ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովի պատգամավոր Արտակ Մանուկյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Էներգախնայողության եւ վերականգնվող էնեգետիկայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-943-22.04.2021-ՏՀ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

         ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                           ԳԱՌՆԻԿ ԱԹԱՆԵՍՅԱՆ
 
 

13.05.2021թ.





ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Իրավական փորձաքննության արդյունքները

Ուսումնասիրելով Նախագիծը՝ կարծում ենք սահմանադրականության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:

Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը՝ 

1.  Առաջարկում ենք Նախագծի վերնագրում եւ 1-ին հոդվածում ուղղել վրիպակը՝ «էնեգետիկայի» բառը փոխարինել «էներգետիկայի» բառով:

2.   Նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «(այսուհետ՝ Օրենք)» ձեւակերպումը՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծում «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքին (այսուհետ՝ Օրենք) այլեւս հղում չի կատարվում:

3.   Նախագծի 1-ին հոդվածի «6-րդ հոդվածի «ժբ» կետից» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել «6-րդ հոդվածի 1-ին մասի «ժբ» կետից» ձեւակերպմամբ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը՝ «Օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի»:

4.   Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող նոր՝ «ժգ» կետի համաձայն՝ «հատուկ սակագնային քաղաքականության կիրառում արեւային կայանների շինարարության համար, մասնավորապես. խախտված  (աղտոտված, աղուտավորված, արդյունաբերական թափոնակույտերով, պոչամբարներով ծածկված) հողերի վրա՝ համաձայն ՀՀ Կառավարության 14 դեկտեմբերի 2017 թվականի N 1643-Ն որոշմամբ տրված խախտված հողերի դասակարգումների, լքված արդյունաբերական հարթակներում, ինչպես նաեւ ջրամբարների մակերեւույթին  եւ գյուղատնտեսության համար ոչ պիտանի հողերի կամ շրջանային միջին մակարդակը չգերազանցող կադաստրային գնահատմամբ գյուղատնտեսական ցածրորակ հողատեսքերի վրա (Հողերի պիտանիությունը գյուղատնտեսության կարիքների համար սահմանվում է հողային կադաստրի միջոցով)»: 

Վերոնշյալ իրավակարգավորման վերաբերյալ նշենք հետեւյալը.

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի (այսուհետ նաեւ՝ Օրենսգիրք) 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հողերի նպատակային նշանակությունը որոշակի նպատակների համար հողերի օգտագործման եւ շահագործման պայմանների, հատկանիշների եւ առանձնահատկությունների համալիրն է»:

Օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսված է Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի դասակարգումը՝ ըստ նպատակային նշանակության, որի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդը, ըստ նպատակային նշանակության (կատեգորիաների), դասակարգվում է`

1) գյուղատնտեսական նշանակության.

2) բնակավայրերի.

3) արդյունաբերության, ընդերքօգտագործման եւ այլ արտադրական նշանակության.

4) էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների.

5) հատուկ պահպանվող տարածքների.

6) հատուկ նշանակության.

7) անտառային.

8) ջրային.

9) պահուստային հողերի»:

Օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է՝ «Հողամասի թույլատրված օգտագործումը հողամասի օգտագործումն է դրա նպատակային եւ գործառնական նշանակությամբ, ներառյալ` սահմանված իրավունքները եւ սահմանափակումները:

Հողամասի թույլատրված օգտագործումը սահմանվում է նորմատիվ իրավական ակտերի, հողերի օգտագործման սխեմաների, հողաշինարարական այլ փաստաթղթերի, գլխավոր հատակագծերի ու քաղաքաշինական գոտիավորման նախագծերի հիման վրա»:

Օրենսգրքի 15-րդ հոդվածի համաձայն՝ «Էներգետիկայի օբյեկտների հողեր են համարվում ջերմային, ատոմային, հիդրոէլեկտրակայաններով, բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերով, մայրուղային գազատարներով եւ էներգետիկ այլ նպատակներով օգտագործվող շենքերի, շինությունների կառուցման ու սպասարկման համար տրամադրված հողամասերը»:

Վերոնշյալ իրավական դրույթների վերլուծությունից պարզ է դառնում, որ արեւային կայանների շինարարությունը կարող է իրականացվել միայն էներգետիկայի օբյեկտների հողերի վրա:

Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված է էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի ոլորտի պետության կողմից վարվող քաղաքականության ուղղությունները: Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «ժգ» կետով էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի ոլորտի պետության կողմից վարվող քաղաքականության ուղղությունների շարքում նախատեսվում է պետության կողմից վարվող քաղաքականության նոր ուղղություն՝ հատուկ սակագնային քաղաքականության կիրառում արեւային կայանների շինարարության համար: Հարկ ենք համարում նշել, որ միայն ոլորտում պետության քաղաքականության ուղղությունների շարքում նշում կատարելը, որից չի բխել Օրենքում որեւէ փոփոխություն, կարծում ենք չի հանգեցնի Նախագծին կից հիմնավորման նպատակի իրագործմանը, այն է՝ «Այս առաջարկը հնարավորություն կտա ապահովելով ավելի բարձր շահութաբերություն եւ ուղղորդել կայանների կառուցումը ցածրակարգ, խախտված հողերի, ջրամբարների, պոչամբարների վրա»:

Հարկ է նկատել, որ Նախագծի 1-ին հոդվածով կատարվող լրացման՝ տվյալ կերպ ձեւակերպման արդյունքում հատուկ սակագնային քաղաքականության կիրառումը իրականացվում է ոչ թե արեւային էլեկտրակայանների համար սահմանվող էլետրաէներգիայի վաճառքի սակագների, այլ արեւային կայանների շինարարության նկատմամբ: 

Նշենք, որ «հատուկ սակագնային քաղաքականություն» հասկացությունը նախատեսված չէ Օրենքում եւ հասկանալի չէ քննարկվող իրավիճակում ինչ է ենթադրում հատուկ սակագնային քաղաքականության կիրառումը: Առաջարկում ենք որոշակիացնել կամ առավել մանրամասն ներկայացնել քննարկվող քաղաքականության էությունը:

Նախագծի 1-ին հոդվածով կատարվող լրացմամբ հղում է կատարվում խախտված հողերի դասակարգմանը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության Կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 14-ի N 1643-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում): Օրենսգիրք 36-րդ հոդվածի 9-րդ մասը նախատեսում է՝ «Խախտված հողերի վերականգնմանն ուղղված միջոցառումների իրականացման նպատակով կառավարությունը սահմանում է հողերի ռեկուլտիվացմանը ներկայացվող պահանջները եւ խախտված հողերի դասակարգումը` ըստ ռեկուլտիվացման ուղղությունների»: Որոշմամբ սահմանվում է խախտված հողերի դասակարգումը՝ ըստ ռեկուլտիվացման ուղղությունների: Կարծում ենք՝ նպատակահարմար չէ Օրենքում հղում կատարել կոնկրետ ենթաօրենսդրական ակտի, քանի որ օրենսդրական ակտով սահմանված նորմի ընդունումն ապահովող ենթաօրենսդրական ակտը կարող է ուժը կորցրած ճանաչվել կամ դրանում կարող են փոխվել դասակարգման տեսակները: Բացի այդ նշենք, որ Նախագծի 1-ին հոդվածով կատարվող լրացման թվարկած հողերի դասակարգումները Որոշման մեջ բացակայում են:

Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող նոր՝ «ժգ» կետում կիրառվում են հետեւյալ ձեւակերպումները՝ «արդյունաբերական հարթակներում», «ջրամբարների մակերեւույթին», «գյուղատնտեսության համար ոչ պիտանի հողեր», «շրջանային միջին մակարդակը չգերազանցող կադաստրային գնահատմամբ գյուղատնտեսական ցածրորակ հողատեսքեր (Հողերի պիտանիությունը գյուղատնտեսության կարիքների համար սահմանվում է հողային կադաստրի միջոցով)»:

«Արդյունաբերական հարթակներում» եւ «ջրամբարների մակերեւույթին» կիրառվող հասկացությունները բավարար չափով որոշակի չեն, ուստի առաջարկում ենք Օրենքում սահմանել նշված հասկացությունները՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ հստակ եւ որոշակի պետք է լինի այն շրջանակը, որի վրա տարածվելու է հատուկ սակագնային քաղաքականությունը:

Օրենսգրքի 6-րդ հոդվածի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդը, ըստ նպատակային նշանակության (կատեգորիաների), դասակարգվում է`

1)    գյուղատնտեսական նշանակության.

(…)»

Օրենսգրքի 6.1-ին հոդվածի համաձայն՝ մշակովի հողերը այն հողերն են, որոնք օգտագործվում են գյուղատնտեսական կուլտուրաների աճեցման համար, ընդգրկում են հողային ֆոնդի գյուղատնտեսական նշանակության վարելահողերը եւ բազմամյա տնկարկները, բնակավայրի հողերից` տնամերձ եւ այգեգործական հողերը` մասնակի, անտառային հողերից` վարելահողերը:

Հիմք ընդունելով նշվածնը առաջարկում ենք «գյուղատնտեսության համար ոչ պիտանի հողեր» ձեւակերպման փոխարեն հստակ նշում կատարել հողի նպատակային նշանակության կամ ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգմամբ որոշված տեսակի մասին:

Օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսվում է, որ գյուղատնտեսական բարձրարժեք հողատեսքերի փոխադրումն ավելի ցածրարժեք հողատեսքերի իրականացվում է համայնքի ղեկավարի թույլտվության հիման վրա` կառավարության սահմանած կարգով:

Օրենսգրքի 33-րդ հոդվածով նախատեսվում է, որ անշարժ գույքի պետական միասնական կադաստրը հողամասերի ու դրանց վրա ամրակայված անշարժ գույքի հաշվառման, բնական, տնտեսական եւ իրավական կարգավիճակի, տեղաբաշխման ու չափերի, դրանց որակական բնութագրերի, իրավական ռեժիմի, սեփականության եւ այլ գույքային իրավունքների ու դրանց սահմանափակումների պետական գրանցման, անշարժ գույքի գնահատման հավաստի տեղեկությունների համակարգ է:

Հիմք ընդունելով մեջբերված կարգավորումները առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող «ժգ» կետում կիրառվող «շրջանային միջին մակարդակը չգերազանցող կադաստրային գնահատմամբ գյուղատնտեսական ցածրորակ հողատեսքեր (Հողերի պիտանիությունը գյուղատնտեսության կարիքների համար սահմանվում է հողային կադաստրի միջոցով)» հասկացությունը ձեւակերպելիս հիմք ընդունել Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում առկա ձեւակերպումները եւ եզրույթները:

5.   Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող նոր «ժգ» կետում «ՀՀ» հապավումը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասը՝ «Արգելվում են նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ»:

6.   Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող նոր «ժգ» կետում ենթաօրենսդրական նորմատիվ ակտի հիշատակումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 6-րդ մասին՝ «Ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի լրիվ անվանումը հիշատակելիս դրանում հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են այդ ակտն ընդունող մարմնի անվանումը, ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, ակտի վերնագիրը, ակտի հերթական համարը, բնույթը եւ տեսակը: Ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են այդ ակտն ընդունող մարմնի անվանումը, ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը, ակտի հերթական համարը, բնույթը եւ տեսակը»:

7.   Նախագծի 2-րդ հոդվածի «հրապարակմանը հաջորդող» բառերն առաջարկում ենք փոխարինել «հրապարակման օրվան հաջորդող» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասը՝ «Նորմատիվ իրավական այն ակտը, որով ուժի մեջ մտնելու ժամկետ նախատեսված չէ, ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը»: 

