ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացվել են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-832-29.12.2020-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-8321 -29.12.2020-ՊԻ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-8322 -29.12.2020-ՊԻ-011/0) օրենքների նախագծերը (այսուհետ միասին՝ Նախագծերի փաթեթ): Նախագծերի փաթեթով նախատեսվում է՝ 1. Տուրքի գորոծող դրույքաչափերն ավելացնել միջինում չորս անգամ, 2. վարչական գործերի համար սահմանել տուրքի հաշվարկման բանաձեւային եղանակ, 3. սահմանել տուրքի առավելագույն շեմ, 4. սահմանել տուրքի առավելագույն եւ նվազագույն շեմ նաեւ վարչական դատավարության կարգով քննվող գործերի համար, 5. տարանջատել վարչական, քաղաքացիական եւ սնանկության վարույթներով տուրքի դրույքաչափի կարգավորումները, 6. փոփոխել Սահմանադրական դատարան դիմելու համար սահմանված պետական տուրքի չափը, 7. փոփոխել տուրքի վճարումից արտոնություններ սահմանելու դեպքերը, 8. նախատեսվում են տուրքի վերադարձման լրացուցիչ դեպքեր, 9. տուրքի վերանայման մասով այլ կարգավորումներ: Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորմամբ համապատասխան փոփոխությունների կատարումը պատճառաբանվում է տուրքի դրույքաչափերը երկրի սոցիալ-տնտեսական ցուցանիշներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ՝ ակնկալելով բարձրացնել արդարադատության, դատարանների գործունեության արդյունավետությունը: Տուրքերի դրույքաչափերի բարձրացման հիմքում դրված է նաեւ այն հանգամանքը, որ արդարադատության ծախսերը գերազանցում են դատարանների կողմից հավաքագրված պետական տուրքի գումարները:

Նախագծերի փաթեթը մասնագիտական  փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացնում ենք մասնագիտական փորձաքննության եզրակացությունները, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքների եւ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

           ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                            ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 
 

20.01.2021թ.
 
 



ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-832-29.12.2020-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-8321 -29.12.2020-ՊԻ-011/0)  եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-8322 -29.12.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ միաին նաեւ՝ Նախագծերի փաթեթ) իրավական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական նփորձաքննության բաժնում:

Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի՝ Սահմանադրությանը եւ օրնքների պահանջների համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

 Նախագծերի փաթեթով նախատեսվում է դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ եւ վճռաբեկ բողոքների համար, ինչպես նաեւ դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար պետական տուրքի գործող դրույքաչափերը միջինում ավելացնել մինչեւ չորս անգամ, ի թիվս այլնի, նաեւ այն հիմնավորմամբ, որ արդարադատության իրականացման ծախսերը գերազանցում են դատարանի կողմից հավաքագրված պետական տուրքի գումարները: Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորմամբ համապատասխան փոփոխություների կատարման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի սոցիալ-տնտեսական ցուցանիշներից, արդարադատւթյան իրականացման ծախսերից եւ նպատակ է հետապնդում թեթեւացնել դատարանների ծանրաբեռնվածությունը, ինչպես նաեւ զարգացնել վեճերի լուծման այլընտրանքային եղանակները: 

Նախատեսվող փոփոխությունների համատեքստում, կարծում ենք, անհրաժեշտ է վերլուծել պետական տուրք մուծելու սահմանադրական պարտականության եւ դատարանի մատչելիության իրավունքի հարաբերակցությունը՝ դիտարկելով պետական տուրքի չափի 4 անգամ ավելացումը արդարադատության մատչելիությանը եւ հասանելիությանը խոչընդոտելու տեսանկյունից:

Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների եւ ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»: Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի անկախ եւ անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային եւ ողջամիտ ժամկետում քննության իրավունք»: Սահմանադրական դատարանն իր 2019 թվականի սեպտեմբերի 24-ի թիվ ՍԴՈ-1477 որոշմամբ՝ Սահմանադրության 61 եւ 63-րդ հոդվածները դիտարկել է որպես մեկ միասնական իրավական երեւույթ, ինչն ուղղակիորեն վերաբերում է արդարադատության մատչելիության իրավունքին` որպես արդար դատաքննության իրավունքի տարր: Սահմանադրական դատարանն իր մեկ այլ՝ 2010 թվականի մայիսի 25-ի թիվ ՍԴՈ-890 որոշմամբ նշել է՝ «Դատարաններում պետական տուրք վճարելու սահմանադրական պարտականության կատարումը սերտորեն առնչվում է անձի` դատարան դիմելու սահմանադրական իրավունքի իրացման հնարավորության հետ։ (…) դատարաններում պետական տուրք վճարելու պարտականությունը չպետք է հետապնդի դատարան դիմելու սահմանադրական իրավունքից անձին զրկելու նպատակ: Օրենսդիրը կարգավորելով դատարաններում պետական տուրքի գանձման հետ կապված իրավահարաբերությունները` կաշկանդված է քաղաքացիական իրավունքների ու ազատությունների պաշտպանության սահմանադրական սկզբունքներով, մասնավորապես, դատարանի մատչելիության սկզբունքի երաշխավորման պարտականությամբ: Ուստի, օրենսդրի պարտականությունն է երաշխավորել պատշաճ հավասարակշռություն, մի կողմից, դատարաններում պետական տուրք գանձելու` պետության օրինավոր շահի, դատարաններում պետական տուրք վճարելու` անձի սահմանադրական պարտականության եւ, մյուս կողմից` դատարանների միջոցով իր իրավունքները պաշտպանելու` դիմողի օրինավոր շահի միջեւ»: Անդրադառնալով անձի «դատարան դիմելու» իրավունքի գերակայությանը Սահմանարական դատարանն իր՝ 2016 թվականի մարտի 10-ի թիվ ՍԴՈ-1257 որոշման 7-րդ կետում նշել .՝ 

« - դատավարական որեւէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,

- ընթացակարգային որեւէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,

- դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը»: 

Ամփոփելով վերոշարադրյալը՝ կարող ենք նշել, որ որքան էլ դատական պաշտպանության, արդարադատության մատչելիության իրավունքները բացարձակ բնույթ չունեն եւ կարող են որոշակի սահմանափակումների ենթարկվել, այնուամենայնիվ, այդ սահմանփակումները չեն կարող արգելք հանդիսանալ այդ իրավունքի իրացման համար:

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը եւս վերաբերում է դատարանի մատչելիության իրավունքին: Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր մի շարք որոշումներում (օրինակ՝ De Geouffre de la Pradelle-ն ընդդեմ Ֆրանսիայի կետ 59, Stanev-ն ընդդեմ Բուլղարիայի) նշել է, որ «Դատարանի իրավունքը» եւ մատչելիության իրավունքը բացարձակ չեն: Դրանք կարող են ենթարկվել սահմանափակումների, սակայն դրանով չպետք է սահմանափակվի կամ նվազեցվի անհատին տրամադրված մատչելիության իրավունքն այնպես կամ այն չափով, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը:

Այսպիսով, կարող ենք եզրահանգել, որ արդարադատության մատչելիությունը հանդիսանում է դատական պաշտպանության հիմնական տարրը: Արդարադատության մատչելիության իրավունքը սերտորեն փոխկապակցված է դատարան դիմելու իրավունքի ֆինանսական սահմանափակման՝ օրենքով սահմանված կարգով եւ չափով պետական տուրք վճարելու պարտականության հետ: Այսինքն՝ որպեսզի անձը խախտված իրավունքների պաշտպանության համար կարողանա իրացնել դատարան դիմելու հնարավորությունը, նա պետք է նախեւառաջ վճարի օրենքով սահմանված համապատասխան դրույքաչափով պետական տուրք, սակայն պետական տուրքի չափը չպետք է խոչընդոտ կամ արգելք հանդիսանա անձի դատական պաշտպանության, «դատարան դիմելու» իրավո?նքն իրացնելու համար: Օրինակ՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածով «Պետական տուրքի մասին» օրենքի? նոր խմբագրությամբ շարադրված 9-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված աղյուսակի 2-րդ կետի «ա» ենթակետով նախատեսվում է այն վարչական ակտերի վիճարկման պահանջով հայցադիմումների համար, որոնցով կիրառվել է դրամական արտահայտությամբ վարչական պատասխանատվության միջոց մինչեւ 10 հազար դրամը ներառյալ չափով, սահմանել բազային տուրքի 4-ապատիկի չափով պետական տուրք: Տվյալ պարագայում, օրինակ, 5000 դրամի չափով վարչական պատասխանատվություն նախատեսող վարչական ակտի վիճարկման պահանջով հայցադիմումի համար 4000 դրամ պետական տուրքի սահմանման դեպքում անձը պարզապես չի դիմի դատարան: Այսինքն? նման կարգավորումն արհեստական խոչընդոտ է ստեղծում դատական պաշտպանության համար: Հետեւաբար, հաշվի առնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի եւ Սահմանադրական դատարանի դիրքորոշումները, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական ցուցանիշները, կարծում ենք, նպատակահարմար է պետական տուրքի դրույքաչափերի աստիճանաբար աճող մեխանիզմ սահմանել:

