ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-080-29.10.2021-ԱՍ-011/0) եւ «Պետական նպաստների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-0801 -29.10.2021-ԱՍ-011/0) վերաբերյալ     

Ազգային ժողովի պատգամավոր Աղվան Վարդանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-080-29.10.2021-ԱՍ-011/0) եւ «Պետական նպաստների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Խ-0801 -29.10.2021-ԱՍ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

         Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

            ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                         ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 

19.11.2021թ.






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերնագրում «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի (այսուհետ նաեւ՝ Օրենք) կրճատ անվանման հիշատակումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին` օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը` հանելով Օրենքի վերնագրից հետո գրված «Հայաստանի Հանրապետության» բառերը:

Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ «Պետական նպաստների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրում «Պետական նպաստների մասին» օրենքի կրճատ անվանման հիշատակման մեջ «Հայաստանի Հանրապետության» բառերի կիրառմանը:

2. Նախագծի 1-ին հոդվածում «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի լրիվ անվանման հիշատակումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին` օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը` հանելով Օրենքի վերնագրից հետո գրված «Հայաստանի Հանրապետության» բառերը:

Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ «Պետական նպաստների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում «Պետական նպաստների մասին» օրենքի լրիվ անվանման հիշատակման մեջ «Հայաստանի Հանրապետության» բառերի կիրառմանը:

3. Նախագծի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 4-րդ հոդվածներով Օրենքի` անցումային դույթներին վերաբերող 55-րդ հոդվածում լրացվում են նոր 13-16-րդ մասեր.

«13. Նվազագույն կենսաթոշակի չափը չի կարող պակաս լինել պարենային զամբյուղի արժեքից՝ սկսած 2022 թվականի հունվարի 1-ից:

14. Միջին աշխատանքային կենսաթոշակի չափը չի կարող պակաս լինել՝

1) սպառողական զամբյուղի արժեքի 70 տոկոսից՝ սկսած 2022 թվականի հունվարի 1-ից,

2) սպառողական զամբյուղի արժեքի 80 տոկոսից՝ սկսած 2023 թվականի հունվարի 1-ից,

3) սպառողական զամբյուղի արժեքի 85 տոկոսից՝ սկսած 2024 թվականի հունվարի 1-ից,

4) սպառողական զամբյուղի արժեքի 90 տոկոսից՝ սկսած 2025 թվականի հունվարի 1-ից,

5) սպառողական զամբյուղի արժեքիից՝ սկսած 2026 թվականի հունվարի 1-ից:

15. Սույն հոդվածի 13-րդ եւ 14-րդ մասերի կիրառման նպատակով որպես պարենային եւ սպառողական զամբյուղների արժեքներ, հիմք են ընդունվում տվյալ բյուջետային տարվան նախորդող տարվա երկրորդ եռամսյակի միջին ընթացիկ գներով հաշվարկված՝ Ազգային վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակած պարենային եւ սպառողական զամբյուղների ամսական արժեքները:

Պարենային զամբյուղում ներառվող սննդամթերքի կազմը, կառուցվածքը եւ էներգետիկան, պարենային եւ սպառողական զամբյուղների ամսական արժեքները հաշվարկելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

16. Սույն հոդվածի 14-րդ մասի կիրառման նպատակով միջին աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկվում է տվյալ բյուջետային տարվան նախորդող տարվա հունիսի 1-ի դրությամբ կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կենսաթոշակառուներին վճարման ենթակա՝ հունիս ամսվա կենսաթոշակի գումարը (անկախ կենսաթոշակը վճարվելու հանգամանքից) այդ կենսաթոշակառուների թվի վրա բաժանելու միջոցով:»:

Նախագծի 5-րդ հոդվածի համաձայն` «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը սույն օրենքի կիրարկումն ապահովող իրավական ակտերն ընդունում է մինչեւ 2021 թվականի դեկտեմբերի 20-ը:»:

«Պետական նպաստների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Պետական նպաստների մասին» օրենքի` եզրափակիչ եւ անցումային դրույթներին վերաբերող 39-րդ հոդվածը լրացվում է նոր` 13-րդ մասով.