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Սահմանադրությանը համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:

Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքին, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                             ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ 
 

Կատարող` Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

13.05.2021թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                             ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ 
 

Կատարող` Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

13.05.2021թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

1. Նախագծով առաջարկվում է էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի ոլորտում որպես պետության կողմից վարվող քաղաքականության ուղղություն սահմանել արեւային կայանների շինարարության համար հատուկ սակագնային քաղաքականության կիրառումը, մասնավորապես, խախտված (աղտոտված, աղուտավորված, արդյունաբերական թափոնակույտերով, պոչամբարներով ծածկված) հողերի վրա՝ համաձայն ՀՀ Կառավարության 14 դեկտեմբերի 2017 թվականի N 1643-Ն որոշմամբ տրված խախտված հողերի դասակարգումների, լքված արդյունաբերական հարթակներում, ինչպես նաեւ ջրամբարների մակերեւույթին եւ գյուղատնտեսության համար ոչ պիտանի հողերի կամ շրջանային միջին մակարդակը չգերազանցող կադաստրային գնահատմամբ գյուղատնտեսական ցածրորակ հողատեսքերի վրա: Համաձայն ներկայացված հիմնավորման՝ Նախագծի ընդունման դեպքում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից արեւային էլեկտրակայանների համար սահմանվող էլեկտրաէներգիայի վաճառքի սակագինը տարբերակված կլինի՝ ըստ կայանի համար ընտրված հողատարածքի, ինչը հնարավորություն կտա, ապահովելով ավելի բարձր շահութաբերություն, ուղղորդել կայանների կառուցումը ցածրակարգ, խախտված հողերի, ջրամբարների, պոչամբարների վրա: Արդյունքում հնարավորություն կառաջանա նպաստել հողերի տնտեսական շրջանառության արդյունավետության բարձրացմանը՝ խթանիչ կառուցակարգերի կիրառության միջոցով: Նախագծում տեղ գտած ձեւակերպումների եւ հետապնդվող նպատակների առումով հարկ ենք համարում ներկայացնել մի քանի նկատառում:

Չնայած Նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ նշվում է, որ նպատակը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից արեւային էլեկտրակայանների համար էլեկտրաէներգիայի վաճառքի տարբերակված սակագնի սահմանման հնարավորության ամրագրումն է, այդուհանդերձ, Նախագծում այդ մասին որեւէ հիշատակում չկա, իսկ տեղ գտած ձեւակերպումները արեւային էլեկտրակայանների համար էլեկտրաէներգիայի վաճառքի տարբերակված սակագնի սահմանման երաշխիք չեն հանդիսանում: Ավելին, Նախագծի 1-ին հոդվածի բովանդակությունը բացարձակապես չի ենթադրում նման հնարավորությունների ամրագրման ու հետապնդվող նպատակի ձեռքբերման մասին: Հիշյալ հոդվածում ընդամենը խոսք է գնում  արեւային կայանների շինարարության համար հատուկ սակագնային քաղաքականության կիրառման մասին, որը չունի տնտեսագիտական եւ իրավական հիմնավորվածության բավարար աստիճան հետեւյալ պատճառներով.

