ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Զինվորական ծառայության եւ զինածառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում  կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Խ-857-05.02.2021-ՊԱ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Զինվորական ծառայության եւ զինածառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում  կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.   Նախագծի վերնագրից առաջարկում ենք հանել երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը՝ օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը:

2.   Նախագծի 1-ին հոդվածում «Զինվորական ծառայության եւ զինածառայողի կարգավիճակի մասին» օրենքի (այսուհետ` նաեւ Օրենք) լրիվ անվանման հիշատակումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասին՝ օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը՝ հանելով «Հայաստանի Հանրապետության» բառերը:

3.   Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսված է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 61-րդ հոդվածում լրացնել նոր՝ 161-ին մաս, որի համաձայն. «Անկախ զինվորական ծառայությունից արձակման տարեթվից` զինվորական ծառայության ընթացքում չօգտագործված արձակուրդ ունեցող զինծառայողներին տրվում է փոխհատուցում` սույն հոդվածի 16-րդ մասով նախատեսված կարգով»:

3.1. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասում «161-ին» թիվը առաջարկում ենք փոխարինել «16.1-ին» թվով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 11-րդ մասը՝ նորմատիվ իրավական ակտում լրացումներ կատարելիս լրացվող իրավական ակտի հոդվածների մասերի համարների փոփոխություն չի կատարվում, նորմատիվ իրավական ակտի հոդվածների մասերի միջեւ մաս կարող է լրացվել միայն լրացուցիչ համարով:

Նույն առաջարկը վերաբերում է նաեւ Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով Օրենքի 61-րդ հոդվածում լրացվող նոր մասի համարին:

3.2. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով Օրենքի 61-րդ հոդվածում լրացվող նոր մասի կապակցությամբ հարկ է մեջբերել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ մասը, որի համաձայն.

«6. Նորմատիվ իրավական ակտը պարունակում է անցումային դրույթներ, եթե անձի իրավական վիճակը բարելավող նորմատիվ իրավական ակտին նախատեսվում է տալ հետադարձ ուժ, կամ անձի իրավական վիճակը բարելավող իրավական ակտին հետադարձ ուժ տալու համար անհրաժեշտ է սահմանել համապատասխան նորմեր: Այս դեպքում նորմատիվ իրավական ակտի անցումային դրույթներով սահմանվում են`

1) նորմատիվ իրավական ակտը կամ դրա այն մասերը, որոնց տրվում է հետադարձ ուժ.

2) հետադարձ ուժ տալու իրավակարգավորումների (ժամկետների, պայմանների, անձանց շրջանակի) համար անհրաժեշտ համապատասխան նորմեր:»:

Մեջբերվածի համատեքստում հարկ է արձանագրել, որ Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով Օրենքի 61-րդ հոդվածում լրացվող 16.1-ին մասն իր բնույթով անցումային դրույթ է:

Միաժամանակ հարկ է նկատել, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերի համաձայն՝ «2. Անվավեր ճանաչված նորմատիվ իրավական ակտն իր իրավական ուժը կորցնում է այն անվավեր ճանաչելու մասին ակտի ուժի մեջ մտնելու պահից (ex ոսոc), բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի:

3. Անվավեր ճանաչված նորմատիվ իրավական ակտն իր իրավական ուժը կարող է կորցնել այդ իրավական ակտի ընդունման պահից, իսկ այն դեպքում, երբ անվավերության հիմքն առաջացել է նորմատիվ իրավական ակտն ընդունելուց հետո, ապա անվավերության հիմքի առաջացման պահից (ex tսոc)` հանրային շահերի պաշտպանությունից ելնելով` անվավեր ճանաչելու մասին ակտով ուղղակիորեն նախատեսելու դեպքում:»:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի համաձայն՝ «(...)11. Վիճարկվող ակտն ամբողջությամբ կամ մասամբ Սահմանադրությանը հակասող եւ անվավեր ճանաչելու մասին որոշում ընդունվելու դեպքում այն իրավական ուժը կորցնում է Սահմանադրական դատարանի որոշումն ուժի մեջ մտնելու պահից, բացառությամբ սույն հոդվածի 13-րդ եւ 15-րդ մասերով սահմանված դեպքերի։ Այդ ակտերի վրա հիմնված` Սահմանադրական դատարանի որոշման ընդունմանը նախորդող ժամանակահատվածում կատարված վարչական կամ դատական ակտերը վերանայման ենթակա չեն, իսկ չկատարված վարչական եւ դատական ակտերի կատարումը Սահմանադրական դատարանի որոշումը հրապարակելուց հետո անհապաղ դադարեցվում է իրավասու վարչական մարմնի կամ դատարանի որոշմամբ։

(...)

