ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-177-01.03.2022-ՏՀ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավոր Գեւորգ Պապոյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Պ-177-01.03.2022-ՏՀ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

              ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                  ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 
 

21.03.2022թ. 




Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.  Նախագծի 1-ին հոդվածում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի լրիվ անվանման հիշատակման մեջ նշված «Հայաստանի Հանրապետության» բառերն առաջարկում ենք նշել «քաղաքացիական» բառից առաջ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի լրիվ անվանման հիշատակումն համապատասխանեցնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին, այն է՝ «Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն: Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի կրճատ անվանումը հիշատակելիս նշվում է օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն:»:

Միաժամանակ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում շտկել վրիպակը՝ «օրենգրքի» բառը փոխարինել «օրենսգրքի» բառով եւ հանել դրանից հետո դրված փակագիծը:

2.   Նախագծով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում նախատեսվում է կատարել փոփոխություն, մինչդեռ Նախագծի վերնագրում նշված է «ԼՐԱՑՈՒՄ» բառը: Նախագծի վերնագրում նշված «ԼՐԱՑՈՒՄ» բառն առաջարկում ենք փոխարինել «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտը ունենում է վերնագիր, որը համապատասխանում է նորմատիվ իրավական ակտի բովանդակությանը:»: 

3.   Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 107-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

2. «Բաց բաժնետիրական ընկերությունը օրենքով սահմանված կարգով պարտավոր է ամեն տարի, ի գիտություն բոլորի, հրապարակել իր տարեկան հաշվետվությունը եւ հաշվապահական հաշվեկշիռը»:

Վերոնշյալ իրավակարգավորման վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետեւյալը.

Նախագծի 1-ին հոդվածով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 107-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 2-րդ մասում առաջարկում ենք «2.» թիվը եւ կետադրական նշանը նշել «Բաց» բառից առաջ, ինչպես նաեւ «հաշվեկշիռը» բառից հետո դնել «:» կետադրական նշանը՝ ներառելով դրանք չակերտներում նշված նոր խմբագրությամբ շարադրվող տեքստում: 

Նախագծին կից ներկայացված հիմնավորման համաձայն՝ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունն առաջացել է՝ հիմք ընդունելով 2019թ. դեկտեմբերի 4-ին ընդունված «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքը (կից՝ օրենքի նախագծի հիմնավորման հղումը՝ https://www.e-draft.am/projects/1072/justification), որի համաձայն 2020 թվականի հունվարի 1-ից ԲԲԸ-ների ֆինանսական հաշվետվությունները հրապարակման ենթակա չեն, բացառությամբ այն ԲԲԸ-ների, որոնք 2019թ. դեկտեմբերի 4-ին ընդունված «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի համաձայն համարվում են հանրային հետաքրքություն ներկայացնող կազմակերպություններ կամ բավարարում են նույն օրենքով սահմանված քանակային որոշ չափանիշների (օրինակ՝ գործունեությունից հասույթ, ակտիվների հաշվեկշռային արժեք, աշխատողների թվաքանակ):

(...)

Նախագծի նպատակն է ֆինանսական հաշվետվությունների հրապարակման պահանջը տարածել այն ԲԲԸ-ների վրա, որոնք ներկայացնում են հանրային հետաքրքրություն կամ բավարարում են օրենքով սահմանված քանակային որոշ չափանիշների (օրինակ՝ գործունեությունից հասույթ, ակտիվների հաշվեկշռային արժեք, աշխատողների թվաքանակ):»:

«Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2019 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-287-Ն օրենքի 4-րդ հոդվածով ուժը կորցրած է ճանաչվել «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 96-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը, այն ՝ «1. Բաց Ընկերությունը պարտավոր է հրապարակել http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում`

ա) Ընկերության տարեկան հաշվետվությունը, հաշվապահական հաշվեկշիռը, շահույթի եւ վնասների հաշիվը.»:

«Հաշվապահական հաշվառման մասին» օրենքի 27-րդ հոդվածում սահմանված է ֆինանսական հաշվետվությունների հրապարակայնության վերաբերյալ կարգավորումներ, որի 1-ին մասի համաձայն՝ «Բոլոր կազմակերպությունները եւ խմբերը, բացի փոքր կազմակերպություններից եւ խմբերից ու միկրոկազմակերպություններից, պարտավոր են տարեկան ֆինանսական հաշվետվությունները հրապարակել:»:

Հիմք ընդունելով Նախագծին կից ներկայացված հիմնավորումը, ինչպես նաեւ վերոնշյալ իրավական դրույթները՝ կարծում ենք՝ Նախագծի 1-ին հոդվածով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 107-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 2-րդ մասում նախատեսված կարգավորումը չի արտահայտում նախագծի նպատակը, քանի որ քննարկվող փոփոխությունը վերաբերում է տարեկան հաշվետվության եւ հաշվապահական հաշվեկշռի հրապարակման կարգին, այլ ոչ թե դեպքերին: Ուստի Նախագծի 1-ին հոդվածով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 107-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 2-րդ մասում առաջարկում ենք «օրենքով սահմանված կարգով» բառերի փոխարեն կիրառել «օրենքով սահմանված դեպքերում» բառերը: Սույն առաջարկի արդյունքում տարեկան հաշվետվության եւ հաշվապահական հաշվեկշռի հրապարակման պարտադիրության պահանջը կտարածվի միայն այն կազմակերպությունների վրա, որոնց համար օրենքով սահմանված է նման պարտականություն:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր առկա չեն: 

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                               ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ


Կատարողներ՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248),

Տ. Բադալյան (հեռ.` 011-513-248)

