ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության  օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին»  օրենքի նախագծի  (փաստաթղթային կոդ` Պ-169-22.02.2022-ՊԻ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավոր Արամ Վարդեւանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին»  օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

             ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                  ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 
 

15.03.2022թ. 





Իրավական փորձաքնության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջների համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.  Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ նաեւ՝ Օրենսգիրք) 305-րդ հոդվածը նոր խմբագրությամբ շարադրել, որի 8-10-րդ մասերով սահմանվում է՝ «8. Սույն օրենսգրքով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու համար նշանակված տուգանքի չափի յոթանասուն տոկոսը տուգանք նշանակելու որոշումը վարչական իրավախախտում կատարած անձին հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասն օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը համարվում է ամբողջությամբ մուծված, բացառությամբ սույն հոդվածի 9-րդ եւ 10-րդ մասով նախատեսված դեպքերի:

 9. Սույն օրենսգրքի 123-րդ, 123.1-ին, 123.3-րդ, 123.4-րդ, 123.5-րդ, 123.6-րդ, 123.7-րդ, 124-124.4-րդ, 124.6-րդ, 124.7, 125-րդ, 128-րդ, 129.2-րդ, 129.3-րդ, 131-րդ, 132-րդ, 135.2-րդ, 140-րդ, 170.3 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու համար նշանակված տուգանքի չափի հիսուն տոկոսը տուգանք նշանակելու որոշումը վարչական իրավախախտում կատարած անձին հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասն օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը համարվում է ամբողջությամբ մուծված: 

10. Սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված կարգը չի տարածվում սույն օրենսգրքի 125.1, 126-րդ եւ 132-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված իրավախախտումները կատարելու համար նշանակված տուգանքի որոշումների կատարման վրա:»:

Նշված դրույթների բովանդակությունից բխում է, որ Նախագծով նախատեսվում է ցանկացած վարչական իրավախախտման համար, որոնց համար նախատեսվում է կիրառել տուգանք վարչական տույժի տեսակը, սահմանել խրախուսում, այն է՝ նշանակված տուգանքի չափի յոթանասուն տոկոսը վճարելու հնարավորություն՝ տուգանք նշանակելու որոշումը վարչական իրավախախտում կատարած անձին հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասն օրվա ընթացքում վճարելու դեպքում: Հատկանշական է, որ Նախագծով առանձնացված են մի շարք հոդվածներ, որոնց դեպքում արտոնության հնարավորությունն առավել է՝ հիմք ընդունելով տվյալ հոդվածների առանձնահատկությունները (հիմք՝ Նախագծին կից ներկայացված հիմնավորումը): Համապատասխան արտոնությունից բացառություն է սահմանված միայն ոչ սթափ վիճակում կատարված երեք իրավախախտումների համար, որոնց դեպքում որեւէ արտոնություն նախատեսված չէ: Նշենք, որ հասկանալի չէ՝ ինչով է պայմանավորված համապատասխան արտոնության կիրառումը սահմանել տուգանք վարչական տույժի տեսակի կիրառման ցանկացած դեպքում՝ առանց հաշվի առնելու իրավախախտման կամ հակաիրավական արարքի բնույթը, իրավախախտման վնասակար հետեւանքները, պատասխանատվությունը ծանրացնող կամ մեղմացնող հանգամանքները: Տվյալ կարգավորմամբ առանց հիմնավորման տվյալ արտոնությունից բացառություն սահմանելով միայն 3 հոդվածների համար, ոչ սթափ վիճակում որոշակի տեսակի տրանսպորտային միջոցներ վարելու համար, կարծում ենք, կարող է խախտվել իրավախախտումների համար օրենսդրի կողմից ի սկզբանե որոշված եւ սահմանված համաչափության սկզբունքը: Օրինակ՝ Օրենսգրքի 47.3-րդ հոդվածի 16-րդ մասով նախատեսվում է նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով տուգանքի նշանակում բժշկական օգնություն եւ սպասրկում իրականացնողների կողմից պիտանիության ժամկետն անցած դեղեր կիրառելու համար: Նախագծով նախատեսված կարգավորմամբ նշված հոդվածով սահմանված վարչական պատասխանատվության համար նախատեսվում է նշանակված տուգանքի չափի 70 տոկոսը վճարելու արտոնություն սահմանել՝ տուգանք նշանակելու որոշումը վարչական իրավախախտում կատարած անձին հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասն օրվա ընթացքում վճարելու դեպքում: Մինչդեռ լողամիջոցի ոչ սթափ վիճակում վարելու կամ սթափության վիճակը որոշելու համար ստուգումից խուսափելու համար որեւէ արտոնություն սահմանված չէ, ինչը կարծում ենք կարող է խնդրահարույց լինել նշանատված տուգանքների համաչափության տեսանկյունից:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք համապատասխան արտոնությունը սահմանել ոչ թե Օրենսգրքիով նախատեսված գրեթե բոլոր հոդվածների համար, այլ սահմանել որոշակի չափանիշներ (օրինակ՝ իրավախախտումը կատարվել է անզգուշությամբ, նշանակված տուգանքի գումարի չափը չի գերազանցում կոնկրետ սահմանված գումարի չափը եւ այլն), որոնց առկայության դեպքում միայն կարող է բավարար եւ հիմնավոր համարվել  համապատասխան արտոնության կիրառումը:

2.  Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրված 305-րդ հոդվածի 9-րդ մասով նախատեսվում է Օրենսգրքի 129.3-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու համար նշանակված տուգանքի չափը հիսուն տոկոսով կրճատելու հնարավորություն՝ տուգանք նշանակելու որոշումը վարչական իրավախախտում կատարած անձին հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասն օրվա ընթացքում վճարելու դեպքում: Մինչդեռ նշենք, որ Օրենսգրքի 129.3-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտման համար վարչական տույժի տեսակներից սահմանված է ոչ թե տուգանք, այլ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցում` վեց ամիս ժամկետով: Տվյալ դեպքում նշված հոդվածի առկայությունը Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրված 305-րդ հոդվածի 9-րդ մասում չի համապատասխանում Նախագծով սահմանված արտոնության տրամաբանությանը:

3.  Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրված 305-րդ հոդվածի 8-րդ եւ 9-րդ մասերով նախատեսված իրավակարգավորումներն իրենց բնույթով կոչված են բարելավելու վարչական իրավախախտում կատարած անձանց իրավական վիճակը: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 73-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «2. Անձի իրավական վիճակը բարելավող օրենքները եւ այլ ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով:»: Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 8-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն` «Վարչական իրավախախտումների համար պատասխանատվությունը մեղմացնող կամ վերացնող ակտերը հետադարձ ուժ ունեն, այսինքն` տարածվում են նաեւ այդ ակտերի հրատարակումից առաջ կատարված իրավախախտումների վրա:»: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտը պարունակում է անցումային դրույթներ, եթե անձի իրավական վիճակը բարելավող նորմատիվ իրավական ակտին նախատեսվում է տալ հետադարձ ուժ, կամ անձի իրավական վիճակը բարելավող իրավական ակտին հետադարձ ուժ տալու համար անհրաժեշտ է սահմանել համապատասխան նորմեր: Այս դեպքում նորմատիվ իրավական ակտի անցումային դրույթներով սահմանվում են`

1) նորմատիվ իրավական ակտը կամ դրա այն մասերը, որոնց տրվում է հետադարձ ուժ.

2) հետադարձ ուժ տալու իրավակարգավորումների (ժամկետների, պայմանների, անձանց շրջանակի) համար անհրաժեշտ համապատասխան նորմեր:

Հիմք ընդունելով Օրենսգրքի 8-րդ հոդվածի 2-րդ պարբերության իմպերատիվ պահանջը, անհրաժեշտություն է առաջանում Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրված 305-րդ հոդվածի 8-րդ եւ 9-րդ մասերով նախատեսված իրավանորմերին տալ հետադարձ ուժ, որպես անձի իրավական վիճակը բարելավող իրավանորմեր՝ համապատասխան կարգավորումներ նախատեսելով Նախագծում:

4.  Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրված Օրենսգրքի 305-րդ հոդվածի 10-րդ մասի իրավակարգավորումից բխում է, որ Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրված 305-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված արտոնությունը, այն է՝ նշանակված տուգանքի 70 տոկոսը վճարելը, չի կիրառվում 125.1-ին, 126-րդ եւ 132-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված իրավախախտումների կատարման դեպքում: Մինչդեռ նշենք, որ Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրված 305-րդ հոդվածի 9-րդ մասում Օրենսգրքի 132-րդ հոդվածի համար առանց որեւէ մասի բացառության սահմանվում է առավել բարենպաստ կարգ՝ մասնավորապես՝ նշանակված տուգանքի 50 տոկոսը վճարելը: Նշված դրույթների բովանդակությունից բխում է, որ Օրենսգրքի 132-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված իրավախախտումների դեպքում չի կիրառվի  Օրենսգրքի  նոր խմբագրությամբ շարադրված 305-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված 70 տոկոսը վճարելու արտոնությունը, բայց կկիրառվի Օրենսգրքի  նոր խմբագրությամբ շարադրված 305-րդ հոդվածի 9-րդ մասով նախատեսված 50 տոկոսը վճարելու արտոնությունը: Ելնելով վերոգրյալից՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրված 305-րդ հոդվածի 9-րդ մասից բացառել 132-րդ հոդվածի 3-րդ մասը:

5.  Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրված 305-րդ հոդվածի 10-րդ մասով Օրենսգրքի 125.1-ին հոդվածով նախատեսված իրավախախտումները կատարելու դեպքում լրացվող արտոնությունները չեն կիրառվում՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ նախատեսվում է ոչ սթափ վիճակում կատարված իրավախախտումների առնչությամբ չտարածել համապատասխան արտոնությունը: Մինչդեռ նշեն, որ Օրենսգրքի 125.1-ին հոդվածը բաղկացած է ութ մասերից, որոնցից միայն 1-ին մասն է վերաբերում ոչ սթափ վիճակում համապատասխան միջոցը վարելուն: Հետեւաբար հասկանալի չէ՝ ինչով է պայմանավորված համապատսխան հոդվածի մյուս մասերով նախատեսված իրավախախտումների դեպքում նույնպես արտոնություն չկիրառելու նպատակահարմարությունը:

6.  Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում Օրենսգրքի լրիվ անվանման հիշատակումը համապատասխանեցնել «Նորմատին իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջին, այն է`« Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն»:

7.  Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածից հանել «(այսուհետ` Օրենսգիրք)» բառերը, քանի որ օրենսգրքին այլեւս անդրադարձ չի կատարվում: 

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները կարծում ենք անհրաժեշտ է ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը միմյանց, ինչպես նաեւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի  պահանջներին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ               ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Մ. Վասիլյան (հեռ.՝ 011-513-616) 

14.03.2022թ




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ               ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Մ. Վասիլյան (հեռ.՝ 011-513-616) 

14.03.2022թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է բարձրացնել քաղաքացիների կողմից տուգանքները ժամանակին վճարելու պատրաստակամությունը, միաժամանակ, իջեցնելով տուգանքի չափը օրինապահ քաղաքացիների համար՝ ազատել նրանց հետագայում տուգանքի չմուծման արդյունքում այդ տուգանքներին ավելացած վարչական ակտի ընդունման պահին գործող օրենքով սահմանված կարգով գումարը չվճարելու հետեւանքով նախատեսված տուգանքի չափի ավելացած մասի վճարման, ինչպես նաեւ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածով նախատեսված կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պարտականությունից:

Միաժամանակ, ըստ Նախագծի հեղինակի, դրա ընդունման արդյունքում էականորեն կբեռնաթափվեն վարչական մարմինները, կնվազեն նրանց կողմից օգտագործվող միջոցները, քանզի վարչական ակտի բողոքարկման համար վճարվող պետական տուրքը որոշ դեպքերում գրեթե հավասար է լինելու 10-օրյա ժամկետում տուգանքի մուծման չափին, իսկ մյուս կողմից՝ կթեթեւանա վարչական դատարանների գերծանրաբեռնված վիճակը:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

28.02.2022թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

1. Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ՝ Նախագծի ընդունումը բխում է մի կողմից վարչարարության բարելավման  պետության պոզիտիվ պարտականությունից, մյուս կողմից՝ օրինաչափ վարքագիծ դրսեւորելու քաղաքացիների պարտականությունից:

2. Նախագծով առաջարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով (այսուհետ՝ Օրենսգիրք) նախատեսված իրավախախտումների համար սահմանել տարբեր արտոնություններ՝ կապված իրավախախտման համար սահմանված տուգանքը սահմանված ժամկետից շուտ վճարելու փաստով, բացառությամբ ոչ սթափ վիճակում կատարված իրավախախտումների:

3. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է Օրենսգրքի 305-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, որի 8-րդ եւ 9-րդ մասերով սահմանվում է.

«8. Սույն օրենսգրքով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու համար նշանակված տուգանքի չափի յոթանասուն տոկոսը տուգանք նշանակելու որոշումը վարչական իրավախախտում կատարած անձին հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասն օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը համարվում է ամբողջությամբ մուծված, բացառությամբ սույն հոդվածի 9-րդ եւ 10-րդ մասով նախատեսված դեպքերի: 

9. Սույն օրենսգրքի 123-րդ, 123.1-ին, 123.3-րդ, 123.4-րդ, 123.5-րդ, 123.6-րդ, 123.7-րդ, 124-124.4-րդ, 124.6-րդ, 124.7, 125-րդ, 128-րդ, 129.2-րդ, 129.3-րդ, 131-րդ, 132-րդ, 135.2-րդ, 140-րդ, 170.3 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու համար նշանակված տուգանքի չափի հիսուն տոկոսը տուգանք նշանակելու որոշումը վարչական իրավախախտում կատարած անձին հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասն օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը համարվում է ամբողջությամբ մուծված:»: 

Նախագծով արտոնություն է նախատեսվում իրավախախտում կատարած անձանց համար որոշակի ժամկետում տուգանքը վճարելու դեպքում: Այսինքն, տրվում է հնարավորություն նվազեցնելու փաստացի վճարման ենթակա գումարը սահմանված ժամկետից շուտ վճարելու պարագայում:

Նախագծով առաջարկվող փոփոխությունը, մեր կարծիքով, դրական կանդրադառնա  վարորդների վճարման պատրաստակամության վրա եւ կարող է ունենալ սոցիալական դրական ազդեցություն մեր հայրենակիցներից շատերի (հատկապես սոցիալապես առավել խոցելի խմբի) ֆինանսական բեռը թեթեւացնելու տեսանկյունից՝ հաշվի առնելով երկրում տիրող սոցիալ-տնտեսական պայմանները:

Եզրահանգում

Բնակչության սոցիալական վիճակի վրա ազդեցության տեսանկյունից Նախագծի ընդունումը կունենա միանշանակ դրական ազդեցություն:

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի: 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող՝ Ս. Համբարձումյան  (հեռ. 011-513-360) 

03.03.2022թ.