ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-141-25.01.2022-ԳԿ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»  օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-141-25.01.2022-ԳԿ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

             ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                  ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 
 

11.02.2022թ. 





Իրավական փորձաքնության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.    Նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «(այսուհետ՝ Օրենք)» բառերը՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ նշված կրճատ տարբերակը Նախագծում այլեւս չի կիրառվում, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը. «Նորմատիվ իրավական ակտում հաճախակի կիրառվող երկար արտահայտությունները նույն նորմատիվ իրավական ակտում կարող են սահմանվել կրճատ տարբերակով (…)»:

2.   Նախագծով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 23-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը, որը լիազորում է Կառավարությանը սահմանել առանձին կատեգորիայի նախադպրոցական ուսումնական հաստատությունների եւ ուսումնական հաստատությունների առանձին խմբերի ծախսերի ուղղիչ գործակիցները եւ նորմատիվները: Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ (այսուհետ՝ Հիմնավորում) վերոնշյալ փոփոխության անհրաժեշտությունը պատճառաբանվում է հետեւյալով. «(…) ՀՀ կառավարության առանձին որոշման նախագծի անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ վերոնշյալ երկու նախագծերով ուղղիչ գործակիցներ եւ նորմատիվներ են նախատեսված ուսումնական հաստատությունների առանձին խմբերի ծախսերի համար»: Հիմնավորումից բխում է, որ ուսումնական հաստատությունների առանձին խմբերի ծախսերին վերաբերող կարգավորումները նախատեսված են Կառավարության այլ երկու որոշումներում, մինչդեռ հարկ է նկատել, որ առանձին կատեգորիայի նախադպրոցական ուսումնական հաստատությունների եւ ուսումնական հաստատությունների առանձին խմբերի ծախսերի ուղղիչ գործակիցները եւ նորմատիվները սահմանելու համար (անկախ այն հանգամանքից  Կառավարության առանձին որոշմամբ է նախատեսվելու թե որեւէ այլ որոշման մեջ է լրացվելու) Կառավարությունը պետք է օրենքով լիազորված լինի համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ ընդունելիս: Այսինքն՝ նույնիսկ եթե ուսումնական հաստատությունների առանձին խմբերի ծախսերի համար ուղղիչ գործակիցներն ու նորմատիվները սահմանելու համար առանձին ենթաօրենսդրական ակտ ընդունելու անհրաժեշտությունը բացակայում է, սակայն համապատասխան տվյալները սահմանվելու են  Կառավարության որեւէ որոշմամբ, տվյալ լիազորող նորմի առկայությունը պարտադիր է եւ բխում է Սահմանադրությամբ սահմանված օրինականության սկզբունքի պահանջից. այն է՝ «Սահմանադրության եւ օրենքների հիման վրա եւ դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին: »: 

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները` առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծի հիմնավորվածությունը եւ համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ               ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Ա. Ղազարյան  (հեռ.` 011-513-248)

10.02.2022թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                           ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Ա. Ղազարյան  (հեռ.` 011-513-248)

10.02.2022թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը ուժը, ըստ որի. «Կառավարությունը սահմանում է առանձին կատեգորիայի նախադպրոցական ուսումնական հաստատությունների եւ ուսումնական հաստատությունների առանձին խմբերի ծախսերի ուղղիչ գործակիցները եւ նորմատիվները տվյալ ուսումնական տարվա սեպտեմբերի 1-ից մինչեւ օգոստոսի 31-ը»:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                               ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ  կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

03.02.2022թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է  «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 23-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը «սահմանում է առանձին կատեգորիայի նախադպրոցական ուսումնական հաստատությունների եւ ուսումնական հաստատությունների առանձին խմբերի ծախսերի ուղղիչ գործակիցները եւ նորմատիվները տվյալ ուսումնական տարվա սեպտեմբերի 1-ից մինչեւ օգոստոսի 31-ը» ուժը կորցրած ճանաչել՝ իրավական ակտերի ընդունման հստակեցմամբ պայմանավորված (հավելվածի 8-րդ կետով սահմանված իրավական ակտի ընդունման անհրաժեշտության բացակայությամբ): 

Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը մշակել եւ սահմանված կարգով շրջանառել է ՀՀ կառավարության «Նախադպրոցական ուսումնական հաստատությունների` պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորման կարգը սահմանելու մասին» եւ «Պետական եւ համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների վարչական, մանկավարժական եւ ուսումնաօժանդակ կազմի վարձատրության խմբերի դասակարգման չափանիշները սահմանելու» ՀՀ կառավարության որոշման նախագծերը, որոնցով  նախատեսված են ուղղիչ գործակիցներ եւ նորմատիվներ ուսումնական հաստատությունների առանձին խմբերի ծախսերի համար:

Նախագծով առաջարկվող փոփոխության ընդունումն, ըստ հեղինակի, կնպաստի նախադպրոցական կրթության ոլորտում միասնական փաստաթղթից բխող քաղաքականության իրականացմանը:

Նախագիծը սոցիալ, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

             Եզրահանգում

Ներկայացված Նախագիծը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ. ԿՐԹԱԿԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող՝ Լ. Սարգսյան (հեռ.՝ 011 513-270, 12-70)

01.02.2022թ.