ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Դավթյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացվել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-827-29.12.2020-ՊԻ-011/0) (այսուհետ` Նախագիծ): 

Նախագծով նախատեսվում է լրացում կատարել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 238-րդ հոդվածի 3-րդ մասում՝ սահմանելով գրավատուի եւ գրավառուի պարտականությունը շարժական գույքի գրավի պայմանագրով ամրագրելու գրավատուի կամ նրա լիազորված անձի կողմից գրավադրված տրանսպորտային միջոցով պետական սահմանը հատելու իրավունքը կամ դրա սահմանափակումը:

Նախագիծը մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության:

Ստորեւ ներկայացվում են մասնագիտական փորձաքննության եզրակացությունները, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

            ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                         ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 
 

21.01.2021թ.




ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ 

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-827-29.12.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Դավթյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «(այսուհետ՝ Օրենսգիրք)» բառերը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջին իսկ կիրառումից հետո նշված կրճատ տարբերակը Նախագծում այլեւս չի կիրառվում: 

2. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) «Գրավի առարկան օգտագործելը եւ տնօրինելը» վերտառությամբ 238-րդ հոդվածի 3-րդ մասում լրացնել նոր պարբերություն հետեւյալ բովանդակությամբ՝ «Գրավատուն եւ գրավառուն պարտավոր են շարժական գույքի գրավի պայմանագրով ամրագրել գրավատուի, կամ նրա լիազորված անձի կողմից գրավադրված տրանսպորտային միջոցով պետական սահմանը հատելու իրավունքը, կամ դրա սահմանափակումը»:

Մեջբերվածի կապակցությամբ նշենք հետեւյալը. 

1) Օրենսգրքի 238-րդ հոդվածի շրջանակներում կարգավորված է գրավի առարկան օգտագործելու եւ տնօրինելու հետ կապված հարաբերությունները, մինչդեռ քննարկվող լրացմամբ նախատեսվում է գրավի պայմանագրի համար, իբրեւ պարտադիր պայման, սահմանել գրավադրված տրանսպորտային միջոցով պետական սահմանը հատելու իրավունքը, կամ դրա սահմանափակումը: Ուստի տվյալ լրացումը դուրս է նշված հոդվածի կարգավորման առարկայի շրջանակից: Նշվածով պայմանավորված` առաջարկում ենք պահպանել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջը, որի համաձայն՝ «Հոդվածների վերնագրերը համապատասխանում են հոդվածների բովանդակությանը»:

2) Հարկ ենք համարում ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված ձեւակերպման պարագայում ստացվում է, որ պարտադիր պայման է պայմանագրում նշում կատարել անձի իրավունքի վերաբերյալ, որը առանց տվյալ նշման գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների ուժով, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ, արդյունքում նշված կարգավորումը քննարկվող հատվածով դառնում է իմաստազուրկ:

Անդրադառնալով գրավի պայմանագրում տրանսպորտային միջոցով պետական սահմանը հատելու վերաբերյալ սահմանափակում նախատեսելուն` նշենք, որ Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ կատարվող լրացման նպատակը հետեւյալն է` «Ներկայումս գործող իրավանորմերը ամբողջապես չեն կարգավորվում գրավատուի (կամ նրա կողմից լիազորված անձի) կողմից գրավադրված տրանսպորտային միջոցով Հայաստանի Հանրապետության սահմանը հատելու հետ կապված պրակտիկ խնդիրները: Արդյունքում, գրավատուն ցանկացած պահի կարող է գրավադրված տրանսպորտային միջոցով հատել Հայաստանի Հանրապետության սահմանը՝ այդպիսով ռիսկի տակ դնելով գրավադրված տրանսպորտային միջոցի իրացվելիությունը:»

Մեջբերվածի կապակցությամբ հարկ է ընդգծել, որ ներկայացված խնդիրն իր լուծումն է ստացել Օրենսգրքի 237-րդ հոդվածի 1-ին մասում, որի համաձայն՝ «1. Գրավատուն կամ գրավառուն, կախված այն բանից, թե նրանցից ում մոտ է գտնվում գրավ դրված գույքը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով, պարտավոր է`

