ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-165-14.02.2022-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Կ-165-14.02.2022-ՏՀ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

            ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                          ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 
 

09.03.2022թ. 




Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.  Նախագծի 1-ին հոդվածում «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին» բառերն առաջարկում ենք գրել «օրենսգրքի» բառից առաջ՝ Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) լրիվ անվանման հիշատակումը համապատասխանեցնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասին՝ «Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն: Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի կրճատ անվանումը հիշատակելիս նշվում է օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն:»

2.  Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող նոր՝ 55-րդ կետի համաձայն՝ «55) օգտակար հանածոյի կանխատեսումային ռեսուրսներ՝ օգտակար հանածոյի ենթադրվող կուտակումներ, որոնց քանակը, որակը եւ տարածքային դիրքը գնահատված են ուղղակի եւ անուղղակի տվյալների, ինչպես նաեւ ընդհանուր երկրաբանական նախադրյալների հիման վրա:»:

Նշված կարգավորումը խնդրահարույց է իրավական որոշակիության տեսանկյունից: Մասնավորապես՝ օրենսդրությամբ բացակայում է «ուղղակի եւ անուղղակի տվյալներ» հասկացությունը, ինչի արդյունքում հասկանալի չէ, թե որոնք են օգտակար հանածոյի ենթադրվող կուտակումների, դրանց քանակի կամ դիրքի գնահատման համար հիմք հանդիսացող ուղղակի կամ անուղղակի տվյալները: 

3.  Նախագծի 6-րդ հոդվածով Օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրվող 22-րդ հոդվածի համաձայն՝ «Ընդերքօգտագործման իրավունքի փոխանցումը

1. Ընդերքօգտագործման իրավունքի փոխանցումն այլ անձի, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի, արգելվում է:

2. Ընդերքօգտագործման իրավունքը փոխանցվում է իրավաբանական անձի վերակազմակերպման (միաձուլում, միացում, բաժանում, առանձնացում, վերակազմավորում) դեպքերում՝ իրավահաջորդության կարգով բաժանիչ հաշվեկշռի կամ փոխանցման ակտի հիման վրա, լիազոր մարմնի համաձայնությամբ, որը տրվում է սույն Օրենսգրքի 23-րդ հոդվածով սահմանված ընթացակարգով:»: Կարգավորումից բխում է, որ ընդերքօգտագործման իրավունքի փոխանցումը հնարավոր է միայն իրավաբանական անձի վերակազմակերպման դեպքում:

Նախագծի 7-րդ հոդվածով Օրենսգրքի 23-րդ հոդվածի 1-ին մասը նոր խմբագրությամբ շարադրելու  արդյունքում ստացվում է՝ անձը, որը մտադիր է սույն օրենսգրքի 22-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում փոխանցել իրեն պատկանող ընդերքօգտագործման իրավունքը, լիազոր մարմին է ներկայացնում ընդերքօգտագործման իրավունքի փոխանցման մասին դիմում:  Այսպես, Օրենսգրքի 23-րդ հոդվածի 1-ին մասով գործող իրավակարգավորման պարագայում կարգավորված է այն դեպքը, երբ անձը, մտադիր է օտարել իրեն պատկանող ընդերքօգտագործման իրավունքը, մինչդեռ Նախագծի 7-րդ հոդվածով Օրենսգրքի 23-րդ հոդվածի 1-ին մասը նոր խմբագրությամբ շարադրելու  դեպքում կարգավորված է միայն ընդերքօգտագործման իրավունքի փոխանցման (Նախագծի 6-րդ հոդվածով նախատեսված նորմից բխում է, որ փոխանցումը հնարավոր է միայն իրավաբանական անձի վերակազմակերպման դեպքում) հարցը:

