ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության սահմանային գոտու բնակավայրերի բնակիչներին տրամադրվող արտոնությունների եւ օժանդակության մասին» օրենքի նախագծի  (փաստաթղթային կոդ` Պ-203-21.03.2022-ՏՏԳՇ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավոր Վահե Հակոբյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության սահմանային գոտու բնակավայրերի բնակիչներին տրամադրվող արտոնությունների եւ օժանդակության մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-203-21.03.2022-ՏՏԳՇ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

            ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                         ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 
 

11.04.2022թ. 
 
 



Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.   «Հայաստանի Հանրապետության սահմանային գոտու բնակավայրերի բնակիչներին տրամադրվող արտոնությունների եւ օժանդակության մասին» օրենքի նախագծի  (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին, 2-րդ եւ 3-րդ հոդվածներում սահմանված են՝ 

«Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության սահմանային գոտու բնակավայրերի բնակիչներին տրամադրվող արտոնությունների տեսակները եւ տրամադրման կարգը:

Հոդված 2. Սույն օրենքի նպատակաը

Սույն օրենքի նպատակն է ապահովել սահմանային գոտու բնակավայրերի՝ տնտեսական, սոցիալական խնդիրների լուծման նկատմամբ համակարգված մոտեցումը:

Հոդված 3. Օրենքի խնդիրները

1. Սույն օրենքի խնդիրներն են՝

1) տարբերակված մոտեցումը՝ Հայաստանի Հանրապետության սահմանային գոտու բնակավայրերի նկատմամբ՝ ըստ վերջիններիս ռազմավարական կարեւոր նշանակության.

2) սահմանային գոտու բնակավայրերի՝ տնտեսական, սոցիալական խնդիրների լուծման նկատմամբ համակարգված մոտեցումը, այդ նպատակադրմամբ՝ սահմանային գոտու բնակավայրերի արտադրական ներուժի մակարդակի բարձրացումը, բնակչության արտահոսքի կանխարգելումը, լքված ու սակավ բնակեցված բնակավայրերի վերաբնակեցումը:»:

Մեջբերվածի կապակցությամբ նշենք հետեւյալը.

«Սահմանամերձ տարածաշրջանների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածով սահմանված Օրենքի նպատակը հետեւյալն է՝ «Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում սահմանամերձ տարածաշրջանների նկատմամբ պետական քաղաքականության մշակման հիմնական սկզբունքները, այդ քաղաքականության իրականացման ծրագրային հիմունքները, ինչպես նաեւ կարգավորում է դրանց հետ կապված հարաբերությունները:»:

Օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝

«1. Սահմանամերձ տարածաշրջանների նկատմամբ պետական քաղաքականությունն իրականացվում է սահմանամերձ տարածաշրջանների զարգացման համալիր ծրագրով (այսուհետ` Համալիր ծրագիր):

2. Համալիր ծրագրի նպատակն է սահմանամերձ տարածաշրջանների պաշտպանունակության բարձրացումը եւ դրանց սոցիալ-տնտեսական զարգացումը:»:

(…)

4.Համալիր ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման տարեկան համամասնությունները սահմանում է կառավարությունը: Դրանք արտացոլվում են սահմանամերձ տարածաշրջանների մասին տարեկան ծրագրերում (այսուհետ` Տարեկան ծրագիր): (…)»:

«Հայաստանի Հանրապետության սահմանամերձ տարածաշրջանների զարգացման համալիր ծրագիրը հաստատելու մասին» օրենքի՝ սահմանամերձ տարածաշրջանների զարգացման համալիր ծրագրի (այսուհետ նաեւ՝ Համալիր ծրագիր) 2-րդ բաժնի  դրույթների բովանդակությունից բխում է, որ «սահմանային տարածաշրջան» հասկացությունը ներառում է սահմանային շերտը եւ սահմանային գոտին:1

Վերը մեջբերված նորմերի բովանդակությունից հետեւում է, որ արդեն իսկ Օրենքի մակարդակում առկա են կարգավորումներ  սահմանամերձ տարածաշրջաններում պետական քաղաքականության սկզբունքների, տվյալ տարածաշրջաններում պաշտպանունակության բարձրացման, սոցիալ-տնտեսական զարգացման ուղղությունների առնչությամբ: Օրենքով սահմանված նպատակը կյանքի կոչելու համար սահմանված են ծրագրային հիմունքներ՝ սահմանամերձ տարածաշրջանների զարգացման համալիր եւ տարեկան ծրագրերի միջոցով:

