ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-864-11.02.2021-ՊԻ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Սերգեյ Բագրատյանի եւ Տիգրան Ուրիխանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագիծն (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը՝

1.  Նախագծով նախատեսվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում (այսուհետ՝ Օրենք) լրացում կատարել եւ խմբակցության կազմից դուրս եկած պատգամավորների համար հնարավորություն նախատեսել խումբ կազմել խմբակցությունից դուրս եկած կամ հեռացված պատգամավորների հետ: Սույն լրացման կապակցությամբ նշենք հետեւյալը՝

Նախագծով նախատեսված լրացմամբ, ըստ էության, ձեւավորվում է նոր մարմին՝ խմբակցությունից դուրս եկած կամ հեռացված պատգամավորների խումբ, որին վերաբերելի կարգավորումներ սահմանված չեն ո'չ Սահմանադրությամբ, ո'չ Օրենքով: Մինչդեռ Սահմանադրության 88-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ»: Օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Ազգային ժողովի մարմիններն են պատգամավորները, Ազգային ժողովի նախագահը, նրա տեղակալները, խմբակցությունները, հանձնաժողովները եւ Ազգային ժողովի խորհուրդը»:  Նշված դրույթների բովանդակությունից բխում է, որ Ազգային ժողովի մարմինների շրջանակը եւ լիազորությունները հստակ պետք է սահմանված լինեն Սահմանադրությամբ եւ օրենքներով, մինչդեռ Նախագծով նախատեսված լրացմամբ համապատասխան խմբերի, որպես նոր խորհրդարանական մարմնի, կարգավիճակը պարզ եւ հստակ չէ, Սահմանադրությամբ որեւէ դրույթ սահմանված չէ նշված խմբերի, որպես խորհրդարանական մարմնի, վերաբերյալ: Միաժամանակ նշենք, որ համապատասխան պատգամավորների կողմից խումբ ստեղծելը ենթադրում է պատգամավորների՝ որոշակի գաղափարների շուրջ համախմբում, քաղաքական կողմնորոշում, մինչդեռ, տվյալ պարագայում նշված խմբերի քաղաքական կողմնորոշումները եւ ծրագրային մոտեցումները հանրությանը հայտնի չեն, ուստի նշված խմբի, որպես  քաղաքական ուժի, առկայությունը խորհրդարանում ստացվում է ընտրողի կամքի արտահայտության արդյունք չէ:Այսպիսով՝ Նախագծով նախատեսված լրացմամբ  խորհրդարանում ձեւավորվում է նոր մարմին, որը չի հանդիսանում Օրենքով սահմանված Ազգային ժողովի մարմին, որի նպատակը, իրավասությունների շրջանակն անորոշ է: Բացի այդ, տվյալ լրացմամբ խորհրդարանում նշված խմբի վերաբերյալ  ընտրողների իրական կամաարտահայտման պատկերը եւ կարծիքը հաշվի առնված չէ, ուստի նման կարգավորումը չի նպաստում ժողովրդի քաղաքական կամքի ձեւավորմանն ու արտահայտմանը: 

Միաժամանակ Նախագծի համատեքստում նշենք, որ Սահմանադրական դատարանի  2009 թվականի հունիսի 6-ի ՍԴՈ-810 որոշման 8-րդ կետի համաձայն՝ «ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ խորհրդարանում քաղաքական ուժերի հարաբերակցության ցանկացած փոփոխություն, որն ընթացիկ շահեր է հետապնդում եւ փոխում է ժողովրդի ազատ կամաարտահայտմամբ ձեւավորված քաղաքական հավասարակշռությունն օրենսդիր մարմնում, անհամատեղելի է ժողովրդաիշխանության հիմնարար սկզբունքների հետ եւ իրավաչափ համարվել չի կարող»: Նշված որոշմամբ Սահմանադրական դատարանի՝ պատգամավորի կողմից խմբակցությունից ազատորեն դուրս գալու սահմանափակում է տարածում բացառապես համամասնական ընտրական համակարգով ընտրված պատգամավորների վրա, քանի որ ընտրությունների ժամանակ ընտրողն իր ձայնը տալիս է ոչ թե վերջիններիս, այլ քաղաքական կուսակցությանը, իսկ պատգամավորների տեղը որոշում է հենց կուսակցությունը: Միաժամանակ պետք է նշել, որ 2015 թվականի դեկտեմբերի 6–ի սահմանադրական փոփոխություններից հետո Ազգային ժողովն ընտրվում է բացառապես համամասնական ընտրական համակարգով: Դրա մասին է վկայում նաեւ Ընտրական օրեսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասը, որի համաձայն՝ Ազգային ժողովում ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով (…):