Օրենսգրքի 29-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Հրապարակային սակարկությունները չկայացած հայտարարվելու դեպքում գրավառուն սույն օրենսգրքի 23-րդ հոդվածով սահմանված կարգով լիազոր մարմնի տված նախնական համաձայնությամբ իրավունք ունի գրավադրված իրավունքը վերածելու իր սեփականության (ձեռք բերել ընդերքօգտագործման իրավունք) կամ պահանջելու նոր հրապարակային սակարկությունների նշանակում:»: Հարկ է նկատել, որ Նախագծի 6-րդ եւ 7-րդ հոդվածներով Օրենսգրքի 22-րդ եւ 23-րդ հոդվածներում կատարվող փոփոխությունների արդյունքում ընդերքօգտագործման իրավունքի փոխանցումը հանգում է միայն իրավաբանական անձի վերակազմակերպման դեպքին եւ ընդերքօգտագործման իրավունքի փոխանցման վերաբերյալ համաձայնություն տալու կարգին: Մինչդեռ Օրենսգրքի 29-րդ հոդվածի 5-րդ մասն, ըստ էության, նախատեսում է ընդերքօգտագործման իրավունքի փոխանցում գրավառուին՝ հրապարակային սակարկությունները չկայացած հայտարարվելու դեպքում: Նշվածով պայմանավորված՝ առաջարկում ենք ապահովել Օրենսգրքի 29-րդ հոդվածի եւ Նախագծի 6-րդ եւ 7-րդ հոդվածներով Օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրվող 22-րդ հոդվածի եւ 23-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 1-ին մասի միջեւ առկա հակասությունները:

4.  Նախագծի 7-րդ հոդվածով Օրենսգրքի 23-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 2-րդ մասի համաձայն՝ «2. Դիմումը պետք է ներառի՝

(…)

3) փոխանցման արդյունքում ընդերքօգտագործման իրավունքը ձեռք բերող իրավաբանական անձի (այսուհետ՝ «ձեռք բերող իրավաբանական անձ») պետական գրանցման համարը, նշում այդ իրավաբանական անձի կանոնադրական կապիտալի չափի մասին.

4) ձեռք բերող իրավաբանական անձի հավաստումը հանքավայրի շահագործման աշխատանքների ավարտից 2 տարի առաջ հանքի փակման վերջնական ծրագրի կազմման վերաբերյալ.

5) ձեռք բերող իրավաբանական անձի՝ հանքի փակման ծրագրի իրականացման ֆինանսական երաշխիքները.

6) մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման դեպքում՝ ձեռք բերող իրավաբանական անձի «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների ? անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքով սահմանված իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք՝ դիմումը ներկայացնելուն նախորդող 5 օրվա դրությամբ.

7) ձեռք բերող իրավաբանական անձի ֆինանսական ? տեխնիկական կարողությունների ու միջոցների մասին տեղեկություն, որի բովանդակությունը եւ դրան ներկայացվող պահանջները սահմանում է կառավարությունը.

8) ձեռք բերող իրավաբանական անձի ֆինանսական առաջարկները ? երաշխիքները, որոնք պետք է ներառեն մանրամասներ հանքի աշխատանքի, կապիտալ ? գործառնական ծախսերի վերաբերյալ.»:

Մեջբերված կարգավորման կապակցությամբ նշենք հետեւյալը՝ 

1)  Այն իրավաբանական անձը, որը դեռեւս վերակազմակերպված չէ դիմում ներկայացնելիս ինչպե՞ս պետք է ներկայացնի վերակազմակերպման արդյունքում նոր ստեղծվող իրավաբանական անձի վերաբերյալ Նախագծի 7-րդ հոդվածով Օրենսգրքի 23-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 2-րդ մասի 3-րդ, 5-րդ, 7-րդ, 8-րդ մասերով նախատեսված տեղեկատվությունը այն պարագայում, երբ վերակազմակերպման գործընթացը դեռեւս կատարված չէ, ուստիեւ իրավաբանական անձի վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցման համարը առկա չէ:

2)  «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների ? անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում իրական սեփականատիրոջ առնչությամբ կարգավորումներն ուժը կորցրած ճանաչված լինելու հանգամանքի հաշվառմամբ՝ առաջարկում ենք վերանայել քննարկվող կետում «իրական սեփանակատեր» եզրույթի կիրառման դեպքը:

5.  Նախագծի 13-րդ հոդվածով Օրենսգրքում լրացվող 55.1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Անհաղթահարելի ուժ են համարվում հրդեհները, ջրհեղեղները, երկրաշարժերը, փոթորիկները կամ այլ բնական աղետները, ինչպես նաեւ պայթյունները, պատերազմը, ահաբեկչությունը, քաղաքացիական պատերազմը, քաղաքացիական զանգվածային անհնազանդությունը, որոնք ընդերքօգտագործողը չէր կարող կանխատեսել, կանխարգելել եւ որոնց հետեւանքով ընդերքօգտագործողը չի կատարել կամ անպատշաճ է կատարել սույն օրենսգրքով եւ ընդերքօգտագործման իրավունքով սահմանված պարտավորությունները:»: Նշված նորմից հետեւում է, որ անհաղթահարելի ուժ համարվող դեպքերի շրջանակը սահմանված է սպառիչ կերպով: Մինչդեռ կան նաեւ այլ այնպիսի դեպքեր, որոնց պարագայում իրավաչափ է իրավունքի սահմանափակումներ կիրառելը, արդյունքում կարող են խոչընդոտներ առաջանալ ընդերքօգտագործողի պարտականությունների իրականացման հարցում, սակայն Նախագծի քննարկվող կարգավորմամբ դիտարկված չեն՝ իբրեւ ֆորս-մաժորային իրավիճակ: Այսպես, «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ «Ռազմական դրությունը բացառապես Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքում իրականացվող ժամանակավոր միջոցառում է, որն իրենից ներկայացնում է պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության հատուկ իրավական ռեժիմ եւ թույլատրում է իրավաբանական անձանց, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքների եւ ազատությունների որոշակի սահմանափակումների եւ նրանց նկատմամբ լրացուցիչ պարտավորությունների սահմանում:»: Տվյալ նորմից հետեւում է, որ Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման անմիջական վտանգի առկայության դեպքում կարող են կիրառվել սահմանափակումներ, արդյունքում՝ խոչընդոտել Օրենսգրքով նախատեսված պարտականությունների բնականոն կատարման ընթացքին, սակայն չդիտարկվել անհաղթահարելի ուժ Նախագծով սահմանված կարգավորման համատեքստում:

Մեկ այլ իրավիճակ է «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքով կարանտին սահմանված լինելու իրավական ռեժիմի առանձնահատկություններով պայմանավորված՝ սահմանափակումների կիրառման արդյունքում ընդերքօգտագործման առնչությամբ պարտականությունների կատարման հնարավորության բացակայությունը:

Վերոգրյալի լույսի ներքո՝ կարծում ենք, որ անհաղթահարելի ուժ համարվող մի շարք իրավիճակներ ներառված չեն Նախագծի 13-րդ հոդվածով Օրենսգրքում լրացվող 55.1-ին կետի 1-ին մասում սահմանված հասկացության մեջ, ինչի արդյունքում տվյալ հասկացությունը վերանայման կարիք ունի: Բացի այդ, անհաղթահարելի ուժ համարվող իրավիճակներն իրենց բնույթով այնպիսին են, որոնց վերաբերյալ համապարփակ ցանկի նախատեսումը, կարծում ենք, որ հնարավոր չէ: Միաժամանակ՝ ընդգծենք, որ «քաղաքացիական զանգվածային անհնազանդություն» հասկացությունն անորոշ է, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կիրառված չէ:

6.  Նախագծի 17-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի: Հոդվածների վերնագրերը համապատասխանում են հոդվածների բովանդակությանը: Հոդվածների վերնագրերի վերջում որեւէ կետադրական նշան չի դրվում: Հոդվածի մասերը, կետերը եւ ենթակետերը վերնագիր չեն ունենում:»:

7. Նախագծի 17-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Սույն օրենքի 13-րդ հոդվածով լրացվող՝ Օրենսգրքի 55.1-ին հոդվածի 5-րդ մասը տարածվում է Օրենսգրքի 44-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 57-րդ հոդվածի 2-րդ մասի վրա:»:

Նշված կարգավորման վերաբերյալ նշենք հետեւյալը.

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 5-րդ եւ 6-րդ մասերում սահմանված է նորմատիվ իրավական ակտի եզրափակիչ մասի եւ անցումային դրույթների վերաբերյալ դրույթներ: Մասնավորապես՝ «3. Նորմատիվ իրավական ակտը ունենում է եզրափակիչ մաս, եթե սահմանվում են`

1) նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու ժամկետները.

