ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-008-18.08.2021-ՏՏԳՇ-011/0) եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-0081 -18.08.2021-ՏՏԳՇ-011/0) վերաբերյալ


Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-008-18.08.2021-ՏՏԳՇ-011/0) եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-0081-18.08.2021 -ՏՏԳՇ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

         Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:
 
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

             ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                 ԳԱՌՆԻԿ ԱԹԱՆԵՍՅԱՆ
 
 

08.09.2021թ.




Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.    «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետեւ` Նախագիծ) 1-ին հոդվածով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի (այսուհետ` Օրենք) 20-րդ հոդվածում լրացվում են նոր 5-րդ եւ 6-րդ մասեր.

«5. Պետական բյուջեի ծախսերում նախատեսվում են նաեւ համայնքների բյուջեներին հատկացնել անվերադարձ կարգով տրվող մասհանումներ՝ յուրաքանչյուր ռոյալթի վճարողի կողմից օրենքով սահմանված չափով եւ կարգով յուրաքանչյուր հաշվետու տարում պետական բյուջե հաշվարկված ռոյալթիի չափի երկու տոկոսից (այսուհետ՝ համայնքային մասհանում): Սույն հոդվածի իմաստով ռոյալթի վճարող է համարվում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով սահմանված ռոյալթի վճարողները:

6. Համայնքային մասհանումը բաշխվում է համայնքների բյուջեների երկաստիճան համակարգով՝ ըստ հետեւյալ բանաձեւերի.
 
 

                                                  Ռազդ.   = Ռհ x 50%

որտեղ՝

Ռազդ. - տվյալ ռոյալթի վճարողի կողմից շահագործվող հանք(եր)ի ազդակիր համայնք(ներ)ին հավասարապես բաշխման ենթակա ընդհանուր ռոյալթիի չափ

Ռհ   - համայնքային մասհանման տոկոսային չափ (2%):
 
 

                                                   Ռայլ հ = Ռհ x 50%

որտեղ՝

Ռայլ հ. - ընդհանուր վերցրած՝ Հայաստանի Հանրապետությունում բոլոր ռոյալթի վճարողների կողմից շահագործվող հանք(եր)ի ազդակիր համայնք(ներ)ին հավասարաչափ բաշխման ենթակա ռոյալթիի չափ՝ բացառելով ռոյալթի վճարող ընկերության մասնաբաժնի հատկացումը նույն ընկերության ազդակիր համայնք(ներ)ին,

Ռհ   - համայնքային մասհանման տոկոսային չափ (2%)

Մասհանումների չափերը որոշելիս հիմք է ընդունվում նախորդ տարվա հունվարի 20-ի դրությամբ առաջիկա բյուջետային տարվան նախորդող երրորդ տարվա ռոյալթիի հարկային հաշվարկների հիման վրա հաշվարկված ռոյալթիի գումարների առկա տվյալները:»:

Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 20-րդ հոդվածում լրացվող նոր մասերի վերաբերյալ հարկ ենք համարում կատարել հետեւյալ դիտարկումները.

1.1. Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորմամբ Օրենքում կատարվող լրացումների արդյունքում նախատեսվող բանաձեւերի վերաբերյալ նշվում է հետեւյալը.

«Համայնքների կայուն եւ շարունակական զարգացման նպատակով համայնքների բյուջետային հնարավորությունների մեծացման համար անհրաժեշտ օրենսդրական հենքի ստեղծումն է։

