ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-173-23.02.2022-ՊԻ-011/0) եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-1731 -23.02.2022-ՊԻ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-173-23.02.2022-ՊԻ-011/0) եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-1731 -23.02.2022-ՊԻ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

              ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                      ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 

16.03.2022թ.





Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծի (այսուհետ` նաեւ Նախագիծ) 1-ին հոդվածի 2-րդ կետով նախատեսված է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի (այսուհետ` նաեւ Օրենսգիրք) 21-րդ հոդվածում՝ «6-րդ մասի 7-րդ նախադասությունում «քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր եւ այլ նյութ փակցնելու» բառերից հետո ավելացնել «եւ հանելու» բառերը:»: 

Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ կետով նախատեսված է Օրենսգրքի 21-րդ հոդվածում՝ «Ավելացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 8.1)-րդ կետ.

8.1) Ընտրությունների արդյունքների վերաբերյալ ընտրական հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելուց, իսկ դատական կարգով բողոքարկման դեպքում՝ վերջնական դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո արտաքին գովազդային վահանակները տնօրինող կազմակերպությունների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ընտրություններին մասնակից կուսակցությունների/կուսակցությունների դաշինքների ղեկավարները, թեկնածուներն ապահովում են, որ ընտրություններին մասնակցած կուսակցությունների/կուսակցությունների դաշինքների, թեկնածուների քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր եւ այլ նյութերը հանվեն:»:

Մեջբերբածի կապակցությամբ նշենք հետեւյալը.

Օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «Ազգային ժողովի եւ համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանու ընտրությունների ժամանակ արտաքին գովազդային վահանակները տնօրինող կազմակերպությունները 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով, ինչպես նաեւ մետրոպոլիտենի տարածքում, հասարակական տրանսպորտի կանգառներում եւ վերելակներում տեղակայված վահանակներն ընտրություններին մասնակցող կուսակցություններին տրամադրելու համար ընտրությունները նշանակվելուց հետո` 10-օրյա ժամկետում, Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնում են տեղեկատվություն՝ նախընտրական քարոզչության ժամանակահատվածում ընտրություններին մասնակցող կուսակցություններին տրամադրվող վահանակների քանակի, մակերեսների, դրանց գտնվելու վայրերի եւ վարձավճարների վերաբերյալ: Տեղեկությունները տրամադրվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով: Այն վահանակները, որոնք բացակայում են Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված ցանկում, հետագայում չեն կարող տրամադրվել ընտրություններին մասնակցող կուսակցություններին:»: Կարգավորումից բխում է, որ միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված ցանկում ընդգրկված վահանակները կարող են տրամադրվել ընտրություններին մասնակցող կուսակցություններին: Այդ վահանակներն ընտրություններին մասնակցող կուսակցություններին տրամադրելու համար արտաքին գովազդային վահանակները տնօրինող կազմակերպությունները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով տրամադրում են պահանջվող տեղեկատվություն, իսկ քննարկվող ցանկում չընդգրկված վահանակները չեն կարող տրամադրվել ընտրություններին մասնակցող կուսակցություններին: Այլ կերպ ասած, գովազդային վահանակների տրամադրման առնչությամբ առկա է նախապես Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված ցանկ, որի հիման վրա արտաքին գովազդային վահանակները տնօրինող կազմակերպությունները ընտրություններին մասնակցող կուսակցության հետ կնքում են քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր եւ այլ նյութ փակցնելու վերաբերյալ պայմանագիր: Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով կատարվող լրացման արդյունքում ստացվում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման հիման վրա ընտրություններին մասնակցող կուսակցությունն արտաքին գովազդային վահանակը տնօրինող կազմակերպության հետ պետք է կնքի պայմանագիր քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր եւ այլ նյութ եւ՛ փակցնելու, եւ՛ հանելու համար: Քննարկվող լրացումից հետեւում է, որ առկա է քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր եւ այլ նյութ փակցնելու կամ հանելու առնչությամբ ընտրություններին մասնակցող կուսակցության կողմից արտաքին գովազդային վահանակը տնօրինող կազմակերպության հետ համապատասխան պայմանագիր կնքելու պարտականություն: Մինչդեռ, Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի 21-րդ հոդվածում լրացվող 8.1-ին մասի 1-ին պարբերությունից բխում է, որ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ընտրական հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելուց, իսկ դատական կարգով բողոքարկման դեպքում՝ վերջնական դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո արտաքին գովազդային վահանակները տնօրինող կազմակերպությունների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ընտրություններին մասնակից կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ղեկավարները, թեկնածուներն ապահովում են, որ ընտրություններին մասնակցած կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների, թեկնածուների քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր եւ այլ նյութերը հանվեն: Այս դեպքում հարց է ծագում՝ Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով սահմանված լրացմամբ քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր եւ այլ նյութերը հանելու հարցը պայմանագրով պարտադիր կերպով կարգավորելու պայման նախատեսված լինելու համատեքստում ի՞նչ է իրենից ենթադրում արտաքին գովազդային վահանակները տնօրինող կազմակերպությունների բացակայության դեպքը: Նշվածով պայմանավորված՝ առաջարկում ենք վերանայել Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի 21-րդ հոդվածում լրացվող 8.1-ին կետը՝ ապահովելով համապատասխանությունը իրավական որոշակիության սկզբունքին, մասնավորապես՝ նշելով ի՞նչ հնարավոր դեպքի մասին է խոսքն արդեն իսկ պայմանագրով քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր եւ այլ նյութերը հանելու վերաբերյալ կարգավորում նախատեսված լինելու պարագայում: Այսպես, հարկ է հստակեցնել կարգավորումը՝ բացահայտելով արդյո՞ք տվյալ բացակայությունը ենթադրում է կազմակերպության լուծարումը, թե այն վերաբերում է օրինակ՝ ?անրության համար տեսանելի քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր եւ այլ նյութերը գովազդային վահանակներից զատ այլ վայրերում փակցնելու դեպքերին:

2. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետով նախատեսված է Օրենսգրքի 21-րդ հոդվածում՝ «Վերնագրում «Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում» բառերից հետո ավելացնել «, ընտրությունների արդյունքների վերաբերյալ վերջնական որոշումն ուժի մեջ մտնելուց հետո» բառերը եւ կետադրական նշանը:»: Կարծում ենք, որ Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետով Օրենսգրքի 21-րդ հոդվածի վերնագիրը սահմանելիս համապատասխան որոշումը դատական կարգով բողոքարկման դեպքը եւս պետք է հաշվի առնել, քանի այդ դեպքում դիտարկվում է վերջնական դատական ակտն ուժի մեջ մտնելու ժամկետը:  Նշվածով պայմանավորված՝ առաջարկում ենք վերանայել քննարկվող հոդվածի վերնագիրը:

3. Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ կետով նախատեսված է Օրենսգրքի 21-րդ հոդվածում լրացնել 8.1-ին մաս, որի 2-րդ պարբերության համաձայն՝ «Ընտրությունների արդյունքների վերաբերյալ ընտրական հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելուց, իսկ դատական կարգով բողոքարկման դեպքում՝ վերջնական դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո (բացառությամբ Ազգային ժողովի ընտրության երկրորդ փուլ անցկացնելու, ինչպես նաեւ վերաքվեարկություն նշանակելու դեպքերի) արտաքին գովազդային վահանակները տնօրինող կազմակերպությունների, թեկնածուների, ընտրություններին մասնակցած կուսակցությունների/կուսակցությունների դաշինքների կողմից 7-օրյա ժամկետում քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր եւ այլ նյութերը չհանելու դեպքում դրանք 14-օրյա ժամկետում հանում է համայնքի ղեկավարը: Համայնքի ղեկավարը թեկնածուներից, ընտրություններին մասնակցած կուսակցություններից/ կուսակցությունների դաշինքներից պահանջում է իր կատարած ծախսերի փոխհատուցում:»:

Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի 21-րդ հոդվածում լրացվող 8.1-ին մասի 2-րդ պարբերությամբ կարգավորվում է ընտրությունների արդյունքների վերաբերյալ ընտրական հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելուց, իսկ դատական կարգով բողոքարկման դեպքում՝ վերջնական դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո արտաքին գովազդային վահանակները տնօրինող կազմակերպությունների, թեկնածուների, ընտրություններին մասնակցած կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կողմից քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր եւ այլ նյութերը հանելու ժամկետի, վերջիններիս կողմից համապատասխան գործողությունը չկատարելու դեպքում համայնքի ղեկավարի կողմից համապատասխան ժամկետում այն կատարելու պարտականության վերաբերյալ հարցերը, սակայն Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ կետով Օրենսգրքի 21-րդ հոդվածում լրացվող 8.1-ին մասի 2-րդ պարբերությունում նախատեսված բացառության պարագայում կարգավորում նախատեսված չէ: Հաշվի առնելով նշվածը՝ առաջարկում ենք դիտարկել նաեւ տվյալ բացառության համար կարգավորում նախատեսելու անհրաժեշտությունը:

4. Նախագծերի փաթեթի` տեխնիկական պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1) Նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «կատարել հետեւյալ փոփոխությունները եւ լրացումները» բառերը՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծի 1-ին հոդվածի կետերում համապատասխան լրացումների առնչությամբ կատարված է նշում: Միաժամանակ Նախագծի վերնագրից առաջարկում ենք հանել «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ» բառերը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծով կատարվում են միայն լրացումներ:

2) Նախագծի 1-ին հոդվածում «ավելացնել» բառն առաջարկում ենք փոխարինել «լրացնել» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտում լրացումներ կատարվում են դրանում նոր բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, ենթակետեր, պարբերություններ, նախադասություններ, բառեր, թվեր կամ կետադրական նշաններ լրացնելու միջոցով:»: 

3) Առաջարկում ենք Նախագծի վերնագրում Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի կրճատ անվանման հիշատակումը, ինչպես նաեւ Նախագծի 1-ին հոդվածում Օրենսգրքի լրիվ անվանման հիշատակումը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջին, այն է՝ «Սահմանադրական օրենք հանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս դրանում հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «սահմանադրական օրենք» բառերը: Սահմանադրական օրենք հանդիսացող օրենսգրքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենսգրքի վերնագիրը:»:

4) Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ կետում «կետ» բառն առաջարկում ենք փոխարինել «մաս» բառով՝ հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը, այն է՝ «Օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների:»: Միաժամանակ՝ առաջարկում ենք տվյալ կետում «8.1)-րդ» գրելաձեւը փոխարինել «8.1-ին» գրելաձեւով: Դասական թվականների հիշատակման կանոնն առաջարկում ենք պահպանել նաեւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում՝ «3.1)-րդ» գրելաձեւը փոխարինելով «3.1-ին» գրելաձեւով:

5) Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ կետով Օրենսգրքի 21-րդ հոդվածում լրացվող 8.1-ին մասը ներառել չակերտներում: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասում լրացվող 3.1-ին կետը չակերտներում ներառելուն:

6) Առաջարկում ենք «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում «2-րդ մասի 3-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 3.1)-րդ կետով.» ձեւակերպումը փոխարինել «2-րդ մասը լրացնել նոր՝ 3.1-ին կետով.» ձեւակերպմամբ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հոդվածի մասն է լրացվում կետով, այլ ոչ՝ կետը:

7) Հարկ ենք համարում նկատել, որ «Նորմատիվ իրավական ակտերի» մասին օրենքի 16-րդ հոդվածի բովանդակությունից բխում է, որ նորմատիվ իրավական ակտում կարող է կիրառվել կա՛մ «եւ», կա՛մ «կամ» շաղկապը, մինչդեռ «/»  կետադրական նշան առկա չէ: Նշվածով պայմանավորված՝ առաջարկում ենք վերանայել Նախագծերի փաթեթում «/»  գրելաձեւի գործածման դեպքերը՝ կիրառելով համապատասխան շաղկապը:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթի համապատասխանությունը իրավական որոշակիության սկզբունքին, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                        ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարողներ` Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248), 

Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248)

16.03.2022թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                       ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարողներ` Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248), 

Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248)

16.03.2022թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է  փոփոխություններ եւ լրացումներ կատարել ՀՀ Ընտրական օրենսգրքում եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում, մասնավորապես՝ առաջարկվում է  ընտրություններին մասնակից կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ղեկավարներին, թեկնածուներին պարտավորեցնել ընտրությունների արդյունքների վերաբերյալ վերջնական որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 7-օրյա ժամկետում քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր եւ այլ նյութերը հանել, իսկ նրանց կողմից սահմանված ժամկետում չհանելու դեպքում պարտավորեցնել  համայնքի ղեկավարին 14-օրյա ժամկետում հանել դրանք եւ ընտրություններին մասնակից կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), թեկնածուներից պահանջել կատարված ծախսերի փոխհատուցում:

Ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները:

1. Ընտրությունների արդյունքների վերաբերյալ վերջնական որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 7-օրյա ժամկետում քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր եւ այլ նյութերը հանելու մասով տեղական ինքնակառավարման մարմինների վրա նոր պարտավորության սահմանումը կհանգեցնի նրան, որ ընտրական տարիներին համապատասխան համայնքների համար կավելանա պետական բյուջեից նրանց հատկացվող դոտացիաների գումարները, քանի որ Ընտրական օրենքսգրքի 21-րդ հոդվածում եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասում համայնքների համար ավելացվող լիազորությունը հանդիսանում է համայնքների համար պատվիրակված լիազորություն, որի իրականացման համար ֆինանսավորումն էլ հատկացվում է պետական բյուջեից:

2. Բացի այն, որ Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում առանձին տարիներին կավելանան պետական բյուջեից համայնքներին հատկացվող դոտացիաների գումարները (ինչն, ըստ էության, այնքան էլ խնդրահարույց չէ), մեր կարծիքով, որոշակի խնդիրներ կառաջանան դոտացիայի այդ ավելացող մասի հաշվարկման առումով:

3. Ի տարբերություն Ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի 8-րդ մասի իրավակարգավորման, ըստ որի. «Ընտրական հանձնաժողովի որոշումն ստանալուց հետո համայնքի ղեկավարը, արտաքին գովազդային վահանակները տնօրինող կազմակերպությունների ղեկավարներն ապահովում են, որ գրանցումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչված թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր եւ այլ նյութերը հանվեն:

...Համայնքի ղեկավարը գրանցումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչված թեկնածուներից, ընտրություններին մասնակցող կուսակցություններից կարող է պահանջել իր կատարած ծախսերի փոխհատուցում:», Նախագծերի փաթեթով առաջարկվող՝ փոխհատուցմանը վերաբերող կարգավորումը սահմանվում է որպես իմպերատիվ նորմ, այսինքն՝ ՏԻՄ-ը պարտավոր է լինելու իր կատարած ծախսերի փոխհատուցման նպատակով դիմել դատարան: Մեր կարծիքով, տվյալ հարցում Ընտրական օրենսգրքով սահմանված մոտեցումը շատ ավելի նպատակահարմար է, քանի որ շատ հաճախ քարոզչական նյութերի հեռացման վրա կատարվող ծախսերը կարող են ավելի քիչ լինել, քան այն ծախսերը, որոնք կկատարվեն համայնքների կողմից՝ համապատասխան դատական գործընթացների ժամանակահատվածում (որոնք երբեմն մի քանի տարի կարող են տեւել):

Հետեւաբար, առաջարկում ենք փոխհատուցման մասով համայնքների համար սահմանել ոչ թե իմպերատիվ պարտականություն, այլ հայեցողական իրավունք (այնպես, ինչպես գործող նմանատիպ դրույթի դեպքում է սահմանված), առավել եւս, որ ընտրությունների ավարտից հետո դրան մասնակցած շատ սուբյեկտներ կարող են նաեւ չհայտնաբերվել կամ լուծարվել (օրինակ՝ նախընտրական դաշինքների դեպքում):

4. Նախագծերի փաթեթի ընդունման հետ կապված, մեր կարծիքով, անհրաժեշտություն է  առաջանում համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարել նաեւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 40.11.-րդ հոդվածում, քանի որ դրանով ընտրությունների ավարտից հետո քարոզչական նյութերը հեռացնելու՝ Նախագծերի փաթեթով առաջարկվող պարտականությունը չկատարելու համար վարչական պատասխանատվություն նախատեսված չէ: Ընդ որում, վարչական պատասխանատվություն նախատեսված չէ նաեւ Ընտրական օրենսգրքով չնախատեսված վայրերում քարոզչական պաստառներ եւ տպագիր այլ նյութեր փակցնելու համար, ինչը նույնպես, կարծում ենք, օգտվելով ընձեռված հնարավորությունից, կարելի է ավելացնել   Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 40.11.-րդ հոդվածում: 

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից վերաիմաստավորման եւ լրամշակման կարիք ունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ                                              

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                      ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ                                       

Կատարող՝  առաջատար մասնագետ Անի Գյոզալյան 

14.03.2022թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ազգային ժողովի պատգամավորի կողմից ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում: 

Գործող իրավակարգավորումներով սահմանվում է նախընտրական քարոզչության ժամանակահատվածում քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր եւ այլ նյութերի օգտագործման, գրանցումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչված թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր եւ այլ նյութերի հանման կարգը: Մինչդեռ, որեւէ կերպ կարգավորված չէ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ընտրական հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելուց, իսկ դատական կարգով բողոքարկման դեպքում՝ վերջնական դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո վերը թվարկվածների հանման կարգը:

Ըստ հեղինակի, ընտրությունների արդյունքների վերաբերյալ վերջնական որոշումն ուժի մեջ մտնելուց  հետո ամիսներ շարունակ քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր եւ այլ նյութերը ՀՀ մի շարք համայնքներում շարունակում են փակցված մնալ: Մասնավորապես, 2021 թվականի հունիսի 20-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրություններից անցել է մոտ ութ ամիս, սակայն քարոզչական պաստառները դեռեւս փակցված են մի շարք համայնքներում:

Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխություններով եւ լրացումներով հեղինակն  առաջարկում է սահմանել դրույթ, ըստ որի՝ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ընտրական հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելուց, իսկ դատական կարգով բողոքարկման դեպքում՝ վերջնական դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո (բացառությամբ Ազգային ժողովի ընտրության երկրորդ փուլ անցկացնելու, ինչպես նաեւ վերաքվեարկություն նշանակելու դեպքերի) քարոզչական պաստառի, քարոզչական տպագիր եւ այլ նյութերի հանման վերաբերյալ:

Առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների ընդունմամբ հեղինակն ակնկալում է, որ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ընտրական հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելուց, իսկ դատական կարգով բողոքարկման դեպքում՝ վերջնական դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր եւ այլ նյութերի հանմամբ կնպաստի քաղաքացիների բնականոն կյանքի վերականգնմանը:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական տեսանկյունից հիմնախնդիրներ չի պարունակում:

Եզրահանգում

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

02.03.2022թ.