13. Սույն հոդվածի 9-րդ մասի 3-րդ կետում նշված որոշումը Սահմանադրական դատարանն իրավասու է տարածելու նաեւ այդ որոշման ուժի մեջ մտնելուն նախորդող իրավահարաբերությունների վրա, եթե այդպիսի որոշում չընդունելը կարող է հանրության կամ պետության համար առաջացնել ծանր հետեւանքներ։

14. Սույն հոդվածի 13-րդ մասում նշված դեպքում Սահմանադրությանը հակասող եւ անվավեր ճանաչված նորմատիվ իրավական ակտի, ինչպես նաեւ այդ ակտի կատարումն ապահոված այլ նորմատիվ իրավական ակտերի վրա հիմնված` Սահմանադրական դատարանի որոշման ուժի մեջ մտնելուն նախորդող երեք տարիների ընթացքում կատարված վարչական կամ դատական ակտերը կողմի դիմումի հիման վրա ենթակա են վերանայման վարչական կամ դատական ակտն ընդունած մարմնի կողմից՝ օրենքով սահմանված կարգով:(...):»:

Նշվածի համատեքստում հարկ է արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2018 թվականի հուլիսի 10-ի ՍԴՈ-1424 որոշմամբ նախատեսվել է հետեւյալը. «(...) Սահմանադրական դատարանը որոշեց.

1. «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 16-րդ մասը՝ զինծառայողի՝ չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց փոխհատուցում ստանալու հնարավորությունը զինվորական ծառայությունից արձակվելու եւ դրան նախորդող երկու տարվա ժամանակահատվածով սահմանափակելու մասով, ճանաչել Սահմանադրության 29, 60, 73-րդ եւ 82-րդ հոդվածներին հակասող եւ անվավեր:

 2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։»:

Այսպիսով՝ քննարկվող դրույթը մասամբ Սահմանադրությանը հակասող եւ անվավեր ճանաչելու մասին որոշումը ընդունելիս այն իրավական ուժը կորցրել է Սահմանադրական դատարանի որոշումն ուժի մեջ մտնելու պահից:

Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը հակասող եւ անվավեր ճանաչված դրույթը խմբագրելիս՝ անցումային դրույթ նախատեսլով դրան հետադարձ ուժ տալու դեպքում անհրաժեշտ է նկատի ունենալ, որ անցումային դրույթներում պետք է նախատեսել նաեւ հետադարձ ուժ տալու իրավակարգավորումների (ժամկետների, պայմանների, անձանց շրջանակի) համար անհրաժեշտ համապատասխան նորմեր: Հակառակ պարագայում նախատեսվող կարգավորումները խնդրահարույց կլինեն իրավական որոշակիության տեսանկյունից:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով լրացվող իրավակարգավորումը խնդրահարույց է որոշակիութան սահմանադրաիրավական սկզբունքի տեսանկյունից:

Միեւնույն ժամանակ անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                           ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ  
  

Կատարող` Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248)

04.03.2021թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                           ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ  
  

Կատարող` Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248)

04.03.2021թ.






ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Խ-857-05.02.2021-ՊԱ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում: 

Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

1. Նախագծի ընդունումը, ըստ դրա հեղինակի, բխում է «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի պահանջից եւ հետապնդում է զինծառայողների (նրանց հավասարեցված անձանց) ու այլ հանրային ծառայողների համար չօգտագործված արձակուրդների դիմաց փոխհատուցում ստանալու հավասար հնարավորության անմիջական օրենսդրական ամրագրում նախատեսելու նպատակ:

Խնդիրը կայանում է նրանում, որ աշխատանքային իրավահարաբերությունները կարգավորող հիմնական օրենքի` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի (այսուհետ` «Օրենսգիրք») 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ամենամյա արձակուրդը չօգտագործելու համար դրամական հատուցումը վճարվում է աշխատանքային պայմանագիրը լուծելիս: (...) Հատուցումը վճարվում է չօգտագործված բոլոր արձակուրդների համար:

Միեւնույն ժամանակ, հիմք ընդունելով Օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասը, օրենսդիրը «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` «Օրենք») 61-րդ հոդվածի 16-րդ մասով զինվորական ծառայություն անցնող անձանց համար սահմանել է չօգտագործված արձակուրդների դիմաց փոխհատուցում ստանալու այլ` Օրենսգրքով ամրագրված ընդհանուր կանոնից տարբերվող ընթացակարգ, համաձայն որի` զինվորական ծառայությունից արձակվող եւ զինվորական ծառայության ընթացքում չօգտագործված արձակուրդ ունեցող զինծառայողներին տրվում է փոխհատուցում` ոչ ավելի, քան զինվորական ծառայությունից արձակվելու եւ դրան նախորդող երկու տարվա չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափով` փաստացի խտրական մոտեցում ցուցաբերելով հանրային ծառայող հանդիսացող որոշակի խումբ անձանց նկատմամբ:

2. Ընդհանուր առմամբ Նախագծով առաջարկվող կարգավորումները կարող են լուծել դրանով հետապնդվող խնդիրը եւ վերացնել զինծառայողների եւ հանրային մյուս ծառայողների կողմից չօգտագործված արձակուրդների փոխհատուցման առումով ներկայումս առկա խտրական մոտեցումը: Սակայն, Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով առաջարկվող կարգավորումը, ըստ որի. «161 . Անկախ զինվորական ծառայությունից արձակման տարեթվից` զինվորական ծառայության ընթացքում չօգտագործված արձակուրդ ունեցող զինծառայողներին տրվում է փոխհատուցում` սույն հոդվածի 16-րդ մասով նախատեսված կարգով:», կարծում ենք, որոշ իմաստով խնդրահարույց է:

Խնդիրը կայանում է նրանում, որ սույն օրենքը պետք է ուժի մեջ մտնի  դրա պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, սակայն առաջարկվող լրացման էությունից բխում է, որ այն պետք է ունենա հետադարձ ուժ եւ տարածվի նաեւ մինչեւ սույն օրենքի ընդունումը ծագած հարաբերությունների վրա, քանի որ բերված լրացման մեջ հստակ շեշտադրվում է անկախ զինվորական ծառայությունից արձակման տարեթվից փոխհատուցում տրամադրելու պարտավորության ամրագրումը, ինչն էլ հսկայական ֆինանսական բեռ կարող է դառնալ պետական բյուջեի համար:

3. Վերը նշվածի կապակցությամբ առաջարկում ենք հստակեցնել տվյալ Նախագծով ամրագրվող դրույթների հետադարձ ուժ ունենալու հանգամանքը, իսկ կարգավորումները նույնը թողնելու պարագայում գոնե նախատեսել որոշակի ժամանկացույց՝ ըստ զինվորական ծառայությունից արձակման տարեթվի համապատասխան փոխհատուցումները տրամադրելու համար՝ պետական բյուջեի համար չնախատեսված ֆինանսական բեռը մի քանի տարիների վրա հնարավորինս համաչափ բաշխելու նպատակով:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք է զգում:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                       ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

(հեռ.` 011 513-668)

10.02.2021թ.






ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Խ-857-05.02.2021-ՊԱ-011/0)  վերաբերյալ

 «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:

Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագիծը սոցիալական տեսանկյսւնից ունի դրական ազդեցություն, մասնավորապես, այն զինծառայողները, ովքեր կարձակվեն զինվորական ծառայությունից, կստանան զինվորական ծառայության ընթացքում չօգտագործված արձակուրդի բոլոր օրերի դիմաց փոխհատուցում:

Նշենք նաեւ, որ պետական ծառայություն իրականացնող մարմինների բոլոր ծառայողների սոցիալ-իրավական կարգավիճակը միաբնույթ է, քանի որ նրանք բոլորն իրականացնում են հանրային ծառայություն, ու Նախագծով կարող է լուծվել խտրական մոտեցման խնդիրը, հանրային ծառայող հանդիսացող որոշակի խումբ անձանց նկատմամբ:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագծով առաջարկվող կարգավորումները կարող են լուծել դրանով հետապնդվող խնդիրը եւ վերացնել զինծառայողների եւ հանրային մյուս ծառայողների կողմից չօգտագործված արձակուրդների փոխհատուցման առումով ներկայումս առկա խտրական մոտեցումը:
 
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ,ԿՐԹԱԿԱՆ, 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-339) 

15.02.2021թ.