«13. Ծերության նպաստի, հաշմանդամության նպաստի եւ կերակրողին կորցնելու դեպքում նպաստի չափը չի կարող պակաս նվազագույն կենսաթոշակի չափից:»:

«Պետական նպաստների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածի համաձայն` «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը սույն օրենքի կիրարկումն ապահովող իրավական ակտերն ընդունում է մինչեւ 2021 թվականի դեկտեմբերի 20-ը:»:

3.1. Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորմամբ դրանց ընդունման անհրաժեշտության վերաբերյալ ներկայացված են հետեւյալ դիտարկումները.

«1. Իրավական ակտի ընդունման նպատակը եւ առաջարկվող լուծումները.

Ներկայացվող նախագծերի նպատակը կենսաթոշակառուների եւ տարեց բնակչության սոցիալական պաշտպանվածության մակարդակի շարունակական բարելավումն է:

Կենսաթոշակային համակարգը եւ պետական նպաստները չպետք է դիտարկվեն որպես պետության կողմից ուղղակի օգնություն, այլեւ դրանց բուն նպատակը աղքատության հաղթահարումն է եւ հնարավորինս արժանապատիվ կյանքի ապահովումը քաղաքացիների համար: Զուր չէ, որ ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների եւ ազատությունների անքակտելի հիմքն է», իսկ արդեն նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների եւ ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են:»

Արժանապատվություն տերմինը ինքնին կարելի է դիտարկել որպես ինքնավար-ինքնուրույն տերմին, որի մեկնաբանության արդյունքում ակնհայտ է Սահմանադիրի նպատակը` Մարդու եւ քաղաքացու արժանապատիվ կյանքի ապահովումը, որն իր մեջ ընդգրկում է նաեւ սոցիալ-տնտեսական արժանապատվություն: Ի ապացուցումն սրա Սահմանադրության 1-ին հոդվածի համաձայն` «Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:»

Սահմանադրության 83-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք, օրենքին համապատասխան, ունի մայրության, բազմազավակության, հիվանդության, հաշմանդամության, աշխատավայրում դժբախտ պատահարների, խնամքի կարիք ունենալու, կերակրողին կորցնելու, ծերության, գործազրկության, աշխատանքը կորցնելու եւ այլ դեպքերում սոցիալական ապահովության իրավունք:»

Հետեւաբար Սահմանադիրի նպատակը ոչ թե ինքնանպատակ կամ անորոշ չափով նպաստի կամ կենսաթոշակի տրամադրումն է, այլեւ դրա նվազագույն շեմի ապահովումը, որը ենթադրվում է, որ չի կարող պակաս լինել սպառողական զամբյուղի արժեքից: Սպառողական զամբյուղի արժեքի չափով կենսաթոշակի եւ նպաստի ապահովումը առանց հաշվարկված, ճիշտ եւ հաջողված տնտեսական քաղաքականության, անհնարին է: Հարկ է նաեւ նշել, որ նշված կարեւորագույն նպատակին հասնելու համար անհրաժեշտ են մեծ, բայց ոչ անհնարին ֆինանսական ռեսուրսներ եւ աստիճանաբար իրավիճակային բարելավում, ինչով պայմանավորված օրենսդրական նախագիծը բարձրացնում է կենսաթոշակի եւ նպաստի չափերը աստիճանաբար: Նման մոտեցումը թույլ կտա ոչ միայն էապես բարձրացնել պետության հատուկ ուշադրության կարիքը ունեցող անձնանց սոցիակական վիճակը, այլեւ կլինի համապարփակ եւ հնարավոր ու իրատեսական քայլ` պետության պոզիտիվ պարտականությունների կատարման տեսանկյունից: (…)»:

3.2. Նախագծի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 4-րդ հոդվածներով Օրենքի` անցումային դույթներին վերաբերող 55-րդ հոդվածում լրացվող 13-16-րդ մասերի վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետեւյալը.

