ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Մաքսային ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-868-16.02.2021-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Մաքսային ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: 

Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.  Նախագծի վերնագրում առաջարկում ենք «ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» բառից հետո լրացնել «ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ» բառերը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծի 2-րդ հոդվածով «Մաքսային ծառայության մասին» օրենքի (այսուհետ` Օրենք) 29-րդ հոդվածի 5-րդ մասում կատարվում է փոփոխություն՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխությունները կատարվում են նրա առանձին բառեր, թվեր կամ կետադրական նշաններ այլ բառերով, թվերով կամ կետադրական նշաններով փոխարինելու միջոցով:

2.  Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 28-րդ հոդվածը լրացվում է նոր՝ 21-րդ եւ 22-րդ մասերով: Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 11-րդ մասը՝  նորմատիվ իրավական ակտում փոփոխություններ կամ լրացումներ կատարելիս փոփոխվող կամ լրացվող իրավական ակտի հոդվածների մասերի համարների փոփոխություն չի կատարվում, նորմատիվ իրավական ակտի հոդվածների մասերի միջեւ նոր մաս կարող է լրացվել միայն լրացուցիչ համարով եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Օրենքի 28-րդ հոդվածը կազմված է 3 մասից՝ առաջարկում ենք 28-րդ հոդվածում լրացվող նոր մասերը համարակալել համապատասխանաբար՝ «2.1» եւ «2.2»: 

3.  Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 28-րդ հոդվածում լրացվող նոր՝ 22-րդ մասով նախատեսվում է հետեւյալը.

«22. Ծառայողական շների կիրառումն արգելվում է հետեւյալ դեպքերում՝

1) մարդու կյանքին կամ առողջությանը վտանգ սպառնալու դեպքում.

2) ծառայողական շան նպատակային նշանակությանը ոչ համապատասխան գործողության կատարման դեպքում.

3) այն դեպքում, երբ առկա են այնպիսի պայմաններ, որոնք կարող են նպաստել շան աշխատունակության խաթարմանը եւ (կամ) կարող են վտանգել նրա առողջությունը:»:

Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 28-րդ հոդվածում լրացվող նոր՝ 22-րդ մասի վերաբերյալ հարկ ենք համարում կատարել հետեւյալ դիտարկումները.

3.1. «Նորմատիվ իրավական ակտերի» մասին օրենքի 16-րդ հոդվածի բովանդակությունից բխում է, որ նորմատիվ իրավական ակտում կարող է կիրառվել կա՛մ «եւ», կա՛մ «կամ» շաղկապը, մինչդեռ «եւ/կամ)»  գրելաձեւը կիրառելի չէ: Նշվածով պայմանավորված՝ առաջարկում ենք վերանայել Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 28-րդ հոդվածում լրացվող 22-րդ մասի 3-րդ կետում առկա համապատասխան գրելաձեւը:

3.2. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 28-րդ հոդվածում լրացվող նոր՝ 22-րդ մասով նախատեսված դեպքերում արգելվում է հատուկ միջոց հանդիսացող ծառայողական շների կիրառումը, սակայն հարկ է նկատել, որ նոր լրացվող մասի 1-3-րդ կետերում նկարագրված պայմանները բավարար չափով որոշակի սահմանված չեն, ինչը կարող է հանգեցնել նորմի կիրառման խնդիրների: Մասնավորապես՝ հստակեցված չեն մարդու կյանքին եւ առողջությանը վտանգ սպառնալու դեպքերի շրջանակը կամ քննարկվող պայմանի առկայության գնահատման չափանիշները, ինչպես նաեւ խնդրահարույց է «ծառայողական շան նպատակային նշանակություն» ձեւակերպման կիրառումը: Հիմք ընդունելով վերագրյալն՝ առաջարկում ենք հստակեցնել Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 28-րդ հոդվածում լրացվող 22-րդ մասի 1-3-րդ կետերում նախատեսված կարգավորումները:

Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: 

Միաժամանակ անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                           ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 

Կատարող` Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

11.03.2021թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                           ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 

Կատարող` Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

11.03.2021թ.





ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Մաքսային ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-868-16.02.2021-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Մաքսային ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:

Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

«Մաքսային ծառայության մասին» օրենքում առաջարկվող լրացումները պայմանավորված են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում մաքսային հսկողության եւ քննչական գործողությունների իրականացման համար կինոլոգների եւ ծառայողական շների մասնակցությունն ապահովելու, ինչպես նաեւ ՀՀ մաքսային օրենսդրությամբ նշյալ գործողությունները նկարագրող իրավական հիմքերը ամրագրելու անհրաժեշտությամբ:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                      ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

Կատարող՝ Գ. Նազարյան (հեռ.` 011 513-343)

26.02.2021թ.





ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Մաքսային ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-868-16.02.2021-ՏՀ-011/0)  վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Մաքսային ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին»  օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:

Սոցիալական փորձաքննության արդյունքները

1. Ներկայումս ՀՀ ՊԵԿ Մասքսանենգության դեմ պայքարի վարչության Շնագիտական բաժնի (կենտրոնի) կինոլոգները եւ ծառայողական շները մշտապես հերթապահություն են իրկանացնում «Ագարակ» պետական սահմանի անցման կետում, եւ նախատեսվում է Շնագիտական կենտրոնի կինոլոգներ եւ ծառայողական շներ տեղակայել նաեւ ՀՀ պետական սահմանի մյուս անցման կետերում:

Նախագծով առաջարկվում է ապահովել իրավական հիմքեր Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում մաքսային հսկողության եւ քննչական գործողությունների իրականացնելիս կինոլոգների եւ ծառայաողական շների մասնակցության համար: 

2. Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

3. Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-339)

01.03.2021թ.