ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

2019 թվականի նոյեմբերի 22-ին Հռոմում ստորագրված` «Հայաստանի Հանրապետության եւ Իտալիայի Հանրապետության միջեւ «Քրեական գործերով փոխադարձ օգնության մասին» 1959 թվականի ապրիլի 20-ի եվրոպական կոնվենցիայի կիրառումը դյուրացնելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-048-23.09.2021-ՊԻ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված 2019 թվականի նոյեմբերի 22-ին Հռոմում ստորագրված` «Հայաստանի Հանրապետության եւ Իտալիայի Հանրապետության միջեւ «Քրեական գործերով փոխադարձ օգնության մասին» 1959 թվականի ապրիլի 20-ի եվրոպական կոնվենցիայի կիրառումը դյուրացնելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-048-23.09.2021-ՊԻ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

               ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                  ԳԱՌՆԻԿ ԱԹԱՆԵՍՅԱՆ
 
 

30.09.2021թ.






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.  Առաջարկում ենք Նախագծի հոդվածների համարակալումից առաջ գրել «Հոդված» բառը՝ հիմք ընդունելով՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասը՝ «Օրենսդրական ակտերում նորմերը շարադրվում են հերթական համար ունեցող հոդվածների տեսքով: Հոդվածի համարից առաջ գրվում է «Հոդված» բառը»:

2.   Նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք «թ.» ձեւակերպումը փոխարինել «թվականի» ձեւակերպմամբ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասը, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտում տարեթիվը եւ ամսաթիվը գրվում են թվերով, իսկ ամիսը` տառերով: «Թվական» բառը եւ դրա հոլովաձեւերը գրվում են ամբողջությամբ»:

3.   Միաժամանակ, հարկ է նշել, որ միջազգային պայմանագիրն Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնելու նպատակով իրավասու մարմնի կողմից ապահովվող «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը, այն է՝ տեղեկատվություն միջազգային պայմանագրի կատարման համար պատասխանատու մարմինների վերաբերյալ, Նախագծին կից ներկայացված չէ:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ սահմանադրականության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:

Միաժամանակ, անհրաժեշտ է ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին, ինչպես նաեւ Նախագծին կից ապահովել «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող` Ն.Ներսիսյան (հեռ.՝ 011-513-248)

30.09.2021թ.







ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին

 Արդադադատության նախարարության՝ «2019 թվականի նոյեմբերի 22-ին Հռոմում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Իտալիայի Հանրապետության միջեւ «Քրեական գործերով փոխադարձ օգնության մասին» 1959 թվականի ապրիլի 20-ի եվրոպական կոնվենցիայի կիրառումը դյուրացնելու մասին» համաձայնագրում (Այսուհետ նաեւ Համաձայնագիր)  Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմերի, ինչպես նաեւ համաձայնագիրը վավերացման ենթակա դարձնող հիմքերի առկայության մասին» եզրակացության համաձայն՝ «Պայմանագրում թեեւ առկա չեն Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր, սակայն այն պարունակում է օրենքի փոփոխություն նախատեսող նորմեր:

Հարկ ենք համարում նշել, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 92-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` «Եթե որոշում է ընդունվում միջազգային պայմանագիրը վավերացնելու մասին, եւ, համաձայն Կառավարության տեղեկանքի, համապատասխան պայմանագրից բխում է, որ պետք է ընդունվի նոր օրենք, կամ փոփոխություններ կատարվեն գործող օրենքում, ապա Կառավարությունը «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում համապատասխան օրենքում փոփոխություններ կատարելու կամ նոր օրենք ընդունելու մասին օրենքի նախագծեր»:

«Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրից բխում է, որ պետք է ընդունվի նոր օրենք կամ փոփոխություններ կատարվեն գործող օրենքում, ապա Կառավարությունը միջազգային պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո` երեք ամսվա ընթացքում, օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում օրենքում փոփոխություններ կատարելու կամ նոր օրենք ընդունելու մասին օրենքի նախագիծ»:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ նշենք, որ կարծում ենք Նախագծի ընդունմամբ առաջանալու է օրենսդրական լրացումներ կամ փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն: Օրինակ՝