Բացի այդ, Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորմամբ դատական կառույցի պահպանման ծախսերն ուղղակիորեն կապվում են արդարադատության իրականացման հետ: Մինչդեռ որեւէ ակտով սահմանված չէ, որ արդարադատության իրականացման ծախսերը պետք է ամբողջությամբ ծածկվեն դատարանների կողմից հավաքագրված պետական տուրքի գումարներով, քանզի արդարադատությունը, որպես հանրային գործառույթ, չի կարող վերաբերել բացառապես գործին մասնակցող (պետական տուրք վճարող) անձանց: Արդարադատության մատչելիությունն ու պատշաճ իրականացման կազմակերպումը մեծապես շոշափում են հանրային եւ պետական շահը:

2. Առաջարկում ենք Նախագծի վերնագրում նշված երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ Նախագծի 1-ին հոդվածում օրենքի վերնագրից հետո նշված «Հայաստանի Հանրապետության» բառերին

3. Առաջարկոմ ենք Նախագծի 5-րդ հոդվածի մասերի համարակալումը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ եւ 7-րդ մասերի պահանջներին՝ մասերի համարները տեքստից բաժանելով միջակետերով:

4. Նախագծի 6-րդ հոդվածը վերնագրված է «Եզրափակիչ եւ անցումային  դրույթներ», մինչդեռ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի հոդվածները վերնագրեր չեն ունենում: Սույն դիտարկումը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջներից: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 6-րդ հոդվածի  եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 6-րդ հոդվածի վերնագրերին:

5. Նախագծերի փաթեթի մեջ ընդգրկված նախագծերի ուժի մեջ մտնելու ժամկետ է սահմանված պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Մինչդեռ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտն ընդունելու իրավասություն ունեցող մարմինը պարտավոր է նախատեսել նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելու ավելի ուշ ողջամիտ ժամկետ, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված նորմատիվ իրավական ակտերի, եթե ակտով սահմանվում են այնպիսի իրավակարգավորումներ, որոնց համար անհրաժեշտ է հիմնավոր ժամանակահատված, որը հնարավորություն կտա հասցեատիրոջը իր վարքագիծը համապատասխանեցնելու սահմանված պահանջներին, կամ սահմանված իրավակարգավորումները վատթարացնում են անձի իրավական վիճակը»: Տվյալ պարագայում, պետական տուրքի դրույքաչափի 4 անգամ ավելացումը անձի վիճակը վատթարացնող բնույթ ունի, հետեւաբար, կարծում ենք, որ անհրաժեշտ է սահմանել ուժի մեջ մտնելու ավելի ուշ ողջամիտ ժամկետ: Համանման պահանջ նախատեսված է Հարկային օրենսգրքի 2-րդ հոդվածի 5-րդ մասով, որի համաձայն՝ «Օրենսգրքով նոր տեսակի հարկի կամ վճարի սահմանում, հարկի կամ Օրենսգրքով սահմանված վճարի դրույքաչափի բարձրացում նախատեսող Հայաստանի Հանրապետության օրենքները կամ Հայաստանի Հանրապետության օրենքների նման դրույթները կարող են ուժի մեջ մտնել այդ օրենքների ընդունման օրը ներառող հարկային տարվան հաջորդող հարկային տարվա սկզբից, բայց ոչ շուտ, քան այդ օրենքների պաշտոնական հրապարակման օրը ներառող ամսվան հաջորդող յոթերորդ ամսվա սկզբից»: Հարկային Օրենսգրքի 7-րդ հոդվածով պետական տուրքը սահմանված է՝ որպես համապատասխան օրենսգրքով սահմանված պետական վճար:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ առաջարկում ենք, արդարադատության մատչելիության սկզբունքի պահպանումը երաշխավորելու նպատակով, Նախագծերի փաթեթով սահմանել պետական տուրքի դրույքաչափերի բարձրացման աստիճանական մեխանիզմ՝ հաշվի հաշվի առնելով նաեւ հասարակության մեջ վեճերի լուծման այլընտրանքային եղանակներին դիմելու իրավագիտակցության ոչ բարձր մակարդակը եւ միաժամանակ հնարավորություն ստեղծելով նաեւ գնահատելու պետական տուրքի դրույքաչափերի բարձրացման միջոցով Նախագծերի փաթեթով հետապնդվող նպատակների իրացականացման արդյունքները:

Միաժամանակ անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                           ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 
 

Կատարող` Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248)

19.01.2021թ.
 
 



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվողն այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                           ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 
 

Կատարող` Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248)

19.01.2021թ.
 
 




ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-832-29.12.2020-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-8321 -29.12.2020-ՊԻ-011/0)  եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-8322 -29.12.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում: 

Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

1. Նախագծերի փաթեթով առաջարկվում է զգալիորեն բարձրացնել դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ եւ վճռաբեկ բողոքների, դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ), գործում առկա լուսանկարների (լուսաժապավենների), ձայնագրությունների, տեսագրությունների եւ դրանց էլեկտրոնային կրիչների բնօրինակից պատճենահանված կրիչ եւ դատական նիստի համակարգչային ձայնագրման կրկնօրինակ տալու, ինչպես նաեւ դատարանների հետ կապված որոշ գործողությունների համար պետական տուրքի դրույքաչափերը:

Մասնավորապես, Նախագծերի փաթեթով առաջարկվում է նշված տուրքերի գծով դրույքաչափերը միջինում ավելացնել մինչեւ 4 անգամ, վարչական գործերի համար սահմանել պետական տուրքի հաշվարկման բանաձեւային եղանակ, սահմանել տուրքի առավելագույն շեմ՝ նվազագույն սպառողական զամբյուղի 407-ապատիկ չափով (25 մլն. դրամ) առաջին ատյանի դատարանում, 15 մլն. դրամ՝ վերաքննիչ քաղաքացիական դատարանում եւ 10 մլն. դրամ՝ վճռաբեկ դատարանում՝ քաղաքացիական գործերով, տարանջատել քաղաքացիական, վարչական եւ սնանկության վարույթներով տուրքի դրույքաչափերի վերաբերյալ կարգավորումները՝ դրանք նախատեսելով միեւնույն հոդվածի առանձին մասերում եւ այլն: 

2. Ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից հարկ ենք համարում նշել, որ Նախագծերի փաթեթի կազմում ընդգրկված «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:», ինչը հակասում է ՀՀ հարկային օրենսգրքի 2-րդ հոդվածի 5-րդ մասին, ըստ որի. «Օրենսգրքով նոր տեսակի հարկի կամ վճարի սահմանում, հարկի կամ Օրենսգրքով սահմանված վճարի դրույքաչափի բարձրացում նախատեսող Հայաստանի Հանրապետության օրենքները կամ Հայաստանի Հանրապետության օրենքների նման դրույթները կարող են ուժի մեջ մտնել այդ օրենքների ընդունման օրը ներառող հարկային տարվան հաջորդող հարկային տարվա սկզբից, բայց ոչ շուտ, քան այդ օրենքների պաշտոնական հրապարակման օրը ներառող ամսվան հաջորդող յոթերորդ ամսվա սկզբից:»: Նույն օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով վճարը սահմանվում է որպես «Օրենսգրքով նախատեսված պետական կամ տեղական վճար», իսկ Օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին մասով պետական տուրքը սահմանվում որպես պետական վճարի տեսակ, ուստի ՀՀ հարկային օրենսգրքի 2-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանվող իրավակարգավորումները տարածվում են նաեւ պետական տուրքի վրա:  Այսինքն, պետական տուրքի սահմանում կամ դրույքաչափի բարձրացում նախատեսող օրենքները կարող են ուժի մեջ մտնել միայն այդ օրենքների ընդունման օրը ներառող հարկային տարվան հաջորդող հարկային տարվա սկզբից, բայց ոչ շուտ, քան այդ օրենքների պաշտոնական հրապարակման օրը ներառող ամսվան հաջորդող յոթերորդ ամսվա սկզբից: 

3. Առաջարկում ենք Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանեցնել ՀՀ հարկային օրենսգրքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին:  
  

Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսական հիմնախնդիրների, մասնավորապես՝ ՀՀ հարկային օրենսգրքի պահանջներին համապատասխանության ապահովման տեսանկյունից որոշ լրամշակման կարիք է զգում:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 
 

(հեռ.` 011 513-668)

12.01.2021թ.  
  
