ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-148-31.01.2022-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-148-31.01.2022-ՏՀ-011/0) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

            ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                             ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 
 

15.02.2022թ. 




Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը (այսուհետ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.  Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված է՝ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 43-րդ հոդվածի 1-ին մասում  «, եթե դրանց տրամադրումն արգելված է օրենքով կամ կարող է թույլատրվել միայն դատական ակտի հիման վրա» բառերը փոխարինել «վիճակագրական, բանկային, ապահովագրական, կենսաթոշակային եւ բժշկական գաղտնիք պարունակող տեղեկությունների» բառերով.»:

Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ սահմանված է՝ «Գործնականում առկա էին այնպիսի մեկնաբանություններ, որոնք «արգելված է օրենքով» ձեւակերպման տակ ներառում էին նաեւ գաղտնիք պարունակող տեղեկության տրամադրման ցանկացած սահմանափակում, քանի որ գաղտնիք համարվող տեղեկատվությունը պաշտպանված է երրորդ անձանց հասանելիությունից եւ ըստ այդմ դրանց տրամադրումն արգելված է օրենքով.»:

Հարկ է նկատել, որ մեջբերված նորմով կատարվող փոփոխության արդյունքում օրենքով սահմանված գաղտնի տեղեկությունների տրամադրման շրջանակ է սահմանվում (տվյալ սահմանափակումը նախատեսելու անհրաժեշտության վերաբերյալ պատճռաբանությունը բացակայում է նաեւ Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ): Արդյունքում անհասկանալի է՝ ինչով է պայմանավորված գաղտնի տեղեկությունների որոշակի շրջանակի առանձնացումը եւ ինչ օբյեկտիվ հիմքով է տվյալ տեղեկությունների մի մասը պետական մարմինների, ինչպես նաեւ դրանց պաշտոնատար անձանց կողմից ներկայացնելու պարտականությունը բացառված, մի մասը՝ ոչ (օրինակ՝ ինչու է բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունների տրամադրումը բացառված, սակայն պետական գաղտնիք կազմող տեղեկությունների պարագայում համապատասխան բացառության վերաբերյալ կարգավորումը բացակայում է): Այլ կերպ ասած, քննարկվող փոփոխությամբ ստացվում է, որ Հանձնաժողովի նախագահի գրության կամ Հանձնաժողովի որոշման կամ օրենսդրությամբ սահմանված պահանջի հիման վրա պետական մարմինները, ինչպես նաեւ դրանց պաշտոնատար անձինք պարտավոր են սահմանված ժամկետում ներկայացնել Հանձնաժողովի լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթեր, նյութեր եւ այլ տեղեկատվություն, որը պարունակում է՝ օրինակ՝ պետական կամ ծառայողական գաղտնիք, քանի որ պետական կամ ծառայողական գաղտնիքը Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին կետով Օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասում կատարվող փոփոխությամբ սահմանված գաղտնի տեղեկությունների շարքում ներառված չէ: Նշվածով պայմանավորված՝ առաջարկում ենք վերանայել Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասում կատարվող փոփոխությամբ գաղտնի տեղեկությունների շրջանակը՝ բացառելով այդ շրջանակը անհարկի կերպով ընդլայնելու հավանական դեպքերը:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված փոփոխությանը:

2.  Նախագծի 5-րդ հոդվածով նախատեսված է Օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ, որի համաձայն՝ «Ներկայացված դիմումը սույն օրենքի պահանջներին չհամապատասխանելու դեպքում չի քննարկվում, որի մասին Հանձնաժողովի նախագահի գրությամբ դիմում ներկայացրած անձը տեղեկացվում է 3 օրվա ընթացքում»: Առաջարկում ենք մեջբերված կարգավորմամբ հստակեցնել այն պահը, որից սկսած ընթանալու է դիմումի օրենքի պահանջներին չհամապատասխանելու պարագայում դիմում ներկայացրած անձին տեղեկացնելու երեքօրյա ժամկետի հաշվարկը:

Միաժամանակ նշենք, որ Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասը նոր խմբագրությամբ շարադրելու արդյունքում համապատասխան դրույթի վերջին նախադասությունը նույնական է Օրենքի «Տնտեսական մրցակցությանն առնչվող հարցերի վերաբերյալ եզրակացություն ստանալու դիմումին ներկայացվող պահանջները» վերտառությամբ 59-րդ հոդվածի 4-րդ մասի հետ, այն է. «Ներկայացված դիմումը սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի պահանջներին չհամապատասխանելու դեպքում չի քննարկվում, որի մասին Հանձնաժողովի նախագահի գրությամբ դիմում ներկայացրած անձը տեղեկացվում է (…)»: 