2) գործողության ժամկետները, երբ նորմատիվ իրավական ակտը կամ դրա առանձին մասը նախատեսված է սահմանափակ ժամկետով գործողության համար (ժամանակավոր ակտ կամ ժամանակավոր դրույթ): Այս դեպքում նշվում է ակտի կամ դրա առանձին մասի գործողության հստակ ժամկետը:

4. Նորմատիվ իրավական ակտն ունենում է անցումային դրույթներ, եթե`

1) նորմատիվ իրավական ակտը լրիվ գործողության մեջ դնելու համար պահանջվում են ժամկետներ կամ որոշակի պայմաններ, կամ

2) որոշակի ժամկետների (սահմանափակ ժամանակահատվածի) կամ նորմատիվ իրավական ակտի հիմնական մասով սահմանված պայմանների համար անհրաժեշտ է սահմանել իրավական ակտի հիմնական մասով սահմանված նորմերից տարբերվող այլ նորմեր, կամ

3) նորմատիվ իրավական ակտի հիմնական մասով սահմանված նորմերի ուժի մեջ մտնելուց հետո անհրաժեշտ է սահմանել ըստ որոշակի անձանց շրջանակի կամ տարածքի` ակտի հիմնական մասով սահմանված նորմերի գործողության համար այլ նորմեր:

5. Եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաեւ`

1) օրենսդրական ակտի այն մասերը, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից.

2) ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը:

6. Նորմատիվ իրավական ակտը պարունակում է անցումային դրույթներ, եթե անձի իրավական վիճակը բարելավող նորմատիվ իրավական ակտին նախատեսվում է տալ հետադարձ ուժ, կամ անձի իրավական վիճակը բարելավող իրավական ակտին հետադարձ ուժ տալու համար անհրաժեշտ է սահմանել համապատասխան նորմեր: Այս դեպքում նորմատիվ իրավական ակտի անցումային դրույթներով սահմանվում են`

1) նորմատիվ իրավական ակտը կամ դրա այն մասերը, որոնց տրվում է հետադարձ ուժ.

2) հետադարձ ուժ տալու իրավակարգավորումների (ժամկետների, պայմանների, անձանց շրջանակի) համար անհրաժեշտ համապատասխան նորմեր:»:

Հիմք ընդունելով մեջբերված կարգավորումները՝ նշենք, որ Նախագծի 17-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանված կարգավորումը չի համարվում եզրափակիչ մաս կամ անցումային դրույթ: Հետեւաբար, առաջարկում ենք Նախագծի 13-րդ հոդվածով Օրենսգրքում լրացվող նոր՝ 55.1-ին հոդվածի 5-րդ մասում սահմանված կարգավորման գործողությունը Օրենսգրքի 44-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 57-րդ հոդվածի 2-րդ մասի վրա տարածելու համար համապատասխան լրացումներ կատարել Օրենսգրքում՝ հղում կատարելով համապատասխան հոդվածներին:

8.  Նախագծի 17-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի «բ» ենթակետի համաձայն՝ « 2) ընդերքի օգտագործման եւ պահպանության բնագավառում լիազոր մարմինը հաստատում է.

(…)

բ. պինդ օգտակար հանածոների հանքավայրերի կոնդիցիաների պարամետրերի երկրաբանատնտեսագիտական հիմնավորման մեթոդական ցուցումները:»:

Հարկ է նկատել, որ Նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքի 7-րդ հոդվածի 6.4-րդ մասի նոր խմբագրությամբ շարադրվող առաջին պարբերությունում եւ Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ կետով Օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող նոր՝ 27-րդ կետում կիրառված է օգտակար հանածոների, այլ ոչ թե պինդ օգտակար հանածոների հանքավայրերի կոնդիցիաների պարամետրերի երկրաբանատնտեսագիտական հիմնավորման մեթոդական ցուցումներ հասկացությունը: 

Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք Նախագծում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառել միեւնույն բառերը՝ որոշակի հերթականությամբ: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդված 2-րդ մասի պահանջից, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:»:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել իրավական որոշակիության տեսանկյունից:

Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը միմյանց, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքին, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                        ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարողներ` Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248),

Ն.Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

07.03.2022թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                        ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարողներ` Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248),

Ն.Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

07.03.2022թ.




Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

     Ներկայացված Նախագծով առաջարկվում է  փոփոխություններ եւ լրացումներ կատարել ՀՀ Ընդերքի մասին օրենսգրքում, մասնավորապես՝ առաջարկվում է սահմանել?

