ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-099-25.11.2021-ՊԻ-011/0) եւ  «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-0991 -25.11.2021-ՊԻ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Բաբկեն Թունյանի, Նարեկ Զեյնալյանի եւ Լուսինե Բադալյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Պ-099-25.11.2021-ՊԻ-011/0) եւ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Պ-0991 -25.11.2021-ՊԻ-011/0) (այսուհետ միասին նաեւ՝ Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

          ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                             ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 

16.12.2021թ.
 





Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.   «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ նաեւ՝ Նախագիծ) 1-ին հոդվածում Օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս առաջարկում ենք հանել Օրենսգրքի հերթական համարը՝ պահպանելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը:

2.   Նախագծերի փաթեթով կատարվող փոփոխությամբ նախատեսվում է նոր կառուցվող բազմաբնակարան շենքերից բացի, կառուցվող այլ անշարժ գույքի կամ շինության գնման իրավունքի, պայմանագրի եւ հիփոթեքի հետ կապված հարաբերությունները կարգավորել: 

Նախ նշենք, որ գործող օրենսդրությամբ կառուցվող շինությունների նկատմամբ իրավունքների պետական գրանցման առանձնահատկությունները վերաբերում են միայն շինությունների որոշակի մաս կազմող շենքերին: Միաժամանակ՝ կառուցվող անշարժ գույք գնելու իրավունքի հետ կապված կարգավորումները վերաբերում են միայն բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի առանձնացված միավորները գնելու իրավունքի դեպքերին: Նախագծերի փաթեթով «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով լրացվող 170.1-ին  հոդվածում բովանդակային փոփոխություններ եւ լրացումներ չեն կատարվում: Օրինակ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում կատարվող փոփոխությունների եւ լրացումների արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացվող 170.1-ին հոդվածի 2-րդ մասում նշում է կատարվում, որ կառուցվող անշարժ գույք գնելու իրավունքը ենթակա է պետական գրանցման, սակայն «Գույքի նկատմամբ իրավուքների պետական գրանցման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասը վերաբերում է միայն կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքից անշարժ գույք գնելու իրավունքին:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացվող նոր՝ 170.1-ին հոդվածով կարգավորվում է կառուցվող անշարժ գույք գնելու իրավունքի շրջանակը, այն է՝ կառուցվող շենքը, շինությունը կամ դրա մասը կարող է ծանրաբեռնվել կառուցվող անշարժ գույք գնելու իրավունքով: Սակայն, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացվող նոր՝ 170.1-ին հոդվածի տարբեր մասերում՝ կառուցվող անշարժ գույք գնելու իրավունքի շրջանակում համապատասխան իրավունքով ծանրաբեռնվող անշարժ գույքի մասին նշում կատարելիս օգտագործվում է եզրույթների տարբեր շրջանակ: Հիմք ընդունելով նշվածը եւ «Գույքի նկատմամբ իրավուքների պետական գրանցման մասին» օրենքում կիրառվող հասկացությունների վերաբերյալ ներկայացված դիտարկումներն՝ առաջարկում են խմբագրել քննարկվող հոդվածում կիրառվող եզրույթների շրջանակը: Նույն դիտարկումը վերաբերում է նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում կատարվող փոփոխությունների եւ լրացումների արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի փոփոխությունների եթարկվող մյուս հոդվածներում կիրառվող եզրույթներին՝ օրինակ՝ 570.1-ին հոդվածում, 928.6-րդ հոդվածում: Բացի այդ, կարծում ենք՝ անհրաժեշտ է անդրադառնալ «շենք», «շինություն», «անհատական բնակելի տուն» եզրույթների եւ դրանց հարաբերակցության հստակեցմանը՝ իրավական շփոթից խուսափելու եւ սահմանումների միատեսակ եւ միանշանակ ընկալումն ու կիրառումն ապահովելու նպատակով

3.   Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում կատարվող փոփոխությունների եւ լրացումների արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 224-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 4-րդ մասի համաձայն՝ կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերում բնակարան կամ ոչ բնակելի տարածք ձեռք բերելիս սեփականության իրավունքով ձեռք է բերվում հողամասի համապատասխան բաժնային մասը:

Հարկ է նկատել, որ քննարկվող մասում նշում չի կատարվում ընդհանուր օգտագործման տարածքների համապատասխան բաժնային մասի վերաբերյալ, ինչի արդյունքում բացակայում է կարգավորումը կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքը ընդհանուր օգտագործման տարածքների համապատասխան բաժնային մասի նկատմամբ տարածվելուն վերաբերող կարգավորումը:

4.   Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում կատարվող փոփոխությունների եւ լրացումների արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 265-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 2-րդ մասի համաձայն՝ «2. Հողամասի նկատմամբ ընդհանուր սեփականության դեպքում հիփոթեք կարող է սահմանվել քաղաքացուն կամ իրավաբանական անձին պատկանող այն հողամասի նկատմամբ, որը 1) բնեղենով առանձնացված է ընդհանուր սեփականության ներքո գտնվող հողամասից՝ որպես առանձին գույք, եւ դրա նկատմամբ իրավունքները գրանցված են գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով, կամ՝ 2) հանդիսանում է ընդհանուր բաժնային սեփականություն, որի դեպքում հիփոթեքը տարածվում է գրավատուին սեփականության իրավունքով պատկանող եւ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով գրանցված հողամասի սեփականության իրավունքում բաժնի վրա:»: 

Հողային օրենսգրքի 88-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված է հետեւյալ կարգավորումը՝ « Հողամասի նկատմամբ ընդհանուր սեփականության դեպքում հիփոթեք կարող է սահմանվել քաղաքացուն կամ իրավաբանական անձին պատկանող այն հողամասի նկատմամբ, որը բնեղենով առանձնացված է ընդհանուր սեփականության ներքո գտնվող հողամասից՝ որպես առանձին գույք, եւ դրա նկատմամբ իրավունքները գրանցված են գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով, բացառությամբ բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի կառուցման համար սեփականության իրավունքով պատկանող հողամասերի»: Նշված դրույթների բովանդակությունից բխում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 88-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված կարգավորումները հստակեցման կարիք ունեն: Մասնավորապես, կարծում ենք, անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում համարժեք փոփոխություններ կատարելիս նույնական փոփոխություններ կատարվեն նաեւ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում:

Հարկ է նկատել նաեւ, որ համատեղ սեփականության մասնակիցների միջեւ ընդհանուր գույքը բաժանվում կամ նրանցից մեկի բաժինն առանձնացվում է ընդհանուր գույքի նկատմամբ իրավունքում մասնակիցներից յուրաքանչյուրի բաժինը նախապես որոշելուց հետո (հիմք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 199-րդ հոդված): Արդյունքում՝ ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքից բնեղենով գույք առանձնացելու համար պետք է նախապես որոշել մասնակիցներից յուրաքանչյուրի բաժինը՝ գույքի նկատմամբ սահմանելով ընդհանուր բաժնային սեփականություն: Հիմք ընդունելով նշվածը, կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում կատարվող փոփոխությունների եւ լրացումների արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 265-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերում սահմանված պայմանները միմյանցից առանձին գործող պայմաններ չեն, այլ կլանվում են մեկը մյուսի կողմից՝ նվազագույն պայմանի առկայության դեպքում բացառելով երկրորդ պայմանի անհարժեշոտությունը: Այսպիսով՝ ցանկացած դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում կատարվող փոփոխությունների եւ լրացումների արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 265-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 2-րդ մասի 1-ին կետի առկայությունը բավարար կլինի հիփոթեքը սահմանելը թույլատրելի համարելու համար:

5.   Հարկ է նկատել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում կատարվող փոփոխությունների եւ լրացումների արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.6-րդ հոդվածի 3-րդ մասում շարունակում է մնալ հետեւյալ ձեւակերպումը՝ «3. Կառուցապատողի եւ գնորդի միջեւ դրամական միջոցների գրավի պայմանագիր կնքվելու դեպքում կառուցապատողի հատուկ հաշվին գնորդի կողմից կատարվող կանխավճարային վճարումները կառուցապատողի հատուկ հաշվին մուտք լինելու պահից համարվում են գնորդի օգտին գրավադրված` ի ապահովումն կառուցման ավարտից հետո շենքից անշարժ գույքը գնորդին հանձնելու՝ կառուցապատողի պարտավորության եւ կառուցվող անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրի լուծման դեպքում կանխավճարի վերադարձման՝ կառուցապատողի պարտավորության պատշաճ կատարման: Կառուցապատողի հատուկ հաշվին գնորդի կատարած կանխավճարային վճարումները հաջորդող գրավի կանոններով կարող են գրավադրվել գնորդի վարկատուի օգտին:»:Նշված ձեւակերպումից բխում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.6-րդ հոդվածում, որպես կառուցապատողի պարտավորություն, նախատեսվում է շենքից անշարժ գույքը գնորդին հանձնելը, ինչից դուրս է մնում կառուցվող շինությունը կամ այլ անշարժ գույքի օբյեկտին վերաբերող կարգավորումները, ինչն էլ հանդիսանում է Նախագծերի փաթեթի նպատակը:

6.   «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասի սահմանման անհրաժեշտությունը կարծում ենք բացակայում է, քանզի  «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 13-րդ հոդվածի բովանդակությունից բխում է, որ նշված օրենքում առանձնացված միավոր հասկացությունն իր մեջ ներառում է բնակարանները եւ ոչ բնակելի տարածքները:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթը սահմանադրականության տեսանկյունից խնդրահարույց կարգավորումներ չի պարունակում:

Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի  եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                       ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

16.12.2021թ.

(հեռ.՝ 011-513-248)
 




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթի ընդունմամբ կարծում ենք անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում

Նախագծերի փաթեթին առնչվող Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

(հեռ.՝ 011-513-248)

16.12.2021թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է հստակեցնել Քաղաքացիական օրենսգրքում կառուցապատման ոլորտի տնտեսվարողների մասով առկա անորոշությունները եւ վերացնել բացահայտված հակասություններն ու խոչընդոտները: 

Խնդիրն, ըստ նախաձեռնության հեղինակների, կայանում է նրանում, որ գործող օրենսդրական կարգավորումները հնարավորություն են տալիս անշարժ գույք ձեռքբերողներին մինչեւ ավարտական ակտ ստանալը, դեռ կառուցման փուլում, գնման իրավունքի պայմանագիր կնքել եւ հիպոթեկային վարկ ստանալով՝ դիմել նաեւ եկամտային հարկի փոխհատուցման արտոնություն ստանալու համար: Մասնավորապես, Քաղաքացիական օրենսգրքով, սեփականատերեր չհամարվող անձինք, ի թիվս այլ իրավունքների, կարող են ունենալ կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունք, սակայն օրենքում նշված «կառուցվող շենքից» ձեւակերպումն ինքնաբերաբար այս մեխանիզմից դուրս է թողնում բնակելի թաղամասերից բնակելի տուն գնելու գործարքները:

Այս կապակցությամբ առաջարկվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքում «կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքից անշարժ գույք» ձեւակերպումը փոխարինել ավելի պարզ՝ «կառուցվող անշարժ գույք» ձեւակերպմամբ, ինչը հնարավորություն կտա սեփականատերեր չհամարվող անձանց անշարժ գույք գնելու իրավունք ունենալ ոչ միայն կառուցվող բազմաբնակարան շենքից բնակարան գնելու, այլեւ կառուցվող բնակելի թաղամասից բնակելի տուն գնելու դեպքում, ինչպես նաեւ սահմանել դրա հետ կապված հարաբերությունները կարգավորող նորմեր:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

30.11.2021թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում» եւ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում: Նպատակը՝ հստակեցնել կառուցապատման ոլորտի տնտեսվարողների մասով առկա անորոշությունները եւ վերացնել բացահայտված հակասություններն ու խոչընդոտները: 

Ներկայիս գործող իրավակարգավորումները հնարավորություն են տալիս անշարժ գույք ձեռքբերողներին մինչեւ ավարտական ակտ ստանալը, դեռ կառուցման փուլում, կնքելով գնման իրավունքի պայմանագիր եւ ստանալով հիպոթեկային վարկ՝ դիմել նաեւ եկամտային հարկի փոխհատուցման արտոնություն ստանալու համար: 

Մասնավորապես, Քաղաքացիական օրենսգրքով, սեփականատերեր չհանդիսացող անձինք, ի թիվս այլ իրավունքների, կարող են ունենալ կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունք, սակայն օրենքում նշված «կառուցվող շենքից» ձեւակերպումն ինքնաբերաբար այս մեխանիզմից դուրս է թողնում բնակելի թաղամասերից բնակելի տուն գնելու գործարքները:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքում «կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքից անշարժ գույք» ձեւակերպումը փոխարինել՝ «կառուցվող անշարժ գույք» բառերով, ինչը հնարավորություն կտա սեփականատերեր չհամարվող անձանց անշարժ գույք գնելու իրավունք ունենալ ոչ միայն կառուցվող բազմաբնակարան շենքից բնակարան գնելու, այլեւ կառուցվող բնակելի թաղամասից բնակելի տուն գնելու դեպքում, սահմանելով նաեւ դրա հետ կապված հարաբերությունները կարգավորող նորմեր:

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

03.12.2021թ.