2. Միաժամանակ նշենք, որ սույն լրացման արդյունքում խումբ կարող են ստեղծել միայն  խմբակցության կազմից ինքնակամ դուրս եկած պատգամավորները, մինչդեռ Օրենքով, մասնավորապես 8-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, կարգավորումներ են նախատեսվում առ այն, որ պատգամավորը ոչ միայն կարող է իր կամքով դուրս գալ խմբակցությունից, այլեւ հեռացվել խմբակցության կազմից: 

3. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում Օրենքի վերնագրից հետո նշված «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասը:

4. Նախագծի 1-ին հոդվածով լրացվող դրույթն առաջարկում ենք շարադրել առանց փակագծերի եւ համարակալման, քանզի լրացումը նախատեսվում է 1-ին հոդվածի շրջանակներում: Մասնավորապես առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածը շարադրել հետեւյալ կերպ՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-9-Ն սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետում «կազմից» բառից հետո լրացնել «եւ խմբակցությունից դուրս եկած կամ հեռացված պատգամավորների հետ կազմել խումբ.» բառերը:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ անհրաժեշտ է ապահովել Նախագծի համապատասխանությունը Սահմանադրության 88-րդ հոդվածի 4-րդ մասի, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի ընդհանուր տրամաբանությանը եւ 1-ին հոդվածի 4-րդ մասի, 2-րդ հոդվածի 2-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                  ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 

Կատարող` Զ. Հովասափյան (հեռ. ՝ 011-513-248)

05.03.2021թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                  ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 

Կատարող` Զ. Հովասափյան (հեռ. ՝ 011-513-248)

05.03.2021թ.





ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-864-11.02.2021-ՊԻ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Տ. Ուրիխանյանի եւ Ս. Բագրատյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում: 

Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

1. Նախագծով առաջարկվում է պատգամավորին իրավունք վերապահել ոչ միայն դուրս գալ խմբակցությունից, այլեւ խմբակցությունից դուրս եկած կամ հեռացված պատգամավորների հետ կազմել խումբ: 

2. Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

3. Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

Եզրահանգում

Նախագծի ընդունումը հնարավորություն կտա պատգամավորին դուրս գալ խմբակցությունից եւ խմբակցությունից դուրս եկած կամ հեռացված պատգամավորների հետ կազմել խումբ:

Նախագիծը ֆինասատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                             ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

Կատարող՝ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603)

04.03.2021թ.





ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-864-11.02.2021-ՊԻ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Տ. Ուրիխանյանի եւ Ս. Բագրատյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում: 

Սոցիալական փորձաքննության արդյունքները

1. Հեղինակների կողմից ներկայացված Նախագծով առաջարկվում է լրացում կատարել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի՝ «Պատգամավորի իրավունքները» 1-ին մասի 9-րդ կետում: Մասնավորապես, «կազմից» բառից հետո լրացնել «եւ խմբակցությունից դուրս եկած կամ հեռացված պատգամավորների հետ կազմել խումբ» բառերը:

Առաջարկվող լրացմամբ, պատգամավորը իրավունք կունենա ոչ միայն դուրս գալու խմբակցությունից, այլեւ խմբակցությունից դուրս եկած կամ հեռացված պատգամավորների հետ կազմելու խումբ: Արդյունքում, խմբակցությունից դուրս եկած կամ հեռացված պատգամավորները կունենան նոր կարգավիճակ եւ հնարավորություն կունենան գործել համատեղ եւ համակարգված:

2. Նախագիծը սոցիալական, կրթական եւ առողջապահական առումով հիմնախնդիրներ չի պարունակում:

3. Ներկայացված Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

18.02.2021