ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովի պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին»  օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-901-17.03.2021-ՊԻ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

              ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                  ԳԱՌՆԻԿ ԱԹԱՆԵՍՅԱՆ
 
 

07.04.2021թ.
 






ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Իրավական փորձաքննության արդյունքները

Ուսումնասիրելով Նախագիծը, կարծում ենք, առկա չեն  Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր:

Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.  Նախագծի 1-ին հոդվածում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (այսուհետ նաեւ` Օրենսգիրք) լրիվ անվանման հիշատակումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին, այն է՝ օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը՝ նշելով Օրենսգրքի հերթական համարը՝ «ՀՕ-528-Ն»:

2.  Նախագծի 1-ին հոդվածից առաջարկում են հանել «(այսուհետ` Օրենսգիրք)» բառերը եւ կետադրական նշանները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքին այլեւս հղում չի կատարվում, եւ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասը՝ նորմատիվ իրավական ակտում հաճախակի կիրառվող երկար արտահայտությունները նույն նորմատիվ իրավական ակտում կարող են սահմանվել կրճատ տարբերակով` իրավական ակտում առաջին իսկ կիրառումից հետո նախատեսելով կամ տվյալ արտահայտության սահմանումը, կամ փակագծերում նշելով կրճատ տարբերակը:

Միաժամանակ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում առաջին «278.1» թիվը փոխարինել «278.1-ին» թվով՝ հիմք ընդունելով դասական թվականների գրության ձեւը:

3.  Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքում լրացվող նոր՝ 278.1-ին հոդվածի համարն առաջարկում ենք տեքստից բաժանել միջակետով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասը՝ հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով: 

4.  Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքում լրացվող նոր՝ 278.1-ին հոդվածի մաս հանդիսացող մեկ համարակալված պարբերության համարն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը՝ օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների:

5.  Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի՝ բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործություններին վերաբերող 26-րդ գլխում լրացվում է նոր՝ 278.1-ին հոդված.

«Հոդված 278.1 Պաշտոնատար անձի կողմից հանրային հետաքրքրություն ներկայացնող կամ ազգային անվտանգությանն առնչվող հարցերով կեղծ կամ իրականությանը չհապատասխանող տեղեկություններ հրապարակայնորեն հայտնելը.

1. Պաշտոնատար անձի կողմից հանրային հետաքրքրություն ներկայացնող կամ ազգային անվտանգությանն առնչվող հարցերով կեղծ կամ իրականությանը չհապատասխանող տեղեկություններ հրապարակայնորեն հայտնելը

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկից մինչեւ հազարապատիկի չափով  կամ ազատազրկմամբ մինչեւ մեկ տարի ժամկետով:»:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ օրենսդրական ակտերում բովանդակությամբ համասեռ հոդվածները միավորվում են գլուխներում, 10-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի գլուխները ունենում են վերնագրեր, որոնք պետք է համապատասխանեն դրանց բովանդակությանը:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքում լրացվող՝ պաշտոնատար անձի կողմից հանրային հետաքրքրություն ներկայացնող կամ ազգային անվտանգությանն առնչվող հարցերով կեղծ կամ իրականությանը չհապատասխանող տեղեկություններ հրապարակայնորեն հայտնելուն վերաբերող 278.1-ին հոդվածը չնախատեսել Օրենսքգրքի 26-րդ գլխում: Միաժամանակ հարկ է նկատել, որ տեղեկություններ ստանալու իրավունքին առնչվող հանցագործությունը կարող է նախատեսվել Օրենսգրքի՝ «ՄԱՐԴՈՒ ԵՎ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՈՒ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» վերտառությամբ 19-րդ գլխում:

6.  Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքում լրացվող նոր՝ 278.1-ին հոդվածում նախատեսվում է «կեղծ կամ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ» ձեւակերպումը: Հարկ է նկատել, որ «կեղծ» եզրույթն արդեն իսկ իր մեջ ներառում է իրականությանը չհամապատասխանող իմաստը: Հիմք ընդունելով նշվածն՝ առաջարկում ենք խմբագրել  լրացվող 278.1-ին հոդվածի քննարկվող ձեւակերպումները:

7.  Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքում լրացվող նոր՝ 278.1-ին հոդվածում առաջին «մինչեւ» բառն առաջարկում ենք հանել, իսկ երկրորդ «մինչեւ» բառը փոխարինել «առավելագույնը» բառով՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քրեական օրենգրքում առկա համապատասխան գրելաձեւերը եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասը՝ նորմատիվ իրավական ակտում կատարվող փոփոխությունների կամ լրացումների ձեւը (տեսքը) պետք է համապատասխանի փոփոխվող կամ լրացվող իրավական ակտի ձեւին (տեսքին): 

8.  Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքում լրացվող նոր՝ 278.1-ին հոդվածի վերնագրի վերջում դրված կետադրական նշանն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը՝ հոդվածների վերնագրերի վերջում որեւէ կետադրական նշան չի դրվում:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծում սահմանադրականության տեսանկյունից խնդրահարույց կարգավորումներ առկա չեն: 

Միաժամանակ անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքին եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                              ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 

Կատարող` Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

07.04.2021թ.






ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                              ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 

Կատարող` Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

07.04.2021թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է լրացում կատարել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում», մասնավորապես՝ օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 278.1-րդ հոդվածով. «Պաշտոնատար անձի կողմից հանրային հետաքրքրություն ներկայացնող կամ ազգային անվտանգությանն առնչվող հարցերով կեղծ կամ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հրապարակայնորեն հայտնելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկից մինչեւ հազարապատիկի չափով կամ ազատազրկմամբ մինչեւ մեկ տարի ժամկետով»:

Ըստ Նախագծի հեղինակի հիմնավորման՝ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի» 314-րդ հոդվածն արգելում է բացառապես գրավոր ձեւաչափով կեղծ տեղեկություներ տրամադրելը, սակայն բանավոր հայտարարությունների, ելույթների եւ լրագրողների հարցերին հրապարակային պատասխանների դեպքում պաշտոնատար անձանց կողմից կեղծ տեղեկատվություն կամ սուտ տեղեկություն հայտնելն օրենքով արգելված չէ, ինչը կարող է ուղղորդվել շահադիտական նպատակներով անձնական կամ խմբային շահերը սպասարկելուն եւ ունենալ հանրային բարձր վտանգավորություն:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                       ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 
 

Կատարող՝ Գ. Նազարյան (հեռ.` 011 513-343)

29.03.2021թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

1. Նախագծով առաջարկվում է արգելել պաշտոնատար անձանց կողմից կեղծ տեղեկատվություն տրամադրելը, ինչը պետական իշխանության վստահելիության երաշխիքներից մեկն է: Մասնավորապես Նախագծով առաջարկվում է պաշտոնատար անձի կողմից հանրային հետաքրքրություն ներկայացնող կամ ազգային անվտանգությանն առնչվող հարցերով կեղծ կամ իրականությանը չհապատասխանող տեղեկություններ հրապարակայնորեն հայտնելը պատժել տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկից մինչեւ հազարապատիկի չափով կամ ազատազրկմամբ մինչեւ մեկ տարի ժամկետով:
 
 

2. Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

3. Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-339)

29.03.2021թ.