3.  Նախագծի 8-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսվում է Օրենքի 94-րդ հոդվածում «եւ» շաղկապը փոխարինել «կամ» շաղկապով: Նշենք, որ կատարվող փոփոխության արդյունքում տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության միջոց կիրառելիս Հանձնաժողովը այսուհետ կարող է հաշվի առնել կա՛մ մի շարք հանգամանքների համակցությունը, կա՛մ միայն տնտեսվարող սուբյեկտի պատմությունը: Օրենքի գործող կարգավորումների համաձայն՝ պատասխանատվության միջոց կիրառելիս կարեւորվում է տնտեսվարող սուբյեկտի պատմության հետ մեկտեղ նաեւ մի շարք այլ հանգամանքների համակցության առկայությունը, ինչպիսիք են օրինակ. «տվյալ իրավախախտման բնույթը, տեւողությունը, իրավախախտման հնարավոր կամ փաստացի ազդեցությունը շուկայում մրցակցային իրավիճակի կամ սպառողների շահերի վրա, տնտեսավարող սուբյեկտի կողմից տվյալ խախտման կրկնակիությունը, եթե նախորդ խախտման համար պատասխանատվության միջոց կիրառելու օրվանից չի անցել հինգ տարի, տնտեսավարող սուբյեկտի դիտավորության աստիճանը, տնտեսավարող սուբյեկտի կողմից իրավախախտում կատարվելու շարժառիթները եւ հանգամանքները, տնտեսավարող սուբյեկտի կողմից իրավախախտում կատարվելու փաստն ընդունելու կամ Հանձնաժողովի հետ համագործակցելու հանգամանքը (…)»: Այսինքն՝ Նախագծով նախատեսվող փոփոխության արդյունքում տնտեսվարող սուբյեկտի պատմությունը միայն բավարար է տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելիս, ինչը կարծում ենք լրացուցիչ հիմնավորման կարիք ունի, ինչը հատկապես «տնտեսվարող սուբյեկտի պատմություն» հասկացության բովանդակության բացակայության պարագայում իրավական շփոթ կարող է առաջացնել: 

4. Առաջարկում ենք Նախագծի 10-րդ հոդվածի վերնագիրը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջը. «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի»:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ ներկայացված առաջարկությունների հիման վրա  անհրաժեշտ է ապահովել Նախագծի մի շարք հոդվածներով նախատեսված փոփոխությունների կատարման հիմնավորվածությունը, միաժամանակ ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:

Հաշվի առնելով Նախագիծն անհետաձգելի համարվելու հանգամանքը՝ նշենք, որ բացակայել է վերջինս ամբողջական եւ համապարփակ փորձաքննության ենթարկելու հնարավորությունը, ուստի սույն եզրակացությունը չի բացառում Նախագծի լրացուցիչ ուսումնասիրության եւ քննարկման արդյունքում նոր դիտողությունների, առաջարկությունների եւ եզրահանգումների ներկայացում:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                 ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարողներ՝ Ա.Ղազարյան (հեռ.` 011-513-248),

Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248)

15.02.2022թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                 ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարողներ՝ Ա.Ղազարյան (հեռ.` 011-513-248),

Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248)

15.02.2022թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է 

1) հստակեցնել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից պահանջման ոչ ենթակա տեղեկությունների շրջանակը.

2) նախատեսել Հանձնաժողովի կողմից պետական էլեկտրոնային հարթակներից հատուկ տեխնիկածրագրային ուղիների միջոցով ձեռք բերված տեղեկատվություն ստանալու եւ լիազորությունների իրականացման ընթացքում օգտագործելու հնարավորություն.

3) չհայտարարագրված եւ արգելված համակենտրոնացումների դեպքում սահմանել արագացված վարույթի կիրառման առանձնահատուկ պայմաններ.

4) նախատեսել եզրակացություն ընդունելու ավելի ճկուն կարգ, մասնավորապես՝ տնտեսական մրցակցությանն առնչվող հարցերի վերաբերյալ եզրակացություն ստանալու համար սահմանված պահանջներին համապատասխան դիմում ստանալու դեպքում սկսել եզրակացության ընդունման ընթացակարգ՝ առանց եզրակացություն ընդունելու ընթացակարգ սկսելու վերաբերյալ Հանձնաժողովի որոշման առկայության.

5) շտկել գործող օրենքում առկա վրիպակները եւ տեխնիկական բնույթի այլ խնդիրները:

Նախագիծը  ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի  վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                         ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

02.02.2022թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում (այսուհետ՝ Օրենք), որի նպատակը Օրենքի կիրարկման հետ կապված խնդիրների եւ տեխնիկական բնույթի որոշակի վրիպակների վերհանումն է: 

Մասնավորապես, Նախագծով առաջարկվում է.

- հստակեցնել պահանջման ոչ ենթակա տեղեկությունների շրջանակը,

- նախատեսել տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից պետական էլեկտրոնային հարթակներից հատուկ տեխնիկածրագրային ուղիների միջոցով ձեռք բերված տեղեկատվություն ստանալու եւ լիազորությունների իրականացման ընթացքում օգտագործելու հնարավորություն,

- չհայտարարագրված եւ արգելված համակենտրոնակացումների դեպքում սահմանել արագացված վարույթի կիրառման առանձնահատուկ պայմաններ,

- նախատեսել եզրակացություն ընդունելու ավելի ճկուն կարգ, մասնավորապես՝ տնտեսական մրցակցությանն առնչվող հարցերի վերաբերյալ եզրակացություն ստանալու համար սահմանված պահանջներին համապատասխան դիմում ստանալու դեպքում սկսել եզրակացության ընդունման ընթացակարգ՝ առանց եզրակացություն ընդունելու ընթացակարգ սկսելու վերաբերյալ Հանձնաժողովի որոշման առկայության:

Նախագծի ընդունմամբ, ըստ հեղինակի, կվերանան Օրենքում առկա տեխնիկական բնույթի խնդիրները եւ նախադրյալներ կստեղծվեն Հանձնաժողովի գործունեություն առավել արդյունավետ իրականացման համար:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական տեսանկյունից հիմնախնդիրներ չի պարունակում:

Եզրահանգում

Ներկայացված Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

02.02.2022թ.