Նախագծով առաջարկվում է յուրաքանչյուր ռոյալթի վճարող հանքարդյունահանող ընկերության կողմից հաշվետու տարում պետական բյուջե վճարված ռոյալթիի 2%-ից մասհանումներ կատարել համայնքային բյուջեների համար եւ բաշխել տվյալ հանքարդյունահանող ընկերության հանքի ազդակիր համայնքի եւ ՀՀ-ում ռոյալթի վճարող այլ հանքարդյունահանող ընկերությունների կողմից շահագործվող հանք(եր)ի ազդակիր համայնքների միջեւ` 50/50 հարաբերակցությամբ։ Այսինքն, 50%-ը՝ տվյալ ռոյալթի վճարողի կողմից շահագործվող հանք(եր)ի ազդակիր համայնք(ներ)ին հավասարապես բաշխման ենթակա ընդհանուր ռոյալթիի չափ, իսկ 50%-ը՝ ընդհանուր վերցրած՝ Հայաստանի Հանրապետությունում ռոյալթի վճարողների կողմից շահագործվող հանք(եր)ի ազդակիր համայնք(ներ)ին հավասարաչափ բաշխման ենթակա ռոյալթիի չափ (այն համայնքները, որոնց համայնքի բյուջետային ապահովվածության գործակիցը միջինից ցածր է՝ ըստ «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հաշվարկների)։»:

Հարկ է նկատել, որ Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 20-րդ հոդվածում լրացվող կարգավորմամբ նախատեսված բանաձեւերը չեն արտահայտում Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորմամբ նշված ռոյալթիի որոշակի մասից կատարվող մասհանումների բաշխման հարաբերակցության տրամաբանությունը: Մասնավորապես՝ բանաձեւերում որոշակի մեծության արժեքի ստացման նպատակով մեկ այլ մեծություն բազմապատկվում է «50%» արտահայտությամբ, մինչդեռ Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորման տրամաբանությունից բխում է, որ պետք բանաձեւի արդյունքում հաշվարկվի հավասարապես բաշխման ենթակա ընդհանուր ռոյալթիի չափ, որը յուրաքանչյուր խումբ համայքների համար կազմում է համայնքային մասհանման տոկոսային չափի հիսուն տոկոսը: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք բանաձեւերում հստակ արտահայտել որոշակի արժեքի կոնկրետ տոկոսի հաշվարկման բանաձեւը:

1.2. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 20-րդ հոդվածում լրացվող նոր մասերում կիրառվում է «շահագործվող հանք(եր)ի» ձեւակերպումները: Հարկ է նկատել, որ Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի կարգավորումներում կիրառվում է միայն «շահագործվող հանքավայր» ձեւակերպումը:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածով նախատեսվում է հետեւյալը՝ «1. Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ:

2. Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:

3. Եթե նորմատիվ իրավական ակտում օգտագործվում են նոր կամ բազմիմաստ կամ այնպիսի հասկացություններ կամ տերմիններ, որոնք առանց պարզաբանման միանշանակ չեն ընկալվում, կամ այլ նորմատիվ ակտով տրված է այդ հասկացությունների կամ տերմինների այլ սահմանում, ապա տվյալ ակտով տրվում են այդ ակտի էությունից բխող դրանց սահմանումները: Սահմանումները պետք է լինեն այնպիսին, որ ապահովեն դրանց միատեսակ ու միանշանակ ընկալումն ու կիրառումը:(...)»:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 20-րդ հոդվածում լրացվող նոր մասերում կիրառվող«շահագործվող հանք(եր)ի» ձեւակերպումները փախարինել «շահագործվող հանքավայր(եր)ի» ձեւակերպումներով:

1.3. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 20-րդ հոդվածում լրացվող նոր մասերում կիրառվում է «ազդակիր համայնք(ներ)ի» ձեւակերպումը:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածով նախատեսվում է, որ «1. Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ:

(...)

