ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-205-22.03.2022-ՊԻ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավոր Գեղամ Մանուկյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ` Պ-205-22.03.2022-ՊԻ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

            ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                              ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 
 

11.04.2022թ. 




Իրավական փորձաքնության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.  Նախագծի 1-ին հոդվածով «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք)14-րդ հոդվածը շարադրվում է նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ՝

 «1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը վերականգնումն իրականացվում է սույն հոդվածով սահմանված կարգով եւ դիմումը լիազոր մարմնի կողմից ստանալուց հետո մեկամսյա ժամկետում:

2. Անկախ այլ երկրի քաղաքացիություն ձեռք բերելու հանգամանքից՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցրած անձի քաղաքացիությունն, իր դիմումի համաձայն, կարող է վերականգնվել, եթե բացակայում են սույն օրենքի 13 հոդվածի յոթերորդ մասով սահմանված հիմքերը, եւ եթե նրա քաղաքացիությունը չի դադարեցվել սույն օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ կետի հիմքով:

3. Սույն հոդվածով սահմանված դեպքերում ՀՀ քաղաքացիությունը վերականգնելու վերաբերյալ դիմումը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն, իսկ օտարերկրյա պետությունում գտնվելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության համապատասխան դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ:

4.  Ստացված դիմումը ոչ ուշ, քան հինգ օրվա ընթացքում պետք է  ուղարկվի Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն՝ քսանօրյա ժամկետում եզրակացության տրամադրման նպատակով:

5. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը վերականգնելու վերաբերյալ դիմումների կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության եզրակացությունն ստանալուց հետո հինգ օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը վերականգնելու կամ քաղաքացիության վերականգնումը մերժելու վերաբերյալ որոշումն ընդունում է՝ դիմողի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունը, իսկ օտարերկրյա պետությունում գտնվելու դեպքում՝ օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինները:

Ընդ որում՝ քաղաքացիությունը վերականգնելու վերաբերյալ դիմումը չի կարող մերժվել, եթե դիմողի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից տրվել է դրական եզրակացություն»:

1.1.Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրված 14-րդ հոդվածով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիության վերականգնման ընթացակարգի եւ ժամկետների փոփոխություն, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիության վերականգնումն իրականացվելու է դիմումը ստանալուց հետո մեկամսյա ժամկետում, դիմումը ներկայացվելու է Ոստիկանություն (...), վերջինս էլ հնգօրյա ժամկետում դիմումն ուղարկելու է Ազգային անվտանգության ծառայություն, վերջինս էլ քսանօրյա ժամկետում եզրակացություն է տրամադրելու, որի հիման վրա Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունը կազմելու է քաղաքացիությունը վերականգնելու կամ վերակնագնումը մերժելու մասին որոշում: Նշված ձեւակերպումից բխում է, որ փաստացի, Ազգային անվտանգության ծառայությունը եւ Ոստիկանությունն են որոշելու անձի քաղաքացիության հարցը:

Սահմանադրության 134-րդ հոդվածով Հանրապետության նախագահին է վերապահված քաղաքացիություն շնորհելու եւ դադարեցնելու հարցի լուծումը:  Օրենքի 26-րդ հոդվածի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության Նախագահը, (...) լուծում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ հարցերը:»: Օրենքի 27-րդ հոդվածը, առանց բացառության սահմանում է քաղաքացիության վերաբերյալ հարցերի լուծման ընդհանուր կարգը, Օրենքի 29-րդ հոդվածը՝ քաղաքացիության հարցերի վերաբերյալ դիմումների քննարկման ժամկետը:

Նշված դրույթների վերլուծությունից բխում է, որ Սահմանադրությամբ պետության գլուխ հանդիսացող Հանրապետության նախագահին է վերապահված Օրենքով սահմանված կարգով քաղաքացիության հարցերի լուծումը: Քաղաքացիության հարցերով զբաղվող մյուս մարմիններն իրականացնում են միայն նախապատրաստական գործողություններ: Սահմանադրության 134-րդ հոդվածի ուժով օրենսդիրը պարտավոր է օրենքով սահմանել դեպքերը եւ կարգը, որը սահմանված է Օրենքի 27-րդ հոդվածում, որի հիման վրա Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ հարցերը լուծում է Հանրապետության նախագահը: 

Քաղաքացիության վերականգնումը հանդիսանում է քաղաքացիության ձեռք բերման ինքնուրույն հիմք, եւ որպես քաղաքացիության հարց, վերջինիս լուծումը Հանրապետության նախագահի բացառիկ իրավասությունն է, իսկ դիմումի քննարկման ընթացքին մասնակցող այլ մարմիններն, իրենց իրավասության սահմաններում, եզրակացություններ եւ առաջարկություններ են ներկայացնում: Հետեւաբար՝ Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությանը քաղաքացիության հարցի լուծում վերապահելը չի բխում Սահմանադրության՝ Հանրապետության նախագահի կողմից քաղաքացիության հարցի լուծմանը վերաբերող 134-րդ հոդվածի բովանդակությունից:

Նշենք նաեւ, որ Օրենքի 27-րդ հոդվածը, որպես ընդհանուր դրույթ, սահմանում է քաղաքացիության վերաբերյալ հարցերի լուծման ընդհանուր կարգը, 29-րդ հոդվածը՝ քաղաքացիության հարցերի վերաբերյալ դիմումների քննարկման ժամկետը: Հետեւաբար հասկանալի չէ՝ քաղաքացիության ձեռք բերման հիմքերից՝ միայն քաղաքացիության վերականգնման համար այլ ընթացակարգի սահմանման անհրաժեշտությունը:

Հատկանշական է, որ Օրենքով ազգությամբ հայերի համար նախատեսված է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու պարզեցվաց կարգ (հայերենով բացատրվելու, Սահմանադրությանը ծանոթ լինելու, վերջին երեք տարին մշտապես բնակվելու պահանջների պահպանման պարտականությունը չի պահանջվում), եւ նույնիսկ պարզեցված ընթացակարգի դեպքում ազգությամբ հայերի քաղաքացիության հարցի լուծումը վերապահված է Հանրապետության նախագահին: 

1.2.   Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրված 14-րդ հոդվածի 1-ին մասի բովանդակությունից բխում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիության վերականգնումն իրականացվում է դիմումը լիազոր մարմնի կողմից ստանալուց հետո մեկամսյա ժամկետում: Մինչդեռ հարկ է նկատել, որ Նախագծի կարգավորումներից հասկավալի չէ՝ ինչ դիմումի մասին է նշված:  Հարկ է նկատել, որ Օրենքում կիրառվում է «քաղաքացիություն ստանալու դիմում», «քաղաքացիությունը դադարեցնելու դիմում» եւ որպես ընդհանուր հասկացություն՝  «քաղաքացիության հարցերով դիմում»: Նախագծով նախատեսված «դիմում» ձեւակերպումը բավարար չափով որոշակի չէ եւ հասկանալի չէ՝ վերը նշված դիմումներից որը կամ  ինչ այլ դիմում լիազոր մարմինը պետք է ստանա քաղաքացիության վերականգնումն իրականացնելու համար:

Միաժամանակ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրված 14-րդ հոդվածի 1-ին մասում նշված «քաղաքացիությունը» բառը փոխարինել «քաղաքացիության» բառով՝ դրույթի ճիշտ շարադասությունն ապահովելու նպատակով:

1.3.  Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրված 14-րդ հոդվածի 3-րդ մասում նշված «ՀՀ» հապավումը նշել ամբողջությամբ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասը:

1.4.  Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրված 14-րդ հոդվածի 5-րդ մասում կիրառվում է «Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինները» եզրույթը, մինչդեռ Օրենքում կիրառված է «Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ» եզրույթը: Ուստի, հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը՝ առաջարկում ենք Նախագծում կիրառել Օրենքով սահմանված հասկացությունները:

1.5.   Առաջարկում ենք նաեւ Օրենքում եւ Նախագծում կիրառված «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն » եւ « Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն» բառերը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «Ոստիկանություն» եւ «Ազգային անվտանգության ծառայություն» բառերով՝ հիմք ընդունելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի կարգավորումները:

Միաժամանակ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրված 14-րդ հոդվածի վերնագրում «վերականգնելն» բառը փոխարինել «վերականգնելը» բառով՝ հիմք ընդունելով «եւ» տառի բաղաձայնով սկսկվող հնչյունի եւ որոշյալ հոդի կիրառման կանոնը:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով նախատեսված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել Սահմանադրության 134-րդ հոդվածի տեսանկյունից: 

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը Օրենքի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                           ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարողներ՝ Մ. Վասիլյան (հեռ.` 011-513-616),

Տ. Բադալյան (հեռ.` 011-513-248)

08.04.2022թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                            ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարողներ՝ Մ. Վասիլյան (հեռ.` 011-513-616),

Տ. Բադալյան (հեռ.` 011-513-248)

08.04.2022թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է  փոփոխություն կատարել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում, մասնավորապես՝ առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիության վերականգնումն իրականացնել դիմումը լիազոր մարմնի կողմից ստանալուց հետո մեկամսյա ժամկետում, իր դիմումի համաձայն վերականգնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցրած անձի քաղաքացիությունը` անկախ այլ երկրի քաղաքացիություն ձեռք բերելու հանգամանքից, քաղաքացիությունը վերականգնելու վերաբերյալ դիմումը չմերժել, եթե դիմողի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության կողմից սահմանված ժամկետում տրվել է դրական եզրակացություն եւ այլն:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ                                              

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                      ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ                                       

Կատարող՝  առաջատար մասնագետ Անի Գյոզալյան 

01.04.2022թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է պարզեցնել ՀՀ քաղաքացիության վերականգնման գործընթացը՝ դրանով իսկ լուծելով առկա իրավական բացով պայմանավորված խնդիրները եւ նպաստել՝ նախկինում ՀՀ քաղաքացիության ունեցող անձանց կողմից ՀՀ քաղաքացիության վերականգմանը առավել պարզ ու արդյունավետ տարբերակով:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Նախագիծը սոցիալ, կրթական առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Եզրահանգում 

Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35)

29.04.2022թ.