1) «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի` նորմատիվ իրավական ակտի կառուցվածքին վերաբերող 13-րդ հոդվածի համաձայն` «(…) 2. Նորմատիվ իրավական ակտը ունենում է հիմնական մաս, որում շարադրվում են իրավական նորմերը:

3. Նորմատիվ իրավական ակտը ունենում է եզրափակիչ մաս, եթե սահմանվում են`

1) նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու ժամկետները.

(…)

4. Նորմատիվ իրավական ակտն ունենում է անցումային դրույթներ, եթե`

1) նորմատիվ իրավական ակտը լրիվ գործողության մեջ դնելու համար պահանջվում են ժամկետներ կամ որոշակի պայմաններ, կամ

2) որոշակի ժամկետների (սահմանափակ ժամանակահատվածի) կամ նորմատիվ իրավական ակտի հիմնական մասով սահմանված պայմանների համար անհրաժեշտ է սահմանել իրավական ակտի հիմնական մասով սահմանված նորմերից տարբերվող այլ նորմեր, կամ

3) նորմատիվ իրավական ակտի հիմնական մասով սահմանված նորմերի ուժի մեջ մտնելուց հետո անհրաժեշտ է սահմանել ըստ որոշակի անձանց շրջանակի կամ տարածքի` ակտի հիմնական մասով սահմանված նորմերի գործողության համար այլ նորմեր:

5. Եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաեւ`

1) օրենսդրական ակտի այն մասերը, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից.

2) ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը:

6. Նորմատիվ իրավական ակտը պարունակում է անցումային դրույթներ, եթե անձի իրավական վիճակը բարելավող նորմատիվ իրավական ակտին նախատեսվում է տալ հետադարձ ուժ, կամ անձի իրավական վիճակը բարելավող իրավական ակտին հետադարձ ուժ տալու համար անհրաժեշտ է սահմանել համապատասխան նորմեր: (…)»:

«Պետական նպաստների մասին» օրենքի կարգավորումներից բխում է, որ նվազագույն կենսաթոշակի չափը սահմանում է Կառավարությունը, սակայն Օրենքի հիմնական մասում բացակայում են նվազագույն կենսաթոշակի չափի սահմանման վերաբերյալ կարգավորումները, մասնավորապես` բացակայում է նվազագույն կենսաթոշակի չափի ստորին շեմի կանոնը: Հարկ է նկատել, որ Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 55-րդ հոդվածում լրացվող նոր` 13-րդ մասում նախատեվում է կանոն, որը չի համապատասխանում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի պահանջներին, մասնավորապես` դրանով նախատեսվում է նվազագույն կենսաթոշակի չափի պարենային զամբյուղի արժեքից պակաս չլինելու վերաբերյալ դրույթ, ինչպես նաեւ դրա գործողության մեջ մտնելու ժամկետ, սակայն նորմատիվ իրավական ակտի անցումային դրույթներով չի կարող նախատեսվել նորմատիվ իրավական ակտի հիմնական մասով սահմանման ենթակա իրավական նորմ: Միաժամանակ` կարող ենք նշել, որ Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 55-րդ հոդվածում լրացվող նոր` 13-րդ մասում նախատեսված երկրորդ կանոնը` այն է դրույթի գործողության համար ժամկետի նախատեսումը նույնանում է Նախագծի ուժի մեջ մտնելու նախատեսված ժամկետի հետ:

Հիմք ընդունելով վերոնշյալն` առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 55-րդ հոդվածում լրացվող նոր` 13-րդ մասը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի պահանջներին:

2) «Պետական նպաստների մասին» օրենքում բացակայում են միջին աշխատանքային կենսաթոշակի վերաբերյալ կարգավորումները: Մասնավորապես` նորմատիվ իրավական ակտի հիմնական մասում նախատեսված չեն  միջին աշխատանքային կենսաթոշակի հասկացությունը եւ դրա` պետական կենսաթոշակների իրավահարաբերությունների շրջանակում կիրառելիության վերաբերյալ դրույթներ: Արդյունքում` Նախագծի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ հոդվածներով Օրենքի 55-րդ հոդվածում լրացվող նոր մասերում նախատեվում են կարգավորումներ, որոնք չեն համապատասխանում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի պահանջներին: Միջին աշխատանքային կենսաթոշակի վերաբերյալ իրավական նորմերը պետք է լրացվեն «Պետական նպաստների մասին» օրենքի հիմնական մասում, միայն այդ դեպքում Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 55-րդ հոդվածում լրացվող նոր` 14-րդ մասի 1-4 կետերով նախատեսված անցումային ժամկետները կաեւող են նախատեսվել Օրենքի անցումային դրույթներում:

Հիմք ընդունելով վերոնշյալն` առաջարկում ե Նախագծի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ հոդվածներով Օրենքի 55-րդ հոդվածում լրացվող նոր մասերը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի պահանջներին:

Նույնական դիտարկումներ վերաբերելի են նաեւ «Պետական նպաստների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Պետական նպաստների մասին» օրենքի` եզրափակիչ եւ անցումային դրույթներին վերաբերող 39-րդ հոդվածում լրացվող նոր` 13-րդ մասով նախատեսվող կարգավորմանը:

3) Նախագծի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 4-րդ հոդվածներով Օրենքի` անցումային դույթներին վերաբերող 55-րդ հոդվածում լրացվող 13-16-րդ մասերում կիրառվում են «պարենային զամբյուղի արժեք» եւ «սպառողական զամբյուղի արժեք» հասկացությունները:

Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքի 55-րդ հոդվածում լրացվող նոր` 15-րդ մասով նախատեսվում է, որ «Սույն հոդվածի 13-րդ եւ 14-րդ մասերի կիրառման նպատակով որպես պարենային եւ սպառողական զամբյուղների արժեքներ, հիմք են ընդունվում տվյալ բյուջետային տարվան նախորդող տարվա երկրորդ եռամսյակի միջին ընթացիկ գներով հաշվարկված՝ Ազգային վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակած պարենային եւ սպառողական զամբյուղների ամսական արժեքները:

Պարենային զամբյուղում ներառվող սննդամթերքի կազմը, կառուցվածքը եւ էներգետիկան, պարենային եւ սպառողական զամբյուղների ամսական արժեքները հաշվարկելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի համաձայն` «1. Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ:

(...)

3. Եթե նորմատիվ իրավական ակտում օգտագործվում են նոր կամ բազմիմաստ կամ այնպիսի հասկացություններ կամ տերմիններ, որոնք առանց պարզաբանման միանշանակ չեն ընկալվում, կամ այլ նորմատիվ ակտով տրված է այդ հասկացությունների կամ տերմինների այլ սահմանում, ապա տվյալ ակտով տրվում են այդ ակտի էությունից բխող դրանց սահմանումները: Սահմանումները պետք է լինեն այնպիսին, որ ապահովեն դրանց միատեսակ ու միանշանակ ընկալումն ու կիրառումը: (...)»:

«Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսվում է, որ Հայաստանի Հանրապետության պաշտոնական վիճակագրության արտադրողներից բաղկացած ազգային վիճակագրական համակարգը ներառում է նաեւ  Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեն (այսուհետ՝ վիճակագրական կոմիտե), որը Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական համակարգի գլխավոր պետական մարմինն է: Հիմք ընդունելով նշվածն` առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքի 55-րդ հոդվածում լրացվող նոր` 15-րդ մասում կիրառվող «Ազգային վիճակագրական կոմիտեի»  ձեւակերպումը խմբագրել:

«Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` օրենքը կարգավորում է պետական կենսաթոշակային ապահովության կառավարմանը եւ ֆինանսավորմանն առնչվող հարաբերությունները, սահմանում է պետական կենսաթոշակների տեսակները, կենսաթոշակ հաշվարկելու (վերահաշվարկելու), նշանակելու եւ վճարելու պայմաններն ու կարգը:

«Կենսաապահովման նվազագույն զամբյուղի եւ կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին» օրենքի կարգավորման առարկային վերաբերող 1-ին հոդվածի համաձայն` օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում կենսաապահովման նվազագույն զամբյուղի եւ կենսաապահովման նվազագույն բյուջեի հաշվարկման ու հաստատման իրավական հիմքերը, ինչպես նաեւ կարգավորում է պետական սոցիալական քաղաքականության իրականացման հետ կապված հարաբերությունները։

