ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Ավտոտրանսպորտային միջոցների հափշտակումների դեմ պայքարի եւ դրանց վերադարձի ապահովման գործում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» 2005 թվականի նոյեմբերի 25-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-185-04.03.2022-ՊԱ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ավտոտրանսպորտային միջոցների հափշտակումների դեմ պայքարի եւ դրանց վերադարձի ապահովման գործում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» 2005 թվականի նոյեմբերի 25-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-185-04.03.2022-ՊԱ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

              ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                  ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 
 

18.03.2022թ. 




Իրավական փորձաքնության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

Միջազգային պայմանագիրն Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնելու նպատակով իրավասու մարմնի կողմից ապահովվող «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը, այն է՝ տեղեկատվություն միջազգային պայմանագրի կատարման համար պատասխանատու մարմինների վերաբերյալ, Նախագծին կից ներկայացված չէ:

Հարկ ենք համարում անդրադառնալ նաեւ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության եզրակացությանը, համաձայն որի՝ «Արձանագրությունում թեեւ առկա չեն օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր, սակայն այն պարունակում է Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող նորմեր:

Մասնավորապես, Արձանագրության 2-րդ հոդվածը, որի համաձայն՝ սույն արձանագրությունը ժամանակավորապես կիրառվում է ստորագրման օրվանից 60 օրը լրանալուց հետո (...), հակասում է «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 17-րդ հոդվածին, ըստ որի՝ ՀՀ միջազգային պայմանագիրն ուժի մեջ է մտնում եւ կիրառվում սույն օրենքով սահմանված վավերացման կամ հաստատման ընթացակարգերի ավարտից հետո՝ այդ պայմանագրով նախատեսված կարգով եւ պահից: Այսպիսով, Օրենքը չի նախատեսում միջազգային պայմանագրերի ժամանակավոր կիրառման հնարավորություն:»:

Այսպես «Ավտոտրանսպորտային միջոցների հափշտակումների դեմ պայքարի եւ դրանց վերադարձի ապահովման գործում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» 2005 թվականի նոյեմբերի 25-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությամբ (այսուհետ՝ Արձանագրություն) դրա ուժի մեջ մտնելու եւ կիրառվելու ընթացակարգերը սահմանվում են 2-րդ եւ 3-րդ հոդվածներով: Ընդ որում՝ Արձանագրության 2-րդ հոդվածը վերաբերում է Արձանագրությունը 2018 թվականի հուլիսի 20-ին ստորագրած պետություններին, իսկ 3-րդ հոդվածը՝ այն պետություններին, որոնք միանում են Արձանագրությանը դրա ուժի մեջ մտնելուց հետո: Նշենք, որ Արձանագրությունն ուժի մեջ է մտել 2019 թվականի սեպտեմբերի 6-ին, հետեւաբար Հայաստանի Հանրապետությունը, որը չի ստորագրել Արձանագրությունը մինչեւ դրա ուժի մեջ մտնելը, հանդիսանում է Արձանագրությանը միացող երկիր: Այսինքն՝ Արձանագրության 2-րդ հոդվածի դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության վրա: Այս դեպքում կիրառելի են արդեն Արձանագրության 3-րդ հոդվածի դրույթները, որոնց համաձայն՝ «Միացող պետության համար Արձանագրությունն ուժի մեջ է մտնում միանալու մասին փաստաթուղթն ավանդապահի կողմից ստանալու օրվանից 30 օրը լրանալուց հետո»: Այսպիսով կարծում ենք՝ Արձանագրության ուժի մեջ մտնելու եւ կիրառվելու հետ կապված կարգավորումները չեն հակասում «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի կարգավորումներին:

Նշենք նաեւ, որ Արձանագրության՝ պաշտոնապես հաստատված հայերեն թարգմանությամբ տեքստում Արձանագրության վերնագրում կիրառվում է «հափշտակության» բառը, մինչդեռ Նախագծի վերնագրում եւ 1-ին հոդվածում Արձանագրության վերնագիրը շարադրելիս «հափշտակության» բառի փոխարեն կիրառվում է «հափշտակումների» բառը:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր առկա չեն:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկման հիման վրա Նախագծին կից ապահովել «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                           ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Ա. Ղազարյան  (հեռ.` 011-513-248)

