ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացվել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-883-01.03.2021-ՏՏԳԲ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ): 

Նախագիծը մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում են մասնագիտական փորձաքննության եզրակացությունները, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:  
  
  
  
  
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

          ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                       ԳԱՌՆԻԿ ԱԹԱՆԵՍՅԱՆ
 
 

  22.03.2021թ.
 



ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Իրավական փորձաքննության արդյունքները

Ուսումնասիրելով Նախագիծը՝ կարծում ենք առկա չեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր:

Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.    «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի (այսուհետ նաեւ՝ Օրենք) 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտը ունենում է վերնագիր, որը համապատասխանում է նորմատիվ իրավական ակտի բովանդակությանը: Առաջարկվում է Նախագծի վերնագիրը համապատասխանեցնել Օրենքի պահանջներին եւ Նախագծի վերնագրի «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» բառերը փոխարինել «ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ» բառերով:

2.    Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների(…)», եւ այն հանգամանքը, որ Օրենսգիրրքի 63-րդ եւ 88-րդ հոդվածները բաղկացած են չհամարակալված պարբերություններից, առաջարկվում է Նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածներում «մաս» բառերը փոխարինել «պարբերություն» բառերով՝ համապատասխան հոլովաձեւերով:

3.    Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայերենում գոյություն չունի «/» կետադրական նշան եւ, հիմք ընդունելով Օրենքի 16-րդ հոդվածը, առաջարկվում է Նախագծի 2-րդ հոդվածի «/» կետադրական նշանը հանել՝ փոխարենը օգտագործելով նշված հոդվածի համատեքստին համապատասխան այլ կետադրական նշան կամ Օրենքով նախատեսված շաղկապ:

4.    Օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի (…)»: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկվում է Նախագծի 3-րդ հոդվածի «կետեր» բառը փոխարինել «մասեր» բառով:

5.    Նախագծի 3-րդ հոդվածում կիրառվում է «եւ/կամ» ձեւակերպումը, Օրենքի 16-րդ հոդվածի բովանդակությունից չի բխում, որ Հայաստանի Հանրապետության օրեսդրության մեջ հնարավոր է «եւ» եւ «կամ» շաղկապների միաժամանակյա կիրառում, ինչպես նաեւ Օրենքի 16-րդ հոդվածում նշված շաղկապներից այլ շաղկապների կիրառում, հետեւաբար առաջարկվում է «եւ/կամ» ձեւակերպման փոխարեն կիրառել «կամ» շաղկապը, քանի որ այն իր մեջ ներառում է նաեւ «եւ» շաղկապը:

6. Նախագծի 4-րդ հոդվածով վերաշարադրվում է Օրեսնգրքի 239-րդ հոդվածը, այս կարգավորման արդյունքում, սակայն, Օրենսգրքի 239-րդ հոդվածը մնում է առանց վերնագիր, մինչդեռ Օրենքի 16-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի: Հոդվածների վերնագրերը համապատասխանում են հոդվածների բովանդակությանը: Հոդվածների վերնագրերի վերջում որեւէ կետադրական նշան չի դրվում: Հոդվածի մասերը, կետերը եւ ենթակետերը վերնագիր չեն ունենում:», հետեւաբար առաջարկվում է Նախագծի 4-րդ հոդվածը համապատասխանեցնել Օրենքի պահանջներին:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծում առկա չեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր:

Միաժամանակ՝ վերոգրյալ դիտարկումների հիման վրա անհրաժեշտ է ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 
 

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

22.03.2021թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 
 

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

22.03.2021թ.



Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

1. Նախագծի ընդունման անհրաժեշտությունը, ըստ Նախագծի հեղինակի, բխում է 2018 թվականի մարտի 3-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-126-Ն օրենքի պահանջներից, ինչպես նաեւ ջրային ռեսուրսների եւ ջրային համակարգերի անարդյունավետ եւ անխնա օգտագործումը կանխելու, պատշաճ պահպանություն ապահովելու,  իրավախախտումների նկատմամբ կանխարգելիչ քաղաքականություն վարելու անհրաժեշտությունից:

Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 63-րդ հոդվածը լրացնել նոր մասերով, որոնց համաձայն տարափային (հեղեղային) ջրահեռացման եւ (կամ) ցամաքուրդային (դրենաժային) համակարգեր կեղտաջրեր (բացառությամբ համապատասխանաբար տարափային (հեղեղային) եւ ցամաքուրդային (դրենաժային) ջրերի) արտանետելու, կենտրոնացված ջրահեռացման համակարգ տարափային (հեղեղային) (բացառությամբ ջրահեռացման համակարգի շինարարական եւ վերակառուցման աշխատանքների նախագծային փաստաթղթերով նախատեսված դեպքերի) եւ (կամ) ցամաքուրդային (դրենաժային) ջրեր ընդունելու, ինչպես նաեւ ոռոգման համակարգերի աղբոտման, աղտոտման  համար  սահմանվել է վարչական պատասխանատվություն: Նախագծի 2-րդ եւ 3-րդ հոդվածներով նախատեսված կարգավորումների սահմանման նպատակը լողափերում հանգստացողների եւ լողացողների անվտանգությունը ապահովելն է, Սեւանա լճում արդյունագործական որսի ընթացքում թույլատրված ռեսուրսի օգտագործման նկատմամբ պատշաճ մակարդակով հսկողություն եւ վերահսկողություն իրականացնելն է, ինչպես նաեւ իրավախախտումների նկատմամբ կանխարգելիչ քաղաքականության վարումը: Նախագծի 4-րդ հոդվածով հստակեցվել է Ջրային համակարգերի կառավարման լիազորված մարմնի լիազորությունները՝ կապված Ջրային համակարգերի կառավարման լիազորված մարմնին կամ այդ մարմնի համակարգի կազմակերպություններին հանձնված ջրային համակարգերի մասով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության եւ վարչական տույժեր նշանակելու հետ:

2. Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: 

3. Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
 
 

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                            ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 
 

(հեռ.` 011 513-668)

09.03.2021թ.



Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ նշվում է, որ Նախագծի  ընդունման անհրաժեշտությունը բխում է 2018 թվականի մարտի 3-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-126-Ն օրենքի պահանջներից, ինչպես նաեւ Կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 7-ի N 1945-Ն, 2019 թվականի նոյեմբերի 21-ի N 1667-Ն եւ 2019 թվականի սեպտեմբերի 30-ի N 1293-Ն որոշումների հավելվածներով սահմանված դրույթների կիրարկման ապահովման պահանջներից:

Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 63-րդ հոդվածը լրացնել նոր 4-8 մասերով, համաձայն որոնց տարափային (հեղեղային) ջրահեռացման եւ ցամաքուրդային (դրենաժային) համակարգեր կեղտաջրեր (բացառությամբ համապատասխանաբար տարափային (հեղեղային) եւ ցամաքուրդային (դրենաժային) ջրերի) արտանետելու, կենտրոնացված ջրահեռացման համակարգ տարափային (հեղեղային) (բացառությամբ ջրահեռացման համակարգի շինարարական եւ վերակառուցման աշխատանքների նախագծային փաստաթղթերով նախատեսված դեպքերի) եւ (կամ) ցամաքուրդային (դրենաժային) ջրեր ընդունելու, ինչպես նաեւ ոռոգման համակարգերի աղբոտման, աղտոտման  համար  սահմանվում է  վարչական պատասխանատվություն:

Անհրաժեշտ ենք համարում նշել, որ Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող լրացման անհրաժեշտութունը պայմանավորված է մասնավորապես Ջրային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք)  62.1-րդ հոդվածով սահմանված դրույթների պահանջներից:

Հարկ ենք համարում նշել նաեւ, որ Օրենսգրքի 62.1-րդ հոդվածը լրացվել է Կառավարության կողմից ներկայացված եւ Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-173-02.11.2017-ՏՏԳԲ-011/0) օրենքի նախագծի (այսուհետ՝ նաեւ Օրենքի նախագիծ) ընդունմամբ: Օրենքի նախագծի «Անցումային դրույթներ»-ով օրենքը ուժի մեջ մտնելու օրվանից 6 ամսվա ընթացքում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում պետք է նախատեսվեր վարչական պատասխանատվություն Օրենսգրքի 62.1-րդ հոդվածի 1-ին մասի 4-7-րդ կետերով սահմանված պահանջների խախտման համար:

2017 թվականին Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունը Օրենքի նախագծի վերաբերյալ իր եզրակացության մեջ որպես դիտողություն ներկայացրել է, որ Օրենսգրքի 62.1-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ, 6-րդ եւ 7-րդ կետերի ուժի մեջ մտնելու դեպքում,  մինչեւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում Օրենսգրքի 62.1-րդ հոդվածի 1-ին մասի վերը նշված կետերով սահմանված պահանջների խախտման համար պատասխանատվություն սահմանելը, կունենանք ուժի մեջ մտած արգելքներ, որոնց համար իրավական հետեւանք նախատեսված չի լինի: Հետեւաբար, առաջարկվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխությունների կատարումը կազմակերպել այնպես, որ դրանք ուժի մեջ մտնեն 2019 թվականի հունվարի 1-ից, քանի որ ըստ Օրենքի նախագծի «Անցումային դրույթներ»-ի Օրենսգրքի 62.1-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ, 6-րդ եւ 7-րդ կետերը պետք է ուժի մեջ մտնեին 2019 թվականի հունվարի 1-ից: Օրենքի Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո վերջինիս վերաբերյալ Կառավարության կողմից ներկայացված գրավոր առաջարկների հիման վրա «Անցումային դրույթներ»-ում կատարվել է փոփոխություն, համաձայն որի օրենքը, այդ թվում Օրենսգրքի 62.1-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ, 6-րդ եւ 7-րդ կետերը, պետք է ուժի մեջ մտնեին 2020 թվականի հունվարի 1-ից:

Ամփոփելով վերոգրյալը նշենք, որ 2018 թվականի մարտի 2-ին (ըստ Նախագծի հիմնավորման 2018 թվականի մարտի 3-ին) ընդունված «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-126-Ն օրենքով  2020 թվականի հունվարի 1-ից Օրենսգրքի 62.1-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ, 6-րդ եւ 7-րդ կետերի համաձայն արգելվում է տարափային (հեղեղային) ջրահեռացման համակարգ կեղտաջրերի արտանետումը, կենտրոնացված ջրահեռացման համակարգ տարափային (հեղեղային) ջրերի (բացառությամբ ջրահեռացման համակարգի շինարարական եւ վերակառուցման աշխատանքների նախագծային փաստաթղթերով նախատեսված դեպքերի) եւ ցամաքուրդային (դրենաժային) ջրերի ընդունումը, որոնց համար մինչ օրս օրենքով որեւէ իրավական հետեւանք նախատեսված չէ:

Եզրահանգում

Նախագծով հետապնդվող նպատակը չափազանց կարեւոր է շրջակա միջավայրի, ինչպես նաեւ ջրահեռացման համակարգեր արտանետվող կեղտաջրերի ծավալի նվազեցման, ընդհուպ մինչեւ բացառման համար:

Նախագծի ընդունումը կապահովի հետապնդվող խնդիրների լուծումը:

Նախագիծը սոցիալ, կրթական եւ առողջապահական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 
 

Կատարող՝   Ս. Համբարձումյան   (հեռ. 011-513-360) 

16.03.2021թ.