«Կենսաապահովման նվազագույն զամբյուղի եւ կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` կենսաապահովման նվազագույն զամբյուղը մարդու առողջության պահպանման եւ կենսագործունեության ապահովման համար անհրաժեշտ՝ միջազգայնորեն ընդունված ֆիզիոլոգիական, առողջապահական եւ սոցիալական նորմատիվներով հաշվարկված սննդամթերքի եւ հիմնավորված գործակիցներով հաշվարկված ոչ պարենային ապրանքների եւ ծառայությունների կազմն ու կառուցվածքը սահմանող նվազագույն քանակն է:

«Կենսաապահովման նվազագույն զամբյուղի եւ կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում կենսաապահովման նվազագույն զամբյուղի կազմը եւ կառուցվածքը սահմանվում են օրենքով։ Մինչեւ սույն կետով նախատեսված օրենքի ընդունումը առաջին երեք տարվա համար կենսաապահովման նվազագույն զամբյուղի կազմը եւ կառուցվածքը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

«Կենսաապահովման նվազագույն զամբյուղի եւ կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին» օրենքի` «Կենսաապահովման նվազագույն բյուջեի չափը, դրա հաշվարկման պարբերականությունը եւ հաստատման կարգը» վերտառությամբ  6-րդ հոդվածի համաձայն` 

«1. Հայաստանի Հանրապետության սոցիալ-ժողովրդագրական հիմնական խմբերի եւ բնակչության մեկ շնչի հաշվով կենսաապահովման նվազագույն բյուջեի չափը հաշվարկվում է առնվազն տարին մեկ անգամ՝ մինչեւ հունիսի 30-ը՝ կենսաապահովման նվազագույն զամբյուղի կազմում ներառված պարենային, ոչ պարենային ապրանքների եւ ծառայությունների սպառողական գների վերաբերյալ պաշտոնական վիճակագրության տվյալների հիման վրա, եւ հրապարակվում է «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում», ինչպես նաեւ առնվազն հազար տպաքանակ ունեցող մամուլի եւ զանգվածային լրատվության այլ միջոցներով։

2. Հայաստանի Հանրապետության սոցիալ-ժողովրդագրական հիմնական խմբերի եւ բնակչության մեկ շնչի հաշվով կենսաապահովման նվազագույն բյուջեի չափը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։»:

Հիմք ընդունելով մեջբերված կարգավորումները` կարող ենք նշել, որ Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքի 55-րդ հոդվածում լրացվող նոր` 15-րդ մասը ոչ միայն չի կարող նախատեսվել Օրենքի անցումային դրույթներում, այլ նաեւ դուրս է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի կարգավորման առարկայից: Միաժամանակ հարկ է նկատել, որ նախատեսված նոր ցուցանիշների` պարենային զամբյուղի արժեքի եւ սպառողական զամբյուղի արժեքի համար հիմք են ընդունվում պարենային սպառողական զամբյուղների ամսական արժեքները, որոնց հաշվարկելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Արդյունքում` «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի անցումային դրույթներում նախատեսվում է նաեւ նոր ցուցանիշների հաշվարկի հետ կապված լիազորող նորմ, ինչը եւս հակասում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի պահանջներին: Միաժամանակ` Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքի 55-րդ հոդվածում լրացվող նոր` 15-րդ մասի կարգավորումից բխում է, որ պարենային զամբյուղում ներառվող սննդամթերքի կազմը, կառուցվածքը եւ էներգետիկան սահմանում է Կառավարությունը, ինչը, կարծում ենք, չի համապատասխանում «Կենսաապահովման նվազագույն զամբյուղի եւ կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի այն պահանջին, որ Հայաստանի Հանրապետությունում կենսաապահովման նվազագույն զամբյուղի  (այդ թվում` սննդամթերքի կազմն ու կառուցվածքը սահմանող նվազագույն քանակ) կազմը եւ կառուցվածքը սահմանվում են օրենքով։