3. Եթե նորմատիվ իրավական ակտում օգտագործվում են նոր կամ բազմիմաստ կամ այնպիսի հասկացություններ կամ տերմիններ, որոնք առանց պարզաբանման միանշանակ չեն ընկալվում, կամ այլ նորմատիվ ակտով տրված է այդ հասկացությունների կամ տերմինների այլ սահմանում, ապա տվյալ ակտով տրվում են այդ ակտի էությունից բխող դրանց սահմանումները: Սահմանումները պետք է լինեն այնպիսին, որ ապահովեն դրանց միատեսակ ու միանշանակ ընկալումն ու կիրառումը:(...)»:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ձեւավորված նախադեպային իրավունքի համաձայն՝ օրենքը պետք է ձեւակերպված լինի բավարար հստակությամբ, ինչը հնարավորություն կտա ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ողջամտորեն կանխատեսել իր վարքագծի իրավական հետեւանքները: Օրենքը պետք է օժտված լինի իրավունքի գերակայությունից բխող այնպիսի որակական հատկանիշներով, ինչպիսիք են հասանելիությունը եւ կանխատեսելիությունը (տե՛ս Olsson v. Sweden (No. 1), (10465/83) գործով Եվրոպական դատարանի 24.03.1988 թվականի վճիռը, կետ 61):

Իրավական որոշակիության սկզբունքի կապակցությամբ Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում արձանագրել է, որ որեւէ իրավական նորմ չի կարող համարվել «օրենք» եթե ձեւակերպված չէ բավարար աստիճանի հստակությամբ, որը թույլ կտա քաղաքացուն դրա հետ համատեղելու իր վարքագիծը (ՍԴՈ-630), վերջինս պետք է լինի բավականաչափ մատչելի՝ իրավունքի սուբյեկտները պետք է համապատասխան հանգամանքներում հնարավորություն ունենան կողմնորոշվելու՝ թե տվյալ դեպքում ինչ իրավական նորմեր են կիրառվում (ՍԴՈ-753): Ըստ Սահմանադրական դատարանի՝ իրավական որոշակիության ապահովման տեսանկյունից օրենսդրության մեջ օգտագործվող հասկացությունները պետք է լինեն հստակ, որոշակի եւ չհանգեցնեն տարաբնույթ մեկնաբանությունների կամ շփոթության (տե՛ս Սահմանադրական դատարանի 02.12.2014 թվականի թիվ ՍԴՈ-1176 որոշումը): Բացի դրանից, իրավական որոշակիության սկզբունքը, լինելով իրավական պետության հիմնարար սկզբունքներից մեկը, ենթադրում է նաեւ, որ իրավահարաբերությունների բոլոր սուբյեկտների, այդ թվում՝ իշխանության կրողի գործողությունները պետք է լինեն կանխատեսելի ու իրավաչափ (տե՛ս Սահմանադրական դատարանի 09.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1213 որոշումը):

Հարկ է նկատել, որ «ազդակիր համայնք» եզրույթը կիրառվում է Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 60.3-րդ եւ 60.6-րդ հոդվածներում, որոնց կարգավորման բովանդակությունը չի բացահայտում քննարկվող հասկացությունը, ինչպես նաեւ այդ կարգավորումները չեն պարունակում «ազդակիր համայնքի»  որոշման չափանիշները: «Ազդակիր համայնք» եզրույթը կիրառվում է նաեւ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորաձաքննության մասին» օրենքի՝  հիմնական հասկացություններին վերաբերող 4-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետում, որում ներկայացված է այդ ակտի էությունից բխող սահմանումը:

Հիմք ընդունելով եզրակացության 1-ին կետի 1.3-րդ ենթակետում մեջբերված իրավական ակտերը եւ կատարված դիտարկումները` կարծում ենք, որ Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 20-րդ հոդվածում լրացվող նոր մասերում «ազդակիր համայնք(ներ)» ձեւակերպման կիրառումը` առանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ազդակիր համայնքների որոշման հիմքերի սահմանման, խնդրահարույց է որոշակիության սահմանադրաիրավական սկզբունքի տեսանկյունից:

2. Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 281-ին հոդվածում կատարվող լրացման տեքստում առկա է «համայնքներին բաշխվող համայնքների եւ ռոյալթիների մասհանումների» ձեւակերպումը: Առաջարկում ենք շտկել մեջբերված ձեւակերպման մեջ առկա վրիպակը՝ ապահովելով արտահայտվող մտքի ամբողջականությունը:

3. Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքի 35-րդ հոդվածում լրացվում է 3.1-ին մաս.