17.03.2022թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                           ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Ա. Ղազարյան  (հեռ.` 011-513-248)

17.03.2022թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

«Ավտոտրանսպորտային միջոցների հափշտակումների դեմ պայքարի եւ դրանց վերադարձի ապահովման գործում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» 2005 թվականի նոյեմբերի 25-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը (այսուհետ՝ Արձանագրություն) ստորագրվել է 2018թ. հուլիսի 20-ին: Արձանագրությունը  ստորագրվել  է ավտոտրանսպորտային միջոցների հափշտակումների դեմ պայքարի եւ դրանց վերադարձի ապահովման գործում բարենպաստ պայմաններ ստեղծելու, հափշտակված ավտոտրանսպորտային միջոցները ահաբեկչական, քրեական եւ (կամ) այլ հակաօրինական գործողությունների իրականցման նպատակով օգտագործելու դեպքերը նվազեցնելու, նմանատիպ հանցագործությունների կանխարգելման եւ բացահայտման նպատակով:

Արձանագրությունում առկա է ՀՀ պետական բյուջեի ծախսերի ավելացմանը հանգեցնող դրույթներ, մասնավորապես՝ Արձանագրության 1-ին հոդվածի 5-րդ կետով նախատեսվող ավտոտրանսպորտային միջոցների մասին տեղեկատվական բազայի ձեււավորման եւ պահպանության հետ կապված, իսկ պետական բյուջեի եկամուտների նվազեցում նախատեսող դրույթներ Արձանագրությունը չի պարունակում:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից   լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

Կատարող՝  առաջատար մասնագետ Անի Գյոզալյան 

18.03.2022թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է վավերացնել 2018 թվականի հուլիսի 20-ին Բաքու քաղաքում ստորագրված «Ավտոտրանսպորտային միջոցների հափշտակումների դեմ պայքարի եւ դրանց վերադարձի ապահովման գործում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» 2005 թվականի նոյեմբերի 25-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը, որը կնպաստի նշյալ ոլորտում համագործակցության նպատակով ավտոտրանսպորտային միջոցների մասին տեղեկատվական բազայի ապահովմանը՝ նպաստելով իրավասու մարմինների մեջ փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը՝ Կողմերից որեւէ մեկի տարածքում հայտնաբերման, կալանքի, առգրավման կամ արգելանքի դեպքում մյուս Կողմի իրավասու մարմնին ծանուցելու միջոցով:

Արձանագրությանը միանալը կնպաստի նշյալ ոլորտում համագործակցության նպատակով ավտոտրանսպորտային միջոցների մասին տեղեկատվական բազայի ապահովմանը՝ նպաստելով իրավասու մարմինների մեջ փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը՝ Կողմերից որեւէ մեկի տարածքում հայտնաբերման, կալանքի, առգրավման կամ արգելանքի դեպքում մյուս Կողմի իրավասու մարմնին ծանուցելու միջոցով: Այն կարող է դրական ազդեցություն ունենալ ապօրինի գործողությունների նվազեցման համար՝ հափշտակված ավտոտրանսպորտային միջոցը հայտնաբերելու դեպքում վերջինիս պահպանվածությունը ապահովելու եւ դրա օգտագործումը կանխելու միջոցով:

Արձանագրությունը ստորագրվել է Բելառուսի Հանրապետության կառավարության, Ղազախստանի Հանրապետության կառավարության, Ղրղզստանի Հանրապետության կառավարության, Մոլդովայի Հանրապետության Կառավարության, Ռուսաստանի Դաշնության կառավարության եւ Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջեւ:

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ,ԿՐԹԱԿԱՆ, 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35)

14.03.2022թ.