ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-200-15.03.2022-ՏՀ-011/0) եւ «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-2001 -15.03.2022-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-200-15.03.2022-ՏՀ-011/0) եւ «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-2001 -15.03.2022-ՏՀ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

            ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                             ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 

05.04.2022թ.
 




Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.  «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) 2-րդ հոդվածով «Թանկարժեք մետաղների մասին» օրենքի (այսուհետ` Օրենք) նոր խմբագրությամբ շարադրվող 6-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության համաձայն՝ «Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգերը, հարգորոշման եւ հարգադրոշման պահանջները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Առաջարկում ենք մեջբերված հոդվածում հստակեցնել՝ ում կողմից սահմանված հարգերն է հաստատում Կառավարությունը:

2.   Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքի 8-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ պարբերությունների համաձայն՝ «Երեսակված թանկարժեք քարերի վաճառքը իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ֆիզիկական անձանց իրականացվում է յուրաքանչյուր թանկարժեք քարի կամ միասնական փաթեթում ներառված 2 եւ ավելի երեսակված թանկարժեք քարերի խմբաքանակի հավաստագրի առկայության դեպքում:

Հավաստագրի տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաեւ`

1) օրենսդրական ակտի այն մասերը, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից.

2) ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը:»:

Մեջբերված դրույթի հաշվառմամբ՝ առաջարկում ենք Նախագծի անցումային դրույթում սահմանել ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 6-րդ հոդվածով Օրենքում լրացվող 11.1-ին հոդվածի 3-րդ մասին: Միաժամանակ՝ առաջարկում ենք Օրենքի 6-րդ հոդվածով լրացվող հոդվածում շտկել «111» վրիպակը:

3.   Օրենքի 12-րդ հոդվածում սահմանված են Օրենքի խախտումների համար կիրառվող պատասխանատվության միջոցները, որի «ա» կետը, այն է՝ տուգանքը, նախատեսված է ուժը կորցրած ճանաչել Նախագծի 7-րդ հոդվածով: 

Նկատենք, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 1891-ին հոդվածում սահմանված է պատասխանատվության միջոց թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի կանոնները կամ թանկարժեք մետաղների եւ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման եւ հարգադրոշմման պահանջները կամ թանկարժեք մետաղների զտարկման պահանջները կամ պետական մարմինների, պետական հիմնարկների, պետական ոչ առեւտրային կազմակերպությունների եւ 100 տոկոս պետական մասնակցությամբ իրավաբանական անձանց հաշվեկշռում հաշվառված թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի ջարդոնի հաշվառման պահանջները կամ պաշտոնատար անձանց կողմից ի պաշտոնե ստացած թանկարժեք մետաղներից եւ թանկարժեք քարերից պատրաստված նվերների տնօրինման կարգը խախտելու համար: Հետեւաբար՝ առաջարկում ենք քննարկվող կետը ուժը կորցրած ճանաչելու փոխարեն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Օրենքի որոշակի պահանջների խախտման համար պատասխանատվություն է սահմանված Օրենսգրքում՝ հղում կատարել վերջինիս՝ նշելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված պատասխանատվության միջոց: 

Միաժամանակ առաջարկում ենք Նախագծի 7-րդ հոդվածում «ա)» գրելաձեւը փոպարինել « «ա» » գրելաձեւով: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի այլ հոդվածներում կետերի հիշատակմանը, օրինակ՝ «զ)»:

4.   Նախագծերի փաթեթի` տեխնիկական պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1) «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրում առաջարկում ենք «ԼՐԱՑՈՒՄ» բառը փոխարինել «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ» բառով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծի 1-ին հոդվածով կատարվում է միայն փոփոխություն Օրենսգրքի 1891-ին հոդվածում:

2) Առաջարկում ենք «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրում Օրենսգրքի կրճատ անվանումը հիշատակելիս հանել չակերտները, ինչպես նաեւ Նախագծի 1-ին հոդվածում Օրենսգրքի լրիվ անվանման հիշատակումը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջին, այն է՝ «Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն: (…):»:

Բացի այդ, Նախագծի 1-ին հոդվածում «1891» գրելաձեւն առաջարկում ենք փոխարինել «1891-ին» գրելաձեւով:

3) Նախագծի վերնագրում Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս առաջարկում ենք հանել երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը, այն է՝ «(…) Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը:»: Բացի այդ, Նախագծի վերնագրում «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բառից հետո առաջարկում ենք լրացնել «ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» բառերով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծով կատարվում են նաեւ լրացումներ Օրենքում:

«Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» օրենքի կրճատ տարբերակի հիշատակումը եւս առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասին:

4) Նախագծի 1-ին հոդվածում Օրենքի լրիվ անվանման հիշատակումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասին, որի համաձայն՝ «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: (…) »:

5) Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 2-րդ հոդվածի «գ» կետում կիրառված է «ՀՀ կառավարություն» ձեւակերպումը, իսկ տվյալ հասկացության կրճատ տարբերակ նշված է՝ կառավարություն: 

Նախեւառաջ նկատենք, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի տրամաբանությունից բխում է, որ նորմատիվ իրավական ակտում արգելվում է տերմինների հապավումների կիրառումը. ուստի՝ առաջարկում ենք վերանայել «ՀՀ կառավարություն» գրելաձեւը: Տվյալ հասկացության առաջին իսկ կիրառումից հետո Նախագծում կրճատ տարբերակ սահմանված լինելու պարագայում Նախագծի այլ հոդվածներով Օրենքի հոդվածներում կատարվող փոփոխություններում եւ լրացումներում կիրառված է «Հայաստանի Հանրապետության կառավարություն» ձեւակերպումը: Բացի այդ, «Հայաստանի Հանրապետության կառավարություն» ձեւակերպումը  կիրառված է Օրենքում:

Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջից հետեւում է՝ նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ: 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» 34-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտում կատարվող փոփոխությունների կամ լրացումների ձեւը (տեսքը) պետք է համապատասխանի փոփոխվող կամ լրացվող իրավական ակտի ձեւին (տեսքին):»: 

Վերը նշված դրույթները հաշվի առնելով՝ առաջարկում ենք չսահմանել կրճատ տարբերակ քննարկվող հասկացության համար եւ Նախագծում գործածել Օրենքով նախատեսված հասկացությունը, հակառակ դեպքում՝ տվյալ հասկացությունը փոփոխելու անհրաժեշտություն է առաջ գալու ողջ Օրենքում :

6) Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 2-րդ հոդվածի 1-ին մասի «ժ» կետում 3-րդ «կամ» բառն առաջարկում ենք ներառել փակագծերում:

7) Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքի 8-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 2-րդ մասի 3-րդ պարբերությունում առաջարկում ենք ամբողջապես նշել՝ ինչ հավաստագրի մասին է խոսքը, քանի որ Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքի 8-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 2-րդ մասի 2-րդ պարբերությունում քննարկվող հավաստագրի ամբողջական անվանման հիշատակումից հետո կրճատ տարբերակ սահմանված չէ:

8) Նախագծի 4-րդ հոդվածի 3-րդ կետում « նոր լ նոր» վրիպակն առաջարկում ենք շտկել:

9) Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված է «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը» հասկացության կրճատ տարբերակը, այն է՝ լիազոր մարմին: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում ենք Նախագծի 6-րդ հոդվածով Օրենքում լրացվող 11.1-ին հոդվածի 3-րդ մասում կիրառել վերը նշված կրճատ տարբերակը: 

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                            ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248)

04.04.2022թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                            ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248)

04.04.2022թ.
 




Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է ազգային իրավական ակտերը ներդաշնակեցնել 2021 թվականի մայիսի 24-ին ուժի մեջ մտած «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» համաձայնագրով (այսուհետ՝ Համաձայնագիր) սահմանված դրույթների պահանջներին: Մասնավորապես, Համաձայնագիրը պարունակում է բազմաթիվ դրույթներ (պահանջներ), որոնք սահմանում են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) տարածքում թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի շրջանառության միասնական պայմաններ ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունների համար, որոնք հնարավորություն կտան անդամ պետությունների տնտեսվարող սուբյեկտներին շրջանառել ԵԱՏՄ ամբողջ տարածքում իրենց ոսկերչական եւ ադամանդագործական արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության: Մյուս կողմից, «Թանկարժեք մետաղներների մասին» օրենքից առաջարկվում է հանել տուգանքներին վերաբերվող դրույթները, քանի որ նույն տուգանքները սահմանված են «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում:

Միեւնույն ժամանակ, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է բարձրացնել այս ոլորտում սահմանված տուգանքների չափերը՝ օրենքի սահմանած պահանջների խախտման դեպքում կիրառվող պատժամիջոցի համաչափության տրամաբանությամբ, քանի որ «թույլ» պատժամիջոցի առկայության պարագայում կարող է առաջանալ օրենքի խախտման գայթակղության ռիսկեր: 

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                 ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

Կատարող՝ Գ.  Սաֆարյան  (հեռ.` 011 513-668)

25.03.2022թ.
 




Սոցիալական փորձաքննության արդյունքները

Կառավարության կողմից ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է լրացում եւ փոփոխություններ կատարել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում» եւ «Թանկարժեք մետաղների մասին» օրենքում, ինչը պայմանավորված է «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» Համաձայնագրից (այսուհետ՝ Համաձայնագիր) բխող նորմատիվ իրավական ակտերի ընդունմամբ:

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2021 թվականի մայիսի 24-ին, ըստ որի սահմանվում են Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ ԵԱՏՄ) տարածքում թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի շրջանառության միասնական պայմաններ՝ անդամ բոլոր պետությունների համար: Համաձայնագիրը հնարավորություն կտա անդամ պետությունների տնտեսվարող սուբյեկտներին շրջանառել ԵԱՏՄ ամբողջ տարածքում իրենց ոսկերչական եւ ադամանդագործական արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության:

Ելնելով վերը նշվածից, անհրաժեշտ է կատարել Համաձայնագրով սահմանված բոլոր պահանջները (այդ թվում՝ օրենսդրական կարգավորումների միջոցով), համահունչ դարձնելով ոլորտին վերաբերող բոլոր իրավական ակտերը:

Նախագծերի փաթեթով «Թանկարժեք մետաղներների մասին» օրենքից հանվել են տուգանքներին վերաբերվող դրույթները, քանի որ նույն տուգանքները սահմանված են եւ կրկնվում են «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագծով նախատեսվում է տուգանքների չափերի բարձրացում, ինչը պայմանավորված է սահմանած պահանջների խախտման դեպքում կիրառվող պատժամիչոցի համաչափության տրամաբանությամբ, այսինքն՝ «թույլ» պատժամիջոցի առկայության դեպքում օրենքի խախտման գայթակղության ռիսկերի վերացում: 

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական տեսանկյունից հիմնախնդիրներ չի պարունակում:

Եզրահանգում

Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների նպատակը Համաձայնագրով սահմանված դրույթների պահանջներին ազգային իրավական ակտերի ներդաշնակեցումն է:

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

21.03.2022թ.