1. Համաձայնագրի 4-րդ հոդվածում սահմանված են իրավակարգավորումներ տեսակոնֆերանսի միջոցով լսումների իրականացման վերաբերյալ: Մինչդեռ, հարկ է նկատել, որ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 209.1-ին եւ 209.2-րդ հոդվածներում նախատեսված է տեսակապի միջոցով միայն տուժողի եւ վկայի հարցաքննության վերաբերյալ առանձնահատկություններ: 

Կարծում ենք՝ Նախագծի ընդունմամբ անհրաժեշտություն է առաջանալու համապատասխան լրացումներ կամ փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում:

Նախագծին առնչվող Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող` Ն.Ներսիսյան (հեռ.՝ 011-513-248)

30.09.2021թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է վավերացնել 2019թ. նոյեմբերի 22-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Իտալիայի Հանրապետության միջեւ «Քրեական գործերով փոխադարձ օգնության մասին» 1959 թվականի ապրիլի 20-ի եվրոպական կոնվենցիայի կիրառումը դյուրացնելու մասին» համաձայնագիրը: Համաձայնագրի 1-ին հոդվածի 2-րդ կետը, 4-րդ հոդվածի 7-րդ կետի «c» ենթակետը եւ 9-րդ կետը, համաձայն ՀՀ Ֆինանսաների նախարարության տեղեկանքի,  Հայաստանի Հանրապետության համար կարող են առաջացնել ֆինանսական պարտավորություններ, որի արդյունքում տեղի կունենա պետական բյուջեի ծախսերի ավելացում:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

Կատարող՝ Գ. Նազարյան (հեռ.՝ 011-513-343) 

24.09.2021թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է վավերացնել 2019 թվականի նոյեմբերի 22-ին Հռոմում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Իտալիայի Հանրապետության միջեւ «Քրեական գործերով փոխադարձ օգնության մասին» 1959 թվականի ապրիլի 20-ի եվրոպական կոնվենցիայի կիրառումը դյուրացնելու մասին» համաձայնագիրը, որի նպատակն է բարելավել քրեական գործերով փոխադարձ օգնության, ներառյալ՝ իրավական օգնության որոշակի ձեւերի մասով երկու երկրների միջեւ համագործակցությունը: Համաձայնագրի կնքումը նպատակ ունի լրացնել «Քրեական գործերով փոխադարձ օգնության մասին» 1959 թվականի ապրիլի 20-ի եվրոպական կոնվենցիայի դրույթները եւ դյուրացնել դրա կիրառումը:

Կողմերը, Համաձայնագրի դրույթներին համապատասխան, պարտավորվում են միմյանց տրամադրել հնարավորինս լայնածավալ փոխադարձ օգնություն քրեական գործերի մասով:

Ըստ Համաձայնագրի՝ Կողմերը պարտավորվում են միմյանց ցույց տալ իրավական օգնություն, որն իր մեջ ներառում է քրեական վարույթին առնչվող նյութերի եւ փաստաթղթերի տրամադրումը, անձանց, վայրերի եւ առարկաների մասով քննչական գործողություններ իրականացնելը, խուզարկություններ, ակտիվների սառեցում եւ առգրավում իրականացնելը, հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների եւ քրեական հանցագործությանը վերաբերող ցանկացած այլ իրերի բռնագրավումը, քրեական վարույթի արդյունքների մասին հաղորդելը եւ դատական գործի նյութերից ստացված դատավճիռների եւ տեղեկատվության փոխանցումը, օրենսդրության վերաբերյալ տեղեկության փոխանակումը, օգնության ցանկացած այլ ձեւ, որը չի հակասում Հայցվող պետության օրենսդրությանը եւ այլ գործողություններ:

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-339)

27.09.2021թ.