 



ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-832-29.12.2020-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետոթյան քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-8321 -29.12.2020-ՊԻ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետոթյան վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ  եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-8322 -29.12.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետոթյան քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետոթյան վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ  եւ լրացումներ կատարելու մասին»    օրենքների նախագծերի փաթեթը  (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում: 

Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթով «Պետական տուրքի մասին» օրենքում կատարվող փոփոխություններով առաջարկվում է բարձրացնել դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ եւ վճռաբեկ բողոքների, դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ), գործում առկա լուսանկարների (լուսաժապավենների), ձայնագրությունների, տեսագրությունների եւ դրանց էլեկտրոնային կրիչների բնօրինակից պատճենահանված կրիչ եւ դատական նիստի համակարգչային ձայնագրման կրկնօրինակ տալու համար պետական տուրքի դրույքաչափերը, ինչը, մեր կարծիքով, բացասական ազդեցություն կունենա նշված գործողություններից օգտվող անձանց համար՝ կապված լրացուցիչ ֆինանսական ծախսերի ավելացման հետ:

Մասնավորապես, առաջարկվում է նշված տուրքերի գծով դրույքաչափերը միջինում ավելացնել մինչեւ 4 անգամ, վարչական գործերի համար սահմանել պետական տուրքի հաշվարկման առավելագույն շեմ՝ նվազագույն սպառողական զամբյուղի 407-ապատիկ չափով (25 մլն. դրամ) առաջին ատյանի դատարանում, 15 մլն. դրամ՝ վերաքննիչ քաղաքացիական դատարանում եւ 10 մլն. դրամ՝ վճռաբեկ դատարանում՝ քաղաքացիական գործերով, տարանջատել քաղաքացիական, վարչական եւ սնանկության վարույթներով տուրքի դրույքաչափերի վերաբերյալ կարգավորումները՝ դրանք նախատեսելով միեւնույն հոդվածի առանձին մասերում:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է վերանայել նաեւ տուրքի գծով արտոնությունների համակարգը, հատկապես տուրք վճարելուց ազատելու դեպքերը, մասնավորապես, Նախագծերի փաթեթով առաջարկվում է դիտորդական կազմակերպություններին ընտրությունների օրինականության նկատմամբ դատարան դիմելու դեպքում ազատել պետական տուրքի վճարումից, ինչը դրական ազդեցություն կունենա, մասնավորապես, կխթանի ՀՀ-ում ընտրությունների անցկացման օրինականության ապահովմանը:

Առաջարկվում է նաեւ տուրքի գծով արտոնություն սահմանել  ընտանիքում բռնության ենթարկված կամ ենթադրաբար ենթարկված անձանձ պաշտպանական որոշման վերաբերյալ հայցերով  դատարան դիմելու դեպքերը:

Եզրահանգում

Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումները, կարծում ենք, կնպաստեն Նախագծերի փաթեթով հետապնդվող նպատակների իրացմանը: Մասնավորապես, կհանգեցնեն արդարադատության իրականացման ծախսերի առավել մեծ չափով փոխհատուցմանը, դատարանների ծանրաբեռնվածության թեթեւացմանը, ինչպես նաեւ վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացմանը, ինչը մեծ առաջընթաց կլինի ՀՀ իրավական համակարգում: 

Միաժամանակ, կարծում ենք, որ սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից լրացուցիչ քննարկման կարիք ունի պետական տուրքի դրույքաչափերի միջինում մինչեւ 4 անգամ ավելացումը ոչ թե աստիճանական կարգով, այլ միանգամից՝ հաշվի առնելով նաեւ հասարակության մեջ վեճերի լուծման այլընտրանքային եղանակների դիմելու իրավագիտակցության ոչ բարձր մակարդակը:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 
 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-339) 

14.01.2021թ.