- «Էներգախնայողության եւ վերականգնվող էնեգետիկայի մասին» ՀՀ օրենքում «հատուկ սակագնային քաղաքականություն» արտահայտությունը բացակայում է: Նախագծում նույնպես տրված չէ դրա մեկնաբանությունը, սահմանված չեն «հատուկ» լինելու գնահատման չափորոշիչները եւ այս հասկացության գործնական կիրառման մոտեցումները: Միաժամանակ, նշված օրենքի անցումային դրույթները սահմանող 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից վեցամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ընդունում է սույն օրենքի 5-րդ հոդվածում ամրագրված պետական քաղաքականության սկզբունքների իրականացումն ապահովող որոշումներ վերականգնվող էներգետիկայի արագացված զարգացմանը նպաստող սակագնային երկարաժամկետ քաղաքականության կիրառման մասին:» Ի դեպ, 5-րդ հոդվածով սահմանված սկզբունքներից մեկն էլ էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի զարգացմանն ուղղված միջոցառումներում բնական ռեսուրսների արդյունավետ (խնայողաբար) օգտագործման ու շրջակա միջավայրի պահպանության խնդիրների գերակայության ապահովումն է: Այսինքն՝ Նախագծով հետապնդվող նպատակի՝ բնական ռեսուրսների պաշտպանության հնարավորության, իրավական հիմքերն արդեն իսկ առկա են «Էներգախնայողության եւ վերականգնվող էնեգետիկայի մասին» ՀՀ օրենքում եւ այս տեսանկյունից Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ունի իրավասություն ընդունել վերականգնվող էներգետիկայի զարգացմանը նպաստող սակագնային երկարաժամկետ քաղաքականության կիրառման մասին որոշումներ` ելնելով պետական քաղաքականության սկզբունքներից, մասնավորապես, նաեւ էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի զարգացմանն ուղղված միջոցառումներում բնական ռեսուրսների արդյունավետ (խնայողաբար) օգտագործման ու շրջակա միջավայրի պահպանության խնդիրների գերակայությունից,

- «Հատուկ սակագնային քաղաքականության կիրառում արեւային կայանների շինարարության համար» ձեւակերպումը ոչ միայն չի բխում ՀՀ օրենսդրության, այլեւ Նախագծով հետապնդվող նպատակի տրամաբանությունից: Մասնավորապես, «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի համաձայն՝ սակագինը «էլեկտրական էներգիայի (հզորության), ջերմային էներգիայի, բնական գազի միավորի վաճառքի, էներգետիկայի բնագավառում լիցենզավորված գործունեությամբ մատուցվող ծառայությունների համար հանձնաժողովի կողմից սույն օրենքին համապատասխան սահմանված առավելագույն գին է կամ վճար:»: «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի համաձայն՝ էնեերգետիկայի բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներ են`

ա) բնական գազի փոխադրումը, բաշխումը, ներկրումը, արտահանումը,

բ) էլեկտրական էներգիայի արտադրությունը (ներառյալ` էլեկտրական եւ ջերմային էներգիայի համակցված արտադրությունը), հաղորդումը, բաշխումը, էլեկտրական էներգիայի մատակարարումը (ներառյալ՝ երաշխավորված), մեծածախ առեւտուրը,

գ)  ջերմային էներգիայի արտադրությունը, փոխադրումը, բաշխումը,

դ) էլեկտրաէներգետիկական եւ գազամատակարարման համակարգերի օպերատորի ծառայությունները,

ե) էներգետիկական շուկայի օպերատորի ծառայությունները:

Ինչպես նկատում ենք, «Էներգետիկայի մասին» օրենքով «սակագին» հասկացության սահմանումն իր մեջ չի պարունակում արեւային կայանների շինարարության համար հատուկ սակագնային քաղաքականության կիրառման հնարավորություն թեկուզ միայն այն պատճառով, որ ՀՀ օրենսդրությամբ «սակագին» հասկացությանը տրված է այլ իրավական ու տնտեսագիտական բովանդակություն, քան առաջարկվում է Նախագծով: Նշվածը հիմնավորվում է նաեւ «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով, ըստ որի՝ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իրավասու է`

«ա) սահմանելու էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության, ջերմային էներգիայի արտադրության, էներգետիկայի բնագավառում հաղորդման (փոխադրման), բաշխման, համակարգի օպերատորի, էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի եւ շուկայի կանոններով սահմանված համակարգային ծառայությունների սակագները.

