ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-097-22.11.2021-ՊԻ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-097-22.11.2021-ՊԻ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

            ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                  ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 

13.12.2021թ.






Իրավական փորձաքնության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) լրիվ անվանումը հիշատակելիս առաջարկում ենք պահպանել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը, ըստ որի՝ «Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն»:

2. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է Օրենսգրքի 37-րդ հոդվածում լրացնել նոր 10-րդ մաս, որի համաձայն՝ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում վարչական վարույթը կասեցվելու կամ երկարաձգվելու դեպքում կասեցման կամ երկարաձգման ժամկետները չեն հաշվարկվում (ներառվում) սույն հոդվածով նախատեսված վարչական տույժ նշանակելու ընդհանուր ժամկետների մեջ»: Նշված դրույթի բովանդակությունից բխում է, որ վարչական վարույթը կասեցվելու կամ երկարաձգվելու դեպքում նախատեսվում է նշված ժամկետները չհաշվարկել   վարչական տույժ նշանակելու ընդհանուր երկամսյա ժամկետի մեջ, այսինքն՝ նախատեսվում է վարչական պատասխանատվության վաղեմության ընթացքի սառեցում՝ վարչական վարույթը կասեցնելու կամ երկարաձգելու դեպքում: 

«Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքի (այսուհետ՝ նաեւ Օրենք) 47-րդ հոդվածի համաձայն՝ « 1. Վարչական վարույթի ժամկետը կարող է երկարաձգվել, եթե`

ա) գործի քննարկման համար էական համարվող հանգամանքներ պարզելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել լրացուցիչ տեղեկություններ կամ փաստաթղթեր ձեռք բերել, որոնք, սույն օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան, պարտավոր է ներկայացնել դիմողը, եւ վարչական վարույթի մնացած ժամկետում հնարավոր չէ ըստ էության որոշում ընդունել. 

բ) փորձագիտական եզրակացություն տալու համար անհրաժեշտ է ավելի երկար ժամանակ, քան վարչական վարույթի համար օրենքով սահմանված ժամկետի ավարտը. 

գ) փոխօգնության կարգով միջոցներ ձեռնարկելու համար անհրաժեշտ է ավելի երկար ժամանակ, քան վարչական վարույթի համար օրենքով սահմանված ժամկետի ավարտը. 

դ) վարչական ակտի ընդունմանը մասնակցում են մի քանի վարչական մարմիններ:

2. Սույն հոդվածի 1-ին մասի «ա» կետով նախատեսված դեպքում վարչական վարույթի ժամկետը կարող է երկարաձգվել մինչեւ 10 օր ժամկետով: Այդ դեպքում թույլատրվում է մինչեւ երկու անգամ երկարաձգում` հիշյալ ժամկետի պահպանմամբ: Սույն հոդվածի 1-ին մասի «բ» կետով նախատեսված դեպքում վարչական վարույթի ժամկետը կարող է երկարաձգվել մինչեւ համապատասխան փորձագիտական եզրակացությունն ստանալը: Սույն հոդվածի 1-ին մասի «գ» եւ «դ» կետերով նախատեսված դեպքերում վարչական վարույթի ժամկետը կարող է երկարաձգվել մինչեւ 30 օր ժամկետով»: 

Օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Վարչական վարույթի առավելագույն ժամկետը 30 օր է: Օրենքով կարող են սահմանվել հատուկ` 30 օրից կարճ կամ ավելի երկար ժամկետներ»:

Օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Վարչական տույժը կարող է նշանակվել իրավախախտումը կատարվելու օրվանից ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի»:

Նշված դրույթների բովանդակությունից բխում է, որ վարչական վարույթի երկարաձգման դեպքերը հստակ սահմանված են Օրենքում, ընդ որում նշված հստակ դեպքերում վարչական վարույթի երկարաձգման ժամկետներն ընտրված են վարչական վարույթի առավելագույն ժամկետի հաշվառմամբ, եւ այն տրամաբանությամբ, որպեսզի չխախտվի վարչական պատասխանատվության վաղեմության ժամկետի ընդհանուր կանոնը, քանզի հակառակ պարագայում՝ վարչական պատասխանատվության ենթարկելու համար սահմանված երկամսյա ժամկետն անցնելուց հետո, կատարված արարքը կորցնում է իր հանրային վնասակարությունը եւ վտանգավորությունը, ինչն էլ հենց հիմք է ծառայում անձին վարչական պատասխանատվության ենթարկելու համար: Հետեւաբար, այդ ժամկետը լրանալուց հետո անձին վարչական պատասխանատվության ենթարկելը դառնում է աննպատակահարմար:  Այսպես օրինակ՝ Օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասով վարչական վարույթի ընդհանուր առավելագույն ժամկետ սահմանվում է 30 օրը: Օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով որպես վարչական վարույթի երկարաձգման առավելագույն ժամկետ սահմանված է 10 եւ լրացուցիչ եւս 10 օր, «դ» եւ «գ» կետերով՝ 30 օր: Այսինքն՝ Օրենքով վարչական վարույթի երկարաձգման այնպիսի ժամկետ է սահմանված, որը համապատասխանում է Օրենսգրքով սահմանված վարչական պատասխանատվության ենթարկելու վաղեմության երկամսյա ժամկետին:

