ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-168-16.02.2022-ՊԻ-011/0) 

Ազգային ժողովի պատգամավորներ Արթուր Ղազինյանի եւ Արամ Վարդեւանյանի  կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-168-16.02.2022-ՊԻ-011/0) (այսուհետ նաեւ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

            ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                              ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 
 

10.03.2022թ. 





Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (այսուհետ նաեւ` Օրենսգիրք) 314-րդ հոդվածը շարադրվում է նոր խմբագրությամբ.

«Հոդված 314. Պաշտոնեական կեղծիքը կամ պաշտոնատար անձի կողմից կեղծ կամ իրականությանը չհապատասխանող տեղեկություններ հրապարակայնորեն հայտնելը.

1. Պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաեւ կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական պարտականություններից բխող, ազգային անվտանգությանն առնչվող կամ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերով կեղծ կամ իրականությանը չհապատասխանող տեղեկություններ հրապարակայնորեն հայտնելը.

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:»:

3. Նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին՝

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:»:

Այսպիսով՝ Նախագծի 1-ին հոդվածով՝ Օրենսգրքի 314-րդ հոդվածը նոր խմբագրությամբ շարադրելու արդյունքում հոդվածում նախատեսվում են երեք մասեր, որոնցից 1-ին մասը նույնությամբ վերաշարադրում է Օրենսգրքի 314-րդ հոդվածի բովանդակությունը, իսկ 2-րդ եւ 3-րդ մասերով Օրենսգրքում լրացվում են նոր հանցակազմեր:

Նախագծի 1-ին հոդվածով՝ Օրենսգրքի 314-րդ հոդվածը նոր խմբագրությամբ շարադրելու արդյունքում քրեականացվում է նոր արարք՝ այն է պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական պարտականություններից բխող, ազգային անվտանգությանն առնչվող կամ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերով կեղծ կամ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հրապարակայնորեն հայտնելը, որի համար որպես պատիժ նախատեսվում է տուգանքը՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ կալանքը՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկումը՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: Նախագծի 1-ին հոդվածով՝ Օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրվող 314-րդ հոդվածի 3-րդ մասում՝ որպես նույն հոդվածի 2-րդ մասում նկարագրվող արարքը ծանրացնող հատկանիշներ նախատեսվում են պաշտոնատար անձի դրդումները, ինչպես նաեւ վրա հասած հետեւանքները: Այսպիսով՝ Նախագծով կատարվող փոփոխության արդյունքում պաշտոնատար անձի կողմից փաստաթղթերին առնչվող պաշտոենական կեղծիքի իրականացման եւ կեղծ կամ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հրապարակայնորեն հայտնելու դեպքերում նախատեսվում է տարբերակաված մոտեցում, մասնավորապես՝ անկախ վրա հասած հետեւանքներից եւ պաշտոնատար անձի դրդումներից փաստաթղթերին առնչվող պաշտոենական կեղծիքի համար նախատեսվում են պատժատեսակների նույն սահմանային չափերը, իսկ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հրապարակայնորեն հայտնելու դեպքում, եթե առկա են նոր խմբագրությամբ շարադրվող 314-րդ հոդվածի 3-րդ մասում նկարագրվող հատկանիշները, նախատեսվում է առավել խիստ պատիժ:

Հիմք ընդունելով վերոգրյալը եւ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության նոր քրեական օրենսգրքի պաշտոնեական կեղծիքին վերաբերող հոդվածում առկա կարգավորումը՝ առաջարկում ենք վերանայել Նախագծի 1-ին հոդվածով՝ Օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադվող 314-րդ հոդվածի 1-ին մասը՝ պատժի համաչափության սկզբունքի պահպանման նպատակով: Միաժամանակ՝ հարկ է նկատել, որ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու պատժատեսակը նախատեսվում է միայն նոր խմբագրությամբ շարադրվող հոդվածի 1-ին մասում:

Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 314-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերում նախատեսված արարքների համար պատիժ նախատեսելիս, կարծում ենք, անհրաժեշտ է հաշվի առնել նաեւ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի՝ վերոնշյալ հոդվածի հետ համեմատելի՝ մարդկանց կյանքի կամ առողջության համար վտանգավոր հանգամանքների վերաբերյալ տեղեկություն թաքցնելուն վերաբերող 278-րդ եւ շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ տեղեկություններ թաքցնելուն կամ դրանք դիտավորյալ աղավաղելուն վերաբերող 282-րդ հոդվածներում նախատեսված պատժաչափերը՝ պատժի համաչափության սկզբունքի պահպանման նպատակով:

2. Նախագծի 1-ին հոդվածով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածը նոր խմբագրությամբ շարադրելու արդյունքում 314-րդ հոդվածի վերնագիր է նախատեսվում «Պաշտոնեական կեղծիքը կամ պաշտոնատար անձի կողմից կեղծ կամ իրականությանը չհապատասխանող տեղեկություններ հրապարակայնորեն հայտնելը»: Օրենսգրքի անբաժանելի մաս կազմող 6-րդ հավելվածում ներկայացված է կոռուպցիոն հանցագործությունների ցանկը, որը ներառում է նաեւ Օրենսգրքի պաշտոնեական կեղծիքին վերաբերող 314-րդ հոդվածը: Հիմք ընդունելով նշվածն՝ առաջարկում ենք համապատասխան փոփոխություն կատարել նաեւ Օրենսգրքի 6-րդ հավելվածում:

3. Նախագծի՝ տեխնիկական պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1) «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում Օրենսգրքի լրիվ անվանման հիշատակումն առաջարկում ենք համապատասխանացնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի՝ հաջորդականությանը վերաբերող պահանջին:

2) Նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «(այսուհետ` Օրենսգիրք)» բառերը եւ կետադրական նշանները` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքին այլեւս հղում չի կատարվում՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասը` նորմատիվ իրավական ակտում հաճախակի կիրառվող երկար արտահայտությունները նույն նորմատիվ իրավական ակտում կարող են սահմանվել կրճատ տարբերակով` իրավական ակտում առաջին իսկ կիրառումից հետո նախատեսելով կամ տվյալ արտահայտության սահմանումը, կամ փակագծերում նշելով կրճատ տարբերակը:

3) Նախագծի 1-ին հոդվածով՝ Օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրվող 314-րդ հոդվածի վերնագրի վերջում դրված միջակետն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը՝ հոդվածների վերնագրերի վերջում որեւէ կետադրական նշան չի դրվում:

4) Նախագծի 1-ին հոդվածով՝ Օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրվող 314-րդ հոդվածում առկա վրիպակներն առաջարկում ենք ուղղել՝ 2-րդ մասից հետո դրված չակերտը հանելով, ինչպես նաեւ նոր խմբագրությամբ շարադրվող հոդվածը երկու կողմից չակերտներում ներառելով:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները` կարող ենք նշել, որ անհրաժեշտ է, պատժի համաչափության սկզբունքի պահպանման նպատակով, վերանայել Նախագծի 1-ին հոդվածով՝ Օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրվող 314-րդ հոդվածի 1-ին մասը եւ հոդվածով նախատեսվող պատժաչափերը:

Միաժամանակ` անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                 ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ
 

Կատարող` Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248)

09.03.2022թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                 ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ
 

Կատարող` Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248)

09.03.2022թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է նոր խմբագրությամբ վերաշարադրել ՀՀ Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածը, որը վերաբերում է պաշտոնեական կեղծիքի համար քրեական պատասխանատվության սահմանմանը: Նախագծի ընդունման անհրաժեշտությունը, ըստ նախաձեռնության հեղինակի, կայանում է նրանում, որ բազմաթիվ պետական պաշտոնյաներ իրենց պաշտոնեական պարտականություններից բխող հարցերի առնչությամբ բազմիցս հրապարակել ու հայտնել են այնպիսի կեղծ կամ իրականությանը չհամապատասխանող այնպիսի տեղեկություններ, որոնք էական վնաս են հասցրել անձանց, պետության եւ հասարակության շահերին:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                  ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

22.02.2022թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված օրենքի Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հնարապետության քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածում կատարել փոփոխություն, համաձայն որի՝  «պաշտոնեական կեղծիքը կամ պաշտոնատար անձի կողմից կեղծ կամ իրականությանը չհապատասխանող տեղեկություններ հրապարակայնորեն հայտնելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով», ինչպես նաեւ՝  «պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական պարտականություններից բխող, ազգային անվտանգությանն առնչվող կամ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերով կեղծ կամ իրականությանը չհապատասխանող տեղեկություններ հրապարակայնորեն հայտնելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով»:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Նախագիծը սոցիալ, կրթական հիմնախնդիրներ չի պարունակում:

Եզրահանգում  

Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35)

25.02.2022թ.