1) գրավ դրված գույքը լրիվ արժեքով ապահովագրել կորստյան եւ վնասվածքի ռիսկերից, իսկ եթե դրա լրիվ արժեքը գերազանցում է գրավով ապահովված պահանջի չափը` դրանից ոչ պակաս գումարով,

2) անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել գրավ դրված գույքը պահպանելու` ներառյալ այն երրորդ անձանց ոտնձգություններից եւ պահանջներից պաշտպանելու համար,

3) մյուս կողմին անհապաղ տեղեկացնել գրավ դրված գույքի կորստյան կամ վնասվածքի սպառնալիքի ծագման մասին»:

Վերոգրյալ հոդվածի վերլուծությունից բխում է, որ գրավ դրված գույքը գրավատուի կամ գրավառուի մոտ գտնվելու հանգամանքից կախված՝ այն կորստյան եւ վնասվածքի ռիսկերից ապահովագրելու պարտականություն է նախատեսված վերջիններիս համար, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով: Տվյալ պարագայում անգամ, եթե կողմերը պայմանագրով այլ բան նախատեսեն, դա կկատարվի պայմանագրի ազատության համատեքստում եւ իրենք կկրեն գույքի կորստյան եւ վնասվածքի ռիսկը չապահովագրելու բացասական հետեւանքները: Նշվածով պայմանավորված` հարկ ենք համարում արձանագրել, որ Նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ նշում չկա այն մասին` Օրենսգրքի 237-րդ հոդվածը արդյոք չի լուծում Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ ներկայացված խնդիրները: Հետեւաբար նշվածի տեսանկյունից, կարծում ենք, քննարկվող լրացման նախատեսումը լրացուցիչ հիմնավորման անհրաժեշտություն ունի:

3) Գրավ դրված գույքով պետական սահմանը հատելու իրավունքի վերաբերյալ սահմանափակում նախատեսելու պարագայում չկա համապատասխան ընթացակարգ, որի արդյունքում պետական սահմանի անցման կետերում ստուգում իրականացնող անձինք հնարավորություն ունենան պարզելու արդյոք տվյալ գույքը գրավադրված է, թե՞` ոչ: Միաժամանակ նշենք, որ պետական սահմանի անցման կետերում ստուգում իրականացնողների համար եւս նման պարտականություն առկա չէ՝ պարզելու տվյալ տրանսպորտային միջոցի վերաբերյալ արդյոք առկա է քաղաքացիաիրավական պայմանագիր, թե՞` ոչ: Հետեւաբար համապատասխան կառուցակարգի վերաբերյալ կարգավորումների բացակայության պարագայում Նախագծին կից ներկայացված նպատակին հասնելու համար նախատեսված կարգավորումը գործնականում չի կարող կիրառվել: 

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ անհրաժեշտ է ապահովել Նախագծի համապատասխանությունը  Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                          ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 

Կատարող` Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248)

20.01.2021թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                          ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 

Կատարող` Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248)

20.01.2021թ.




ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ 

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-827-29.12.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Դավթյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:

Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 238-րդ հոդվածի 3-րդ մասում լրացնել նոր պարբերություն, ըստ որի. «Գրավատուն եւ գրավառուն պարտավոր են շարժական գույքի գրավի պայմանագրով ամրագրել գրավատուի, կամ նրա լիազորված անձի կողմից գրավադրված տրանսպորտային միջոցով պետական սահմանը հատելու իրավունքը, կամ դրա սահմանափակումը:», որի ընդունման անհրաժեշտությունը, ըստ դրա հեղինակի, պայմանավորված է այն իրողությամբ, որ ներկայումս գործող իրավանորմերը ամբողջապես չեն կարգավորվում գրավատուի (կամ նրա կողմից լիազորված անձի) կողմից գրավադրված տրանսպորտային միջոցով Հայաստանի Հանրապետության սահմանը հատելու հետ կապված պրակտիկ խնդիրները: Արդյունքում, գրավատուն ցանկացած պահի կարող է գրավադրված տրանսպորտային միջոցով հատել Հայաստանի Հանրապետության սահմանը՝ այդպիսով ռիսկի տակ դնելով գրավադրված տրանսպորտային միջոցի իրացվելիությունը: Պրակտիկայում վերոգրյալ իրավակարգավորման բացակայությունը հանգեցնում է մի շարք խնդիրների, ինչի մասին է վկայում նաեւ Նախագծի հեղինակի կողմից ներկայացված գրությանն ի պատասխան ստացված տեղեկությունները:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ   
  

Կատարող՝ Գ.  Սաֆարյան  (հեռ.` 011 513-343)

11.01.2021թ.




ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-827-29.12.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Դավթյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալ, կրթական եւ առողջապահական փորձաքննության բաժնում:

    Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է շարժական գույքի գրավի պայմանագրով ամրագրել գրավատուի, կամ նրա լիազորված անձի կողմից գրավադրված տրանսպորտային միջոցով պետական սահմանը հատելու իրավունքը, կամ դրա սահմանափակումը:

Ըստ Նախագծի հիմնավորման ներկայումս գործող իրավանորմերով գրավատուն ցանկացած պահի կարող է գրավադրված տրանսպորտային միջոցով հատել Հայաստանի Հանրապետության սահմանը՝ այդպիսով ռիսկի տակ դնելով գրավադրված տրանսպորտային միջոցի իրացվելիությունը:

Հիմնավորման մեջ նշվում է, որ առկա է տեղեկատվություն, ըստ որի գրավի առարկա հանդիսացող եւ երկրից բացակայող ավտոմեքենաների 70-80%-ը տարհանվել է երկրից քրեական խմբավորումների միջոցով, որոնք էլ հետագայում կազմակերպել/ ձեւակերպել են մեքենաների շինծու վթարներ, փոխել են տրանսպորտային միջոցների նույնականացման համարները կամ ամբողջությամբ քանդել եւ մասնատել են այդ մեքենաները, վաճառել որպես պահեստամասեր:

Բացի այդ, առկա է նաեւ տեղեկատվություն այն մասին, որ 06.05.2020թ. դրությամբ թվով 2370 խնդրահարույց ավտովարկերից 1956-ը գտնվում են խնդրահարույց վարկերի գանձումն ապահովվող եւ դատական ակտերի հարկադիր կատարումը սպասարկող բաժնում, իսկ 414-ը՝ ավտովարկերի գանձումը եւ դրանց գրավերի հայտնաբերումն ապահովող բաժնում: Նշված վարկատեսակով շուրջ 605 վարկային գործերով ի սկզբանե ընդհանրապես որեւէ վճարում վարկառուների կողմից չի կատարվել, ինչը փաստում է վարկառու/գրավատուների՝ ի սկզբանե հանցավոր միտումներ ունենալու մասին: Ըստ ձեռք բերած տեղեկությունների գրավի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցներից մոտ 655 տրանսպորտային միջոց (մոտ 30%), որոնք գրավադրված են հարցմանը պատասխանած կազմակերպությունում, դուրս են բերվել Հայաստանի Հանրապետությունից, որի արդյունքում՝ կազմակերպությանը պատճառվել է շուրջ մոտավոր 2.500 000 000 ՀՀ դրամի վնաս: 

Նախագծով ակնկալվում է  ապահովել գրավադրված տրանսպորտային միջոցների վերադարձելիությունը եւ որպես վերջնական արդյունք կարող է նվազել նաեւ ավտովարկերի համար սահմանված տոկոսադրույքը:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը  սոցիալ, կրթական եւ առողջապահական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 
 

Կատարող՝   Ս. Համբարձումյան   (հեռ. 011-513-360) 

13.01.2021թ.