«3.1 Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվում է սույն օրենքի 20-րդ հոդվածով համայնքներին բաշխված համայնքային մասհանումների ծախսերի մասով հաշվետվության առանձին ձեւաչափ:»

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով: Հիմք ընդունելով նշվածը՝ առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքի 35-րդ հոդվածում լրացվող 3.1-ին մասի համարը տեքստից բաժանել միջակետով: 

Միաժամանակ հարկ է նկատել, որ Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքի 35-րդ հոդվածում լրացվող 3.1-ին մասում նշում է կատարվում Օրենքի 20-րդ հոդվածով համայնքներին բաշխված համայնքային մասհանումների ծախսերի մասով հաշվետվության վերաբերյալ, սակայն նույն հոդվածում բացակայում են այդ հաշվետվության ներկայացման պարբերականության, դրան ներկայացվող նվազագույն պահանջների եւ  հաշվետվության հաստատման վերաբերյալ կարգավորումները:

4. Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքի 36-րդ հոդվածում լրացվող տեքստում կիրառվում է «եւ (կամ)» ձեւակերպումը:

Հարկ ենք համարում նշել, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 16-րդ հոդվածի բովանդակությունից բխում է, որ նորմատիվ իրավական ակտում կարող է կիրառվել կա՛մ «եւ», կա՛մ «կամ» շաղկապը, միչդեռ «եւ (կամ)» գրելաձեւը կիրառելի չէ: Նշվածով պայմանավորված՝ առաջարկում ենք վերանայել քննարկվող ձեւակերպման կիրառությունը:

5. «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրում «ԼՐԱՑՈՒՄ» բառն առաջարկում ենք փոխարինել «ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը՝ նորմատիվ իրավական ակտը ունենում է վերնագիր, որը համապատասխանում է նորմատիվ իրավական ակտի բովանդակությանը, եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով  «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում կատարվում են մեկից ավելի լրացումներ:

6. «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածում կատարվում է լրացում, որի արդյունքում նախատեսվում է հետեւյալ կարգավորումը.

«Համայնքին ավագանին սույն օրենքով սահմանված կարգով՝

(...)

5.1) Հաստատում է ռոյալթիներից գոյացած գումարների ծախսման ծրագրերը եւ վերահսկում դրանց իրականացումը.»:

Հարկ է նկատել, որ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում ռոյալթիներից գոյացած գումարների ծախսման ծրագրերի վերաբերյալ որեւէ այլ կարգավորում չի լրացվում: Արդյունքում՝ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում չի նախատեսվում համայնքի ղեկավարի՝ ռոյալթիներից գոյացած գումարների ծախսման ծրագրի կազմման եւ համայնքի ավագանու հաստատմանը ներկայացնելու լիազորությունը, ինչպես նաեւ բացակայում են համայնքի ավագանու կողմից ռոյալթիներից գոյացած գումարների ծախսման ծրագրերի հաստատման եւ դրանց իրականացման վերահսկման կարգերը:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները` կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված որոշ կարգավորումներ  խնդրահարույց են որոշակիության սահմանադրաիրավական սկզբունքի տեսանկյունից:

Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 

Կատարող՝ Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248)

08.09.2021թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 

Կատարող՝ Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248)

08.09.2021թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

1. Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել ռոյալթիների բաշխման այնպիսի կարգավորումներ, որոնք պետք է նպաստեն համայնքների ֆինանսական հնարավորությունների միջեւ առկա անհամաչափության մեղմացմանը եւ համայնքային ծրագրերի իրականացման առումով նրանց կարողությունների զարգացմանը։

2. Ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից հարկ ենք համարում նշել, որ առաջարկվող կարգավորումները թեեւ կարող են որոշ չափով նպաստել ընդերքօգտագործող ընկերությունների կողմից շահագործվող հանքերի ազդակիր համայնքների սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների մեղմմանը, այդուհանդերձ, հարկ է նաեւ փաստել, որ առաջարկվող կարգավորումներն իմպերատիվ կերպով չեն պարտադրում ծախսային այն ուղղությունները, որոնցով պետք է առաջնորդվեն ազդակիր համայնքները: Այսպես` Նախագծերի փաթեթի հիմնավորման մեջ նշվում է, որ. «… ըստ այդմ նպատակ ունենալով, ՀՀ մյուս համայնքների համեմատությամբ, մեղմել հանքարդյունահանման հետեւանքով ազդակիր համայնքների կրած բացասական հետեւանքները՝ ռոյալթիների բաշխման ստորեւ նշված կարգով առաջարկվում է նպաստել ազդակիր համայնքների զարգացմանը՝ ենթակառուցվածքների, կրթության, առողջապահության, աշխատատեղերի ստեղծման եւ այլ առաջնային ոլորտների ֆինանսավորումը որոշ չափով ավելացնելու միջոցով։ Ռոյալթիների բաշխման ստորեւ նշված կարգը կնպաստի ազդակիր համայնքների ծրագրերի իրականացման առումով կարողությունների զարգացմանը, որը այլ հավասար պայմաններում խոչընդոտվում էր համայնքում հանքարդյունահանության առկայությամբ:»: Այսինքն` ըստ այս հիմնավորման` հստակ հայտնի են այն ուղղությունները, որոնց գծով պետք է ավելացվեն ազդակիր համայնքների բյուջեների ծախսերը, սակայն Նախագծերի փաթեթի կազմում ընդգրկված  «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով ընդամենը համայնքի ավագանու համար շատ ընդհանրական նոր  լիազորություն է ավելացվում, ըստ որի՝ համայնքի ավագանին «Հաստատում է ռոյալթիներից գոյացած գումարների ծախսման ծրագրերը եւ վերահսկում դրանց իրականացումը»: 

Այս կապակցությամբ, ինպես նաեւ Նախագծերի փաթեթի հիմնավորման մեջ նշված նպատակի գործնական իրացվելիության ապահովման առումով, առաջարկում ենք օրենքով սահմանել ծախսային այն ուղղությունները, որոնցով կարող են ծախսվել մասհանվող գումարները, կամ էլ օրենքով սահմանել ծախսային այն ուղղությունները, որոնցով համայքները չեն կարող ծախսել այդ գումարները (օրինակ՝ վարչական բնույթի ծախսերը եւ այլն): 

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք ունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                   ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

26.08.2021թ.




Սոցիալական փորձաքննության արդյունքները

Օրենքների Նախագծերի փաթեթով առաջարկվում է յուրաքանչյուր ռոյալթի վճարող հանքարադյունահանող ընկերության կողմից հաշվետու տարում պետական բյուջե վճարված 2%-ից մասհանումներ կատարել համայնքային բյուջեների համար եւ բաշխել տվյալ հանքարդյունահանող ընկերության կողմից շահագործող հանքի ազդակիր համայնքի եւ ՀՀ–ում ռոյալթի վճարող այլ հանքարդյունահանող ընկերությունների կողմից շահագործվող հանքի եւ հանքերի ազդակիր համայնքների միջեւ 50/50 հարաբերակցությամբ:

Միեւնույն ժամանակ փաթեթով առաջարկվում է համայնքին հնարավորություն տալ բաշխված ռոյալթին ուղղել լրացուցիչ բնապահպանական ծախսերին եւ այլ կապիտալ ծախսերին, ինչպես նաեւ սահմանել ծախսերի մասով հաշվետվեւթյան լրացուցիչ առանձին հրապարակում:

Փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Փաթեթի ընդունումը կարող է լրացուցիչ հնարավորություններ ստեղծել համայնքների զարգացման համար, ինչն իր հերթին կհանգեցնի դրական սոցիալական ազդեցության աստիճանի բարձրացմանը:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ եւ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 

Կատարող՝ Ա. Հարությունյան (հեռ.՝ 011-513-339) 

31.08.2021թ