բ) սահմանելու սպառողներին վաճառվող բնական գազի, ջերմային էներգիայի, երաշխավորված մատակարարի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի (հզորության) վաճառքի սակագները, ինչպես նաեւ լիցենզավորված անձանց կողմից սպառողներին ծառայությունների մատուցման սակագները»:

Ինչպես նկատում ենք, ՀՀ օրենսդրությամբ արեւային կայանների շինարարության համար հատուկ սակագնային քաղաքականության կիրառում նախատեսված չէ եւ այս առումով Նախագիծը չի համապատասխանում ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգավորումներին:

Ի դեպ, հարկ է նշել, որ հատուկ սակագների կիրառում նախատեսված է միայն մեկ դեպքի համար: Մասնավորապես, համաձայն «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 7-րդ մասի՝ «Սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տեղեկատվություն է տրամադրում հանձնաժողովին՝ խոցելի սպառողների համար էներգիայի եւ բնական գազի մատակարարման հատուկ սակագներ եւ պայմաններ սահմանելու նպատակով, ինչպես նաեւ խոցելի սպառողներին էներգիա եւ բնական գազ մատակարարող լիցենզավորված անձանց՝ նրանց հաշվառելու նպատակով:» Ինչպես նկատում ենք, այս դեպքում խոսքը գնում է միայն էներգիայի եւ բնական գազի մատակարարման հատուկ սակագներ սահմանելու մասին:

2. Նախագծով հետապնդվող նպատակին հասնելու համար առաջարկում ենք առնվազն ներկայացված լրացման մեջ «արեւային կայանների շինարարության համար» բառերը փոխարինել «խախտված հողերի վրա կառուցված արեւային կայանների կողմից արտադրվող էլեկտրաէներգիայի համար» բառերով, իսկ այս լիազորությունը եւ արեւային կայանների կողմից արտադրվող էլեկտրաէներգիայի սակագինը, որպես կարգավորման առարկա, ավելացնել նաեւ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում: 

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք ունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                     ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

Կատարող` գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

03.05.2021թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է  «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» 2004 թվականի նոյեմբերի 9-ի ՀՕ-122-Ն օրենքի 6-րդ հոդվածի «ժբ» կետից հետո լրացնել նոր «ժգ» կետ՝ հետեւյալ բովանդակությամբ?

«հատուկ սակագնային քաղաքականության կիրառում արեւային կայանների շինարարության համար, մասնավորապես. խախտված  (աղտոտված, աղուտավորված, արդյունաբերական թափոնակույտերով, պոչամբարներով ծածկված) հողերի վրա՝ համաձայն ՀՀ Կառավարության 14 դեկտեմբերի 2017 թվականի N 1643-Ն որոշմամբ տրված խախտված հողերի դասակարգումների, լքված արդյունաբերական հարթակներում, ինչպես նաեւ ջրամբարների մակերեւույթին  եւ գյուղատնտեսության համար ոչ պիտանի հողերի կամ շրջանային միջին մակարդակը չգերազանցող կադաստրային գնահատմամբ գյուղատնտեսական ցածրորակ հողատեսքերի վրա (Հողերի պիտանիությունը գյուղատնտեսության կարիքների համար սահմանվում է հողային կադաստրի միջոցով)»: 

Այսպիսով՝ Նախագծով առաջարկվում է օրենքով ամրագրել, որ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայություննրը կարգավորող հանձնաժողովի կողմից արեւային էլեկտրակայանների համար սահմանվող էլեկտրաէներգիայի վաճառքի սակագինը տարբերակված լինի ըստ կայանի համար ընտրված հողատարածքի:

Դրա հետ մեկտեղ հարկ ենք համարում նշել, որ սակագների ձեւավորման սկզբունքների մեջ արեւային կայանների շինարարությունը ոչ պիտանի հողատարածքների վրա, որպես առանձին գործոն, նախատեսված չէ, եւ այս առումով Նախագծով առաջարկվող դրույթի իրականացումը, կարծում ենք, բավականին խնդրահարույց է: 

Նախագիծը սոցիալական հիմնախնդիրներ չի պարունակում:

Եզրահանգում

Նախագծի սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 

Կատարող՝ Ա. Հարությունյան (հեռ.՝ 011-513-339)

03.05.2021թ