Հիմք ընդունելով մեջբերված կարգավորումները եւ կատարված դիտարկումներն` առաջարկում ենք վերանայել Նախագծի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 4-րդ հոդվածներով Օրենքի` անցումային դույթներին վերաբերող 55-րդ հոդվածում լրացվող 13-16-րդ մասերում որոշ հասկացությունների կիրառումը, ինչպես նաեւ խմբագրել Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքի 55-րդ հոդվածում լրացվող նոր` 15-րդ մասի կարգավորումը:

3.3. Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը` Նախագծի տեքստում, ինչպես նաեւ Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքի 55-րդ հոդվածում լրացվող նոր` 15-րդ մասում «Հայաստանի Հանրապետության Կառավարությաունը» եզրույթն առաջարկում ենք փոխարինել «Կառավարությունը» եզրույթով` հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում կիրառվում է «Կառավարություն» եզրույթը:

Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ «Պետական նպաստների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածում կիրառվող «Հայաստանի Հանրապետության Կառավարությաունը» եզրույթին:

3.4. Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ պարբերությունում եւ «Պետական նպաստների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածի  2-րդ պարբերությունում Կառավարության համար նախատեսվում են ենթաօրեսդրական նորմատիվ իրավական ակտեր ընդունելու ժամկետներ: Հարկ է նկատել, որ քննարկվող ժամկետների նախատեսումը, կարծում ենք, անհրաժեշտ է վերանայել` պայմանավորված Նախագծերի փաթեթի ընդունման ժամկետներով:

3.5. «Պետական նպաստների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Պետական նպաստների մասին» օրենքի 39-րդ հոդվածում լրացվող նոր մասի կարգավորմամբ ընտրված նպաստների շրջանակի վերաբերյալ` Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորման մեջ բացակայում են դիտարկումները: Հարկ է նկատել, որ քննարկվող դիտարկումների առկայությունը անհրաժեշտ է նպաստների ընտրված շրջանակի առանձնացման օբյեկտիվ հիմքերի գնահատման համար:

4. «Պետական նպաստների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «(այսուհետ` Օրենք)» բառերը եւ կետադրական նշանները` հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Պետական նպաստների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծում «Պետական նպաստների մասին» օրենքին այլեւս հղում չի կատարվում՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասը` նորմատիվ իրավական ակտում հաճախակի կիրառվող երկար արտահայտությունները նույն նորմատիվ իրավական ակտում կարող են սահմանվել կրճատ տարբերակով` իրավական ակտում առաջին իսկ կիրառումից հետո նախատեսելով կամ տվյալ արտահայտության սահմանումը, կամ փակագծերում նշելով կրճատ տարբերակը: 

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումները խնդրահարույց են որոշակիության եւ խտրականության արգելքի իրավական սկզբունքների տեսանկյունից:

Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթի համապատասխանությունը «Պետական կենսաթոշակների մասին», «Կենսաապահովման նվազագույն զամբյուղի եւ կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին», «Պաշտոնական վիճակագրության մասին» եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքներին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                         ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248)

19.11.2021թ.





ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                         ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248)

19.11.2021թ.
 




Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է կարգավորել նվազագույն կենսաթոշակի եւ միջին աշխատանքային կենսաթոշակի չափը՝ հիմք ընդունելով համապատասխանաբար պարենային եւ սպառողական զամբյուղների արժեքը:

Ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները, դիտողություններն ու առաջարկությունները:

1. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծի 1-ին հոդվածով սահմանվում է, որ նվազագույն կենսաթոշակի չափը չի կարող պակաս լինել պարենային զամբյուղի արժեքից՝ սկսած 2022 թվականի հունվարի 1-ից: «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով հանրապետությունում սահմանվում են կենսաթոշակների հետեւյալ տեսակները՝ աշխատանքային եւ զինվորական, որոնցից յուրաքանչյուրն ունի հաշվարկման իր բանաձեւը: Մասնավորապես, աշխատանքային կենսաթոշակների դեպքում ամսական չափը կախված է հիմնական կենսաթոշակի չափից, աշխատանքային ստաժի տարիներից եւ դրանց արժեքից, կենսաթոշակառուի անձնական գործակցից: Հետեւաբար, նվազագույն կենսաթոշակի չափը պարենային զամբյուղի արժեքին համապատասխանեցնելու համար պետք է փոփոխության ենթարկվեն նշված բանաձեւերում օգտագործվող փոփոխելի ցուցանիշնեհո: Անգամ այդ պարագայում, զուտ մաթեմատիկական տեսանկյունից, բավականաչափ դժվար կլինի ապահովել «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծի նշված հոդվածով սահմանված պահանջը: 