«Հայաստանի Հանրապետության սահմանամերձ տարածաշրջանների զարգացման համալիր ծրագիրը հաստատելու մասին» օրենքի՝ Համալիր ծրագրի 5-րդ բաժնում սահմանված են Համալիր ծրագրի իրականացման հիմնական սկզբունքները, այդ թվում՝ Համալիր ծրագրով նախատեսվող միջոցառումների կենսագործման եւ արտոնությունների տրամադրման նկատմամբ տարբերակված մոտեցումը, ինչպես նաեւ արտակարգ իրավիճակներում պաշտպանության ապահովման, տնտեսական, սոցիալական, քաղաքաշինական եւ բնապահպանական խնդիրների լուծման նկատմամբ համակարգված մոտեցումը: 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտերում բացառվում են իրավական նորմերի անհիմն կրկնությունները եւ ներքին հակասությունները:»:

Վերը ներկայացվածի լույսի ներքո արձանագրենք, որ Նախագծի մեջբերված հոդվածներով սահմանված հարցերը արդեն իսկ կարգավորված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ուստի՝ անհիմն կրկնությունից խուսափելու նպատակով  «Հայաստանի Հանրապետության սահմանային գոտու բնակավայրերի բնակիչներին տրամադրվող արտոնությունների եւ օժանդակության մասին» օրենքի նախագծի անհրաժեշտությունը, կարծում ենք, որ բացակայում է: Բացի այդ, մեջբերված օրենքներում վերը քննարկված հարցերը կարգավորված են համապարփակ կերպով, մինչդեռ՝ Նախագծի կարգավորումներով օրինակ՝ Նախագծի 3-րդ հոդվածով սահմանված խնդիրների ոչ ամբողջական լինելը խնդրահարույց է նաեւ իրավական որոշակիության տեսանկյունից:

2.  Նախագծի 4-րդ հոդվածում սահմանված է հետեւյալը՝ «Յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության սահմանային գոտու բնակավայրերի գյուղացիական տնտեսություններին տրամադրվող գյուղացիական վարկերի սուբսիդավորում՝ ոչ պակաս քան 20 %-ի չափով:»:

Օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Տարեկան ծրագիրը կառավարությունն Ազգային ժողով է ներկայացնում պետական բյուջեի կազմում, որի ֆինանսավորման գումարն արտացոլվում է պետական բյուջեի ծախսերում:»: Կարգավորումից բխում է, որ Համալիր ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման տարեկան համամասնությունների հաշվառմամբ տարեկան ծրագիրը ներկայացվում է պետական բյուջեի կազմում, որն արտացոլվում է պետական բյուջեի ծախսերում: Հետեւաբար՝ վարկերի սուբսիդավորման վերաբերյալ արտոնությունը տարեկան ծրագրում ընդգրկվելու պարագայում կարող է իրագործվել Օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով:2

Դիտարկման տրամաբանությունը վերաբերելի է նաեւ Նախագծի 6-րդ հոդվածին:

3.  Նախագծի 5-րդ հոդվածում սահմանված է՝  «Հայաստանի Հանրապետությունում մարտական գործողություններով պայմանավորված արտակարգ կամ ռազմական դրության իրավական ռեժիմ հայտարարելու դեպքում սահմանային գոտու բնակիչներին ինքնապաշտպանության նպատակով տրամադրվում է կառավարության որոշմամբ սահմանված կարգով եւ տեսակի զենք:»:

Մեջբերվածի կապակցությամբ նշենք հետեւյալը.

1)   Նախագծի 5-րդ հոդվածում տրված է, որ ինքնապաշտպանության նպատակով տրվող զենքի տեսակը եւ կարգը սահմանվում է Կառավարության որոշմամբ: Մինչդեռ «Զենքի մասին» օրենքի 3-րդ հոդվածում որոշակիացված է քաղաքացիներին տվյալ օրենքով սահմանված կարգով տրվող ինքնապաշտպանական զենքի տեսակը, իսկ 13-րդ հոդվածում բացահայտված է քաղաքացիների կողմից զենք ձեռք բերելու կարգը: Հետեւաբար՝ եթե միտում կա Կառավարության կողմից սահմանված կարգով «Զենքի մասին» օրենքով սահմանված, ինքնապաշտպանության նպատակով տրվող զենքի տեսակներից զատ այլ տեսակներ սահմանել, ապա, կարծում ենք, որ այն չի կարող կատարվել ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի մակարդակում, այլ՝ պետք է լրացում կատարվի համապատասխան օրենքում: Միաժամանակ՝ կարծում ենք, որ Նախագծի 5-րդ հոդվածով սահմանված արտոնությունը պետք է նախատեսել ոլորտային օրենքում:

2)    «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ 

«Եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաեւ`

1) օրենսդրական ակտի այն մասերը, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից.

2) ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը:»: Մեջբերված նորմի հաշվառմամբ՝ առաջարկում ենք անցումային դրույթում նշում կատարել ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետի մասին:

4. Նախագծի՝ տեխնիկական պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը՝ 

1)   «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտի բաժիններն ու գլուխները համարակալվում են արաբական թվանշաններով:»: Նշվածով պայմանավորված՝ առաջարկում ենք վերանայել Նախագծի գլուխների համարակալումը:

2)    Առաջարկում ենք շտկել Նախագծի 2-րդ հոդվածի վերնագրում առկա վրիպակը՝ «նպատակաը»: 

3)    Նախագծի 5-րդ, 6-րդ եւ 7-րդ հոդվածներում առաջարկում ենք կիրառել «Կառավարություն» ձեւակերպումը՝ համապատասխան հոլովաձեւերով՝ հիմք ընդունելով Սահմանադրությամբ գործածված տարբերակը:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագիծը խնդրահարույց է իրավական որոշակիության սկզբունքի տեսանկյունից, միաժամանակ՝ անհրաժեշտ է ապահովել Նախագծով նախատեսվող կարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                            ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248)

08.04.2022թ.


------------------------------------------------------------------------------
1 Համալիր ծրագրի 2-րդ բաժնում նշված է հետեւյալը՝ «ՀՀ կառավարության 1998 թվականի նոյեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին» թիվ 713 որոշմամբ սահմանամերձ համայնքների (բնակավայրերի) ցանկերը հաստատելիս հիմք են ընդունվել հետեւյալ չափանիշները`

ա) Ադրբեջանի Հանրապետության հետ պետական սահմանի սահմանային գոտում գտնվելը.

բ) Հայաստանի Հանրապետության սահմանային շերտում գտնվելը.

գ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1993-1995 թվականների որոշումներով հաստատված ցանկերում ընդգրկված լինելը:»:

2 «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ տարածաշրջանների զարգացման համալիր ծրագիրը հաստատելու մասին» օրենքի՝ Համալիր ծրագրի 4-րդ բաժնում ներառված է վարկերի գծով արտոնություն սահմանելու հնարավորությունը:  
 


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին 

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                            ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248)

08.04.2022թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է ՀՀ սահմանային գոտու բնակավայրերին (համայնքներին) տրամադրել արտոնություններ՝ ելնելով հետեւյալ հիմնական նպատակներից եւ սկզբունքներից.

1) սահմանել եւ կիրառել տարբերակված մոտեցում՝ Հայաստանի Հանրապետության սահմանային գոտու համայնքների (բնակավայրերի) նկատմամբ՝ ըստ վերջիններիս ռազմավարական նշանակության,

2) սահմանամերձ համայնքների (բնակավայրերի)՝ տնտեսական, սոցիալական խնդիրների լուծման նկատմամբ համակարգված մոտեցումը, այդ նպատակադրմամբ՝ սահմանային գոտու, համայնքների (բնակավայրերի) արտադրական ներուժի մակարդակի բարձրացումը, պահպանումը, գործարար ակտիվության բարձրացման, ներդրումների ներգրավման եւ տնտեսական աշխուժացման համար բարենպաստ պայմանների ձեւավորումը, բնակչության արտահոսքի կանխարգելումը, լքված ու սակավ բնակեցված բնակավայրերի վերաբնակեցումը,

3) սահմանամերձ բնակավայրերի գյուղացիական տնտեսությունների գործունեության արդյունավետության բարձրացման, այդ թվում՝ նվազագույն շահութաբերության ապահովման նպատակով, ի թիվս այլ արտոնությունների, ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին գյուղացիական վարկերի սուբսիդավորման ծավալների մեծացումը,

4) Հայաստանի Հանրապետության սահմանային գոտու համայնքների (բնակավայրերի) գյուղացիական տնտեսություններին տրամադրվող գյուղացիական վարկերի սուբսիդավորման տոկոսադրույքի չափի սահմանումը՝ ոչ պակաս քան 20 տոկոսի չափով, ինչը լրացուցիչ խթան կհանդիսանա սահմանային գոտու համայնքների (բնակավայրերի) գյուղական համայնքներում գյուղատնտեսության համար առաջնահերթ համարվող ոլորտներում զբաղված ֆիզիկական եւ իրավաբանական անձանց տրամադրվող վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման միջոցով վարկավորման մատչելիության ապահովման համար եւ այլն:

Ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները:

1. Նախագծի 4-րդ հոդվածով սահմանվում է, որ. «Յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության սահմանային գոտու բնակավայրերի գյուղացիական տնտեսություններին տրամադրվող գյուղացիական վարկերի սուբսիդավորում՝ ոչ պակաս քան 20 %-ի չափով:», սակայն չի հստակեցվում սուբսիդավորման համար հաշվարկի բազան: Այս կապակցությամբ անհրաժեշտ է հստակ սահմանել, թե ո՞ր գումարի 20 տոկոսի չափով է նախատեսվում հատկացնել սուբսիդիա. յուրաքանչյուր վարկի մայր գումարի, այդ վարկերի տոկոսավճարների, պետական բյուջեի համապատասխան ծախսային ծրագրով նախատեսված միջոցների, թե՞ որեւէ այլ գումարի նկատմամբ:

2. Նախագծի 6-րդ հոդվածով սահմանվում է, որ. «Մարտական գործողությունների եւ տարերային աղետների հետեւանքով շարքից դուրս եկած կամ խիստ վնասված ենթակառուցվածքների (բնակարանային ֆոնդ, շինություններ, ճանապարհներ, խմելու ջրագծեր, առողջապահական, կրթական, կուլտուր-կենցաղային օջախներ, ոռոգման ցանցեր եւ կոյուղագծեր) համար կառավարության որոշմամբ սահմանված կարգով ենթակառուցվածքների սեփականատերերին տրամադրվում է միանվագ դրամական օգնություն:»: Այս կապակցությամբ  առաջարկում ենք՝

ա) սահմանել նաեւ միանվագ դրամական օգնության չափը կամ այդ չափի որոշման համար սույն օրենքով ՀՀ կառավարությանն օժտել համապատասխան լիազորությամբ,

բ) նշված ենթակառուցվածքների սեփականատերերի ցանկից առաջարկում ենք բացառել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին (քանի որ նշված ենթակառուցվածքների մի մեծ մասը, օրինակ՝ ճանապարհները, խմելու ջրագծերը, ոռոգման ցանցերը եւ այլն, պետական կամ համայնքային սեփականության օբյեկտներ են, իսկ պետությունը չի կարող ինքն իրեն կամ համայնքներին միանվագ դրամական օգնություն տրամադրել,

գ) առաջարկում ենք հանել «խիստ» բառը, քանի որ այս պարագայում անհրաժեշտություն է առաջանում սահմանելու ենթակառուցվածքների «խիստ վնասված» լինելու չափանիշները: 

3.  Նախագծի 7-րդ մասով սահմանվում է, որ սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից, իսկ սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված՝ մարտական գործողությունների եւ տարերային աղետների արդյունքում տուժած ընտանիքներին միանվագ նպաստի տրամադրման մասին որոշումը կառավարությունը պետք է ընդունի սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 30 օրվա ընթացքում: Սա նշանակում է, որ Նախագծի ընդունման արդյունքում զգալիորեն պետք է ավելացվեն ընթացիկ տարվա պետական բյուջեի ծախսերը, քանի որ ընթացիկ տարվա պետական բյուջեով համապատասխան ծախսային ծրագրեր նախատեսված չեն:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից, կարծում ենք, լրամշակման կարիք ունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                               ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

28.03.2022թ.




Սոցիալական փորձաքննության արդյունքները

1. Ազգային ժողովի պատգամավորի կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության սահմանային գոտու բնակավայրերի բնակիչներին տրամադրվող արտոնությունների եւ օժանդակության մասին» օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվում է բարձրացնել սահմանամերձ բնակավայրերի գյուղացիական տնտեսությունների գործունեության արդյունավետությունը՝ ՀՀ պետական բյուջեի հաշվին ավելացնելով գյուղացիական վարկերի սուբսիդավորման ծավալները:

2020 թվականին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի արդյունքում սահմանամերձ տարածաշրջաններում առաջացել են հետեւյալ հիմնախնդիրները

