ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-946-23.04.2021-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-9461 -23.04.2021-ՊԻ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-9462 -23.04.2021-ՊԻ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:
 
 
 
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

            ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                       ԳԱՌՆԻԿ ԱԹԱՆԵՍՅԱՆ
 
 

14.05.2021թ.





ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Իրավական փորձաքննության արդյունքները

Ուսումնասիրելով Նախագծերի փաթեթը՝ կարծում ենք՝ սահմանադրականության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:

Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը՝ 

1.  «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) 1-ին հոդվածում Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի վերնագրի լրիվ անվանման հիշատակման մեջ առաջարկում ենք նշել նաեւ օրենքի հերթական համարը՝ «ՀՕ-248»՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը՝ «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը:»:

Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածներում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի եւ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի լրիվ անվանումների հիշատակումներին, մասնավորապես՝ դրանցում անհրաժեշտ է նշել համապատասխանաբար՝ «ՀՕ-110-Ն» եւ «ՀՕ-139-Ն» հերթական համարները:

2. Նախագծի 1-ին հոդվածից «(այսուհետ` Օրենսգիրք)» բառերը եւ կետադրական նշաններն առաջարկում ենք հանել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծում Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին այլեւս հղում չի կատարվում եւ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասը՝ «Նորմատիվ իրավական ակտում հաճախակի կիրառվող երկար արտահայտությունները նույն նորմատիվ իրավական ակտում կարող են սահմանվել կրճատ տարբերակով` իրավական ակտում առաջին իսկ կիրառումից հետո նախատեսելով կամ տվյալ արտահայտության սահմանումը, կամ փակագծերում նշելով կրճատ տարբերակը»:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթը սահմանադրականության տեսանկյունից խնդրահարույց կարգավորումներ չի պարունակում:

Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

14.05.2021թ.
 




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

14.05.2021թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթով առաջարկվում է առավել հստակեցնել ՀՀ քրեական դատավարության, ՀՀ քաղաքացիական դատավարության եւ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքերով նախատեսված` նոր հանգամանքներով գործերի վերանայման հիմքերը: Մասնավորապես, նախատեսվում է գործը վերանայել ոչ միայն Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանի ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ անձի` Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը հիմնավորված լինելու պարագայում, այլեւ այն դեպքում, երբ կողմերի միջեւ կհաստատվի հաշտության համաձայնություն կամ Հայաստանի Հանրապետությունը հանդես կգա միակողմանի հայտարարությամբ: 

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

Կատարող` գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

03.05.2021թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթով առաջարկվում է Քրեական դատավարության, Քաղաքացիական դատավարության եւ Վարչական դատավարության օրենսգրքերում կատարել լրացումներ, ըստ որի՝ որպես ներպետական դատարաններում քրեական, քաղաքացիական եւ վարչական գործերի վերանայման հիմք նախատեսվում են նաեւ կողմերի միջեւ ձեռք բերված հաշտության համաձայնությունը կամ Հայաստանի Հանրապետության կողմից արված եւ Եվրոպական դատարանի կողմից հաստատված միակողմանի հայտարարությունը։

Նախագծերի փաթեթում ներառված «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է նաեւ հստակեցնել նոր երեւան եկած եւ նոր հանգամանքի հիմքով դատական ակտերի վերանայման կարգը՝ կոնկրետացնելով այն պայմանը, որի դեպքում գործերի վերաբացման անհրաժեշտությունը բացակայում է։

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում քրեական, քաղաքացիական եւ վարչական գործերը կարող են վերանայվել նաեւ այն դեպքերում, երբ կողմերի միջեւ ձեռք բերված հաշտության համաձայնությունը կամ Հայաստանի Հանրապետության կողմից արված միակողմանի հայտարարությունը հաստատվել է Եվրոպական դատարանի կողմից: 

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի: 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ,ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 

Կատարող՝   Ս. Համբարձումյան   (հեռ. 011-513-360) 

05.05.2021թ.