ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-172-23.02.2022-ՏՏԳՇ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանի եւ Վաղարշակ Հակոբյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Պ-172-23.02.2022-ՏՏԳՇ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

             ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                  ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 
 

15.03.2022թ. 




Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.  Նախագծի վերնագրում «ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» բառն առաջարկում ենք փոխարինել «ԼՐԱՑՈՒՄ» բառով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծով նախատեսված է միայն մեկ լրացում:

2.  Նախագծի 1-ին հոդվածում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի (այսուհետ նաեւ՝ Օրենսգիրք) լրիվ անվանման հիշատակման մեջ նշված «Հայաստանի Հանրապետության» բառերն առաջարկում ենք նշել «հողային» բառից առաջ, ինչպես նաեւ հանել «ՀՕ-185» հերթական համարը՝ Օրենսգրքի լրիվ անվանման հիշատակումը համապատասխանեցնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին, այն է՝ «Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն: Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի կրճատ անվանումը հիշատակելիս նշվում է օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն:»:

3.  Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է Օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ մասում «ձկնաբուծական արհեստական լճակների» բառերից հետո լրացնել «, ոռոգման նպատակով ջրավազանների» բառերը:

Վերոնշյալ կարգավորման վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետեւյալը.

Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ մասում նախատեսված լրացման արդյունքում, կարծում ենք՝ անհրաժեշտություն կառաջանա նույնական լրացում կատարել նաեւ Օրենսգրքի 7-րդ հոդվածի 11-րդ մասում, այն է՝ «Սույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված կադաստրային արժեքների տարբերության վճարման պահանջն առաջանում է, եթե հողամասի նպատակային նշանակությունը ջերմոցային, անասնապահական, թռչնաբուծական, պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության, գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսությունների կամ ձկնաբուծական արհեստական լճակների կառուցման համար փոփոխումից հետո դրա կադաստրային արժեքն ավելի բարձր է, քան մինչեւ փոփոխումը:»: 

Այսպես՝ Օրենսգրքի 7-րդ հոդվածի 11-րդ մասում նախատեսված է նույն  հոդվածի 10-րդ մասում սահմանված կադրաստրային արժեքների տարբերության վճարման պահանջի առաջացման դեպքը:  Իր հերթին Օրենսգրքի քննարկվող հոդվածի 10-րդ մասում սահմանված իրավակարգավորումը վերաբերում է Օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ մասում սահմանված՝ հողամասի նպատակային նշանակությունը ջերմոցային, անասնապահական, թռչնաբուծական, պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության, գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսությունների կամ ձկնաբուծական արհեստական լճակների կառուցման համար փոփոխելուն: Հետեւաբար, կարծում ենք՝ Օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ եւ 11-րդ մասերում նշված կառույցների ցանկը նույնական է, իսկ Նախագծով նախատեսված լրացման դեպքում այն պետք է նույնացվի: 

Միաժամանակ, հարկ ենք համարում նշել, որ Օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասում սահմանված է որոշակի կառույցների կառուցման համար նախատեսվող հողամասի նպատակային նշանակությունը պարզեցված կարգով փոփոխելու վերաբերյալ կարագավորում: Այդ կառույցների շարքում ոռոգման նպատակով ջրավազանների համար նշված է այն սահմանաչափը, որի դեպքում նպատակային նշանակությունը կարող է փոփոխվել պարզեցված կարգով, այն է՝ մինչեւ 100 հազար խորանարդ մետր ծավալով:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:

Միաժամանակ, անհրաժեշտ է ապահովել Նախագծի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքին եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                            ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Ն.Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

15.03.2022թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                            ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Ն.Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

15.03.2022թ.




Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է լրացնել Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված բացառությունների շարքը: Մասնավորապես, ՀՀ հողային օրենսգրքով սահմանվում է, որ հողամասի սեփականատիրոջ նախաձեռնությամբ հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու դեպքում հողամասի սեփականատերը համայնքային բյուջե է վճարում հողամասերի կադաստրային արժեքների՝ նպատակային նշանակության փոփոխման պահին առկա տարբերությունը, եթե հողամասի նպատակային նշանակության փոփոխումից հետո դրա կադաստրային արժեքն ավելի բարձր է, քան մինչեւ փոփոխումը: Նշված պահանջը չի տարածվում այն դեպքերի վրա, երբ հողամասի նպատակային նշանակությունը փոփոխվում է ջերմոցային, անասնապահական, թռչնաբուծական, պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության, գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսությունների կամ ձկնաբուծական արհեստական լճակների կառուցման համար: Նախագծով առաջարկվում է նշվածներին, որպես բացառություն, ավելացնել նաեւ «ոռոգման նպատակով ջրավազանները»:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                               ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ  

կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

02.03.2022թ.




Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված օրենքի Նախագծով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում» կատարել լրացումներ:

Համաձայն գործող իրավակարգավորման՝ «հողամասի սեփականատիրոջ նախաձեռնությամբ հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու դեպքում հողամասի սեփականատերը համայնքային բյուջե է վճարում հողամասերի կադաստրային արժեքների՝ նպատակային նշանակության փոփոխման պահին առկա տարբերությունը, եթե հողամասի նպատակային նշանակության փոփոխումից հետո դրա կադաստրային արժեքն ավելի բարձր է, քան մինչեւ փոփոխումը», սակայն կան հողամասի նպատակային նշանակության փոփոխման բացառության դեպքեր (թռչնաբուծական, անասնապահական, ջերմոցային,  պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության, գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսությունների կամ ձկնաբուծական արհեստական լճակների կառուցման համար), երբ փոփոխման արդյունքում բյուջե գումար չի վճարվում: 

Նախագծով առաջարկվում է այս բացառությունների շարքին ավելացնել նաեւ ոռոգման նպատակով ջրավազանների կառուցումը, ինչն՝ ըստ հեղինակների, կարեւոր դեր կունենա գյուղատնտեսության ինտենսիվ մի շարք ուղղությունների զարգացման գործում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Նախագիծը սոցիալ, կրթական առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Եզրահանգում 

Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35)

                     Լ. Սարգսյան (հեռ.՝ 011-513-270, 12-70)

03.03.2022թ.