- տնտեսական ներուժի անկումը

- ֆինանսական միջոցների բացակայություն կամ սակավություն,

- մարտական գործողությունների եւ տարրերային աղետների հետեւանքով շարքից դուրս եկած կամ խիստ վնասված ենթակառուցվածքներ (բնակարանային ֆոնդ, շինություններ, ճանապարհներ, խմելու ջրագծեր, առողջապահական, կրթական, կուլտուր-կենցաղային օջախներ, ոռոգման ցանցեր եւ կոյուղագծեր),

- կյանքի անվտանգության երաշխիքների բացակայություն,

- բնակչության թվի զգալի նվազում,

- երիտասարդության արտահոսք ու ծնելիության մակարդակի անկում այլն:

Ներկայացված Նախագծով հեղինակն առաջարկում է Հայաստանի Հանրապետության սահմանային գոտու համայնքների (բնակավայրերի) գյուղացիական տնտեսություններին տրամադրվող գյուղացիական վարկերի սուբսիդավորման տոկոսադրույքը սահմանել՝ ոչ պակաս քան 10 տոկոսի չափով, ինչն, ըստ հեղինակի, լրացուցիչ խթան կհանդիսանա սահմանային գոտու համայնքների (բնակավայրերի) գյուղական համայնքներում գյուղատնտեսության համար առաջնահերթ համարվող ոլորտներում զբաղված ֆիզիկական եւ իրավաբանական անձանց տրամադրվող վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման միջոցով վարկավորման մատչելիության ապա

2. Նախագծի վերաբերյալ կցանկանայինք ներկայացնել հետեւյալ նկատառումները: Մասնավորապես՝

2.1 Նախագծի 1-ին հոդվածը սահմանում է Հայաստանի Հանրապետության սահմանային գոտու բնակավայրերի բնակիչներին տրամադրվող արտոնությունների տեսակները եւ տրամադրման կարգը, սակայն Նախագծով թվարկված չեն ոչ տրամադրվող արտոնությունների տեսակները, ոչ էլ տրամադրման կարգը:

2.2. Նախագծի 2-րդ հոդվածում, որպես օրենքի նպատակ է սահմանվում սահմանային գոտու բնակավայրերի՝ տնտեսական, սոցիալական խնդիրների լուծման նկատմամբ համակարգված մոտեցման ապահովումը, իսկ 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով օրենքի խնդիր է սահմանվում տարբերակված մոտեցումը՝ Հայաստանի Հանրապետության սահմանային գոտու բնակավայրերի նկատմամբ՝ ըստ վերջիններիս ռազմավարական կարեւոր նշանակության: 

Ստացվում է, որ Նախագծով օրենքի խնդիրը եւ նպատակը կրկնում են միմյանց, ինչի կապակցությամբ, առաջարկում ենք դրանք միմյանցից հստակ տարանջատել: Միեւնույն ժամանակ, կարծում ենք, որ օրենքի նպատակը առավել հստակ սահմանման կարիք ունի՝ դատելով Նախագծի վերնագրից:

2.3 Նախագծի 4-րդ հոդվածով հեղինակն առաջարկում է «… սահմանային գոտու բնակավայրերի գյուղացիական տնտեսություններին տրամադրվող գյուղացիական վարկերի սուբսիդավորում՝ ոչ պակաս քան 20 %-ի չափով:», մինչդեռ՝ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է «… գյուղացիական տնտեսություններին տրամադրվող գյուղացիական վարկերի սուբսիդավորման տոկոսադրույքի չափը՝ ոչ պակաս քան 10 տոկոսի չափով,…»: 

Բացի այդ, Նախագծում օգտագործվող ձեւակերպումից պարզ չէ, թե սուբսիդավորման ենթակա 20 տոկոսը ինչին է վերաբերում (վարկի գումարի՞ն, թե՞ տոկոսավճարին): Այս կապակցությամբ, առաջարկում ենք նշված հոդվածը հստակեցնել՝ հաշվի առնելով վերը նշված նկատառումները:

Եզրահանգում

Ընդհանուր առմամբ, Նախագծով ներկայացվող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ առաջարկվող մոտեցումների ամբողջականությունն ապահովելու նպատակով Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից որոշ լրամշակման կարիք ունի՝ հաշվի առնելով սույն եզրակացության մեջ ներկայացված նկատառումները:

Առաջարկում ենք Նախագծով ներկայացվող կարգավորումները տարածել «Սահմանամերձ տարածաշրջանների մասին» ՀՀ օրենքով նախատեսված բնակավայրերի վրա՝ առավել հասցեական պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

24.03.2022թ.
 
 
 
 
 
 

-