ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Արագ փչացող սննդամթերքի միջազգային փոխադրումների եւ այդպիսի փոխադրումների համար օգտագործվող հատուկ տրանսպորտային սարքավորումների մասին (ATP)» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-010-19.08.2021-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Արագ փչացող սննդամթերքի միջազգային փոխադրումների եւ այդպիսի փոխադրումների համար օգտագործվող հատուկ տրանսպորտային սարքավորումների մասին (ATP)» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-010-19.08.2021-ՏՀ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին տեղեկանքը:
 
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

          ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                  ԳԱՌՆԻԿ ԱԹԱՆԵՍՅԱՆ
 
 

02.09.2021թ.




Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է վավերացնել «Արագ փչացող սննդամթերքի միջազգային փոխադրումների եւ այդպիսի փոխադրումների համար օգտագործվող հատուկ տրանսպորտային սարքավորումների մասին (ATP)» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր): Համաձայնագրով նախատեսվում են Հայաստանի Հանրապետության համար որոշ պարտավորություններ, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է սահմանել համապատասխան պատասխանատվության միջոցներ` Համաձայնագրով սահմանված պահանջները չպահպանելու համար, ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները` Համաձայնագրի դրույթների կիրառումը ապահովելու համար եւ այլ պարտավորություններ: 

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 

Կատարող՝ Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

02.09.2021թ.
 



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 92-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` «Եթե որոշում է ընդունվում միջազգային պայմանագիրը վավերացնելու մասին, եւ, համաձայն Կառավարության տեղեկանքի, համապատասխան պայմանագրից բխում է, որ պետք է ընդունվի նոր օրենք, կամ փոփոխություններ կատարվեն գործող օրենքում, ապա Կառավարությունը «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում համապատասխան օրենքում փոփոխություններ կատարելու կամ նոր օրենք ընդունելու մասին օրենքի նախագծեր»:

«Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրից բխում է, որ պետք է ընդունվի նոր օրենք կամ փոփոխություններ կատարվեն գործող օրենքում, ապա Կառավարությունը միջազգային պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո` երեք ամսվա ընթացքում, օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում օրենքում փոփոխություններ կատարելու կամ նոր օրենք ընդունելու մասին օրենքի նախագիծ»:

Նախագծի ընդունմամբ, կարծում ենք, առաջանալու է օրենսդրական փոփոխություններ եւ լրացումներ կատարելու անհրաժեշտություն.

1. Օրինակ՝ Համաձայնագրով սահմանվում են արագ փչացող սննդամթերքով բեռների միջազգային փոխադրումների հիմնական պահանջները եւ փոխադրման պայմանները, ինչպես նաեւ դրանց փոխադրման համար նախատեսված տրանսպորտային սարքավորումներին ներկայացվող պահանջները: Համաձայնագրի 2-րդ հոդվածի համաձայն՝ Համաձայնագրի 1-ին հավելվածում նշված չափանիշներին համապատասխանելու նպատակով Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է միջոցներ ձեռնարկել Համաձայնագրի 1-ին հոդվածում նկարագրված տրանսպորտային սարքավորումների պատշաճ ստուգման եւ փորձաստուգման համար՝ Համաձայնագրի 1-ին հավելվածի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 4-րդ ենթահավելվածներում սահմանված դրույթներին համապատասխան, ինչպես նաեւ ճանաչել Համաձայնագրի 1-ին հավելվածի 1-ին ենթահավելվածի 3-րդ կետին համապատասխան այլ պայմանավորվող կողմի իրավասու մարմնի կողմից տրամադրված համապատասխանության հավաստագրերի վավերականությունը:

«Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ «1. Սույն օրենքը կարգավորում է սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության եւ բուսասանիտարիայի բնագավառներում պետական վերահսկողության հիմնական սկզբունքները, առանձնահատկությունները, պետական վերահսկողություն իրականացնող անձանց իրավունքները, պարտականությունները եւ պատասխանատվությունը, ինչպես նաեւ պետական վերահսկողության հետ կապված այլ հարաբերություններ:

2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի անասնաբուժական եւ բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների, ինչպես նաեւ պեստիցիդների եւ ագրոքիմիկատների արտադրության, վերամշակման եւ շրջանառության բոլոր փուլերում լիազոր մարմնի կողմից իրականացվող պետական վերահսկողության հարաբերությունների վրա»:

«Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի 1-ին հավելվածով կարգավորվում են Կառավարության որոշմամբ սահմանված անասնաբուժական վերահսկողության ենթակա ապրանքների ցանկում ընդգրկված Եվրասիական տնտեսական միության տարածք երրորդ երկրի տարածքից ներմուծվող կենդանիների եւ կենդանական ծագման արտադրանքի, Եվրասիական տնտեսական միության տարածքում տեղափոխվող իրենց արտադրության, վերամշակման, փոխադրման եւ (կամ) պահպանման ընթացքում, եւ անասնաբուժական վերահսկողության ենթակա ապրանքների արտադրությամբ, վերամշակմամբ, փոխադրմամբ եւ (կամ) պահպանմամբ զբաղվող անձանց եւ կազմակերպությունների համատեղ ստուգումների իրականացման հետ կապված հարաբերությունները:

«Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի 3-րդ հավելվածով  կարգավորվում են Եվրասիական տնտեսական միության անդամ այլ երկրներից ներմուծվող եւ Հայաստանի Հանրապետությունից դեպի Եվրասիական տնտեսական միության անդամ այլ երկրներ արտահանվող բուսասանիտարական կարանտին հսկողության ենթակա բույսերի, բուսական արտադրանքի եւ այլ կարգավորվող առարկաների բուսասանիտարական կարանտին հսկողության (վերահսկողության) հետ կապված հարաբերություններն այն դեպքերում, երբ տեղափոխվող բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի խմբաքանակը ներառված չէ մաքսային տարանցիկ գործընթացում կամ այն մաքսային գործընթացում, որը նախատեսում է ապրանքների արտահանում Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից կամ Հայաստանի Հանրապետությունից:

«Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի 4-րդ հավելվածով կարգավորվում են Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրներից ներմուծվող եւ Հայաստանի Հանրապետությունից դեպի Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրներ արտահանվող բույսերի, բուսական արտադրանքի եւ կարգավորվող առարկաների ներմուծման, արտահանման, վերաարտահանման եւ տարանցիկ փոխադրման ժամանակ կարանտին հսկողության (վերահսկողության) հետ կապված հարաբերությունները:

Հիմք ընդունելով «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի կարգավորման առարկան, ինչպես նաեւ հաշվի առնելով «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի անբաժանելի մաս կազմող հավելվածներով կարգավորվող հարաբերությունների բնույթը՝ կարծում ենք` Նախագծի ընդունմամբ անհրաժեշտություն է առաջանում համապատասխան փոփոխություններ կատարել «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում, մասնավորապես՝ նախատեսել ջերմամեկուսացվող, սառեցվող, մեխանիկորեն սառեցվող, տաքացվող կամ մեխանիկորեն սառեցվող եւ տաքացվող սարքավորումների՝ Համաձայնագրի 1-ին հավելվածի 1-ին ենթահավելվածով սահմանված չափանիշներին համապատասխանությունը ստուգելու ընթացակարգեր, նախատեսել Համաձայնագրի 1-ին հավելվածի 2-րդ ենթահավելվածով սահմանված արագ փչացող սննդամթերքի փոխադրման համար օգտագործվող հատուկ սարքավորումների պաղեցնող եւ ջեռուցիչ սարքերի ջերմամեկուսացման եւ արդյունավետության չափման եւ ստուգման  մեթոդներն ու ընթացակարգերը եւ այլ դրույթներ:

2. Համաձայնագրի նախաբանում ամրագրված է, որ Համաձայնագրում պատժամիջոցներ չեն սահմանվում, եւ Համաձայնագրով սահմանված պահանջները չկատարելու դեպքում իրավախախտում կատարած անձինք պատասխանատվության են ենթարկվում ներպետական օրենսդրությանը համաձայն: Հետեւաբար կարծում ենք, որ անհրաժեշտություն է առաջանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հստակ կերպով սահմանել, թե որ մարմիններն են իրավասու վերահսկողություն իրականացնել Համաձայնագրով սահմանված պահանջների պահպանման նկատմամբ, ինչպես նաեւ ներպետական օրենսդրությամբ Համաձայնագրով սահմանված պահանջները ամրագրելուց հետո նախատեսել այդ պահանջները չկատարելու պարագայում պատասխանատվության համապատասխան միջոցներ:

Նախագծին առնչվող Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 

Կատարող՝ Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

02.09.2021թ.



Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է վավերացնել 1970 թվականի սեպտեմբերի 1-ին ստորագրված «Արագ փչացող սննդամթերքի միջազգային փոխադրումների եւ այդպիսի փոխադրումների համար օգտագործվող հատուկ տրանսպորտային սարքավորումների մասին (ATP)» համաձայնագիրը: Վերջինիս նպատակն է ապահովել միջազգային փոխադրումների ընթացքում արագ փչացող բեռների, մասնավորապես՝ սննդամթերքի որակը, բարելավել միջպետական համագործակցությունն արագ փչացող սննդամթերքի փոխադրումների գործընթացում, ինչպես նաեւ զարգացնել միջազգային առեւտուրը: Համաձայնագրով սահմանվում են նաեւ շուտ փչացող բեռների միջազգային փոխադրումների հիմնական պահանջները եւ փոխադրման պայմանները, ինչպես նաեւ դրանց փոխադրման համար նախատեսված սարքավորումներին ներկայացվող պահանջները:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում, թեեւ ՀՀ Ֆինանսների նախարաության կողմից ներկայացված տեղեկանքի համաձայն` Համաձայնագրում առկա է դրույթ (15-րդ հոդված՝ կողմերի միջեւ ծագած վեճերի լուծման հետ կապված (դատական) ծախսեր), որի համապատասխան պայմանների ի հայտ գալու դեպքում եւ համաձայնագիրն առանց 16-րդ հոդվածի վերապահումով ստորագրելու, վավերացնելու կամ վերջինիս միանալու պարագայում կարող է հանգեցնել Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորությունների առաջացմանը, այդ թվում՝ ծախսերի ավելացմանը, որի չափը հնարավոր չէ գնահատել համապատասխան տվյալների բացակայության պատճառով:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                   ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

Կատարող՝ Գ. Սաֆարյան (հեռ.՝ 011 513-343) 

26.08.2021թ.
 


Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է վավերացնել 1970 թվականի սեպտեմբերի 1-ին ստորագրված «Արագ փչացող սննդամթերքի միջազգային փոխադրումների եւ այդպիսի փոխադրումների համար օգտագործվող հատուկ տրանսպորտային սարքավորումների մասին (ATP)» համաձայնագիրը:

Համաձայնագրով սահմանվում են արագ փչացող սննդամթերքով բեռների միջազգային փոխադրումներին, ինչպես նաեւ դրանց փոխադրման համար նախատեսված տրանսպորտային սարքավորումներին ներկայացվող պահանջները:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ եւ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 

Կատարող՝ Ա. Հարությունյան (հեռ.՝ 011-513-339) 

24.08.2021թ