21.03.2022թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                               ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ


Կատարողներ՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248),

Տ. Բադալյան (հեռ.` 011-513-248)

21.03.2022թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է նոր խմբագրությամբ վերաշարադրել ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 107-րդ հոդվածի 2-րդ մասը, ըստ որի. «Բաց բաժնետիրական ընկերությունը պարտավոր է ամեն տարի, ի գիտություն բոլորի, հրապարակել իր տարեկան հաշվետվությունը եւ հաշվապահական հաշվեկշիռը:»: Նախագծով առաջարկվում է այս դրույթը փոխարինել հետեւյալ խմբագրությամբ տեքստով. «Բաց բաժնետիրական ընկերությունը օրենքով սահմանված կարգով պարտավոր է ամեն տարի, ի գիտություն բոլորի, հրապարակել իր տարեկան հաշվետվությունը եւ հաշվապահական հաշվեկշիռը»: 

Նախագծով առաջարկվող նոր խմբագրությամբ տեքստը, ըստ էության, շատ քիչ է տարբերվում գործողից, իսկ միակ տարբերությունը կայանում է նրանում, որ հատուկ շեշտադրվում է  տարեկան հաշվետվությունը եւ հաշվապահական հաշվեկշիռը «օրենքով սահմանված կարգով» հրապարակելու հանգամանքը, ինչն էլ, ըստ Նախագծի հեղինակի, պայմանավորված է ֆինանսական հաշվետվություններ հրապարակող ԲԲԸ-ների շրջանակը «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: Նախագծի ընդունմամբ ֆինանսական հաշվետվությունների հրապարակման պահանջը պարտադիր կլինի ոչ թե բոլոր բաց բաժնետիրական ընկերությունների համար (կապված նրանց կազմակերպական իրավական կարգավիճակի հետ), այլ այն ԲԲԸ-ների համար, որոնք հանդիսանում են Հայաստանի Հանրապետության տարածքում արժեթղթերի հրապարակային առաջարկ անող անձ կամ հաշվետու թողարկող կամ կբավարարեն «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքով սահմանված քանակային որոշ չափանիշներին (օրինակ՝ գործունեությունից հասույթի, ակտիվների հաշվեկշռային արժեքի, աշխատողների թվաքանակի գծով):

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում, սակայն օգտվելով ընձեռված հնարավորությունից, առաջարկում ենք շտկել նաեւ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 107-րդ հոդվածի 2-րդ մասում տեղ գտած (եւ Նախագծով նույնությամբ կրկնվող) թերությունը: Մասնավորապես, նշված մասով սահմանվում է, որ բաց բաժնետիրական ընկերությունը պարտավոր է ամեն տարի հրապարակել իր տարեկան հաշվետվությունը եւ հաշվապահական հաշվեկշիռը՝ «ի գիտություն բոլորի», ինչը խիստ մեկնաբանելի, տարընթերցման տեղիք տվող եւ գործնականում անիրագործելի հասկացություն է: Մյուս կողմից, հաշվի առնելով այն հանգամանքը, որ համապատասխան օրենքներով ԲԲԸ-րի համար, ըստ առանձին ոլորտների, արդեն իսկ սահմանված են տարեկան հաշվետվությունների եւ հաշվապահական հաշվեկշիռների հրապարակման դեպքերը, տեղը եւ ծավալները, առաջարկում ենք Նախագծով ներկայացված տեքստից ընդհանրապես հանել «ի գիտություն բոլորի» բառերը եւ ավելացնել «դեպքերը» բառը (քանի որ օրենքով սահմանված կարգն առաջին հերթին ընթացակարգային պահանջ սահմանելու տպավորություն է թողնում):

Հաշվի առնելով վերը նշվածը, առաջարկում ենք Նախագծով ներկայացված տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Բաց բաժնետիրական ընկերությունը օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով պարտավոր է յուրաքանչյուր տարի հրապարակել իր տարեկան հաշվետվությունը եւ հաշվապահական հաշվեկշիռը:»:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի, սակայն խմբագրական առումով այն որոշ հստակման անհրաժեշտություն է զգում:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                  ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

03.03.2022թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

1. Նախագծով առաջարկվում է ֆինանսական հաշվետվությունների հրապարակման պահանջը տարածել այն բաց բաժնետիրական ընկերությունների (այսուհետ՝ ԲԲԸ) վրա, որոնք «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքի համաձայն համարվում են հանրային հետաքրքրություն ներկայացնող կազմակերպություններ կամ բավարարում են օրենքով սահմանված քանակային որոշ չափանիշների (օրինակ՝ գործունեությունից հասույթ, ակտիվների հաշվեկշռային արժեք, աշխատողների թվաքանակ): 

Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ խնդիրը կայանում է նրանում, որ  «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքով ԲԲԸ-ների ֆինանսական հաշվետվությունների պարտադիր հրապարակման դրույթն ուժը կորցրած է ճանաչվել, մինչդեռ, Քաղաքացիական օրենսգրքում շարունակում է գործել մի դրույթ, որի համաձայն ԲԲԸ-ները պարտավոր են ամեն տարի, ի գիտություն բոլորի, հրապարակել իրենց տարեկան հաշվետվությունները եւ հաշվապահական հաշվեկշիռը: 

Նախագծի ընդունմամբ, ըստ Նախագծի հեղինակի, ֆինանսական հաշվետվություններ հրապարակող ԲԲԸ-ների շրջանակը կհամապատասխանի «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքի պահանջներին: 

2. Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 


Կատարող՝   Ս. Համբարձումյան   (հեռ. 011-513-360) 

10.03.2022թ.