2. Հարկ ենք համարում նշել, որ «Կենսաապահովման նվազագույն զամբյուղի եւ կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանվում են կենսաապահովման նվազագույն զամբյուղ» եւ «կենսաապահովման նվազագույն բյուջե» հասկացություննեհո: Ընդ որում, նշված օրենքի համաձայն. «Հայաստանի Հանրապետությունում կենսաապահովման նվազագույն զամբյուղի կազմը եւ կառուցվածքը սահմանվում են օրենքով: Մինչեւ դրա ընդունումը առաջին երեք տարվա համար կենսաապահովման նվազագույն զամբյուղի կազմը եւ կառուցվածքը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված օրենքը դեռեւս ընդունված չէ, կարծում ենք, «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծով միատեսակ տերմինաբանություն կիրառելու, ինչպես նաեւ տարընթերցումները բացառելու համար «նվազագույն սպառողական զամբյուղ» հասկացությունը կիրառելիս անհրաժեշտ է կամ հղում տալ «Կենսաապահովման նվազագույն զամբյուղի եւ կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին» օրենքին, կամ էլ «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծով տալ դրա սահմանումը: Ի դեպ, ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հաշվարկվում է նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը երկու եղանակով՝ ըստ Առողջապահության նախարարության կողմից մշակված սննդամթերքի կազմի, կառուցվածքի ու էներգետիկայի եւ ըստ Համաշխարհային բանկի մեթոդաբանության: Հետեւաբար, այս առումով եւս պետք է հստակեցնել, թե նշվածներից ո՞ր եղանակն է առաջարկվում կիրառել «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծով:

3. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծի 2-րդ հոդվածով սահմանվում է, որ. «…միջին աշխատանքային կենսաթոշակի չափը չի կարող պակաս լինել՝ սպառողական զամբյուղի արժեքի 70 տոկոսից՝ սկսած 2022 թվականի հունվարի 1-ից, 80 տոկոսից՝ սկսած 2023 թվականի հունվարի 1-ից, 85 տոկոսից՝ սկսած 2024 թվականի հունվարի 1-ից, 90 տոկոսից՝ սկսած 2025 թվականի հունվարի 1-ից եւ սպառողական զամբյուղի արժեքից՝ սկսած 2026 թվականի հունվարի 1-ից:»: Կարծում ենք, որ միջին աշխատանքային կենսաթոշակի չափը սպառողական զամբյուղի արժեքից կախվածության մեջ դնելը գործնական կիրառման տեսանկյունից ոչ միայն խիստ բարդ է, այլ նաեւ հիմնավորված չէ, քանի որ միջին աշխատանքային կենսաթոշակի չափը բավարար չափով չի արտացոլում կենսաթոշակառուների կողմից ստացվող փաստացի կենսաթոշակների չափը: Իսկ շեմային մակարդակներ սահմանելու տեսանկյունից, որպես կանոն, ամրագրվում են պետության կողմից կատարման ենթակա նվազագույն մակարդակները (ստանդարտները): 

Եզրահանգում

Հաշվի առնելով սույն եզրակացության մեջ ներկայացված նկատառումները, կարծում ենք, Փաթեթի ընդունումը գործնականում չի կարող ամբողջությամբ ապահովել դրանից ակնկալվող արդյունքների ստացումը, ուստի Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի եւ, հատկապես, դրված խնդիրների գործնական լուծման տեսանկյունից լրամշակման կարիք ունի:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                               ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

Կատարող` գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

15.11.2021թ.




