ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-887-03.03.2021-ՖՎ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության:

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության  մասին տեղեկանքը:
 
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

            ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                               ԳԱՌՆԻԿ ԱԹԱՆԵՍՅԱՆ
 
 

24.03.2021թ.




ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Իրավական փորձաքննության արդյունքները

Ուսումնասիրելով Նախագիծը (հիմք՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված Նախագիծ)՝ կարծում ենք առկա չեն Սահմանադրությանը հակասող նորմեր:

 Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը՝ 

1. Նախագծով նախատեսվում է բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի ստեղծման իրավական հիմք սահմանել, որի հիման վրա Կենտրոնական բանկը պետք է վարի համապատասխան ռեեստրը, որին պարտադիր մասնակցելու պահանջ է նախատեսված Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր առեւտրային բանկերի համար: Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ համապատասխան լրացման անհրաժեշտությունը բխում է կոռուպցիայի դեմ պայքարի գործիքակազմի արդյունավետության բարձրացման կարեւորությունից: Նախագծի բովանդակությունից բխում է միայն Կենտրոնական բանկի կողմից բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի ձեւավորման եւ վարման հնարավորություն, ինչը, օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ ընթացակարգով հնարավոր է դարձնում մեկ կենտրոնացված մարմնից բանկային գաղտնիք կազմող տեղեկատվության ստացումը. Նախագծով նախատեսված կենտրոնացված ռեեստրի ստեղծումն ինքնին չի առնչվում մարդու անձնական կյանքի մաս հանդիսացող բանկային գաղտնիքին, մինչդեռ Նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ նշված է դրույթ, հետեւյալ բովանդակությամբ՝ «Ռեեստրում ներառվող տեղեկությունների ստացումը պետք է իրականացվի բացառապես Ռեեստրին հարցում կատարելու միջոցով (...)»: Նշենք, որ հիմնավորման մեջ նշված մի շարք դրույթներ՝ ռեեստրին հարցում ներկայացնելուն, տեղեկություններ ձեռք բերելուն, այլ իրավական ակտերում համապատասխան փոփոխություններ կատարելուն վերաբերող կարգավորումներ արտացոլված չեն Նախագծում, ուստի նշված դրույթների նպատակահարմարության հարցը չի քննարկվում սույն եզրակացության շրջանակներում:

2. Նախագծի 1-ին հոդվածով լրացվող 35.1-ին հոդվածի 3-րդ մասով սահմանված է, որ բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի վարման կարգը, (...) ինչպես նաեւ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեղեկությունների տրամադրման ձեւը եւ ժամկետները սահմանվում են Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ: Հարկ է նկատել, որ «Բանկային գաղտնիքի մասին» օրենքով հստակ նախատեսված են օրենքով սահմանված անձանց պահանջած տեղեկությունները բանկերի կողմից տրամադրվելու ժամկետները (Օրինակ՝ բանկի կողմից  երկու բանկային օրվա ընթացքում քրեական հետապնդում իրականացնող մարմնին կամ նրա կողմից լիազորված անձին պահանջվող տեղեկությունների  տրամադրում): Հետեւաբար, օրենքների՝ միմյանց համապատասխանությունն ապահովելու նպատակով, կարծում ենք, ժամկետների սահմանումն առավել նպատակահարմար է նախատեսել օրենսդրական ակտերում: Սույն առաջարկը բխում է նաեւ «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասի պահանաջներից, համաձայն որի՝ «Բանկային գաղտնիքը կազմող տեղեկությունները տրամադրվում են օրենքով սահմանված կարգով»: Հետեւաբար, բանկային գաղտնիք հանդիսացող բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրում ներառված տեղեկատվության տրամադրման կարգը, ուստիեւ ժամկետները, պետք է սահմանվեն օրենքներով:

3. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում «Բանկային գաղտնիքի մասին» օրենքի վերնագրից հետո նշված «ՀՀ» հապավումը հանել՝ հիմք ընդունելով  «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը եւ 21-րդ հոդվածի 2-րդ մասը:  
  

