմանափակված օտարերկրացի կամ քաղաքացիություն չունեցող անձանց փախստականի կարգավիճակ ձեռք բերելու կամ ապաստանի համար դիմելու, այդ թվում՝ օրենքով նախատեսված իրավասու մարմնի կողմից կայացված բացասական որոշումը դատական կարգով բողոքարկելու ողջ ընթացակարգը ենթարկել ժամկետային կարգավորման, բացառել նույն հիմքով երկրորդ անգամ լիազոր մարմնին դիմելու պրակտիկան՝ ապահովելով իրավական որոշակիությունը, բացառել իրավունքի չարաշահման հնարավորությունը եւ ապահավելու քրեադատավարական հարաբերությունների բնականոն ընթացքը:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

Կատարող՝ Ն. Առաքելյան       (հեռ.՝ 011-513-217)

11.01.2021թ.



ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Փախստականների եւ ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-826-28.12.2020-ՊԻ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-8261 -28.12.2020-ՊԻ-011/0) օրենքների նախագծերի վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Փախստականների եւ ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ միասին՝ Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային Ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:

Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթով առաջարկվում է հստակեցնել օրենքով սահմանված կարգով ազատությունը սահմանափակված օտարերկրացի կամ քաղաքացիություն չունեցող անձանց փախստականի կարգավիճակ ձեռք բերելու կամ ապաստանի համար դիմելու եւ իրավասու մարմնի կողմից կայացված բացասական որոշումը դատական կարգով բողոքարկելու ընթացակարգը՝ սահմանելով հստակ եւ կանխատեսելի ժամկետներ՝ ապահովելու համար իրավական որոշակիությունը, քրեական պատասխանատվության եւ պատժի անխուսափելիությունը, քրեադատավարական հարաբերությունների բնականոն ընթացքը եւ բացառելով իրավունքի չարաշահման հնարավորությունը:

Եզրահանգում

Նախագծերի փաթեթը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 

Կատարող՝ Ա. Հարությունյան (հեռ.՝ 011-513-339) 

12.01.2021թ.