Սոցիալական փորձաքննության արդյունքները

1. ԱԺ պատգամավորի կողմից ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է լրացումներ կատարել «Պետական կենսաթոշակների մասին» եւ «Պետական նպաստների մասին» օրենքներում, նպատակ ունենալով շարունակական բարելավել կենսաթոշակառուների եւ տարեց բնակչության սոցիալական պաշտպանվածության մակարդակը:

Մասնավորապես, «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 55-րդ հոդվածն առաջարկվում է լրացնել նոր՝ 13-րդ, 14-րդ, 15-րդ եւ 16-րդ մասերով: Ըստ լրացվող մասերի հեղինակն առաջարկում է, որ. «Նվազագույն կենսաթոշակի չափը չի կարող պակաս լինել պարենային զամբյուղի արժեքից՝ սկսած 2022 թվականի հունվարի 1-ից:» :

2. Սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից կցանկանայինք ներկայացնել հետեւյալ նկատառումները: 

2.1 Մասնավորապես, «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է Օրենքի 55-րդ հոդվածը լրացնել նոր՝ 14-րդ մասով, հետեւյալ բովանդակությամբ.

«14. Միջին աշխատանքային կենսաթոշակի չափը չի կարող պակաս լինել՝

1) սպառողական զամբյուղի արժեքի 70 տոկոսից՝ սկսած 2022 թվականի հունվարի 1-ից,

2) սպառողական զամբյուղի արժեքի 80 տոկոսից՝ սկսած 2023 թվականի հունվարի 1-ից,

3) սպառողական զամբյուղի արժեքի 85 տոկոսից՝ սկսած 2024 թվականի հունվարի 1-ից,

4) սպառողական զամբյուղի արժեքի 90 տոկոսից՝ սկսած 2025 թվականի հունվարի 1-ից,

5) սպառողական զամբյուղի արժեքիից՝ սկսած 2026 թվականի հունվարի 1-ից:»: 

Համաձայն «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 8-րդ հոդվածի, կենսաթոշակների տեսակները երկուսն են՝ աշխատանքային եւ զինվորական, մինչդեռ Նախագծի 2-րդ հոդվածով սահմանվող պահանջը վերաբերում է միայն աշխատանքային կենսաթոշակներին: 

Կարծում ենք, նման մոտեցումը հիմնավորված չէ, ինչից ելնելով առաջարկում ենք այն տարածել նաեւ զինվորական կենսաթոշակների վրա: 

2.2. Հոդված 5-ով սահմանվում է, որ. «Հայաստանի Հանրապետության կառավարությունը սույն օրենքի կիրարկումն ապահովող իրավական ակտերն ընդունում է մինչեւ 2021 թվականի դեկտեմբերի 20-ը:»: Մասնավորապես, նշված ակտերով պետք է սահմանվեն նաեւ պարենային զամբյուղում ներառվող սննդամթերքի կազմը, կառուցվածքը եւ էներգետիկան, պարենային եւ սպառողական զամբյուղների ամսական արժեքները հաշվարկելու կարգը:

Կարծում ենք, նման ժամկետը իրատեսական չէ նշված ցուցանիշների հաշվարկման կարգը մշակելու համար, ինչով պայմանավորված առաջարկում ենք վերանայել Նախագծի 5-րդ հոդվածով սահմանվող ժամկետը:

2.3. Ի դեպ, Նախագիծն ընդունելու դեպքում, նախատեսվում է այն ուժի մեջ մտցնել 2022 թվականի հունվարի 1-ից, ինչը նույնպես իրատեսական չէ՝ հաշվի առնելով ինչպես նախորդ կետում ներկայացված նկատառումը, այնպես էլ 2022 թվականի պետական բյուջեի նախագծում համապատասխան գումարներ նախատեսած գումարներ չլինելու փաստը:

3. «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծում, առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում՝ «13. Ծերության նպաստի, հաշմանդամության նպաստի եւ կերակրողին կորցնելու դեպքում նպաստի չափը չի կարող պակաս նվազագույն կենսաթոշակի չափից:» նախադասության մեջ «նվազագույն կենսաթոշակի չափից» բառերից առաջ ավելացնել «լինել» բառը:

Եզրահանգում

Ներկայացված առաջարկություններն ընդունելի լինելու դեպքում Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից որոշ լրամշակման կարիք կունենա:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-270), (12-70)

10.11.2021