գ  «օգտակար հանածոյի կանխատեսումային ռեսուրսներ» հասկացությունը, 

գ   ընդերքօգտագործման իրավունքի փոխանցման եւ անհաղթահարելի ուժի առաջացման հետեւանքով ընդերքօգտագործման գործող իրավունքի ժամկետի երկարաձգման հետ կապված իրավահարաբերությունները կարգավորող դրույթներ, 

գ   ընդերքաբանական փորձաքննության ներկայացվող նյութերի հետ կապված գործընթացին առնչվող իրավահարաբերությունները կարգավորող դրույթներ,

գ   օգտակար հանածոների պաշարների շարժի վերաբերյալ տարեկան հաշվետվության ներկայացման կարգը, հաշվետվությունների ձեւերն ու լրացման ուղեցույցները եւ այլն:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ                                             

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                         ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ                            

Կատարող՝  առաջատար մասնագետ Ա. Գյոզալյան 

24.02.2022թ.




Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է մի շարք փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում» (այսուհետ՝ Օրենսգիրք): Մասնավորապես, առաջարկվում է. 

- ուժը կորցրած ճանաչել Օրենսգրքի 24-րդ հոդվածը, 

- Օրենսգրքի 22-րդ հոդվածը վերնագրել «Ընդերքօգտագործման իրավունքի փոխանցումը» եւ նշյալ հոդվածը ներկայացնել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 22. Ընդերքօգտագործման իրավունքի փոխանցումը

1. Ընդերքօգտագործման իրավունքի փոխանցումն այլ անձի, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի, արգելվում է:

2. Ընդերքօգտագործման իրավունքը փոխանցվում է իրավաբանական անձի վերակազմակերպման (միաձուլում, միացում, բաժանում, առանձնացում, վերակազմավորում) դեպքերում՝ իրավահաջորդության կարգով բաժանիչ հաշվեկշռի կամ փոխանցման ակտի հիման վրա, լիազոր մարմնի համաձայնությամբ, որը տրվում է սույն Օրենսգրքի 23-րդ հոդվածով սահմանված ընթացակարգով:»:

Առաջարկվող վերախմբագրմամբ, ընդերքօգտագործման իրավունքը կփոխանցվի իրավաբանական անձի վերակազմակերպման (միաձուլում, միացում, բաժանում, առանձնացում, վերակազմավորում) դեպքերում՝ իրավահաջորդության կարգով բաժանիչ հաշվեկշռի կամ փոխանցման ակտի հիման վրա:

Հաշվի առնելով ընդերքօգտագործման իրավահարաբերությունների հանրային-իրավական բնույթը եւ ընդերքօգտագործման իրավունքի ձեռքբերման, իրացման համար ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պահանջները, հեղինակը Նախագծով նախատեսում է, որ ընդերքօգտագործման իրավունքի փոխանցումն իրականացվի լիազոր մարմնի համաձայնությամբ: 

- նախատեսվում է Օրենսգիրքը լրացնել նոր 55.1-ին հոդվածով, նպատակ ունենալով կարգավորել անհաղթահարելի ուժի առաջացման հետեւանքով, այդ հանգամանքների գործողության ժամկետով ընդերքօգտագործման գործող իրավունքի ժամկետի երակարաձգման հետ կապված իրավահարաբերությունները, ինչ, ըստ հեղինակի, հնարավորություն կտա ընդերքօգտագործող ընկերություններին պատշաճ կատարել այն պարտավորությունները, որոնք չէին կատարվել կամ ոչ պատշաճ էին կատարվել աշխարհում եւ ՀՀ-ում վերջին տարիներին ստեղծված անկանխատեսելի եւ արտակարգ պայմաններում, որոնք ազդեցություն ունեցան նաեւ ընդերքօգտագործման պարտավորությունների կատարման վրա:

Նախագծով նախատեսվում է տալ հետադարձ ուժ վերջին 4 տարիների համար՝ հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածը եւ վերջին տարիներին ՀՀ-ում տիրող իրավիճակը (քաղաքացիական զանգվածային անհնազանդություն, պատերազմ եւ այլն): 

Հեղինակի կողմից առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների ընդունմամբ կկարգավորվեն ընդերքօգտագործման իրավունքի փոխանցման եւ անհաղթահարելի ուժի առաջացման հետեւանքով ընդերքօգտագործման գործող իրավունքի ժամկետի երակարաձգման հետ կապված իրավահարաբերությունները:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական տեսանկյունից հիմնախնդիրներ չի պարունակում:

Եզրահանգում

Ներկայացված Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ. ԿՐԹԱԿԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող՝ Ա. Գալստյան (հեռ.՝ 011 513-235, 12-35)

25.02.2022թ.