Բացառություն է Օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով սահմանված փորձագիտական եզրակացություն տալու համար ավելի երկար ժամանակի անհրաժեշտության դեպքը, որի պարագայում, վարչական պատասխանատվության ժամկետի սառեցման համար, կարծում ենք նպատակահարմար է առանձին ժամկետ սահմանել Օրենսգրքի 37-րդ հոդվածում՝  առանձնացնելով այն իրավախախտումերի շրջանակը, որոնց դեպքում հիմնականում անհրաժեշտություն է առաջանում փորձաքննություն նշանակել՝ սահմանելով վարչական տույժ նշանակելու կամ վարչական պատասխանատվության վաղեմության այլ ժամկետներ: 

Նշված դիտարկումը, կարծում ենք բխում է վարչական պատասխանատվության վաղեմության ժամկետի ինստիտուտի էությունից, ըստ որի ինչքան շուտ հետեւի վարչական պատասխանատվությունն իրավախախտման համար, այնքան այն ավելի արդյունավետ կլինի եւ կծառայի իր նպատակին, քանզի վարչական պատասխանատվության ենթարկելու ընթացքի կասեցում նախատեսելը չի համապատասխանում վարչական մարմնի՝ վարչական ակտը ողջամիտ ժամկետում ընդունելու եւ արագ գործելու պարտականությանը: 

Ինչ վերաբերում է վարչական վարույթը կասեցնելու դեպքում վարչական տույժ նշանակելու ընդհանուր ժամկետի մեջ կասեցման ժամկետները չհաշվարկելուն, ապա կարծում ենք նպատակահարմար է նախատեսել վարչական տույժ նշանակելու առավելագույն ժամկետը կամ  վարչական տույժ չնշանակելու համար իրավախախտումը կատարելուց հետո անցած առավելագույն ժամկետը: 

Հիմք ընդունելով վերոգրյալը, կարծում ենք, վաղեմության ժամկետի պահանջը, որպես վարչական մարմնի արագ գործելուն խթանող մեխանիզմ, ընդհանուր կանոն է, եւ վաղեմության խախտման կանոնները պետք է լինեն բացառիկ դեպքերում եւ հստակ սահմանվեն Օրենսգրքում: 

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները` կարող ենք նշել, որ Նախագծով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող կարգավորումներ նախատեսված չեն:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկման հիման վրա ապահովել Նախագծի համապատասխանությունը «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ               ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ
 

Կատարող` Ա. Ղազարյան  (հեռ.` 011-513-248)

13.12.2021թ.





ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                           ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ
 

Կատարող` Ա. Ղազարյան  (հեռ.` 011-513-248)

13.12.2021թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է սահմանել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից վարչական վարույթը կասեցնելու կամ երկարաձգելու իրավունքը եւ հստակեցնել կասեցված կամ երկարաձգված վարչական վարույթներով վարչական տույժ նշանակելու ժամկետը, ինչպես նաեւ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով հարկային մարմնի կողմից քննվող գործերով վերջինիս վերապահված իրավասությունների շրջանակը: Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ.

- վարչական վարույթի ժամկետը կարող է երկարաձգվել, եթե փորձագիտական եզրակացություն տալու համար անհրաժեշտ է ավելի երկար ժամանակ, քան վարչական վարույթի համար օրենքով սահմանված ժամկետի ավարտը,

- նույն հոդվածի 1-ին մասի «բ» կետով նախատեսված դեպքում վարչական վարույթի ժամկետը կարող է երկարաձգվել մինչեւ համապատասխան փորձագիտական եզրակացությունն ստանալը,

- 49-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի համաձայն վարչական մարմինը պարտավոր է կասեցնել վարչական վարույթը, եթե վարչական ակտի ընդունումը հնարավոր է միայն այդ ակտի հասցեատիրոջն ի հայտ բերելու դեպքում եւ այլն:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

24.11.2021թ.







Սոցիալական փորձաքննության արդյունքները

Կառավարության կողմից ներկայացված Նախագծին կից հիմնավորման մեջ նշվում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 37-րդ հոդվածի 2-9-րդ մասերով նախատեսված են առանձին դեպքերում վարչական տույժ նշանակելու ժամկետները, սակայն առկա չէ համապատասխան կանոնակարգում «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքով նախատեսված հիմքերով կասեցված կամ երկարաձգված վարչական վարույթներով դրանց վերսկսումից հետո վարչական տույժ նշանակելու ժամկետի վերաբերյալ:

Խնդիրը կայանում է նրանում, որ վարչական իրավախախտման վարույթի շրջանակներում լինում են դեպքեր, երբ նշանակվում է փորձաքննություն կամ վարույթին չի ներկայանում վարչական ակտի հասցեատերը, իսկ առանց նրա ներկայության օրենքը բացառում է համապատասխան վարչական ակտ ընդունելը կամ դա հնարավոր է միայն այդ ակտի հասցեատիրոջն ի հայտ բերելու դեպքում: Արդյունքում ստացվում է, որ խախտվում է Օրենսգրքի 37-րդ հոդվածով սահմանված վարչական տույժ նշանակելու վաղեմության ժամկետը, քանի որ Օրենսգրքով նախատեսված չէ վաղեմության ժամկետի ընթացքի կասեցման որեւէ հիմք:

Նախագծով առաջարկվում է Օրենսգրքով նախատեսել վարչական տույժ նշանակելու վաղեմության ժամկետի կասեցման կամ երկարաձգման համապատասխան հիմք եւ հստակեցնել կասեցված կամ երկարաձգված վարչական վարույթները վերսկսելուց հետո վարչական տույժ նշանակելու ժամկետը, ինչպես նաեւ սահմանել վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով հարկային մարմնի կողմից քննվող գործերով վերջինիս վերապահված իրավասությունների շրջանակը:

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 
 

Կատարող՝   Ս. Համբարձումյան   (հեռ. 011-513-270) 

26.11.2021թ.