Եզրահանգում  
   

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագիծը չի պարունակում Սահմանադրությանը հակասող նորմեր:

Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Բանկային գաղտնիքի մասին» օրենքին, «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի մասին» օրենքին, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 

Կատարող` Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248)

24.03.2021թ




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին 

Նախագծով Կենտրոնական բանկի կողմից բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի ստեղծման իրավական հիմք սահմանելն անհրաժեշտություն է առաջացնում լրացում կատարել նաեւ «Բանկային գաղտնիքի մասին» օրենքի 14-րդ հոդվածում: 

Նախագծին առնչվող Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 

Կատարող` Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248)

24.03.2021թ.
 



Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

1. Նախագծով առաջարկվում է սահմանել բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստր, որին պարտադիր մասնակցում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր առեւտրային բանկերը, ինչպես նաեւ Ռեեստրի ստեղծման իրավական հիմքերը, նպատակը եւ Ռեեստրում ներառվող տեղեկությունները: Մասնավորապես,

- Ռեեստրում ներառվող հաճախորդի եւ լիազորված անձի վերաբերյալ տեղեկությունները բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ են, դրանք ստացվելու են նման տեղեկությունների ստացման համար օրենսդրությամբ արդեն իսկ սահմանված կարգով,

- Ռեեստրից տեղեկությունների ստացման իրավասություն ունեցող մարմինների շրջանակը նույնն է, ինչ բանկային գաղտնիք կազմող տեղեկություների ստացման իրավասություն ունեցող մարմինների ցանկը,

- Ռեեստրում ներառվելու են հետեւյալ տեղեկությունները.

ա) բանկի հաշվետեր եւ/կամ բանկային պահատուփ ունեցող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց նույնականացման՝ պետական իրավասու մարմնի կողմից տրված անձը հաստատող փաստաթղթի տվյալները,

բ) «ա» կետում նշված անձանց լիազորված անձանց նույնականացման՝ պետական իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի տվյալները,

գ) հաշվեհամարը,

դ) բանկի վերաբերյալ տեղեկություններ,

ե) հաշվի, ինչպես նաեւ պահատուփի բացման եւ փակման ամսաթիվը:

2. Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: 

3. Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                            ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

(հեռ.` 011 513-668)

10.03.2021թ.




Սոցիալական փորձաքննության արդյունքները

1.  Համաձայն Նախագծի, Կենտրոնական բանկը նախատեսում է ստեղծել բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստր:

Ըստ օրենսդրական փոփոխության՝ Կենտրոնական բանկը իր նպատակների եւ գործառույթների իրականացման, այդ թվում՝ ներպետական իրավասու մարմինների հետ համագործակցության արդյունավետության բարձրացման նպատակով վարելու է բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստր: Ռեեստրին պարտադիր մասնակցելու են Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող բոլոր առեւտրային բանկերը:

Բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրը ներառելու է բանկի հաճախորդ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց բանկային հաշվի համարը, բանկային հաշվի բացման եւ փակման, բանկային պահատուփի տրամադրման եւ օգտագործման դադարեցման ամսաթվերը, հաճախորդի եւ հաճախորդի կողմից լիազորված անձի նույնականացման տվյալները, ինչպես նաեւ բանկի վերաբերյալ տեղեկությունները:

Բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի վարման կարգը, ներառման ենթակա նույնականացման տվյալների եւ բանկի վերաբերյալ տեղեկությունների ցանկը, տեղեկությունների տրամադրման ընթացակարգը սահմանվելու են Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ:

Նախագծի ընդունման արդյունքում կբարձրանա իրավասու մարմինների՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների ստացման արդյունավետությունը, այդ թվում՝ նվազեցնելով բանկերին կատարվող հարցումների քանակը: 

2.  Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

3.  Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-339)

12.03.2021թ.